Երեխան կուրծքը ծծելիս գրգռում է պտուկի նյարդային վերջույթները: Նյարդաթելերով գրգիռը հաղորդվում է հիպոֆիզին, որտեղ արտադրվում են պրոլակտին և օքսիտոցին հորմոնները:

Պրոլակտինն ազդում է ալվեոլների վրա և խթանում է կաթնարտադրությունը (պրոլակտինային կամ կաթնարտադրության ռեֆլեքս): Հղիության ընթացքում արյան մեջ զգալիորեն ավելանում է պրոլակտինի քանակը և խթանում գեղձային հյուսվածքի զարգացումը՝ կրծքագեղձը նախապատրաստելով կաթնարտադրությանը, սակայն պրոգեստերոնն ու էստրոգենը արգելակում են կաթնարտադրությունը:

Ծննդաբերությունից հետո պրոգեստերոնի ու էստրոգենի քանակն արագ ընկնում է, և կաթնարտադրությունը սկսվում է: Արյան մեջ պրոլակտինի քանակն առավելագույնի է հասնում կերակրելուց 30 րոպե հետո և նպաստում է կաթի արտադրության հաջորդ կերակրման համար: Հետծննդյան առաջին մի քանի շաբաթների ընթացքում որքան շատ է երեխան կուրծքը ծծում, այնքան շատ կաթ է արտադրվում:

Դա հատկապես կարևոր է կաթնարտադրության հաստատման շրջանում: Հետագայում ևս պրոլակտինի արտադրությունն անհրաժեշտ է կաթնարտադրության համար, սակայն ուղղակի կապ չկա պրոլակտինի քանակի և արտադրվող կաթի քանակի միջև: Եթե ինչ-որ պատճառով երեխան կուրծքը քիչ է ծծում, ապա քիչ կաթ է արտադրվում, իսկ եթե բոլորովին չի ծծում, ապա կաթնարտադրությունը դադարում է: Գիշերն ավելի շատ պրոլակտին է արտադրվում, այդ պատճառով կաթնարտադրությունը պահպանելու համար հատկապես կարևոր են գիշերային կերակրումները: Պրոլակտինը ազդում է մոր վրա` առաջացնելով քնկոտություն և լարվածության նվազում:

Կուրծքը խթանում է հիպոֆիզից այլ հորմոնների արտազատումը, այդ թվում հենադոտրոպին ռիլիզինգ, ֆոլիկուլոստիմուլոդ և լյուտեինիզսւցնող հորմոնների, որոնք պրոլակտինի հետ ճնշում են ձվազատումը կնոջը պաշտպանելով նոր հղիությունից (այդ ազդեցության համար հատկապես կարևոր են գիշերային կերակրումները): Ապացուցված է, որ հետծննդյան առաջին 6 ամիսների ընթացքում, եթե դաշտանը բացակայում է և երեխան հաճախակի կերակրվում է կրծքով (բացառապես կամ գերազանցապես կրծքով սնուցում) նոր հղիության հնարավորությունը փոքր է 2 %-ից: Ընտանիքի պլանավորման այս ալգորիթմը կոչվում է լակտացիոն ամենոռեայի մեթոդ (ԼԱՄ): ԼԱՄ-ի 3 պայմանների առկայության դեպքում ընտանիքի պլանավորման այլ եղանակից օգտվելու անհրաժեշտություն չկա:

Օքսիտոցինն առաջացնում է ալվեոլը շրջապատող մկանաթելերի կծկում և կուտակված կաթը ծորաններով մղում է դեպի կաթնածոցերը (օքսիտոցինային կամ կաթնամղման ռեֆլեքս): Օքսիտոցինն ավելի արագ է արտադրվում, քան պրոլակտինը: Այն առաջացնում է կաթնամղում տվյալ կերակրման համար: Օքսիտոցին կարող է արտադրվել նույնիսկ նախքան կերակրումը, եթե մայրը մտածում է երեխայի կամ կերակրման մասին:

Երբ օքսիտոցինային ռեֆլեքսը չի գործում, երեխան կարոդ է կաթը դժվարությամբ ստանալ: Մորը կարող է թվալ, թե կրծքերը դադարել են կաթ արտադրել: Իրականում կրծքերը կաթ արտադրում են, բայց արտադրված կաթը չի արտամղվում: Օքսիտոցինը նպաստում է նաև ծննդաբերությունից հետո արգանդի կրճատմանը: Դա կանխարգելում է հետծննդյան արյունահոսությունը:

Հաճելի մտքերը, երբ մայրը գոհ է երեխայից և նրան սիրով է վերաբերվում, համոզմունքը, որ կրծթի կաթը լավագույնն է երեխայի համար, և վստահությունը, որ ինքը կարող է կրծքով կերակրել, նպաստում են օքսիտոցինային ռեֆլեքսի առաջացմանն ու կաթի արտահոսքին: Երեխայի լացը, կրծքին հպվելը կամ կուրծքը փնտրելը նույնպես կարող են կաթնամղում առաջացնել:

Ակտիվ օքսիտոցինային ռեֆլեքսի նշաններն են`

- կրծքագեղծերում կծկանքի կամ ծակծկոցի զգացումը կերակրելիս կամ կերակրելուց առաջ,

- երեխայի մասին մտածելիս կամ նրա ձայնը լսելիս կաթի արտահոսքը,

- կաթի արտահոսքը մի կրծքից, երբ երեխան ծծում է մյուս կուրծքը,

- կրծքից կաթի բարակ շիթով արտահոսքը, երբ երեխան կերակրվելիս բաց է թողնում կուրծքը,

- հետծննդյան առաջին շաբաթվա ընթացքում երեխային կերակրելիս մոր որովայնի ցավը:

Բացասական հույզերը, ցավը, անհանգստությունը կամ կաթի քանակի մասին կասկածները կարող են կասեցնել օքսիտոցինային ռեֆլեքսն ու կաթնամղումը:

Ինքնակարգավորման մեխանիզմը: Կաթնարտաղրությունը վերահսկվում է նաև կրծքագեղձերում: Եթե կուրծքը չի դատարկվում, կաթի արտադրությունը դադարում է, որովհետև կաթում կան կաթնարտադրությունը խոչընդոտող գործոններ (ինհիբիտորներ): Այն դեպքում, երբ կրծքերում կաթի մեծ քանակություն է մնում, ինհիբիտորն արգեւակում է գեղձային բջիջներից կաթի հետագա արտադրությունը, որը կրծքագեդձերը պաշտպանում է չափից ավելի լցվելուց: Եթե կաթը ծծելու կամ կթելու միջոցով դուրս է մղվում կրծքից, ինհիբիտորը նույնպես հեռանում է, և կրծքերը շարունակում են շատ կաթ արտադրել:

 

 
"Ուսումնական ձեռնարկ ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողների համար"` պրոֆեսոր Ա.Ս. Բաբլոյանի,   դոցենտ Ն.Գ. Բաղդասարյանի խմբագրությամբ, տեքստի հեղինակ Ս.Ա. Հարությունյան

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am