Ինչ անել, եթե պտուկները ճաքել են

Պտուկի վնասման առաջին նշանների դեպքում պետք է ուշադիր հետևել, որ կերակրելիս երեխայի դիրքը ճիշտ լինի, և կուրծք ուտելիս փոքրիկը բռնի ոչ թե պտուկը, այլ պտուկի շրջակա օղակը: Պետք է հետևել, որ կերակրվելիս երեխան բերանը լայն բացի, որ ներքևի շուրթը չծալվի դեպի ներս: Կարելի է երեխային սկզբում տալ չվնասված կուրծքը:

Պտուկները պետք է միշտ չոր լինեն

Հաճախակի լվացումները, հատկապես օճառով, հեռացնում են պտուկների և հարպտուկային դաշտի մաշկի բնական ճարպը: Մաշկը չորանում է և ավելի հեշտությամբ է վնասվում ու ճաքճքում: Ամեն դեպքում, կանանց մեծ մասը ժամանակ չունի ամեն կերակրումից առաջ պտուկները լվանալու, հատկապես, եթե կերակրում է ըստ պահանջի:
Հարկավոր է հետևել, որ պտուկները կերակրելուց հետո թաց չմնան: Կրծկալը կոճկելուց առաջ փափուկ կտորով պետք է զգուշորեն չորացնել կուրծքը: Խորհուրդ է տրվում պտուկները չորացնել բաց օդում, արևի տակ կամ մազեր չորացնելու էլեկտրական չորացուցիչներով:

Ժամանակվոր ցավեր

Քանի դեռ պտուկների մաշկը չի վարժվել նոր ծանրաբեռնվածությանը, կանանցից շատերը դժգոհում են ցավերից: Եթե պտուկները ցավում են, պետք է համոզվել` երեխան ճիշտ է արդյոք ծծում, թե ոչ: Կերակրելուց հետո հարկավոր է պտուկները օծել կրծքի կաթով ր թողնել, որ չորանան: Պտուկի շրջակա օջախի վրա գտնվող թմբիկներն արտադրում են ախտահանող ու փափկացնող ճարպ, որը պաշտպանում է պտուկները:

Պտուկների խնամքը

Մայրը պետք է կիրառի հետևյալ խորհուրդները`

- Կերակրումն սկսելուց առաջ մի փոքր կաթ կթել, որպեսզի կրծքերը փափկեն, և երեխան կարողանա կրծքի մոտ ճիշտ տեղակայվել:

- Կերակրումից անմիջապես առաջ կրծքին զգուշորեն սառույց հպել:

- Երեխային բռնելու որևէ բան առաջարկելու համար պտուկների վրադիր օգտագործել: Սակայն հենց որ կաթը սկսի հոսել, հեռացնել վրադիրը, որպեսզի երեխան դրան չընտելանա: Վրադիրով կերակրումը մեծ լարում է պահանջում և անարդյունավետ է:

- Յուրաքանչյուր կերակրումից հետո վրադիրը ախտահանել:

- Չոր մաշկ ունեցող կանանց պտուկները կարող են ճաքճքել նույնիսկ այն ժամանակ, երբ երեխան ճիշտ է ծծում կուրծքը: Խորհուրդ չի տրվում օգտագործել քսուքներ, յուղեր: Կարելի է օգտագործել լանոլին:

- Եթե երեխայի բերանի լորձաթաղանթը ախտահարված է կաթնախտով, կարող են վարակվել նաև մոր պտուկները: Կաթնախտի հարուցիչները` սնկերը, երեխայի բերանում առաջացնում են սպիտակ փոքրիկ կետիկներ, որոնք հեշտությամբ չեն մաքրվում: Այդ դեպքում և երեխան, և մայրը կարիք ունեն բուժման:

- Վնասման ավելի հազվադեպ պատճառներ են ալերգիկ մաշկաբորբերը, որոնք կարող են ի հայտ գալ օճառի, քսուքների կամ կրծկալի գործվածքի նկատմամբ գերզգայունության հետևանքով:
Եթե նշված խորհուրդները կիրառվելուց հետո էլ պտուկները չեն բուժվում, պետք է դիմել մասնագետի օգնությանը: Նա կստուգի` երեխան ճիշտ է արդյոք ծծում կուրծքը և կօգնի գտնել կերակրելու ճիշտ եղանակը: Եթե անհրաժեշտ է, կնշանակի բուժում սնկային ախտահարման դեմ:

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am