ա) Բժշկական օգնություն ցուցաբերողները պարտավոր են յուրաքանչյուր պացիենտի տեղեկացնել իր նկատմամբ ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման տեսակի, մեթոդների, շրջանակի և կարգի, ինչպես նաև պայմանների մասին: Նրանք նաև պարտավոր են պացիենտին կամ պացիենտի բժշկական օգնության համար վճարող այլ անձին տեղեկացնել բժշկական օգնության և սպասարկման քանակական ու որակական առանձնահատկությունների և կատարված ծախսերի նպատակի մասին:

Այս պարտականությունը սերտորեն կապված է պացիենտի հետևյալ իրավունքների հետ՝ 3. տեղեկատվության իրավունք, 4. համաձայնության իրավունք, 5. ազատ ընտրության իրավունք: 

բ) ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված պարտականությունները

ՀՀ Սահմանադրություն

ՀՀ Սահմանադրության 23 հոդվածը երաշխավորում է յուրաքանչյուրի իրավունքը ծանոթանալու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում իրեն վերաբերող տեղեկություններին:

ՀՀ օրենքը «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին»

Նշված պարտականությունը ևս ամրագրված է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածում: Սա նշանակում է, որ բուժաշխատողը պարտավոր է (պահանջը չի վերաբերում անհետաձգելի, առաջին բուժօգնությանը) պացիենտին նախապես հայտնել` ինչ բժշկական օգնություն և սպասարկման տեսակ(ներ) (օրինակ` թերապևտիկ, նյարդաբանական), մեթոդներ են կիրառվելու բուժման ընթացքում, ինչ ծավալներով է այն իրականացվելու (այսինքն` բուժման կուրսն ինչ ձևեր ու եղանակներ է ընդգրկելու), ինչպիսին են լինելու բժշկական օգնության տրամադրման կարգը և պայմանները (վճարովի, թե անվճար, վճարման պայմանները` միանվագ նախօրոք, թե բուժման կուրսի ընթացքում մաս-մաս կամ բուժման կուրսը ավարտելուց հետո):

ՀՀ օրենքը «Մարդու վերատադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին»

Բացի այդ, գոյություն ունեն կոնկրետ օրենսդրական երաշխիքներ այն մասին, որ որոշակի տեսակի պացիենտներին պետք է տրամադրվի առողջությանը վերաբերող հատուկ տեղեկատվություն: Օրինակ` «Մարդու վերատադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի` «Բեղմնականխման միջոցների օգտագործումը» վերտառությամբ 8-րդ հոդվածում նշվում է.

«1. Յուրաքանչյուր կին ունի անվտանգ մայրության և անցանկալի հղիությունից ու հղիության արհեստական ընդհատումից խուսափելու նպատակով բեղմնականխման արդյունավետ միջոցներից օգտվելու իրավունք:

2. Առողջապահական ծառայությունները հավաստի տեղեկատվություն են տրամադրում բեղմնականխման առկա միջոցների ապահովության, արդյունավետության ևև անվտանգության վերաբերյալ` պտղաբերության կարգավորման իրազեկված ընտրություն կատարելու նպատակով:

3. Առողջապահական ծառայություններում պտղաբերության կարգավորման միջոցների ընտրությունը հիմնվում է ամուսինների (կնոջ կամ տղամարդու) վերարտադրողական պատմության, առողջական վիճակի, տարիքի, անհատական առանձնահատկությունների ու նախապատվությունների վրա, իuկ կիրառումն իրականացվում է միայն նրանց լիակատար, ազատ և գիտակցված համաձայնությամբ:

4. Պտղաբերության կարգավորման ևև բեղմնականխման միջոցները կիրառվում են որպեu անցանկալի հղիությունից ևև հղիության արհեստական ընդհատումից խուսափելու միջոց»:

ՀՀ օրենքը «Հոգեբուժական օգնության մասին»

Բացի այդ, գոյություն ունեն համաձայնության հետ կապված մի շարք հատուկ օրենսդրական չափանիշներ, որոնք պահանջում են, որպեսզի այդ համաձայնությունը լինի իրազեկված: Օրինակ` «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքի` «Բուժում իրականացնելու համար համաձայնությունը» վերտառությամբ 15-րդ հոդվածում ամրագրված է.

«1. Հոգեկան խանգարումով տառապող անձի բուժումը կատարվում է նրա կամ նրա օրինական ներկայացուցչի գրավոր դիմումի հիման վրա` բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:

2. Բժիշկը պարտավոր է հոգեկան խանգարումով տառապող անձին կամ նրա օրինական ներկայացուցչին տեղեկություններ տրամադրել հոգեկան խանգարման բնույթի, առաջարկվող բուժման նպատակի, մեթոդաբանության, տևողության, ինչպես նաև կողմնակի ազդեցության և ակնկալվող արդյունքների մասին: Դրանց վերաբերյալ բժշկական փաստաթղթերում (ամբուլատոր քարտում կամ հիվանդության պատմության նկարագրում) կատարվում է գրանցում:

3. Հոգեկան խանգարումով տառապող անձի բուժումը կարող է իրականացվել առանց նրա կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության` միայն օրենքով նախատեսված բժշկական բնույթի հարկադրական միջոցների կիրառման և ոչ հոժարակամ (հարկադիր) հոսպիտալացման դեպքերում»:

Նույն օրենքի` «Բուժումից հրաժարվելը» վերտառությամբ 16-րդ հոդվածում տեղ են գտել նաև հետևյալ դրույթները.

«1. Հոգեկան խանգարումով տառապող անձը կամ նրա օրինական ներկայացուցիչն իրավունք ունի հրաժարվելու առաջարկված բուժօգնությունից կամ դադարեցնելու այն, բացառությամբ սույն սրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դեպքերի:

2. Բուժումից հրաժարվող անձին կամ նրա օրինական ներկայացուցչին պետք է բացատրվեն բուժման դադարեցման հետ կապված հնարավոր հետևանքները:

3. Բուժօգնություն ստանալուց հրաժարվելու և բուժման դադարեցման հետ կապված հնարավոր հետևանքների մասին տեղյակ պահելու փաստը արձանագրվում է բժշկական փաստաթղթերում` բուժօգնությունից հրաժարվող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի և հոգեբույժի ստորագրությամբ»:

Համաձայն նույն օրենքի 19-րդ հոդվածի (Հոգեբուժական հետազոտումը)`

«1. Հոգեբուժական հետազոտումն իրականացվում է անձի հոգեկան խանգարման առկայությունը ճշտելու, ինչպես նաև հոգեբուժական օգնության անհրաժեշտությունը գնահատելու նպատակով:

2. Հոգեբուժական հետազոտում իրականացնող բժիշկը պարտավոր է հետազոտվողին կամ նրա օրինական ներկայացուցչին ներկայանալ որպես հոգեբույժ ևև հայտնել կատարվող հետազոտության բնույթի ու հետևանքների մասին:

3. Հոգեբուժական հետազոտումն իրականացվում է հետազոտվողի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնությամբ` հիվանդի վիճակի և հետազոտման բնույթի վերաբերյալ վերջիններիս լիարժեք տեղեկություն տալուց հետո»:

գ) Համապատասխան ենթաօրենսդրական ակտեր

Որևէ ենթաօրենսդրական ակտ այս համատեքստում կիրառելի չէ:

դ) Էթիկայի կանոնագրքի համապատախան դրույթներ

Թեև Հայաստանի Հանրապետությունը չի ընդունել Էթիկայի կանոնագիրք, Համաշխարհային բժշկական ընկերակցության (ՀԲԸ)` էթիկային վերաբերող փաստաթղթերը պարունակում են բժիշկներին ուղղված ուղեցույցներ (տե՛ս վերը` պարտականություն թիվ 1). Պացիենտի իրավունքների մասին ՀԲԸ հռչակագիրը սահմանում է.

«Պացիենտն իր որոշումների կայացման համար ունի անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու իրավունք: Պացիենտը պետք է հստակ պատկերացում ունենա ցանկացած ստուգման կամ բուժման նպատակի վերաբերյալ, ինչ արդյունքներ են սպասվում և ինչ հետևանքներ կարող է ունենալ ձգձվող համաձայնությունը»:

ՀԲԸ Բժշկական էթիկայի ձեռնարկը (42-43 էջեր) սահմանում է.

