Ժամանակ առ ժամանակ երեխաները համարյա անընդհատ լաց են լինում: Այդ դեպքում նրանց լացի ամենահավանական պատճառը խիթերն են: Ամենից ավելի հաճախ ցավի հանկարծակի նոպաները առաջանում են գիշերները` կերակրումից առաջ և հետո, թեև շատ նորածինների համար այդ խիթերը որոշակի ժամերի հետ կապված չեն: Խիթերը ընդհանրապես առաջանում են կյանքի առաջին երեք շաբաթվա ընթացքում և շարունակվում մինչև երեք ամիս, երբեմն էլ` ավելի շատ: Նրանք կարող են վերջանալ այնպես հանկարծակի, ինչպես սկսվել էին` երեխային չպատճառելով ոչ մի վնաս:
Դեռ ոչ ոք չի կարող ճշգրիտ բացատրել, թե ինչ են խիթերը, և ինչն է նրանց պատճառը: Դրանց ծագումը կապում են ջղաձգումներով պայմանավորված ստամոքսային ցավերի հետ: Կարծում են, թե հենց այդ պատճառով է, որ փոքրիկները խիթերի ժամանակ տոտիկները կծկում են դեպի փորիկը: Որոշ ծնողներ երեխայի լացից հասկանում են, թե նրա որ տեղն է ցավում: Խիթերի դեպքում տխուր և աղիողորմ լացը կարող է մի քանի րոպեով ընդհատվել, բայց հետո ամեն ինչ սկսվում է նորից: Դա կարող է շարունակվել օրվա մեջ մի քանի ժամ` վշտացնելով և ուժասպառ անելով ինչպես Ձեզ, այնպես էլ երեխային:
Խիթերի պատճառները
Գտնում են, որ խիթերն առաջանում են ամենաբազմազան պատճառներով: Դուք պետք է դրանք լավ իմանաք, որ ինչ-որ ձևով թեթևացնեք փոքրիկի տառապանքները: Հավանական է, որ դրանք կապված լինեն սննդատեսակի հետ, սակայն խիթեր ունենում են ինչպես կրծքով, այնպես էլ շշից ուտող երեխաները: Կրծքով կերակրվող երեխայի ինքնազգացողությունը զգալիորեն կախված է մոր սննդից: Եթե դուք կասկածեք, որ ձեր կերած ինչ-որ ուտելիք վատ է ազդում երեխայի վրա, հրաժարվեք դրանից, և հետևեք, թե երեխան ինչպես է պահում իրեն: Խիթերի պատճառ կարող են լինել կերակրի շատ կամ քիչ լինելը, տաք կամ սառը կաթը, ոչ լիարժեք կամ շատ կալորիական սնունդը: Երբ դուք պատրաստում եք մանկական ուտելիքը, մի մոռացեք կարդալ կերակրի պատրաստման հրահանգը և ճշգրտորեն հետևեք դրան:
Խիթերը կարող են առաջանալ փորկապության, լուծի, կերակուրը չմարսելու կամ աղիքների սպազմների պատճառով: Ուժեղ լացը անպայմանորեն որևէ հիվանդության նշան չէ, բայց եթե նոպաների հետ նկատվում է, որ մաշկը գունատ է և անառողջ տեսք ունի, պետք է դիմել բժշկի:
Որոշակի կապ գոյություն ունի Ձեր գրգռվածության, նյարդային վիճակի և խիթեր առաջանալու միջև: Օրվա վերջում սովորաբար Ձեզ համար տնային աշխատանքի մեծ բեռ է կուտակվում: Հոգնել եք, իսկ դուք դեռ պետք է երեխային կերակրեք և քնելու պատրաստեք: Ձեր մտահոգությունը տանը լարված վիճակ է ստեղծում, և փոքրիկը դա շատ լավ զգում է` լացով արձագանքելով Ձեր վատ տրամադրությանը, որով ավելի է ուժեղացնում Ձեր տագնապն ու անհանգստությունը: Ստացվում է մի տեսակ փակ շղթայական ռեակցիա` երեխան լացը չի դադարեցնում, դուք նյարդայնանում եք, նա ավելի ուժեղ է լաց լինում, և արդյունքում երկուսդ լրիվ ուժասպառության եք հասնում:
Ի՞նչ անել
Խիթերը չեն բուժվում: Ճիշտ է, որոշ դեղատներում առանց դեղատոմսի վաճառում են խիթերի դեմ միջոցներ, սակայն առանց բժիշկի թույլատրության դրանք Ձեր փոքրիկին մի՛ տվեք: Ինչ-որ բան դուք ինքներդ կարող եք անել, որպեսզի թեկուզ կարճ ժամանակով փոքրիկին ազատեք տանջալից ցավերից: Փոխեք օրվա ժամանակակարգը` ընթրիքը պատրաստեք ավելի շուտ, իսկ երեկոյան ավելի շատ ուշադրություն դարձրեք Ձեր փոքրիկին, մանավանդ, եթե նա շատ է լաց լինում: Կարելի է գրկել երեխային, սեղմել կրծքին` տաքացնելով փորիկը: Մի վիճեք Ձեր ամուսնու հետ, տանը ստեղծեք հանգիստ, բարեհաճ մթնոլորտ: Իհարկե, դժվար ժամանակներ են Ձեր ընտանիքի համար, բայց կարևոր է, որ չհուսահատվեք, և հիշեք` խիթերի ժամանակը անվերջ չէ, և մի քանի ամիս հետո խիթերը անպայման կվերանան: