Վիգոտսկին դարձյալ եղել է սովետական հոգեբանության դպրոցի կլասիկներից: Նրա տեսությունը կոչվում է պատմա-մշակութային տեսություն:

Անվանումից երևում է, որ նա իր տեսության մեջ ավելի մեծ տեղ է տալիս արտաքին՝ սոցիալական գործոններին: Ըստ նրա, անձի զարգացումը կրում է մշակութային բնույթ, այսինքն՝ մարդն իր օնթոգենեզում յուրացնում է մշակույթի բոլոր արժեքները: Արժեքներ ասելով հասկանում ենք պատմության, մարդկության ընդհանուր փորձը:

Ըստ Վիգոտսկու, իմացական գործընթացների մեջ կան բնական ֆունկցիաներ, որոնք պայմանավորված են հոգեֆիզիոլոգիական ապարատով, և բարձր ֆունկցիաներ, որոնք հենց մշակութային զարգացման հիմքն են համարվում: Բարձր ֆունկցիաների զարգացման համար մեծ նշանակություն ունի խոսքի զարգացումը: Խոսքը հոգեկանի զարգացման շրջադարձային կետն է համարվում:

Բոլոր իմացական գործընթացների էլեմենտար երևույթները բնական են (օր.՝ եթե ըմբռնումը հիմնվում է զգայության վրա, սա բնական ֆունկցիա է, իսկ եթե ըմբռնումը իմաստավորվում է բառերով, սա բարձր ֆունկցիա է: Բառատրամաբանական, աբստրակտ մտածությունը ևս բարձր ֆունկցիաների արդյունք են):

Յուրաքանչյուր հոգեկան գործընթաց ձևավորվում է երկու անգամ: Սկզբում զարգանում է որպես ինտերհոգեկան գործընթաց, ապա որպես ինտրահոգեկան: Յուրաքանչյուր հոգեկան երևույթ, չլինելով արտաքին միջավայրի հետ շփման մեջ, չի կարող ձևավորվել, զարգանալ: Այսինքն՝ մենք մեջ բնածին ունեցածով չենք կարող ձևավորել մեր նախադրյալները, եթե չշփվենք արտաքին միջավայրի հետ: Պատմա-մշակութային փորձը (ոչ միայն գիտելիքները, այլև հոգեկանի ձևավորված սաղմեր) մենք յուրացնում ենք մեր շփման միջոցով:

Մարդը, ի տարբերություն կենդանու, փորձում է ոչ միայն հարմարվել արտաքին միջավայրին, այլև վերափոխել այն՝ որոշակի գործիքների միջոցով: Մեր հոգեկանն էլ ունի որոշակի ներքին գործիքներ, որոնց միջոցով մենք զարգացնում ենք մեր հոգեկանը: Այդ գործիքներն են համարվում նշանները: Միջավայրը ազդանշանային համակարգ է մարդու համար: Բայց այդ ազդանշանները վերափոխվում են մարդու հոգեկանում որպես նշաններ: Այդ ներքին հոգեկան նշանները մեր պատկերացումներն են և հասկցությունները: Հոգեկանի մեջ չկա ոչինչ, որ պատկերների կամ հասկացությունների ձևով չլինեն:

Հասկացությունները հատուկ խոսքի արդյունք են, պատկերները՝ մինչխոսքային գործունեության արդյունք, բայց երբ զարգանում է խոսքը, այդ պատկերները ավելի հստականում են:

Այդ նշանները, զարգանալով որպես պատկերներ և հասկացություններ, դառնում են նշանակություններ`  իմաստներ, այսինքն՝ նշանները մեզ համար նշանակություն ունեն:

Այսպիսով, մեր հոգեկանի բովանդակությունը կազմում եմ նշանները և իմաստները: Նշանները զարգանում են մեր հոգեկանի կոգնիտիվ` ճանաչողական կողմը, իսկ իմաստները զարգացնում են մեր հոգեկանի հուզական-դրդապատճառային կողմը: Փաստորեն, մեկով մենք ճանաչում ենք, մյուսով վերաբերմունք ենք ցույց տալիս այդ ճանաչածին: Ուրեմն, մեր հոգեկանը բաղկացած է ճանաչողական (օբյեկտիվ) և հուզական-դրդապատճառային (սուբյեկտիվ) կողմից:

Նշանակությունները և իմաստները կարող են խառնվել իրար, եթե կան հոգեբանական խնդիրներ: Հոգեկանի սուբյեկտիվ կողմը կարող է իշխել օբյեկտիվ կողմի վրա, և մարդը կարող է իրականությունը օբյեկտիվ չճանաչել:

Վիգոտսկին դուրս է բերել ընդհանուր հոգեկանի զարգացման երկու օրենք.

1. Զարգացումը գնում է պարզից դեպի բարդ

2. Բայց երբ կա որոշակի խնդիր (օր.՝ գլխուղեղային խախտում) առաջին հերթին տուժում են բարձր ֆունկցիաները:

Անձի զարգացում, տարիքային պարբերացում, տարիքային ճգնաժամեր

Վիգոտսկու տեսության մեջ կա երեք հասկացություն՝

1. ճգնաժամային տարիքային փուլեր

2. ստաբիլ տարիքային փուլեր

3. սենզիտիվ տարիքային փուլեր

Ճգնաժամերը միշտ կապված են նորագոյացությունների ձեռքբերման հետ: Ճգնաժամային փուլերը անցումային են՝ մի ստաբիլ փուլից դեպի մյուս ստաբիլ փուլը: Ճգնաժամային փուլերը ժամանակավոր բնույթ ունեն, այն իմաստով, որ դրանք չեն բնութագրում մարդու էությունը: Դրանք անհրաժեշտ են կայում որակների ձևավորման համար: Օր.՝ կամակորությունը և համառությունը. կամակորությամբ հետագայում դրսևորվում է համառություն և ապա կամակորությունը հետ է գնում, վերանում է): Երեխայի մոտ այս նորագոյացությունների իմաստը հակառակվելու մեջ է ուրիշներին, որպեսզի դրանով դրսևորվի երեխայի եսը: Ճգնաժամային փուլը ամենաբուռն փուլն է, որը, կարելի է ասել, թափահարում է մարդուն, և տեղի են ունենում փոփոխություններ, որոնք բերում են ստաբիլության:

Յուրաքանչյուր փուլ պայմանավորված է ինչպես ներքին (ֆիզիոլոգիական, հոգեբանական), այնպես էլ արտաքին` սոցիալական գործոններով: Սակայն ըստ տարիքի, այս երկու գործոնների կարևորությունը տարբեր է լինում (օր`. 3 տարեկանի ճգնաժամի համար կարևոր են ներքին գործոնները, 7 տարեկանի ճգնաժամի դեպքում` արտաքինները):

Ստաբիլ փուլերը ավելի երկարատև են: Այստեղ նույնպես առաջանում են նորագոյացություններ: Բայց սրանց չեն մարում, վերանում, այլ մնում են այն ձևով, ինչպես ստեղծվել են (օր.` խոսքը որպես նորագոյացություն համարվում է ստաբիլ փուլի ձեռքբերում): Անձի զարգացման տեսանկյունից ճգնաժամային փուլում ձևավորվում են անձնային որակները, իսկ ստաբիլ փուլում ընդհանուր հոգեկանն է զարգանում:

Սենզիտիվ փուլերը մտնում են ստաբիլ տարիքային փուլերի մեջ: Սենզիտիվ նշանակում է` տվյալ տարիքն ունի հնարավորություն առավելագույնս զարգացնելու այս կամ այն հոգեկան ֆունկցիան: Այսինքն` մարդը զգայուն է տվյալ ֆունկցիայի հանդեպ: (Օր.` մեխանիկական հիշողությունը շատ լավ է զարգանում 4-5 տարեկանում, այսինքն` այս տարիքում երեխայի մոտ կենտրոնական տեղ ունի հիշողությունը, "երեխան մտածում է, քանի որ հիշում է": 12-13 տ. որպես հոգեբանական ֆունկցիա զարգանում է մտածողությունը` մտապատկերների, հասկացությունների միջոցով):