ա) ՊԻԵԽ-ով սահմանված թիվ 13 իրավունքը

«Յուրաքանչյուր ոք վնաս կրելու դեպքում ունի բողոքարկման և դրան արձագանք կամ այլ պատասխան ստանալու իրավունք»:

բ) ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իրավունքը

ՀՀ Սահմանադրություն

Այս իրավունքը տեղ է գտել ՀՀ Սահմանադրության 18-րդ հոդվածում, որի համաձայն`

«Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքները և ազատություններն օրենքով չարգելված բոլոր միջոցներով պաշտպանելու իրավունք:

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր իրավունքների ու ազատությունների պաշտպանության համար օրենքով սահմանված հիմքերով և կարգով ստանալու մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը:

Յուրաքանչյուր ոք, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, իրավունք ունի իր իրավունքների ու ազատությունների պաշտպանության խնդրով դիմելու մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության միջազգային մարմիններին»:

Բացի այդ, ՀՀ Սահմանադրության 27.1-րդ հոդվածը յուրաքանչյուր անձի համար երաշխավորում է իր անձնական կամ հասարակական շահերի պաշտպանության նկատառումներով իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և պաշտոնատար անձանց դիմումներ կամ առաջարկություններ ներկայացնելու և ողջամիտ ժամկետում պատշաճ պատասխան ստանալու իրավունք:

ՀՀ օրենքը «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին»

ՀՀ Սահմանադրությանը համապատասխան` 1999 թվականի նոյեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել էր «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքը, որը կարգավորում էր պետական, հասարակական և մյուս մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, կազմակերպությունների կողմից քաղաքացիների և իրավաբանական անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց առաջարկությունները, դիմումները և բողոքները օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում քննարկելու, քաղաքացիների, իրավաբանական անձանց իրավունքների և օրենքով պաշտպանվող շահերի խախտման փաստերին արձագանքելու և այդ խախտումները վերացնելու ու կանխելու առնչությամբ ծագող հարաբերությունները:

ՀՀ օրենքը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»

Պետք է նշել, որ 2004 թվականից դեկտեմբերի 31-ից հետո`«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո «Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները և բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի գործողությունը տարածվում է միայն մարդկանց նկատմամբ (քաղաքացիներ և ոչ քաղաքացիներ):

• Եթե պացիենտը գտնում է, որ խախտվել են Սահմանադրությամբ կամ այլ օրենքներով երաշխավորված իր իրավունքները, ապա նա իր հայեցողությամբ կարող է ձեռնարկել հետևյալ քայլերը.

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքիհամաձայն` դիմել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը, եթե ենթադրյալ խախտումը տեղի է ունեցել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից,

- նախաձեռնել վարչական վարույթ (եթե ենթադրյալ խախտումը տեղի է ունեցել վարչական մարմնի կողմից), այսինքն` ներկայացնել բողոք ենթադրյալ խախտումը կատարողի վերադաս մարմնին կամ պաշտոնատար անձին` համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի: Հաջողության չհասնելու դեպքում կարող է հետագա բողոք բերվել ՀՀ վարչական դատարան` համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի,

- հայց ներկայացնել առաջին ատյանի դատարան, եթե բողոքն ուղղված մասնավոր կազմակերպության դեմ` համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի,

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով բողոք ներկայացնել ՀՀ ոստիկանություն, եթե ենթադրյալ գործողությունը կամ անգործությունը պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված հանցագործության հատկանիշներ:

գ) Համապատասխան ենթաօրենսդրական ակտեր

Որևէ ենթաօրենսդրական ակտ այս համատեքստում կիրառելի չէ:

դ) Էթիկայի կանոնագրքի համապատախան դրույթներ

Էթիկայի կանոնագրքի որևէ դրույթ այս համատեքստում կիրառելի չէ:

ե) Գործնական օրինակներ

1. Համապատասխանության օրինակ(ներ)

Առողջապահության նախարարությունը քաղաքացի Ա-ից ստանում է պացիենտի իր իրավունքների խախտման մասին դիմում, որը վերաբերում է Տավուշի մարզպետարանի ենթակայությամբ գործող Իջևանի բժշկական կենտրոնի գործունեությանը: Առողջապահության նախարարությունը, ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներով, եռօրյա ժամկետում այն վերահասցեագրում է իրավասու վարչական մարմնին` Տավուշի մարզպետին, դրա մասին ծանուցելով նաև դիմողին: Քննարկման արդյունքում բժիշկը ենթարկվում է պատասխանատվության, իսկ Ա-ի իրավունքները վերականգնվում են (հայտնվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից):

2. Խախտման օրինակ(ներ)

Կոտայքի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող բժշկական հաստատությունում գործող բժիշկ Ա-ի գործողությունների նկատմամբ բողոքում շարադրված փաստերը վերլուծելով` հաստատության ղեկավարությունը եզրահանգում է, որ պացիենտի իրավունքների վերականգնումը կարող է իրականացվել միայն դատական կարգով և ենթակա չէ որևէ վարչական մարմնի լուծմանը: Այդ իսկ պատճառով նրանք բողոքի քննարկման արդյունքների մասին դիմողին չեն պատասխանում:

3. Իրական դեպքեր (գրանցված և չգրանցված)

Երևան քաղաքի բնակիչ, իրավաբան Ա-ն 2004 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանին գրավոր դիմում է ներկայացրել իր որդու` բակում խաղալիս աջ ոտքի ծնկի հատվածում ստացված վնասվածքի սխալ բուժման և վիրահատության համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և համապատասխան փոխհատուցում ստանալուն ուղղված իր ապարդյուն ջանքերի մասին:

Դիմողը իր որդուն հաշմանդամ դարձրած բժշկից բացատրություն է պահանջել ամբողջ տեղի ունեցածի կապակցությամբ և ստացել է պատասխան` «դուրդ չի գալիս, տար ուրիշ բժշկի մոտ»: Նման վերաբերմունքի արժանանալով` Ա-ն 2001 թվականին գրավոր դիմում է ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազություն: Դատախազության կողմից նշանակված երկու դատաբժշկական փորձաքննությունների արդյունքները հաստատել են բժշկի մեղքով հաշմանդամության առաջացման փաստը: Վերջինս ընդունել է իր մեղքը, սակայն դատախազության որոշմամբ բժշկի կողմից ծանր մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժվել է համաներման ակտի ընդունման պատճառով: Որոշ ժամանակ անց Երևան քաղաքի դատախազը վերացրել է նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը, և նյութերն ուղղարկվել են նոր քննության: Հետագայում ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան մասնագիտական հանձնաժողովի կողմից անցկացված նոր դատաբժշկական փորձաքննության արդյունքում տված եզրակացությամբ` մեղքը հերքվել է: Արդյունքում դատախազի որոշմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է` համաձայնՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի:

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատը դատախազության ` որոշումը 2002 թվականի սեպտեմբերի 6-ին ճանաչել է անհիմն և գործն ուղարկել նոր քննության: Այս անգամ քրեական գործը հարուցվել է և նշանակվում է դատաբժշկական նոր փորձաքննություն: ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննությունների հանրապետական գիտագործնական կենտրոնի փորձագետների հինգերորդ եզրակացության համաձայն` ապացուցվում է, որ վիրահատությունի առաջ պատշաճ ֆիզիոթերապևտիկ բուժում չի իրականացվել ճիշտ ախտորոշում չի կատարվել: Բացի այդ, հետվիրահատական շրջանում բժշկի կողմից որևէ արդյունավետ բուժօգնություն ցուցաբերված չի եղել, քանի որ իր կատարած վիրահատության հետևանքով արդեն իսկ առաջացել է հոդի անշարժություն:

Սակայն Էրեբունու և Նուբարաշեն համայնքների դատախազության 2002 թվականի դեկտեմբերի 9-ի որոշմամբ` նկատի ունենալով այն, որ բժշկի գործողությունները հանցագործության հատկանիշներ չեն պարունակում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա քրեական գործով վարույթը կարճվում է հանցակազմի բացակայության պատճառով:

Արդյունքում Ա-ն որոշել է հարուցել քաղաքացիական հայց: 

Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը 2003 թվականի մարտի 19-ի վճռով բավարարել է հայցը և, որպես Ա-ի որդուն պատճառված վնասի հատուցում, Երևանի թիվ 1 մանկական կլինիկական հիվանդանոցի միջոցներից բռնագանձել 5.000 (հինգ հազար) ԱՄՆ դոլարինչպես նաև պատասխանող կազմակերպությունից բռնագանձել 100 ԱՄՆ դոլար պետական տուրք հօգուտ պետբյուջե:

զ) Գործնական նշումներ (գործնական խորհուրդներ իրավաբանների համար)

• Անհրաժեշտ է իմանալ` վարչական բողոքարկման ինչպիսի ընթացակարգեր գոյություն ունեն յուրաքանչյուր դեպքի համար, ինչպես նաև մինչև հաճախորդի օգտին որևէ իրավական քայլ ձեռնարկելը պետք է պարզել արդյոք դրանք սպառվել են:

 Աղբյուրը` healthrights.am  կայք