Թոքային ախտահարումների հայտնաբերման համար հիմնականում կիրառվում են հետևյալ հետազոտությունները՝ ՀՇ/համակարգային շերտագրություն/, Ռենտգեն և ՈՒՁՀ:
Հետազոտության նշված բոլոր մեթոդներն էլ ունեն իրենց առավելություններն ու թերությունները, սակայն կարևոր եմ համարում անդրադառնալ հենց ՈՒՁՀ հետազոտությանը:
Թոքերի ուլտրաձայնային հետազոտությունը Հայաստանում լայն կիրառություն է գտել վերջերս՝ պայմանավորված COVID-19-ի տարածման հետ: Եվրոպական մի շարք երկրներում թոքերի ուլտրաձայնային հետազոտությունը մեծ տեղ է զբաղեցնում ռեանիմատոլոգների, անեսթեզիոլոգների, անհետաձգելի բուժօգնության շրջանակներում, սակայն Հայաստանում այն ուսումնասիրման փուլում է և դեռևս չկան համապատասխան վերապատրաստման ծրագրեր՝ պետական մակարդակով:
Այսօր արդեն հասանելի են բազմաթիվ աշխատաություններ, ումնասիրություններ, որոնք կարող ենք կիրառել նաև մեր երկրում:
ՈՒՁՀ առավելությունները: Շարժական ուլտրաձայնային սարքը ապագայի ստետոսկոպն է՝ իր հասանելիության և ինֆորմատիվության շնորհիվ:
- COVID-19-ի վարակից բժշկական անձնակազմն առավելագույնս պաշտպանելու համար նպատակահարմար է հենց ուլտրաձայնային շարժական սարքերի կիրառումը:
- ՈՒՁՀ-ն համարվում է լիովին անվնաս մեթոդ. հնարավոր է հետազոտել հղիներին, երեխաներին: Այն անփոխարինելի է նաև ծանր անկողնային հիվանդների դեպքում, երբ շարժումները սահմանափակ են և առկա է դժվարացած շնչառություն:
- Արդեն հաստատված թոքաբորբերի ժամանակ ցանկալի է դինամիկ հսկողություն սահմանել ՈՒՁՀ-ի միջոցով:
- ՈՒՁՀ-ն կարելի է կիրառել բազմաթիվ անգամներ և չմտածել ճառագայթման մասին, ի տարբերություն ռենտգեն հետազոտության:
- Երբ պացիենտը հետազոտվում է այլ օրգան-համակարգերի համար, կարելի է տվիչի մի հպումով հասկանալ՝ կա արդյոք թոքաբորբի կասկած թե ոչ և անհրաժեշտության դեպքում ուղղորդել այլ հետազոտությունների:
Երբ կլինիկական նշաններ դեռևս չկան, մենք կարողանում ենք վաղ փուլերում տեսնել թոքերում առկա փոփոխությունները, նրանց տեղակայումը, գործընթացի խորությունը, հեղուկի առկայությունը և քանակը:
Ի՞նչ պաթոլոգիաներ է հնարավոր հայտնաբերել:
ՈՒՁՀ-ի միջոցով մենք պատկերացում ենք կազմում թոքային հյուսվածքի, պլևրալ ծոցերում հեղուկի առկայության մասին, հնարավոր է լինում տեսնել այնպիսի պաթոլոգիկ փոփոխություններ, ինչպիսիք են պնևմաթորաքսը (պլևրալ խոռոչում օդի կուտակումն է), թոքի այտուցը (ինտերստիցիալ սինդրոմ), թոքաբորբերը, կոնսոլիդացիոն օջախներ և այլն:
COVID-19-ին բնորոշ է պլևրալ գծի հստակության խախտում, հայելանման արտեֆակտները սինուսներում, կոնսոլիդացիոն օջախներ և այլն: Բարդացած դեպքերում պրոցեսի խորության մասին է հուշում «սպիտակ թոք», SHREP SIGN կոնսոլիդացիան, սինուսներում՝ «աստղային երկինք» պատկերը:
Սոնոգրաֆիկ ունենք հնարավորություն հասկանալու փոփոխությունները կարդիոգեն բնույթի են, թե ոչ՝ զննելով սիրտը, չափելով ստորին սիներակի տրամաչափը:
Ինչպե՞ս է այն կրառվում:
Պացիենտից հատուկ պատրաստվածություն չի պահանջվում: Տվիչը դրվում է կրծքավանդակի աջ և ձախ կողմերի առաջային, կողմնային և հետին մակերեսներին, մեզ հետաքրքրող հատվածներն ընդհանուր առմաբ 14-ն են:
Ուլտրաձայնը չի անցնում թոքային հյուսվածք, և սոնոգրաֆիկ մենք տեսնում ենք պատկերը մինչև պլևրան (թոքամիզ), որը նորմայում հստակ եզրագծված է, տեսնում ենք վիսցերալ շերտի շարժումը ,այսպես կոչված «մրջունների վազքը» և դրանից հետո առաջացող արտեֆակտներից էլ/ A line, B line/, մենք հասկանում ենք առկա պաթոլոգիաները, տեղակայումը և խորության աստիճանը: A line–նորմալ թոքային հյուսվածքի դեպքում է առաջանում, B line -հեղուկ է կուտակվում ալվեոլներում, պրոցեսի խորությունը կախված է գծերի քանակից և հեռավորությունից; Կիառվում են B և M-mode ռեժիմները: Օգտագործում ենք 3 տեսակի տվիչներ՝ գծային , կոնվեքս (որովայնային) և սեկտոր (կրծքային):
Թոքերի ՈՒՁՀ-ն կարող է համարվել նախնական հետազոտման մեթոդ COVID-19-ի դեպքում, երբ ռենտգեն և ՀՇ հետազոտությունները հասանելի չեն:
Եղեք իրազեկված և հետազոտվեք ժամանակին:
Հեղինակ՝ Կարինե Աղալարյան