«Կնոջ տարիքը գաղտնիք է» հայտնի  արտահայտությունը լսում ենք վաղ տարիքից: Երբեմն, փողոցում հանդիպելով կանանց, փորձում ենք մտովի որոշել նրանց տարիքը: Եվ հաճախ գուշակությունները սխալ են դուրս գալիս, երբ իմանում ենք նրանց իսկական տարիքը. նրանք մեր ենթադրածից մեծ կամ հակառակը` փոքր են լինում: Այս  երևույթի պատճառը ծերության ցուցիչներն են, որոնք իսկական տարիքին ևս մի քանի տարի են  ավելացնում: Ուրեմն փորձենք  թվարկել  այն ցուցիչները, որոնք կնոջը տեսողական ծերություն են հաղորդում:

Ծերության 10 ցուցիչ

Առաջինը, թերևս,սպիտակ մազերն են, հաճախ` վաղաժամ: Չէ՞ որ սպիտակ մազը հաճախ նույնացվում է ծերության հետ: Շատ աղջիկներ արդեն 17-25 տարեկանում տհաճությամբ ճերմակ մազեր են հայտնաբերում: Բացի գենետիկ նախատրամադրվածությունից, մազերի վաղաժամ ճերմակելուն կարող են նաև հանգեցնել սթրեսներն ու քրոնիկ հիվանդությունները: Բժիշկները համարում են, որ մինչև 30 տարեկանում հայտնված  սպիտակ մազերն անառողջ օրգանիզմի կամ էլ օրգանիզմում   որոշ նյութերի անբավարարության նշան են, ասենք` կալցիումի: Դրանից խուսափելու համար յուրաքանչյուր տարիքում էլ պետք է ճիշտ սնվել, թարմ օդում զբոսնել, վիտամիններ ընդունել ու սպորտով զբաղվել, խուսափել սթրեսներից և, ընդհանուր առմամբ, հետևել առողջությանը: Կոսմետոլոգիայի տեսանկյունից, եթե ձեր մազերը բաց գույնի են, իսկ սպիտակ մազերը` 10-ից ավելի, ապա կարելի է ոչ մի միջոց էլ չձեռնարկել: Իսկ եթե  մազերը մուգ գույնի են և սպիտակներն էլ` ընդգծված, հարկավոր է կանոնավոր կերպով ներկել: Հիշեք, որ ճերմակ մազերը ձեզ երբեք թույլ չեն տա  երիտասարդ երևալ: Եվ մի մոռացեք, որ մազերի մուգ երանգները  մեծացնում  են, իսկ բաց գույները` երիտասարդացնում:

Կանանց մեծացնում են նաև անխնամ դաստակները

Ձեռքի չոր, կնճռոտ, քամահարված և ճաքճքած մաշկը ոչ մեկին չի երիտասարդացնում, եթե ոչ` հակառակը: Եթե դրան էլ ավելացրած` ունեք ծերունական պիգմենտներ, ապա  տխուր պատկեր է ստացվում: Հայտնի փաստ է` կնոջ տարիքը մատնում են ձեռքերը:

Ցուրտ եղանակին ձեռքերի խնամքը հատուկ տեղ է զբաղեցնում:  Այնպես որ, խնամեք ձեռքերը. տնային աշխատանքները ռետինե ձեռոցներով    արեք, իսկ ավարտելուց հետո լավ լվացվեք ու սնուցող քսուք քսեք, հատկապես ձմռանը ու ոչ միայն գիշերը, այլև օրվա ընթացքում: «Երես տվեք» ձեր ձեռքերին. քնից առաջ մերսեք հոտավետ յուղով, իսկ պիգմենտային բծերի վերացման համար հատուկ միջոցներ կան, բայց կարելի է  օգտագործել և ավանդականը. 1 ճաշի գդալ սոխի հյութը խառնել 2 թեյի գդալ թեյի սնկի թուրմի հետ և քսել ձեռքերին, հետո լվանալ և սնուցող քսուք քսել: Իսկ եթե շատ երիտասարդ եք, ապա դիմեք բժշկի, հետազոտեք լյարդն ու լեղապարկը, հնարավոր է, որ ձեր բծերը դրանց հետևանքը լինեն: Ձեռքերի մասին խոսելիս պետք է հիշել, որ հատկապես ուսերի շրջանում փամփլիկ կլորությունը ևս նույնացվում է հասուն կնոջ  հետ:

Պարանոցի շրջանի թոռոմած մաշկը

Սա կնոջ երրորդ թշնամին է: Կնոջ պարանոցի մաշկը նուրբ է ու ենթակա  վաղաժամ ծերացման: Սնուցեք ու խոնավացրեք այն, ինչպես դեմքը: Առաջին կանոնը` հետևեք կեցվածքին, քանի որ կուզն ու խոնարհած գլուխը ժամանակի ընթացքում ծալքերի տեսքով արտահայտվում են պարանոցի վրա: Այս կանոնին պետք է հետևեն բոլոր նրանք, ովքեր երկար ժամանակ են անցկացնում գրասենյակում, համակարգչի առջև նստած: Կարելի է քնելու համար ձեռք բերել օրթոպեդիկ բարձ:  Իսկ ձմռանը հիշել, որ տաք  շարֆը ոչ միայն փրկում է ցրտից, այլև վիզը պաշտպանում ցրտահարությունից: Օգտակար են նաև պարանոցի և լանջաբացվածքի համար նախատեսված դիմակները:

Գուցե տարօրինակ հնչի, բայց կնոջը մեծացնում է նաև օծանելիքը

Կնոջից տարածվող բույրը պետք է խելացի ընտրվի: Չի կարելի հենց այնպես գնել այս կամ այն բույրն ու օգտագործել: Կան օծանելիքներ, որոնք «տատիկի հիշողություն» կարելի է անվանել: Որոշ բույրեր էլ մարդկանց գիտակցության մեջ նույնացվում են հարգարժան տիկնանց հետ, ինչպիսին, օրինակ` «Կրասնայա Մոսկվան» է կամ էլ «Chanel N5»-ը:

Այնպես որ, եթե դուք օծանելիք եք ձեռք բերել ու հետո հասկացել, որ այն ձերը չէ, ապա ավելի լավ կլինի հրաժարվեք դրանից, ոչ թե մեզ հատուկ  գիտակցությամբ` «օգտագործենք` վերջանա գնա»: Հիշեցեք, որ քաղցր հոտերը ավելի սազական են հասուն կանանց, այն էլ` ոչ բոլորին:

Կնոջը ծերություն է հաղորդում նաև հոգնած հայացքը

Պատկերացրեք. քայլում եք փողոցով, իսկ ձեր հայացքը խամրած է, աչքերը` տխուր, գուցե և` զայրացած: Ի՞նչ եք կարծում, քանի՞ տարեկան եք նայվում: Հաստատ ավելի, քան իրականում եք:

«Հոգնած մորաքրոջ հայացքը» վկայում է, որ ձեր կյանքում  լավ բան չի եղել, չկա ու չի էլ լինի: Այդ հայացքը վանում է մարդկանց: Լուծումը` կյանքին նայեք այլ աչքերով, ավելի թեթև, չէ՞ որ կան նաև փոքրիկ ուրախություններ, հաճախ շփվեք հակառակ սեռի ներկայացուցիչների հետ ու փորձեք «թեթև մարդ» լինել և՛ հոգով, և՛ բնավորությամբ: Բոլորն էլ ունեն խնդիրներ: Եթե նույնիսկ չկան, ապա անպայման կստեղծեն: Այսպիսին է կյանքը, սակայն դա կյանքը չսիրելու պատճառ չէ: Իսկ զարմանալու և հիանալու հատկությունն անպայման կօգնեն պահպանելու երիտասարդությունը:

Կնոջը ծերացնում է նաև անհամապատասխան հագուստը

Կան կանայք, ովքեր 40 տարեկանում էլ չեն ուզում հրաժարվել կարճ կիսաշրջազգեստներից, քանի որ կարծում են, թե երկար շրջազգեստն իրենց մեծացնում է : Եվ պատկերացրեք` նրանք իրավացի են: «Ծերացնող տարրեր» են համարվում ուսային բարձիկները, թիկնոցները: Հագուստն ընտրելիս կարևոր է նաև գույնի ընտրությունը. այն  կարող է ընդգծել ձեր արժանիքները` շահեկանորեն շեշտելով կամ էլ քողարկելով մաշկի ու մարմնի այս կամ այն հատվածը:

Կնոջը հասուն տարիք է հաղորդում դիմահարդարումը

Վառ  դիմահարդարումը ցանկացած կնոջ  ծերացնում է: Աղջիկների  կյանքում հաճախ պատահած կլինի, երբ առանց դիմահարդարման փողոց են դուրս գալիս, ու նրանց դեռահասի տեղ են ընդունում: Նույնիսկ վառ գույնի լաքն է մեծացնում:

Հայտնի բան է` կնճիռները մեծացնում են

Թերևս կնճիռը ծերության  ամենաակնհայտ ցուցիչն  է: Սակայն մի շտապեք գնել ժամանակակից միջոցներ կնճիռների դեմ, եթե ընդամենը 30 տարեկան եք: Ավելի լավ է` գնեք ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող  ու խոնավացնող քսուքներ: Այս առնչությամբ  հարկ է ասել, որ պատանության ու երիտասարդության տարիներին որքան խնամքով եք վերաբերվում ձեր մաշկին, այնքան լավ տեսք եք ապահովում հասուն տարիքի համար:

Թոշնած մարմին

«Նարնջի կեղևը» կամ «ցելյուլիտն» ամենևին էլ տարիքային խնդիրներ չէ, դրա պատճառով տառապում են թե՛ երիտասարդները և թե՛ հասուն կանայք:  Ճիշտ է, դրա դեմ պայքարելը դժվար է, սակայն` հնարավոր, ու կարևորը` անհրաժեշտ: Ցելյուլիտի դեմ պայքարելու արդյունավետ միջոց է սպորտը, չափավոր սնունդը, խնդրահարույց հատվածների մերսումը հակացելյուլիտային քսուքներով:

Կնոջը ծերացնում է արևայրուքը

Ուժեղ արևայրուքը ոչ միայն ջրազրկում է մաշկը` նպաստելով դրա ծերացմանը, այլև` տեսողական թյուր տպավորություն է ստեղծում` նույնիսկ մեծացնելով մեզ:

Ուստի, կրկին ու կրկին պետք է հետևել ոսկի կանոնին` պահպանել   չափավորություն ամեն ինչում:
 

 

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am