Լեոնտևը եղել է Վիգոտսկու աշակերտը: Նրա տեսության սկզբնաղբյուրն է դարձյալ պատմա-մշակութային տեսությունը, որն ասում է, որ մարդը զարգանում է շփման մեջ:

Լեոնտևը կարևորում է գործունեության գաղափարը և գտնում է, որ գործունեությունը ընկած է անձի զարգացման հիմքում: Գործունեություն ասելով հասկանում ենք նպատակաուղղված ակտիվություն:

Ի՞նչ է ընկած գործունեության հիմքում և ի՞նչն է ձևավորում գործունեությունը: Ընդհանրապես վարքը դիտվում է որպես ոչ նպատակաուղղված ակտիվություն, "փնտրողական”: Կա պահանջմունք, և մարդը վարքով բավարարում է այդ պահանջմունքը` օրգանիզմի կարիքները հոգալու համար, ինչը ոչ միշտ է գիտակցված, նպատակաուղղված:

Գործունեությունը ձևավորվում և զարգանում է, երբ մարդու հոգեկանում ձևավորվում են դրդապատճառներ: Գործունեությունը ոչ թե քաոսային ակտիվություն է, այլ նպատակաուղղված: Դրդապատճառները ձևավորվում են այն ժամանակ, երբ մարդու պահանջմունքները հանդիպում են օբյեկտի հետ, որի միջոցով մարդը կարող է բավարարել այդ պահանջմունքը: Այսինքն` դրդապատճառը առարկայացված պահանջմունք է: Արդեն դրդապատճառի ձևավորվամն հետ մեկտեղ ձևավորվում է գործունեությունը, և որպեսզի գործունեությունը չկրի քաոսային բնույթ, այլ ունենա նպատակ, դրդապատճառների ձևավորման հետ միասին ձևավորվում է նաև նպատակ:

Նպատակը այն կետն է, որին մարդը պետք է հասնի իր գործունեության միջոցով, այսինքն` նպատակը պատասխանում է ի՞նչ եմ ես ուզում հարցին, իսկ դրդապատճառը պատասխանում է ինչո՞ւ եմ ես ուզում հարցին: Եթե նպատակը հիմնականում գիտակցաված է, դրդապատճառը պարտադիր չէ, որ լինի գիտակցված, և եթե մարդու գործունեության նպատակը գիտակցվում է, իսկ դրդապատճառը` ոչ, ապա լինում է այնպես, որ նպատակին հասնելուց հետո մարդը չի գտնում բավարարվածություն հասած նպատակից:

Դրդապատճառը կատարում է 2 ֆունկցիա` դրդող և իմաստավորող: Եթե դրդապատճառը իր երկու ֆունկցիաներն էլ կատարում է, կարելի է ասել, որ մարդը գիտակցության ավելի բարձր մակարդակի վրա է գտնվում, և ուրեմն գործունեությունը ավելի հարուստ է իր կառուցվածքով, բովանդակությամբ: Երկրորդ ֆունկցիան` իմաստավորումը, շատ կարևոր է անձի զարգացման համար: Եվ Լեոնտևը առաջարկեց անձնային իմաստի գաղափարը` դրդապատճառների հարաբերակցությունը նպատակին, այսինքն` երբ մարդը կարողանում է իմաստավորել, հասկանալ իր նպատակի խորքում ընկած իմաստը:

Պարզ է, որ մարդը կարող է ունենալ գործունեության ոչ թե մի դրդապատճառ, այլ բազմաթիվ` յուրաքանչյուրն իր նպատակով: Եվ այդ բազմաթիվ դրդապատճառների նպատակները ձևավորում են մարդու անձնային իմաստների համակարգը: Եվ Լեոնտևը նշում է, որ անձի կառուցվածքի, զարգացման, հասունացման հիմքում ընկած է այս անձնային իմաստների համակարգը: Անձը զարգանում է այդ իր իմաստները ձևավորելով:

Լեոնտևը նշում է, որ մեր անձնային իմաստների համակարգը կազմում է մեր "կյանքի իմաստ"հասկացությունը, այսինքն` յուրաքանչյուր անձնային իմաստ ուղղված է կյանքի իմաստը հասկանալուն: Այդ իմաստները, այսինքն` մարդու արժեքները, կարող են փոխվել կյանքի ընթացքում, և անձի դինամիկայում այդ արժեքները, իմաստները սկզբում անցնում են մեր էգոյի միջով, և ապա փոխվում համամարդկային արժեքների:

Գործունեության կառուցվածքում մենք մեր առջև դնում ենք որոշակի նպատակներ: Այդ նպատակներին հասնելու համար պետք է կատարենք խնդիրներ, որոնց համար անում են գործողություններ: Եվ տվյալ փուլում խնդիրը կարող է դառնալ նպատակ:

Լեոնտևը տալիս է հետևյալ հասկացությունները դրդապատճառի տեղաշարժ դեպի նպատակ ` ըստ նպատակի: Այսինքն` գործունեության ընթացքում նպատակը կարող է կորցնել իր նշանակությունը, կարևորությունը, և ընթացքում առաջանում է մի նոր նպատակ` դրդապատճառի իմաստավորման հետ կապվցած: (Օր.` երեխան պետք է դասերը սովորի, բայց ընթացքում նրան կարող է շատ հետաքրքրել թեմաներից մեկը և նա խորանա այդ թեմայի մեջ): Այս երևույթը ընկած է ճգնաժամային տարիքի հիմքում (3, 7, 12-13 տարեկանում): Ավելի շատ այս երևույթը այն ժամանակ է դրսևորվում, երբ հստակ ձևավորված չի եղել նպատակը, և քանի որ ճգնաժամային տարիքում նպատակները ավելի անորոշ են, դրդպատճառների իմաստավորման ֆունկցիան շատ ձևավորված չի, այդ պատճառով էլ հենց այս տարիքում են ի հայտ գալիս դրդապատճառի շարժը դեպի նպատակ:

Անձի զարգացման մեջ մեծ կարևորություն ունի նաև դրդապատճառների համակարգը: Դրդապատճառների հիերարխիան անցնում է երկու փուլով.

1. Առաջին փուլը պոլիմոտիվացվածությունն է` մարդու վարքի և գործունեության հիմքում ընկած են մի քանի դրդապատճառներ:

2. Երկրորդ փուլն է գիտակցական կարգավորում` մարդը կատարում է դրդապատճառների գիտակցված ղեկավարում: Սա ավելի շատ կապված է անցումային, դեռահասության տարիքի հետ: Այսինքն` եթե կան մի քանի դրդապատճառներ և կոնֆլիկտ դրանց մեջ, երեխան կարողանում է ելք գտնել, լուծել այդ կոնֆլիկտները, և դրանով իսկ նա զարգանում է:

Առաջին փուլում երեխան հասկանում է, որ ունի մի քանի դրդապատճառներ: Երկրորդ փուլում նա կատարում է ընտրություն և առաջնությունը տալիս է դրդապատճառներից մեկին: (օր.` ուզում է գնալ բակ, բայց պետք է նաև դասերը անի):

Կետերը մեր դրդապատճառներն են, որոնցից մեկը կարող է ժամանակի ընթացքում մարդու համար ավելի մեծ կարևորություն ստանալ, կամ դրդապատճառներից մեկը կամ մի քանիսը կարող են նպաստել այդ կարևորի ձևավորմանը: Եվ մարդը այնքանով է հասուն, որնքանով նա կարողանում է դրդապատճառների այս բոլոր հարաբերությունների պայմաններում տվյալ պահի, իրավիճակի համար ընտրել ամենակարևորը: Սրանով է երևում անձի դինամիկ լինելը:

3 և 7 տարեկանի ճգնաժամերի ժամանակ դրդապատճառների միջև այս կապերը կտրտված են: Օր.` երեխան կարող է այնպես տարվել խաղով, որ մոռանա իր մյուս անելիքների մասին: Այստեղ դեռ ձևավորված չի երեխայի դրդապատճառների համակարգը, և երեխան չի կարողանում ինքնակամ, գիտակցորեն դասակարգել իր դրդապատճառները և բավարարել դրանք:

Լևոնտևը տալիս է նաև երկու այլ կարևոր հասկացություն`

1. ինտերիորիզացիա

2. էքստերիորիզացիա

Բոլոր հոգեկան ստրուկտուրաները, երևույթները ձևավորվում են արտաքինից դեպի ներս: Օր.` երեխան շարժումներով յուրացնում է սենյակը, նրա միջի առարկաները և այլն: Սա ինտերիորիզացիայի արդյունք է: Գիտելիքները նույնպես ինտերիորիզացիայի արդյունք են:

Դրանից հետո, ինչ-որ ձեռք է բերվում ինտերիորիզացիայի միջոցով, մենք հանում ենք դուրս: Օր.` երեխան սենյակը ուսումնասիրելուց հետո սկսում է ինչ-որ խաղալիք սարքել: Կամ, կնոջ ճաշ եփելը: Սրանք էքստերիորիզացիայի արդյունք են: Այսինքն` ունեցածի հիման վրա նորի (տվյալ մարդու համար նորի) ստեղծումը դա էքստերիորիզացիա է:

Այս երկու պրոցեսները տեղի են ունենում անվերջ: