Հայաստանում դեռևս քչերն են տեղյակ պալիատիվ խնամքի մասին, սակայն այն կարող է զգալիորեն բարելավել ծանր հիվանդություններ ունեցող մարդկանց կյանքի որակը։ «Խնամի» կենտրոնը մի վայր է, որտեղ ապահովում են պալիատիվ խնամք՝ արժանավայել և լի բարությամբ։ Կենտրոնի գործունեության և առավելությունների մասին մենք զրուցել ենք ղեկավար Դիանա Բեգլարյանի հետ։
– Ե՞րբ է հիմնվել «Խնամի» պալիատիվ բուժօգնության կենտրոնը և ի՞նչ նպատակ ունի այն։
– Կենտրոնը հիմնվել է 2019 թվականին, իսկ 2020-ից արդեն սկսել ենք ընդունել բուժառուներին։ Մեր հիմնական առաքելությունն է ապահովել հիվանդների կյանքի հնարավորինս բարձր որակը, հոգեբանորեն աջակցել նրանց և նրանց ընտանիքի անդամներին։ Պալիատիվ խնամքը կարևոր է ոչ միայն ցավը և ֆիզիկական անհանգստությունը մեղմելու, այլև հիվանդներին արժանապատիվ խնամք և բուժօգնություն ցուցաբերելու տեսանկյունից։ Մենք ձգտում ենք ստեղծել միջավայր, որտեղ յուրաքանչյուր բուժառու կզգա հոգատարություն, բարեհամբույր վերաբերմունք և ապրումակցում։
- Ովքե՞ր են հիմնականում ձեր բուժառուները։
-Մեր բուժառուները ծանր քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ են, որոնց առաջարկում ենք բարձրակարգ խնամք և որակյալ բուժօգնություն։ Նրանց թվում են ուռուցքային հիվանդություններ, նեյրոդեգեներատիվ խանգարումներ, ինսուլտի հետևանքով խնամքի կարիք ունեցողներ, ինչպես նաև Ալցհեյմերի, Պարկինսոնի հիվանդությամբ կամ մանկական ուղեղային կաթվածով (ԴՑՊ) ապրող մարդիկ։ Բացի այդ, մեր կենտրոնում խնամք են ստանում նաև տարեցները, որոնք ունեն առողջական տարբեր խնդիրներ։ Նրանց համար ևս ապահովում ենք համալիր բուժօգնություն և հոգատար խնամք։
- Ի՞նչ առավելություններ ունի «Խնամի» պալիատիվ բուժօգնության կենտրոնը։
- Կենտրոնում ստեղծել ենք բոլոր պայմանները, որպեսզի իսկապես կարողանանք բարելավել բուժառուի կյանքի որակը և առաջարկել արժանավայել պայմաններ։ «Խնամի» պալիատիվ բուժօգնության կենտրոնը ապահովում է բոլոր պայմանները հիվանդների հարմարավետության համար՝ լուսավոր և հարմարավետ սենյակներ, ֆունկցիոնալ մահճակալներ, անկողնային պարագաներ և կենցաղային իրեր, անհրաժեշտության դեպքում լաբորատոր հետազոտություններ, կոլոստոմի պայուսակների, անձեռոցիկների ապահովում, երեքանգամյա սնունդ, հիվանդի բարեկամի համար՝ հիվանդի հետ շուրջօրյա գտնվելու հնարավորություն։ Կարևոր եմ համարում նշել, որ աշխատում ենք նաև պետպատվերի շրջանակներում։
- Իսկ ի՞նչ մասնագետներ են հավաքվել ձեր թիմում։
- Յուրաքանչյուր բժշկական կենտրոնի կարևորագույն ուժը թիմակիցներն են, որոնք բացի մասնագիտական փորձից և գիտելիքներից, նվիրված և սրտացավ կերպով կատարում են իրենց աշխատանքը։ Մեր թիմակիցներն ունեն հատուկ մասնագիտացում պալիատիվ բուժօգնության ոլորտում, ինչը թույլ է տալիս պրոֆեսիոնալ կերպով իրականացնել աշխատանքը։
«Խնամի» պալիատիվ բուժօգնության կենտրոնի մասին ավելի մանրամասն ինֆորմացիա կգտնեք այստեղ։



