Յուրաքանչյուր մայր ուզում է ոչ միայն կերակրել իր փոքրիկին, այլև պաշտպանել:

Լեյկոցիտներ

Կրծքի կաթի ամեն մի կաթիլի մեջ կան արյան միլիոնավոր սպիտակ գնդիկներ, որոնք վխտում են աղիքային համակարգում և քայքայում վնասակար մանրէները: Կրծքի կաթն այնքան հարուստ է սննդարար և պաշտպանական նյութերով, որ հնում այն անվանում էին սպիտակ արյուն: Երեխայի կյանքի առաջին շաբաթներին, երբ նրա օրգանիզմի պաշտպանական համակարգը դեռևս թույլ է և անկատար, կրծքի կաթի շնորհիվ աղիքներում շատ են լեյկոցիտները: Պաշտպանական համակարգի ձևավորմանն ու զարգացմանը զուգընթաց երեխայի ստամոքս-աղիքային համակարգում հետզհետե պակասում են լեյկոցիտները, չնայած դրանք ծնվելուց հետո առնվազն վեց ամիս գտնվում են նրա աղիքներում:

Իմունոգլոբուլիններ

Վարակի դեմ մարտնչող սպիտակուցները իմունոգլոբուլիններն են: Սրանք շրջում են ամբողջ օրգանիզմում, քայքայում ախտածին միկրոօրգանիզմները: Կյանքի առաջին 6 ամսում երեխայի պաշտպանական համակարգը դեռևս զարգացած չէ, բացակայում են սեփական պաշտպանական հակամարմինները: Երեխայի ծննդից հետո նրա օրգանիզմում արտադրվում են որոշ հակամարմիններ, բայց մինչև մեկ տարեկան հասակը դրանց քանակը դեռևս բավարար չէ: Երեխայի պաշտպանական համակարգի թերությունները լրացնելու, երեխային վարակից պաշտպանելու համար մոր օրգանիզմը դիմում է բազմաթիվ միջոցների: Դրանցից մեկը հակամարմինների փոխանցումն է երեխային ընկերքի միջոցով, բայց հետծննդյան ամիսների ընթացքում դրանք սպառվում են: Այդ գործընթացը ավարտին է մոտենում երեխայի կյանքի առաջին տարում: Ընկերքի ֆունկցիան երեխայի ծննդից հետո կատարում են կաթնագեղձերը` սնում ու պաշտպանում են փոքրիկին:

Իմունիզացիա կաթի միջոցով

Երեխայի կյանքի սկզբնական շրջանում, երբ նրա սեփական պաշտպանական հնարավորությունները շատ նվազ են, խեժը լեյկոցիտների և հակամարմինների պարունակությամբ ամենահարուստն է: Ուրեմն խեժը կարելի է համարել երեխայի կյանքում վարակի անընկալության առաջին բաղադրամաս:

Պաշտպանական համակարգն անվերջ կատարելագործվում է

Կրծքի կաթը վարակի, ախտածին միկրոօրգանիզմների դեմ պայքարելու հատուկ ընդունակությամբ է օժտված: Շրջապատի միկրոօրգանիզմներն անվերջ փոփոխվում են, բայց մարդու օրգանիզմն ունի պաշտպանական համակարգ, որը ճանաչում, համապատասխանաբար արձագանքում է բարեկամ կամ թշնամի միկրոօրգանիզմներին: Փոքրիկի օրգանիզմը կյանքի վաղ հասակում դեռևս չունի այդ համակարգը: Երբ մոր օրգանիզմ է թափանցում որևէ վարակ, արտադրվում է համապատասխան հակամարմինը: Վարակի դեմ մարտնչող այդ բանակը կաթի միջոցով անցնում է երեխայի օրգանիզմ, պաշտպանում նրան:

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am