Որոշ դեպքերում, ինչպես ջրմուղու կազմակերպման, այնպես էլ նրա շահագործման ժամանակ սանիտարական կանոնների խախտումը կարող է բերել բնակավայրի սանիտարական ոչ բարվոք վիճակի և հանդիսանալ ինֆեկցիոն հիվանդությունների բռնկման աղբյուր: Ջրի միջոցով կարող են տարածվել օրինակ՝ խոլերան, որովայնային տիֆը և պարատիֆերը, դիզենտերիան, տարբեր էնտերիտներ ու էնտերոկոլիտներ, սալմոնելոզը, լեպտոսպիրոզները, տուլարեմիան, վիրուսային գաստրոէնտերիտները, վիրուսային հեպատիտը, ամեոբիազը և այլն։

Ըստ ՀԱԿ-ի տվյալների` ինֆեկցիոն բնույթի բոլոր հիվանդությունների 80%-ը հիմնականում պայմանավորված են ջրային գործոնով, որը կապված է ջրամատակարարման սանիտարա-հիգիենիկ նորմերի խախտման և խմելու ջրի անբավարար որակական ցուցանիշների հետ:

Ջրային ինֆեկցիոն հիվանդությունների տարածման շղթան հետևյալն է հիվանդ մարդ-կոյուղու կեղտաջուր-գետ-ջրմուղի ցանց-առողջ մարդ կամ հիվանդ կենդանի–գետ–ջրմուղի ցանց-առողջ մարդ։

Վարակված ջրի օգտագործման սահմանափակումը սովորաբար կանխում է հիվանդության տարածումը։

Պետք է նշել, որ ջրային ինֆեկցիոն հիվանդությունների տարածումը հնարավոր է միաժամանակ երեք անհրաժեշտ պայմանների դեպքում.

1. Նախ և առաջ ջրային ինֆեկցիոն հիվանդության հարուցիչը պետք է հայտնվի ջրաղբյուրի ջրում։

2. Երկրորդ պայմանն այն է, որ հարուցիչները ջրային միջավայրում պետք է պահպանեն իրենց կենսունակությունը որոշակի ժամանակահատվածում։

3. Երրորդ պայմանն այն է, որ խմելու և տնտեսական նպատակներով ջրի օգտագործման ժամանակ ինֆեկցիոն հիվանդության հարուցիչը պետք է ներմուծվի մարդու օրգանիզմ։

Ջրաղբյուրի ջրի էպիդ վտանգի գնահատման ժամանակ հաշվի են առնում ոչ թե ինֆեկցիոն հիվանդությունների հարուցիչների, այլ սապրոֆիտ միկրոօրգանիզմների առկայությունը, որոնք հանդիսանում են ջրի էպիդ աղտոտման օժանդակ ցուցանիշներ։ Այսինքն, ջրում պաթոգեն միկրոօրգանիզմների առկայության դեպքում, սովորական աղիքային միկրոֆլորայի քանակը նշանակալիորեն ավելանում է։ Վերջինիս բացակայության դեպքում որոշակի ճշգրտությամբ կարելի է ենթադրել, որ ջուրը էպիդ վտանգ չի ներկայացնում։ Բանը նրանումն է, որ ջրում ավելի հեշտ է հայտնաբերել աղիքային սապրոֆիտ միկրոօրգանիզմները, քան հարուցիչները։

Ջրի էպիդ վտանգի գնահատման համար կիրառվում են երկու ցուցանիշներ, դրանք են՝ աղիքային ցուպիկը (դա աղիքային ցուպիկի խմբի բակտերիաների թիվն է) և երկրորդը՝ ընդհանուր միկրոբային թիվը (դա գաղութների թիվն է, որը որոշվում է սննդային միջավայրի վրա 1մլ ջրի ցանքում 37° Շ պայմաններում, 24 ժամվա ընթացքում)։ Աղիքային ցուպիկի պարունակությունը որոշվում է հետևյալ ցուցանիշներով. կոլի-տիտր և կոլի-ինդեքս։ Կոլի-տիտրը դա ջրի այն քանակությունն է (արտահայտված մլ-ով) որը պարունակում է 1 աղիքային ցուպիկ, իսկ կոլի-ինդեքսը դա 1 լիտր ջրում պարունակվող աղիքային ցուպիկի թիվն է։ Պետք է նշել, որ սրանք հակադարձ ցուցանիշներ են, այսինքն, երբ հայտնի է կոլի-ինդեքսը հեշտությամբ կարելի է որոշել կոլի-տիտրը և հակառակը։

Մեծ հիգիենիկ նշանակություն ունի նաև ջրի քիմիական կազմը, որի հետ կապված բնակչության շրջանում կարող են ի հայտ գալ ոչ ինֆեկցիոն բնույթի տարբեր հիվանդություններ։

Ինչպես վերը նշեցինք, բնական պայմաններում ջուրը պարունակում է տարբեր քիմիական էլեմենտներ ու միացություններ, որոնց կազմն ու հարաբերակցությունը կախված են աղբյուրների տեսակից (մակերեսային, ստորգետնյա ), ջրի ձևավորման պայմաններից, անտրոպոգեն և տեխնոգեն գործոններից և այլն։

Ջրային ծագման ոչ ինֆեկցիոն բնույթի հիվանդությունների առաջացումը պայմանավորված է ինչպես բնական ջրերի հիմնական քիմիական նյութերի քանակության փոփոխությամբ (այսինքն աղային կազմի), այնպես էլ միկրոէլեմենտների պարունակությամբ և տոքսիկ նյութերի առկայությամբ, որոնք կարող են հայտնաբերվել ջրաղբյուրներում կեղտաջրերով աղտոտման հետևանքով։

էնդեմիկ շրջանների ստորգետնյա ջրերում կարող Է դիտվել նաև ստրոնցիումի բարձր կոնցենտրացիաներ։ Խմելու նպատակով նման աղբյուրների օգտագործման ժամանակ երեխաների մոտ հայտնաբերվում է ոսկրային հյուսվածքի զարգացման խախտումներ, որն արտահայտվում է ատամների զարգացման ուշացումով, գաղտունի սպիացման ժամկետների երկարացումով, նվազում Է նաև կրտսեր դպրոցական տարիքի երեխաների շրջանում ներդաշնակ մորֆո-ֆունկցիոնալ զարգացումը։

Ջրում մկնդեղի բարձր կոնցենտրացիաների հետ կապված բնակչության շրջանում կարող է զարգանալ կճղակային (սմբակային) հիվանդություն, որն արտահայտվում է ոտնաթաթի մաշկի վրա կոշտուկների առաջացումով և դիտվում է որպես մկնդեղով քրոնիկական թունավորում։

Հայտնի են նաև կապարով թունավորման բռնկումներ։ Կապարի բարձր կոնցենտրացիաները խմելու ջրում (1-ից մինչև 20մգ/լ) պայմանավորված էին ջրմուղու ցանցում կապարային խողովակների օգտագործման հետ։ Սակայն, պետք է նշել, որ բնական ջրաղբյուրները ևս կարող են պարունակել կապարի վտանգավոր կոնցենտրացիաներ։

Կադմիումի հետ կապված զանգվածային թունավորումներ դիտվել են ճապոնիայում Ինիտսու գետի շրջակայքում ապրող բնակչության շրջանում։ Հիվանդությունը` իտայ-իտայ, արտահայտվում էր ոսկրերի փափկեցումով, բազմաթիվ կոտրվածքներով, ուժեղ ցավերով։ Մահացածների օրգաններում և ոսկրերում հայտնաբերվել են կադմիումի, կապարի և ցինկի բարձր կոնցենտրացիաներ։ Թունավորման պատճառ էր հանդիսացել կադմիումի հանքերի կեղտաջրերի օգտագործումը գյուղատնտեսական դաշտերի ոռոգման համար։

Նկարագրված են զանգվածային դերմատիտների առաջացման դեպքեր (Հունգարիայում)՝ կապված քրոմի աղերով աղտոտված ստորգետնյա ջրերի օգտագործման հետ։

ճապոնիայում նկարագրվել են զանգվածային թունավորումներ՝ կապված ջրային գործոնի հետ։ Մինամատա քաղաքի մոտ ծով Էին բաց թողնվում արտադրական կեղտաջրեր, որոնք պարունակում Էին մեթիլսնդիկ. վերջինս կուտակվում Էր ձկների օրգանիզմում։ Ձկնամթերքի օգտագործման դեպքում մարդկանց մոտ առաջ Էին գալիս ԿՆՀ-ի ախտահարումներ (Մինամատա հիվանդություն):