Շշերը

Պետք է նախապես լվանալ ձեռքերը, խոհանոցային պարագաները, կաթի շիշը, ծծակը: Պետք է սկսել 120 միլիգրամանոց շշերից, իսկ երբ փոքրիկն սկսի ավելի շատ ուտել, հարկավոր է ունենալ 240 միլիգրամանոց շիշ:

Ծծակները

Ռետինե կամ սիլիկոնային ծծակները շատ բազմազան ձևեր ունեն, չնայած միշտ նշվում է, որ դրանք կրկնում են մոր կրծքի ձևը, երեխային օգնում են ծծել այնպես, ինչպես կծծեին մոր կուրծքը: Դրանցից և ոչ մեկը չի բավարարում այդ պահանջին: Օրթոդոնտային ծծակները խորն են մտնում երեխայի բերանը, նրա լեզվի շարժումները նմանվում են կուրծք ծծող երեխայի լեզվի շարժումներին, բայց դրանք հարմար չեն, որովհետև երեխայի բերանը մտցնելու համար պետք է թեքել որոշակի դիրքով: Երեխան պետք է ծծի այդ ծծակի լայն սկզբնամասը, և ոչ թե ծայրը: Ձգվող ծայրով ծծակներն այնպես են կառուցված, որ ծծելու ժամանակ երկարում են, երբ երեխան լայն է բացում բերանը կամ ծծում է հարկ եղած ուժով: Սակայն երեխաների մեծ մասը ծծում է այդ ծծակի դուրս ցցված մասը: Լայն սկզբնամասով սովորական ծծակները բոլորից հարմար են լավ ծծելու համար:
Եթե երեխան միայն արհեստական սնունդ է ուտում, պետք է փորձել ծծակների տարբեր տեսակներ և գտնել, թե որն է երեխային ամենահարմարը: Իսկ եթե երեխան խառն է սնվում` արհեստական սնունդ և մայրական կաթ, պետք է օգտագործել բաժակ:
Օգտագործելուց առաջ ծծակը պետք է 5 րոպե եռացնել, որ վարակազերծվի, թուլանա ռետինի համը: Որպեսզի փոքրիկը չխեղդվի ծծակով, պետք է ուշադիր հետևել նրա օգտագործման կանոններին: Պատռված, ճաքած ծծակը չի կարելի օգտագործել: Ծծակների մի քանի տեսակներ արտադրվում են տարբեր չափերի անցքերով, որպեսզի կերի խտությանը և երեխայի հասակին համապատասխան անցքով ծծակ ընտրելու հնարավորություն լինի: Ծծակի անցքը պետք է այնպիսին լինի, որ շիշը ծծակով դեպի ցած պահելիս առանց թափ տալու վայրկյանում մեկ կաթիլ կեր թափվի:

Կերի պատրաստումը

Պատրաստի հեղուկ կամ փոշի խառնուրդներն օգտագործելիս պետք է հիշել մի շարք կանոններ: Նախ պետք է մաքրել տուփի կափարիչը, պատրաստի խառնուրդը լցնել մաքուր և ստերիլիզացված շշի մեջ: Կաթնախառնուրդը պետք է պատրաստել ամեն կերակրումից առաջ` թարմ վիճակում, իսկ շշի մեջ մնացածը` թափել:
Պետք է խառնել այնքան ջուր, որքան նշված է կերի օգտագործման ցուցումներում, քանի որ շատ խիտ կերը վնասում է երեխայի աղիքները, երիկամները, դառնում ճարպակալման պատճառ: Եթե երեխան լուծ կամ սրտխառնոց ունի, բժիշկը կարող է խորհուրդ տալ նշվածից շատ ջուր խառնել կերին, բայց այդպիսի կաթով չի կարելի մի քանի օրից ավելի երկար կերակրել երեխային, քանի որ նրա օրգանիզմը չի ստանա անհրաժեշտ կալորիաները: Այդ դեպքում բժշկի հետ խորհրդակցելու կարիք կա:

Խորհուրդներ շշով կերակրելու մասին

Որպեսզի շշով կերակրելը հաճելի լինի երեխայի ու նրա ծնողների համար, երեխան շատ կաթ ստանա և քիչ օդ ներծծի, պետք է հետևել մի քանի կանոնների`

- Երեխաներից շատերը սիրում են մի քիչ տաք կաթ: Դրա համար շիշը պետք է մի քանի րոպե պահել տաք ջրի մեջ, թափ տալ, մի քանի կաթիլ կաթեցնել դաստակի ներսի կողմում, որպեսզի ճշտվի, ստուգվի կաթի ջերմությունը,

- Որպեսզի պակասի օդի քանակությունը, շիշը պետք է պահել այնպես, որ կաթը լցվի ծծակը, իսկ օդը բարձրանա շշի հատակը:

- Երեխալին պետք է գրկել այնպես, որ գլուխը մարմնի հետ ուղիղ գիծ կազմի, իսկ եթե գլուխը թեքվի, երեխան դժվարությամբ կծծի:

- Պետք է հետևել, որ ծծակի անցքը շատ լայն կամ նեղ չլինի: Եթե կաթը ծծակից չի կաթում, այլ հոսում է, ծծակը պետք է փոխել: Երբ երեխան ծծելու ժամանակ հոգնում է, նրա թուշիկները փոս են ընկնում, ուրեմն ծծակի անցքը շատ նեղ է:

- Պետք է վարժվել, արագ կողմնորոշվել, թե երբ կարելի է ընդհատել կերակրումը: Չպետք է ջանալ շշի անբողջ պարունակությունն ուտեցնել երեխային: Հաճախ երեխան քնելուն զուգընթաց շարունակում է ծծել, քանի որ պարզապես հաճույք է ստանում, թեև վաղուց կշտացել է: Այս դեպքում պետք է շիշը հեռացնել նրա բերանից:

Կերակրման անվտանգության մասին

- Կարելի է օգտագործել մի քանի ժամ առաջ պատրաստած կաթը, եթե պատրաստելուց անմիջապես հետո դրված է եղել սառնարանի մեջ: Պետք է շշի վրայի խուփը դնել, որ ծծակը մաքուր մնա:

- Ճանապարհորդությունների ընթացքում պետք է օգտագործել 120 միլիգրամանոց շշեր, իսկ տանը պատրաստված կաթը պետք է պահել սառույցով լի ամանի մեջ: Փոշի կերն ավելի քիչ տեղ է գրավում, դրա պատրաստման համարպարզապես եռացրած ջուր է պետք:

- Չի կարելի երեխային թողնել, որ մահճակալում մենակ պառկած ծծի: Դա շատ վտանգավոր է: Երեխան կարող է խեղդվել, կաթը լցնել ականջը և այլն:

- Չի կարելի կերակրելուց հետո շշի մեջ մնացած կաթը հաջորդ անգամ նորից տալ երեխային: Այդ մնացորդը պետք է թափել: