Պլատոնովի տեսության մեջ գործում է նույն սկզբունքը՝ անձի կառուցվածքը, համակարգային մոտեցումը, հիերարխիկ սկզբունքը և այլն: Նա տալիս է անձի կառուցվածքը ներքևից վերև:

Չորրորդ մակարդակը Պլատոնովը անվանում է բիոհոգեկան՝ նեյրոդինամիկ, հոգեդինամիկ առանձնահատկություններ, խառնվածք: Այս մակարդակը լիովին պայմանավորված է մեր բնածին նախադրյալներով: Այս մակարդակը կարելի է զարգացնել միայն վարժանքների միջոցով:

Երրորդ մակարդակը մեր նեյրոդինամիկ հատկություններով պայմանավորված հոգեկան պրոցեսների առանձնահատկություններ են՝ հոգեկան ապարատի նախադրյալները. զգայութուն, ըմբռնում, հիշողություն, մտածողության սաղմեր: Այստեղ գերիշխում է բնածին գործոնը, բայց իր ազդեցությունն ունի ձեռքբերովի գործոնը նույնպես: Այս մակարդակը զարգանում է ինչպես վարժանքների, այնպես էլ վարժությունների միջոցով:

Երկրորդ մակարդակը Պլատոնովն անվանում է փորձի մակարդակ՝ մեր գիտելիքները, հմտությունները, ունակությունները: Մեծ նշանակություն ունի ձեռքբերովի գործոնը և միջամտության ձևը ուսուցումն է:

Առաջին մակարդակը մեր անհատական կուլտուրան է: Մեր անձը դրսևորում է իր ուղղվածությունը՝ դրդապատճառները, արժեքները, սկզբունքները: Լիարժեք ձեռքբերովի է: Միջամտության ձև է դաստիարակությունը: