Մանկան ռեֆլեքսները: Կերակրելու ընթացքում կարևոր նշանակություն ունեն մանկան 3 հիմնական ռեֆլեքսները.

- Որոնման կամ հափշտակման. երեխայի շուրթերին կամ այտին հպվելիս նա բացում է բերանը, լեզուն դուրս է հանում և գլուխը շրջելով սկսում է փնտրել կուրծքը:

- Ծծելու. երբ երեխայի քիմքին որևէ բան է կպչում, նա սկսում է ծծել:

- Կլման. երբ երեխայի բերանը լցվում է կաթով, նա կուլ է տալիս:

Որպեսզի երեխան արդյունավետ դատարկի կուրծքը, և կերակրումը հաջող ընթանա, շատ կարևոր է, որ մայրը երեխային ճիշտ դիրքով մոտեցնի կրծքին: Երեխան պետք է արեոլի մեծ մասը պահի բերանում: Նա ձգում է կուրծքը` առաջացնելով երկար ծծակ: Պտուկը կազմում է այդ ծծակի միայն մեկ երրորդը: Այն մնում է բերանի խորքում և չի հարվում կամ վնասվում: Լեզուն պետք է լավ առաջ բերված լինի և գտնվի ստորին շուրթի ու արեոլայի միջև: Լեզվի պերիստալտիկ շարժումների օգնությամբ երեխան սեղմում է արեոլի տակ գտնվող կաթնածոցերը, և կաթն արտահոսում է նրա բերանը: Կաթի արտահոսքին նպաստում է նաև օքսիտոցինային ռեֆլեքսը:

Շշից ծծելու մեխանիզմը շատ տարբեր է կուրծքը ծծելու մեխա¬նիզմից: Շշից ծծելիս երեխան բարձրացնում է լեզուն, որպեսզի նվա¬զեցնի կաթի առատ հոսքը: Երբ կուրծք ուտող երեխային շիշ են տալիս, նա կարող է շփոթվել և կուրծքը ծծել ծծակի նման, այսինքն ծծել միայն պտուկը:

Այդ դեպքում նա բավականաչափ կաթ չի ստանում և կարող է հրաժարվել կրծքից: Բացի դրանից, նա կարող է վնասել մոր պտուկները: Երբ կաթն ամբողջությամբ չի դատարկվում, կրծքերը կարոդ են գերլցվել և կոշտանալ, և քանի որ ինհիբիտորը մնում է կրծքում, կաթնարտադրությունը կարող է նվազել: Երեխան, բավականաչափ կաթ չստանալով, կարող է նյարդայնանալ և հրաժարվել կրծքից: Այսպիսով, կրծքով կերա¬կրելու սկզբնական շրջանում առաջացող դժվարությունների մեծամասնության պատճառը կրծքով կերակրելու սխալ դիրքն է:

Եթե սխալ դիրքով ծծելու նշաններից թեկուզ մեկն առկա է, կամ կերակրումը ցավոտ է կամ անհարմարավետ, ապա անհրաժեշտ է կե¬րակրելու դիրքը շտկել: Երբ երեխան ճիշտ դիրքով է մոտեցվում կրծքին, նա արդյունավետ է ծծում: Այդ դեպքում երեխան դանդաղ և համաչափ է ծծում, լսվում է կուլ տալու ձայնը, կերակրման վերջում երեխան հան¬գիստ է և բավարարված, ինքն է թողնում կուրծքը կամ քնում է: Երբեմն երեխան մի քանի րոպե ընդմիջում է ծծելը, հետո դարձյալ վերսկսում է: Եթե մայրն անփորձ է, բուժաշխատողները չեն օգնում նրան կամ երեխային կերակրում են շշից, հատկապես մինչև կաթնարտադրության հաստատվելը, երեխան կարող է անարդյունավետ ծծել կուրծքը:

Մորը պետք է օգնել երեխային կրծքին մոտեցնելիս` համոզվելու, որ նա հար¬մար դիրքում է և լարված չէ, և բացատրել, թե ինչպես պետք է երեխային պահել կրծքի մոտ` ուշադրություն դարձնելով հետևյալ կարևոր խնդիրներին.

- Երեխայի մարմինը և գլուխը պետք է նույն հարթության վրա լինեն:

- Երեխան ողջ մարմնով պետք է դարձած լինի դեպի կուրծքը, քիթը պտուկի դիմաց:

- Մայրը պետք է իրեն սեղմի երեխայի իրանը:

- Եթե երեխան նորածին է, ապա պետք է պահել ոչ միայն ուսերն ու գլուխը, այլև ողջ մարմինը:

Կրծքով կերակրելու դիրքերը: Մայրը երեխային կարող է կերակրել տարբեր դիրքերում: Կարևորն այն է, որ մոր դիրքը լինի հարմարավետ, և երեխան կարողանա բերանով ընդգրկել կրծքի հնարավորինս մեծ հատված, այնպես, որ ստանա բավականաչափ կաթ:

Կերակրման դասական դիրքում մայրը նստում է երեխային << օրորոցի դիրքով >> գրկած: Որոշ իրադրություններում սա լավագույնն է: Սակայն կան կերակրման շատ այլ դիրքեր, որոնք հաճախ կարող են շատ ավելի հարմար լինել:
Շատ կարևոր է, որ մայրն ընտրի այնպիսի մի հարմարավետ դիրք, որը նրան թույլ կտա հանգստանալ: Մայրը կարիք ունի որոշակի ժամանակ, առանց լարվածության երեխային իր կրծքի մոտ պահելու:

Սխալ դիրքով ծծելը

Երբեմն երեխան կուրծքը բավականաչափ խորը չի պահում բերանում և ծծում է միայն պտուկը: Դա կոչվում է << պտուկի ծծում >> և կրծքով կերակրման ժամանակ առաջացող խնդիրների հիմնական պատճառն է:
Եթե երեխան միայն պտուկն է ծծում`

- Մայրը կարող է ցավ զգալ.
Պտուկը ծծելիս շուրթերով ու լեզվով երեխան հարում է պտուկի մաշկը: Եթե նա շարունակում է ծծել սխալ դիրքով, ապա պտուկի մաշկը կարող է վնասվել և ճաքճքել:

- Կաթը արդյունավետ չի արտահոսոսում:
Երեխայի լեզուն չի հասնում կաթնածոցերին և չի սեղմում դրանք: Արդյունքում երեխան բավականաչափ կաթ չի ստանում, կրծքերը վատ են դատարկվում, և դա կարող է հանգեցնել կաթնարտադրության նվազման:

- Երեխան կարող է զայրանալ.
Նա կարող է անհանգիստ լինել և ցանկանալ շատ հաճախ կերակրվել, կամ էլ կարող է ընդհանրապես հրաժարվել կրծքից:

- Մայրը կարող է կարծել, թե ինքը բավականաչափ կաթ չունի:

Այսպիսով, սխալ դիրքով ծծելը կարող է պատճառ դառնալ`

- պտուկների ցավոտության և ճաքագոյացման,

- անբավարար կաթնարտադրության և երեխայի աճի դանդաղեցման,

- մանկան չբավարարվածության և անընդհատ կերակրվելու ցանկության,

- մանկան զայրույթի, որի արդյունքում նա հրաժարվում է կրծքից,

- կրծքագեղձերի կանգային կոշտացման:

Սխալ դիրքում ծծելը կարող է պայմանավորված լինել բազմաթիվ պատճառներով:
Երեխան կարող է կերակրված լինել շշից:
Մինչև կաթնարտադրության հաստատվելը կամ դրանից հետո, մի քանի անգամ կերակրվել է շշից: Շշից ծծելը խիստ տարբերվում է կուրծքը ծծելուց: Ռետինե ծծակը երկար է, և երեխան կարիք չունի այն ներս ձգելու: Շշից կերակրված երեխային կուրծքը իր բերանում պահելը կարող է դժվար թվալ: Նա կարող է ծծել պտուկը միայն` ինչպես ռետինե ծծակը:
Շիշ օգտագործելուց հետո կրծքով կերակրման դժվարությունները երբեմն կոչում են << ծծակային շփոթմունք >>:
Մայրը կարող է անփորձ լինել
Երբեմն չկա մեկը, որ գիտենա, թե ինչպես նրան օգնի: Մայրը կարող է ավելի շատ շշով կերակրվող երեխաներ տեսած լինել, քան կրծքով: Նա կարող է երեխային կուրծք առաջարկել շշի նման կամ պտուկը սեղմել և փորձել ստիպողաբար մտցնել երեխայի բերանը:
Երեխան կարող է շատ փոքր կամ թույլ լինել:
Կրծքի բավականաչափ հյուսվածք բերանում պահելը երեխայի համար կարող է դժվար լինել: Անհաս երեխաները հաճախ դժվար են կոորդինացնում իրենց ծծելու շարժումները:
Կարող են լինել նաև պտուկների կամ կրծքերի հետ կապված պրոբլեմներ:
Դրանք կարող են դժվարացնել երեխայի ծծելը: Եթե երեխան սխալ դիրքով է ծծում, ապա մայրը և երեխան կարիք ունեն դիրքի շտկման: Որքան երկար է երեխան ծծում սխալ դիրքով, այնքան դժվարանում է այն շտկելը:

Ճիշտ դիրքով ծծելու նշաններն են`

- Երեխան ամբողջ մարմնով դարձած է դեպի մայրը և մոտ է նրան:
- Երեխայի կզակը դիպչում է կրծքին:
- Երեխայի բերանը լայն բացված է:
- Երեխայի ստորին շուրթը հետ է շրջված:
- Հարպտկային դաշտը ավելի շատ երևում է վերին շրթունքից վեր, քան ստորին շրթունքից ցած:
- Դուք կարող եք տեսնել երեխայի դանդաղ, խորը ծծելը:
- Կերակրման վերջում երեխան հանգիստ, երջանիկ և բավարարված է:
- Մայրը պտուկներում ցավ չի զգում:
- Երբեմն լսվում է երեխայի կուլ տալու ձայնը:

Սխալ դիրքով ծծելու նշաններն են`

- Երեխայի մարմինը մորից հեռու է և շրջված:
- Երեխայի ծնոտը չի դիպչում մոր կրծքին:
- Երեխայի բերանը փակ է թվում:
- Երեխայի շուրթերը դարձած են միմյանց կան ներս են շրջվում:
- Ստորին շրթունքի տակից հարպտուկային շրջանն ավելի շատ է երևում:
- Երեխան հաճախակի, փոքր շարժումներով է ծծում:
- Երեխան կարող է անհանգստանալ կամ հրաժարվել կերակրումից, որովհետև բավարար քանակով կաթ չի ստանում:
- Մայրը կարող է պտուկներում ցավ զգալ:
- Պտուկը կերակրման վերջում կարող է տափակած թվալ կամ գագաթին գունատ բիծ առաջանալ:

Երեխայի ծծելու երկու եղանակները

Երեխային կրծքով մի քանի շաբաթ կերակրելուց հետո կարելի է տարբերակել նրա ծծելու երկու եղանակները` մեկը հանգստանալու, հաճույք ստանալու, մյուսը` հագենալու համար: Առաջին դեպքում երեխան քաղցած չէ, սակայն ծծում է հաճույքի համար` այդ ընթացքում շատ քիչ կաթ արտածծելով: Երկրորդ դեպքում երեխան ծծում է ավելի արդյունավետ և կլման դանդաղ ու կանոնավոր շարժումներ է անում: Պետք է հիշել, որ կուրծքը ծծելը երեխայի համար ոչ միայն քաղցը հագեցնելու, այլև հաճույք ստանալու կարևոր միջոց է, և պետք է թույլ տալ, որ նա ծծի նաև հաճույքի նամար, եթե ցանկանում է:

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am