Շատ կանայք անվստահությամբ են վերաբերվում կաթ արտադրելու իրենց ունակությանը: Հենց որ երեխան չբավարարված է թվում, լալիս է, ուզում է հաճախ ծծել կամ հրաժարվում է կրծքից, մայրը սկսում է անհանգստանալ` արդյոք իր կաթը բավարարում է, թե ոչ: Իրականում հազվագյուտ մայրեր կան, ովքեր ի վիճակի չեն բավարար քանակությամբ կաթ արտադրել: Մայրերի ճնշող մեծամասնությունը, ըստ պահանջի կրծքով կերակրման դեպքում, կարող է բավարար քանակությամբ կաթ արտադրել` ավելի քան 4-6 ամիս մանկանը բացառապես կրծքով կերակրելու համար:

Մայրը պետք է հասկանա 3 կարևոր գործոն.

1. Կրծքի չափերը կերակրման համար եթե անգամ նշանակություն ունեն էլ, ապա` շատ չնչին: Դրանք պայմանավորված են ոչ այնքան գեղձային, որքան ճարպային հյուսվածքի քանակով:

2. Երբ կրծքերը դառնում են ավելի փափուկ, կաթը չի անհետանում: Կաթնարտադրության հաստատմանը զուգընթաց կրծքագեղձերի հավելուրդային անոթավորումը նվազում է: Կուրծքը թվում է դատարկ, բայց շարունակում է առատ կաթ արտադրել:

3. Կաթը չի կարող հանկարծակի անհետանալ: Եթե այն չի հոսում նաև այն դեպքում, երբ երեխան ճիշտ է ծծում, ապա նշանակում է, որ արգելակված է կաթնամղման ռեֆլեքսը:

Կերակրումից անմիջապես առաջ ու հետո ստուգիչ կշռում կատարելը ցանկալի չէ: Երախայի ստացած կաթի ճշգրիտ ծավալն իմանալը կարևոր չէ, իսկ չափման գործողությունը կարող է անհանգստացնել մորը:
Պարզելու համար, թե երեխան բավարար քանակով կաթ ստանում է, թե ոչ, գնահատեք կրծքով կերակրման արդյունավետությունը ամբողջությամբ: Երեխան բավարար քանակով կաթ է ստանում, եթե նա`

- առողջ է տեսքով,
- աշխույժ է և ակտիվ
- կրծքով սնվում է ըստ պահանջի և ամենաքիչը` 6 անգամ օրվա ընթացքում
- ծծում է ճիշտ դիրքում
- երեխայի կղանքը փափուկ է, դեղին և ի հայտ է գալիս գոնե մի քանի օրը մեկ անգամ
- միայն կրծքով սնվող երեխան միզում է օրը 6 անգամ և ավելի հաճախ. մեզը անգույն է կամ բաց դեղնավուն
- եթե մայրը երեխային ջուր կամ այլ հեղուկներ է տալիս, ապա այս ցուցանիշը կորցնում է իր նշանակությունը: Ջուրն արտաթորվում է մեզի ձևով, նույնիսկ եթե երեխան բավականաչափ կաթ չի ստանում:
- և ամենակարևորը` երեխայի քաշը աճում է բավարար տեմպերով (գոնե 500 գրամ ամսվա ընթացքում):

Քաշի ավելացումը առաջընթացի գնահատման միայն մի մասն է: Երեխաներն աճում են անհատական տեմպերով: Որոշ երեխաներ քաշը համաչափ են ավելացնում, իսկ որոշ բոլորովին առողջ երեխաներ մի շաբաթվա ընթացքում քաշը քիչ են ավելացնում, իսկ հետո սնվում են ավելի հաճախ և հաջորդ մեկ կամ երկու շաբաթվա ընթացքում լրացնում բաց թողածը: Առողջ երեխան կյանքի 6 ամսվա ընթացքում յուրաքանչյուր ամիս քաշը պետք է ավելացնի առնվազն կես (կեսից մեկ) կիլոգրամով կամ առնվազն շաբաթը 125 գրամով:

Կրծքով կերակրվող երեխան ջրի կարիք չունի

Կրծքի կաթով կերակրվող երեխան, ի տարբերություն արհեստական սննդով կերակրվողների, լրացուցիչ ջի կարիք չունի: Առողջ, բավարար քանակով կրծքի կաթ ստացող երեխաները լրացուցիչ վիտամինների կարիք չունեն, բացի վիտամին D-ից, որը բժիշկը նշանակում է հատուկ անհրաժեշտության դեպքում:
 

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am