«Իրազեկված համաձայնության անհրաժեշտ պայման է լավ հարաբերությունները բժշկի և պացիենտի միջև: …Բժիշկները պացիենտներին պետք է տրամադրեն այն ողջ տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է իրենց որոշումների կայացման համար: Սա ներառում է բարդ բժշկական ախտորոշումները, կանխատեսումները և բուժման կարգը պարզ լեզվով բացատրելը` ապահովելով պացիենտի պատկերացում կազմելը բուժման տարբերակների, այդ թվում` դրանցից յուրաքանչյուրի առավելությունների և թերությունների մասին, պատասխանելով հնարավոր յուրաքանչյուր հարցի և ըմբռնումով մոտենալով պացիենտի ցանկացած որոշմանն ու, հնարավորության դեպքում, դրա պատճառներին: Լավ հարաբերություններ հաստատելու բնածին ունակություններ շատ մարդիկ չունեն, դրանք պետք է մշակվեն և պահպանվեն գիտակցված ջանքերի և պարբերական վերանայման միջոցով»:

Բացի այդ, ինչպես նշված է ՀԲԸ Բժշկական էթիկայի ձեռնարկում (էջ 44), համաձայնությունը հավաստող ապացույցը կարող է լինել հստակ կամ ոչ հստակ (հավանական): Հստակ համաձայնությունը տրվում է բանավոր կամ գրավոր: Համաձայնությունը հավանական է, եթե պացիենտը ցանկություն է հայտնում անցնել որոշակի ընթացակարգ կամ բուժում` իր վարքագծի համաձայն: Օրինակ` երակային ներարկման [412] համաձայնությունը ենթադրվում է ձեռքը մեկնելով: Այն բուժումների համար, որոնք ռիսկային են կամ առաջացնում է մեղմից ավել անհանգստություն, ցանկալի է ձեռք բերել հստակ, քան հավանական համաձայնություն:

Հարցի բարդության պատճառով կամ այն պատճառով, որ պացիենտը համոզվել է բժշկի որոշման խորհրդապահության մեջ, պացիենտը կարող է բժշկին ասել. «Արեք այն, ինչ Ձեր կարծիքով ամենաճիշտն է»: Բժիշկները չպետք է շտապեն գործել` ըստ նման խնդրանքների, սակայն պացիենտներին պետք է տրամադրեն հիմնական տեղեկություններ բուժման տարբերակների վերաբերյալ և խրախուսեն նրանց կայացնելու իրենց սեփական որոշումները: Այդուհանդերձ, եթե նման խրախուսումից հետո պացիենտը դեռ ցանկանում է, որօեսզի բժիշկը որոշում կայացնի, բժիշկը պետք է գործի` ելնելով պացիենտի լավագույն շահերից: ՀԲԸ Բժշկական էթիկայի ձեռնարկ (էջ 44):

Ինչ վերաբերում է անգործունակ պացիենտների կողմից որոշումների կայացմանն, ապա ՀԲԸ Պացիենտի իրավունքների մասին հռչակագիրնամրագրում է բժշկի հիմնական պարտականություններն այս հարցում. եթե պացիենտը գտնվում է անգիտակից վիճակում կամ այլ պատճառով ի վիճակի չէ արտահայտել իր կամքը, ապա յուրաքանչյուր հնարավոր դեպքում իրազեկված համաձայնություն պետք է ձեռք բերվի նրա լիազորված ներկայացուցչից: Եթե լիազորված ներկայացուցիչ չկա, սակայն բժշկական միջամտությունը հրատապ անհրաժեշտություն է, պացիենտի համաձայնությունը կարող է ենթադրվել, քանի դեռ ակնհայտ է կամ որևէ կասկած չկա պացիենտի նախկինում արած հստակ արտահայտության կամ համոզմունքի վերաբերյալ այն մասին, որ ինքն այդ իրավիճակում բժշկական միջամտության վերաբերյալ համաձայնություն չէր տա: Նույն հռչակագիրը առաջարկում է նաև հետևյալ խորհուրդը. «Եթե պացիենտի ներկայացուցիչը կամ նրա կողմից լիազորված անձը արգելում է բուժումը, որը բժշկի կարծիքով բխում է պացիենտի լավագույն շահերից, բժիշկը պետք է իր որոշումը պաշտպանի համապատասխան իրավասու ակմ այլ հաստատություններում»:

Բացի այդ, հռչակագիրը սահմանում է, որ ցանկացած դեպքում պացիենտը որոշումների կայացմանը պետք է ներգրավվի իր կարողությունների ողջ ծավալով: Անգործունակ պացիենտի բուժման վերաբերյալ որոշումների համար կիրառելի գլխավոր չափանիշը նրա նախապատվություններն են, եթե այդպիսիք հայտնի են:

Նախապատվությունները կարելի է հայտնաբերել նախնական հրահանգում կամ կապվելով լիազորված այլընտրանքային որոշում կայացնողի, բժշկի կամ բուժօգնությունն իրականացնող թիմի այլ անդամների հետ: Երբ անգործունակ պացիենտի նախապատվությունները հայտնի չեն, բուժման հետ կապված որոշումները պետք է հիմնվեն պացիենտի լավագույն շահերի վրա, հաշվի առնելով` 

ա) պացիենտի ախտորոշումը և կանխատեսումը. 
բ) պացիենտի հայտնի արժեքները. 
գ) այն անձանցից ստացած տեղեկությունները, ովքեր կարևոր են պացիենտի կյանքում և ովքեր կարող են օգնել նրա լավագույն շահերը որոշելու հարցում. և
դ) պացիենտի մշակույթի ու կրոնի առանձնահատկությունները, որոնք կարող են ազդել բուժման որոշման վրա:

Վերջապես, ՀԲԸ Բժշկական էթիկայի միջազգային կանոնագիրքըսահմանում է, որ բժիշկը չպետք է ստանա ֆինանսական օգուտներ կամ խրախուսանքի այլ միջոցներ` բացառապես պացիենտներին ընդունելու կամ որոշակի միջոցներ նշանակելու համար:

ե) Գործնական օրինակներ

1. Համապատասխանության օրինակ(ներ)

Քաղաքացի Ն-ն դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն բողոքով, որ իրեն չեն ցուցաբերել անհրաժեշտ բժշկական օգնություն, երբ ինքը դիմել է իր թաղամասային պոլիկլինիկա, որի պատճառով բարդություններ են առաջացել, և ինքը ստացել է հաշմանդամություն: Փաստը ուսումնասիրելու ընթացքում պարզվել է, որ բժիշկը լիովին տեղեկացրել է հիվանդին նրա հիվանդության, բուժման ընթացքի և մեթոդների, ինչպես նաև բարդությունների մասին, եթե հիվանդը հրաժարվի բուժումից: Ն-ն ստորագրել է, որ ծանոթ է դրանց: Օրենքի խախտում տեղի չի ունեցել (հիպոթետիկ գործ):

2. Խախտման օրինակ(ներ)

Քաղաքացի Ն-ն արյան բարձր ճնշմամբ ընդունվել է հիվանդանոց և վճարել 80.000 ՀՀ դրամ` բժշկի կողմից տեղեկացվելով, որ վճարումը նախատեսված է բուժման և հետազոտության համար: Սակայն հետագայում պացիենը ստիպված է եղել գնել դեղամիջոցներ, ինչպես նաև առանձին գումար վճարել մի շարք հետազոտությունների համար:

Այս դեպքում բժիշկը նրան հստակ և ժամանակին չի տեղեկացրել` ինչի համար է անհրաժեշտ եղել կատարել վճարումը, և նրան չի տրամադրել հաստատության կողմից մատուցվող և տնօրենի հաստատած ծառայությունների գնացուցակը, այլ միայն տեղեկացրել է, որ բուժման ընթացքում կարող է անհրաժեշտ լինել վճարել լրացուցիչ գումար հետագա հետազոտությունների և դեղամիջոցների համար: 

3. Իրական դեպքեր (գրանցված և չգրանցված)

Քանի որ իրավունքի այս ոլորտը դեռ գտնվում է զարգացման փուլում, այս բաժնի համար իրական դեպքերի օրինակներ չկան: Ընթերցողները սույն ուղեցույցի հետագա խմբագրության նկատակով կարող են առաջարկել իրական դեպքերի օրինակներ` դրանք ուղարկելով հետևյալ հասցեով. info[at]healthrights.am:

է) Գործնական նշումներ (գործնական խորհուրդներ իրավաբանների համար)

Կառաջանա փորձագիտական կարծիքի(ների) անհրաժեշտություն այն մասին, թե արդյոք հաճախորդին կոնկրետ հանգամանքներում տրամադրվել է առողջապահական ողջ պատշաճ տեղեկատվությունը:

412. Երակային ներարկում իրականացնելու գործընթաց` միջմկանային թերապիայի կամ արյան նմուշ վերցնելու նպատակով հիմնականում կիրառվում է երակային ներարկման թերապիայով բուժում իրականացնելու դեպքերում:

Աղբյուրը` healthrights.am կայք