Կարեն Հորնին ծնվել է 1885թ.-ի սեպտեմբերի 16-ին, Գերմանիայի Համբուրգ քաղաքի մերձակայքում գտնվող ձկնորսական  գյուղում` Բլանկենեզում: Նրա հայրը Բերնդտ Վակելսը նավապետ էր, ավտորիտար և հավատացյալ մարդ էր, նախորդ ամուսնությունից նա ուներ արդեն 4 երեխա: Մայրը` Կլոտիլդա Մարի վան Ռոզենսենը 18 տարի ամուսնուց մեծ էր:
Կարեն Հորնին 2-րդ երեխան էր ընտանիքում, մեծ եղբայրը Բերնդտն էր, որի հետ խորը կապվածություն ուներ: Տարրական կրթությունը նա ստացել է տեղի եկեղեցական դպրոցում, որը  նրա մոտ հակառակ ռեակցիա է առաջացնում կրոնի հանդեպ, հետևում է խորը հիասթափություն կրոնից, որից հետո նա նախապատվությունը տալիս էր աթեիզմին:
Հոր հետ հարաբերությունները  իրենց մռայլ հետքը թողեցին  Հորնիի մանկության վրա. Հոր ողջ սերն ու ուշադրությունը  բաժին էր հասնում մեծ եղբորը: Այս ամենը բերեց նրան, որ արդեն 9 տարեկանում նա ուներ իր ինքնուրույն  նպատակներն ու երազանքները և 12 տարեկանում որոշեց  ընտրել բժշկական ուղղությունը, որին հայրը դեմ էր:
Հորնին որոշեց, որ եթե չի կարող իր ծնողների համար լինել գրավիչ և գեղեցիկ, նա կարող է իր ողջ էներգիան ծախսել ինտելեկտուալ զարգացման վրա` չնայած որ շրջապատում նրան բավականին գրավիչ էին համարում:
1904թ.-ին մայրը բաժանվեց (ոչ պաշտոնապես) հորից` իր հետ տանելով երեխաներին:

1906թ.-ին Հորնին ընդունվում է Ֆրեյբուրգի Բժշկական համալսարան, ավելի ուշ տեղափոխվում է Գետինգենի համալսարան, իսկ ավարտում է Բեռլինի համալսարանը: Ուսման տարներին նա ծանոթանում է ուսանող-իրավաբան Օսկար Հորնիի հետ և ամուսնանում 1909թ.-ին: Ունենում է երեք աղջիկներ (Բրիջիտ, Մարիանա, Ռենատա):
Այդ ժամանակահատվածում նա անձի հոգեվերլուծություն էր անցնում Ֆրեյդի համախոհներից  Հանս Սակսի մոտ: Հոգեվերլուծությունը  նա սկսում է սովորել Կառլ Աբրահամի մոտ, որից էլ ստանում է հոգեվերլուծողի իր որոկավորումը:

1911թ.-ին մահանոմ է Հորինիի մայրը, իսկ 1915թ-ին նա ավարտում է Բեռլինի բժշկական համալսարանը: 1919թ-ից արդեն սկսում է վարել սեփական վերլուծական պրակտիկան, իսկ 1920 թ-ին հիմնադրում է Բեռլինի հոգեվերլուծական համալսարանը:
Նրա հարաբերությունները ամուսնու հետ այդ ժամանակահատվածում բավականին վատանում են, դրան գումարվում է նաև ծանր ապրումները  կապված 1923թ.-ին Հորնիի եղբոր մահվան հետ, որից հետո Հորնին բաժանվում է ամուսնուց, վերցնում իր երեք աղջիկներին ու հեռանում տանից:
Նրանք մեկնում են ԱՄՆ, որտեղ որպես փոխարինող աշխատում է Չիկագոյի հոգեվերլուծական համալսարանի տնօրեն` Ֆրանց Ալեքսանդրի մոտ:

1934թ-ին Հորնին տեղափոխվում է Նյու-Յորք և աշխատում Նյու-Յորքի հոգեվերլուծական համալսարանում, սակայն, "The Neurotic Personality of our Time, Norton, 1937" գրքի տպագրությունից հետո նա տարրաձայնություններ է ունենում տեղի մասնագետների հետ և ստիպված լքում է համալսարանը: Նա ակտիվ շփվում էր Սալլիվանի, Գարի Ստեկի, էրիկ Ֆրեմի և այլ հայտնի հոգեբանության ներկայացուցիչների հետ:

1941թ.-ին նա իր համախոհների հետ միասին հիմնում է Հոգեվերլուծության զարգացման ասոցիացիան, որից հետո սկսում է դասավանդել Նյու-Յորքի բժշկական քոլեջում: Կարեն Հորնին դառնում է ամերիկական հոգեվերլուծական  լրագրի գլխավոր խմբագրիչը: Կյանքի վերջին տարիներին Հորնին զբաղվում էր կրոնի ուսումնասիրություններով, իր ընկերներից մեկի` կրոնի փիլիսոփայության մասնագետ` Պաուլ Տիլիխայի հետ, հետո էլ դզեն-բուդիզմի ներկայացուցիչ Դայզեց Սուդզուկիի հրավերով 1951թ.-ին նա մեկնում է Ճապոնիա` ամբող մեկ ամիս տրամադրելով "դզեն"-ի տեսության խորացված ուսումնասիրություններին:

1952թ.-ին նրա մոտ ուշացումով հայտնաբերվում է արդեն խորացված օնկոլոգիական հիվանդություն. 1952թ.-ի դեկտեմբերի 4-ին նա մահանում է:

Նրա մահից հետո Հորնիի ժամանակակիցները հետևյալ կերպ են նկարագրում նրան. "Աստծուց տրված հոգեբույժ և հոգեվերլուծող, ուներ մարդկանց հոգին ներթափանցելու բացառիկ ընդունակություններ, բայց անձնական շփման մեջ բավականին փակ էր, որպես մասնագետ` նա իր ուժերը ներդնում էր հոգեվերլուծության զարգացման, գրքեր, հոդվածներ գրելու և այցելուների հետ աշխատելու գործի մեջ":

1955թ-ի մարտի 6-ին Նյու-Յորքում Կարեն Հորնիի հիշատակի պատվին բացվում է Կարեն Հորնիի անվան հիվանդանոցը:

Հասարակության մեջ հակասությունները, որոնք անպայման պայմանավորում են մեր ներքին խնդիրները, հետևյալներն են.

1. Հասարակությունում մի կողմից կան շատ բարոյական կողմեր՝ պետք է սիրել, հարգել, համագործակցել: Մյուս կողմից հաջողակի կենրապին ձգտումը ստիպում է մարդուն ձեռք բերել ինքնուրույնություն, իրականացնել իր անձնական նպատակները, ստանալ բարեկեցիկ կյանք: Այսինքն՝ կա մշտական հակասություն: Երկու դեպքում էլ կա ֆրուստրացիա:

2. Ազատ հասարականգը անընդհատ ստիմուլացնում է մեր պահանջմունքները՝ լինել գեղեցիկ, "կյանք անել": Եվ հասարակությունում ստեղծված բոլոր ինստիտուտները, հաստատությունները, ռեստորանները, թատրոնները, թանգարանները և այլն, ուղղված են դրանց բավարարմանը: Միևնույն ժամանակ մարդուն չի տրված հնարավորություն օգտվել ամեն ինչից, վերցնենք թեկուզ ֆինանսական դժվարությունները: Եվ այս հակասության մեջ նախ ւ առաջ ընկնում են երիտասարդները, որոնց մոտ կա ցանկություն ամեն ինչ փորձել, բայց չկա հնարավորություն:

3. Ազատության գաղափարը վերաբերում է քաղաքացու՝ ազատ, հասուն, լիարժեց մարդու գաղափարին: Այսինքն՝ ես կարող եմ, ունեմ իրավունք, ազատ եմ, ինչ կուզեմ, կանեմ: Սակայն մարդը միևնույն ժամանակ գիտակցում է, որ շատ բաներում նա ազատ չէ, այլ կախված է բնության ուժերից և ենթարկվում է դրանց: Դարձյալ ծնվում է հակասություն:

Փաստորեն, այս բարդ խնդիրների պայմաններում, եթե մարդը չի կարողանում գտնել "ոսկե միջինը" նրա մոտ առաջանում է ֆրուստրացիա: Եվ արևմտյան քաղաքակրթության բոլոր մարդիկ ձգտում են լինել հաջողակ, նրանց ամբողջ ակտիվությունը ուղղված է հենց դրան:

Անդրադառնալով կոնկրետ անձին, Հորնին ասում էր, որ անձն ունի երկու հիմնական բնազդ՝

1. axiety, տագնապ

2. perfection, կատարելություն

Եվ անձը որքան ավելի շատ է ձգտում-հասնում կատարելության, այնքան թուլանում է նրա տագնապը, և ընդհակառակը: Բայց հասարակության միջի վերոհիշյալ հակասությունները կարող են խրախուսել այս կամ այն բնազդը:

Հորնին նշնում է մի հասկանություն՝ բազային տագնապ, որը ընկած է անձի ակտիվության հիմքում, և նա ամեն ինչ անում է, որպեսզի թուլացնի այս տագնապը:

Յուրաքանչյուր ընտանիքի վրա ազդում է հասարակությունը, և մենք մեր երեխային առաջին օրվանից դաստիարակում ենք այնպես, որ նա դառնա հաջողակ: Այսինքն՝ հենց առաջին օրվանից նրա մեջ սերմանում ենք այդ ձգտումը: Երեխան անպաշտպան է լինում, և յուրաքանչուր հակասություն կարող է առաջացնել նրա մեջ տագնապ: Եթե նա տեսնի ծնողների վեճը, կամ որ ծնողը մի բան ասում է, մեկ այլ բան անում, կամ սիրում է երեխային, բայց երկրորդ րոպեին կարող է բարկանալ, այս ամենը կարող է առաջացնել և խորացնել երեխայի մոտ բազային տագնապը: Հետագայում մանկապարտեզը, դպրոցը, աշխատանքի վայրը կարող են նպաստել բազային տագնապի ուժեղացմանը նրանով, որ մարդ ձգտում է անվերջ չկորցնել իր հաջողակի կերպարը, չկորցնել շրջապատի մարդկանց սերը, հարգանքը և այլն:

Հորնին գտնում է, որ նևրոզը ունի ոչ թե որակական, այլ քանակական բնույթ, այսինքն՝ որքան ավելի շատ է մարդու տագնապը, այնքան ավելի շատ է մարդու հակվածությունը դեպի նևրոզ: Եվ որքան ավելի օպտիմալ քանակով են մարդու տագնապները, այնքան ավելի հեշտ նա կարող է հաղթահարել դրանք:

Հորնին ասում է, որ մարդը իր տագնապը հաղթահարելու համար ընտրում է ստրատեգիա: Նա առանձնացնում էր երեք տիպի ստրատեգիա՝

1. շարժում դեպի մարդիկ

2. շարժում հակառակ մարդկանց

3. շարժում մարդկանցից

Առաջին ստրատեգիան ենթադրում է, որ ենթագիտակցորեն տագնապը կարելի է հաղթահարել, եթե լինել սերտ կապի մեջ այլ մարդկանց հետ: Այս ստրատեգիան կարող է ունենալ նաև ծայրահեղ դրսևորում՝ վերածվել լիարժեք կախվածության այլ մարդկանցից, անպայման կողքին ունենալ մեկին, որպեսզի լինել նրա թևի տակ: Այս դեպքում մարդը լսող է, հնազանդվող, միաձուլվող ուրիշների հետ: Մարդը շատ խուսափում է ցանկացած կոնֆլիկտից, բացարձակ չի արտահայտում իր կարծիքը, իր "ես"-ը լրիվ մի կողմ է դնում, միայն թե չմտնի կոնֆլիկտի մեջ և ամեն գնով խուսափի պատասխանատվությունից:

Երկրորդ ստրատեգիան լիարժեց հակառակ է առաջինին: Այստեղ նորից գերակշռում է կախվածությունը, բայց "մինուս նշանով" մարդը հաղթահարում է իր տագնապը, մտնելով մրցակցության մեջ ուրիշների հետ: Ծայրահեղ դրսևորման դեպքում այս մրցակցությունը կարող է վերածվել մանիպուլյացիայի, էքսպլուատացիայի: Այսպիսի մարդը պետք է միշտ իրեն զգա ուժեղ ուրիշներից, և կողքինը նրան անհրաժեշտ է, փաստորեն, հենց դրա համար: Սա ևս կախվածություն է ուրիշներից, բայց արդեն այլ որակի: Մարդը պետք է կառավարի ուրիշներին, հանձնարարություններ տա նրանց, ոտնահարի ուրիշներին: Այս մարդը "սեփականատեր" է: Նա կարող է իր համար կին ընտրել, շատ գեղեցիկ ու բարոյական, կառուցել մեծ ու շքեղ տուն, վարել շքեղ ավտոմեքենա, որպեսզի ուրիշները հիանան նրանով: Նման մարդու անգիտակցական սկզբունքն է՝ "գոյատևում է ուժեղագույնը", այսինքն՝ նրա անգիտակցականում լիարժեք գործում է բնության օրենքը:

Երրորդ ստրատեգիան ընտրած մարդը իր տագնապը թուլացնում է, լինելով հեռու մարդկանցից, որովհետև իր համար յուրաքանչյուր կապվածություն տագնապի աղբյուր է: Իրականում այդ կապի պահանջը այնքան ուժեղ է, որ մարդը նախօրոք խուսափում է այդ կապից, որպեսզի հանկարծ մի օր այն չկորցնի՝ դա նրա համար անտանելի կլինի: Ծայրահեղ դրսևորման ժամանակ մարդը իրեն կարող է անգամ զրկել համով ուտելիքից, լավ հագուստից, քանի որ նրա համար դա էլ է կապվածություն: Նման մարդը նաև կխուսափի լուրջ հարաբերություններից՝ կունենա մի քանի սիրուհի, բայց ոչ մեկի հետ չի կապվի: Այս մարդկանց, սակայն, փրկում է վառ արտահայտված ինքնագնահատականը. նրանք իրենց համարում են շատ բարձր ուրիշներից, ունիկալ: Հակառակ դեպքում նրանք կցնորվեն: Շիզոիդները պատկանում են այս տիպին:

Բոլոր ստրատեգիաներն էլ անհրաժեշտ են մարդու գոյատևման համար: Նա նշում է, որ այս երեքն էլ պետք է ոչ ծայրահեղ ձևով առկա լինել յուրաքանչյուր մարդու մոտ: Եթե մարդը զարգանում է միայն մի ստրատեգիայով և կենտրոնանում է տագնապը թուլացնելու մի ձևի վրա, նա կարող է ձեռք բերել նևրոտիկ գծեր: Եվ դարձյալ այստեղ ոչ թե որակն է կարևոր, այլ քանակը:

Հորնին առանձնացնում է նաև մեկ այլ հասկացությունը՝ իդեալականացված "ես": Սա նորից ինչ-որ մի արհեստականացված կառույց է, որը մարդը ստեղծում է իր համար: Իդեալական "ես'-ը և իդեալականացված 'ես"-ը բոլորովին տարբերվում են միմյանցից: Առաջինը բնական է, որ պիտի լինի, իսկ երկրորդով մարդը փոխարինում է իր իրական 'ես"-ը: Այսինքն՝ մարդը չի կարողանում և չի ուզում ճանաչել, ընդունել իր իրական "ես"-ը և ապրում է իդալականացված "ես"-ի կերպարի մեջ:

Հորնին առանձնացնում է այսպիսի մի կողմ՝ նևրոտիկ հպարտություն , որի դեպքում մարդը շատ հստակ գիտակցում է՝ որն է ճիշտ, ունի հստակ չափորոշիչներ, որոնցով նա շարժվում է: Դրանից էլ առաջանում է իր հպարտությունը, ինքնագնահատականի բարձրացումը:

Իդեալականացված "ես"-ը կարող է նաև մարդու մոտ առաջացնել հակասություն իրական "ես"-ի հետ, և մարդը կարող է ոչնչացնել իր իրական "ես"-ը, քանի որ վստահ է, որ չի կարող հասնել իր իդեալականացված "ես"-ին՝ "ես շատ թույլ եմ, անկարող հասնալու այն կերպարին, որը իդեալական է ինձ համար": Այս դեպքում իդեալականացված "ես"-ը այնքան ուժեղ է ու կարևոր և այնքան անհասանալի թվացող մարդու համար, որ նա չի էլ փորձում անգամ հասնել դրան:

Իդեալականացված "ես"-ը խիստ քարացած կերպար է, ինչը խանգարում է մարդուն, որ նա զարգանա: