Սոցիալական ցանցերում ու զանազան կայքերում հաճախ կարելի է հանդիպել «անհավանական արագ ու արդյունավետ» ազդեցությամբ դեղերի ու բուժական միջոցների մասին հրապարակումներ: Առաջարկվող նման մեթոդները սովորաբար պարզ են, գումար և ժամանակ չեն պահանջում, բայց և չունեն գիտական հիմնավորում: Համացանցում տարածված նմանատիպ նյութերը շատերի համար դառնում են սեփական առողջական վիճակի ցուցիչ կամ հիվանդության դեմ պայքարելու գլխավոր դեղատոմս: Այսօր Doctors.am-ի հյուրասրահում է կլինիկական հոգեբան, «Նաիրի» բժշկական կենտրոնի հոգեթերապևտ, հոգեբանական գիտությունների թեկնածու Քրիստինա Գալստյանը:

-Ի՞նչ է նշանակում «ինտերնետային դեզինֆորմացիա» և որքանո՞վ է այն առնչվում բժշկական ոլորտին:

-Թույլ տվեք նկատել, որ այս խնդրով հարցազրույցի գաղափարը վաղուց հասունացել  էր և հիմա շատ կարևոր  է  հարցին մասնագիտորեն անդրադառնալը:
Տագնապային խանգարումներն այսօր լայն սպեկտոր են կազմում բժշկահոգեբանական տիրույթում և,  սրանց թվում, թերևս առաջնայիններից են,անձի մոտ  ինտերնետային դեզինֆորմացիայով պայմանավորված խանգարումները:
Տվյալ խնդրով այսօր դիմելիությունըը մեծ է: Այստեղ շտապում եմ հիշեցնել, որ այս պարագայում, խնդիրը մեզ՝ մասնագետներիս է վերաբերում: Անձը, ի տարբերություն շատ այլ դեպքերի, չի դիմում մեզ, որպես ինտերնետային ինֆորմացիայի «զոհ», այլ, չգիտակցելով խնդրի բնույթն ու պատճառը, արդեն իսկ պաթոլոգիկ հոգեբանական նկարագրով է դիմում:
Ստացվում է այնպես, որ հոգեբանորեն առողջ մարդը տրվելով այս ամենին, հայտնվում է ռիսկային խմբում, այսինքն՝ ֆիքսվում է խնդրի վրա, որը իրականում չկա և սկսում է իր համար շատ կարևոր, ամենօրյա «հետազոտական» գործընթաց. կարդալ, համեմատել տարբեր էջեր, կիսվել հարազատ-բարեկամ, ծանոթների հետ, ուսումնասիրել իր մարմինը: Ընդ որում, գիշերը վեր կենալիս, պատահաբար ոտքին ստացած հարվածը նրա համարկարող է լուրջ փաստարկ դառնալ, ոչ մասնագիտական կայքում կարդացած հոդվածը հիշելու, ևս անգամ իր կասկածներում համոզմունք մտցնելու համար:
Մեր աշխատանքի կարևորագույն սկզբունքը նաև հանրության հետ գրագետ աշխատելն  է,  որտեղ բարձրաձայնվում են այն կարևոր կողմերը, որոնք այժմ, մարդկանց մեծամասնության մոտ հոգեբանական դիսկոմֆորտի և տագնապայնության արդյունք են:

-Ինչպե՞ս իրազեկել մարդկանց, օգնել, որ ընտրեն ինֆերմացիայի՝ հնարավորինս հավաստի և տագնապ չհարուցող աղբյուրներ:

-Այստեղ շատ կարևորվում են մարդկանց իրազեկման ձևաչափերն ու մեթոդները: Այսինքն, սեփական առողջության վերաբերյալ, մարդուն հարկ է իրազեկել՝ ի՞նչ կարդալ, ինչպե՞ս կարդալ, որտե՞ղ կարդալ, ի՞նչ չափով կարդալ: Պետք է օգնել, որ մարդիկ ինֆորմացված լինեն և կարևոր ու պետքական ինֆորմացիան ստնանան հավաստի, բժշկական աղբյուրներից: 

-Ի՞նչ եք կարծում, որն է պաճառը, որ մարդիկ այս  ոչ հավաստի աղբյուրներին վստահում են ու կարդում  և , ի վերջո, բախվում՝ իրենց համար տագնապային հարցերի:

-Այս պահին պացիենտներ ունեմ, ովքեր արյան ընդհանուր հետազոտությունից սկսած՝ մինչև MRT, KT հետազոտության արդյունքները ձեռքներին, դիմում են ինձ և տալիս նույն հարցը. «Կարո՞ղ է այստեղ ճիշտ չեն կարողանում հետազոտել, ախր «ինտերնետում» գրված էր, որ մազաթափությունը ուռուցքի առաջին ախտանիշն է»: Եվ սրան հաջորդող դիտարկումը՝ «ախր ես երկար ժամանակ խմեցի կարտոֆիլի հյութը, կերա լոշտակի, իմբիրի արմատներից պատրաստված խյուսը, կիրառեցի գերչակի յուղն ու սոդան» և այսպես շարունակ:
Խնդիրն այն չէ, որ կարդացող այս զանգվածը ունի գիտակցական ցածր մակարդակ և ինֆորմացված լինելու սահմանփակ պահանջներ, այլ խնդիրը միանշանակ տվյալ «փնթի համակարգի»  կողմից հոգեբանորեն ազդեցիկ լինելու մեջ է: Հեղինակություն ունեցող բժշկական տեղեկատուն կամ ամսագիրը ակտուալ հարցերով հոդվածներն ու հարցազրույցները չեն ներկայացնում այսպես ճոխ, գաղտնիք պարունակող, եզակի, անհավանական կարգախոսներով և վերնագրերով, ինչպես օրինակ ՝ «Բացի՛ր հղումը և համոզվիր, որ այս հեղուկի 2 կաթիլը  կսպանի օրգանիզմիդ ուռուցքաստեղծ բջիջները»: Գուցե հենց այս պատճառով էլ մարդկանց համար ավելի գրավիչ ու հավաստի են դառնում գիտական հիմնավորում չունեցող աղբյուրները:


-Ի՞նչ է տեղի ունենում սխալ ինֆորմացիայի հետևանքով տագնապային իրավիճակում հայտնված մարդու մոտ:

- Մարդն ավելի ինտենսիվորեն սկսում է օգտագործել ինտերնետը, կարդում է ամենաանհավանական հոդվածներն ու դիտարկումները և այս պրոցեսի ընթացքում տագնապը այնքան է խանգարում իրեն, որ որոշում է հետազոտվել: Մնացածն արդեն  պարզ է:
Մեզ դիմում են արդեն հոգեբանական անկանոն վիճակով, կպչուն մտքերով, վախերով, տագնապներով, դողէրոցքով, շնչարգելակումներով, արյան բարձր ճնշումով և շատ այլ խնդիրներով:
Հիմնական բողոքներն են. «չգիտեմ՝ հետս ինչ է կատարվում, չեմ քնում, չեմ ուտում, աշխատանքի չեմ ուզում գնալ, ձեռքերս ու ոտքերս ձգվում են, մի բան կա, ինձ չեն ասում»: Բնականաբար սկսում ենք հետազոտման գործընթացը և կազմակերպում համապատասխան օգնության ձևերը:

-Հոգեբանները, հասկանալի է, միայնակ չեն կարող պայքարել արդեն առաջացած խնդրի դեմ: Ի՞նչ անել, որպեսզի նվազեն այս խնդրով բժշկի դիմողների թիվը:

-Քանի որ ինտերնետային նմանօրինակ աղբը թարմացվում և գունազարդվում  է ամեն օր, ես միակ պայքարի ձևն ու եղանակը տեսնում եմ մասնագիտորեն լուսաբանվող հարցազրույցների և հոդվածների քանակական առավելության մեջ: Այո, չզլանանք և պրակտիկ գործունեության ամենաթիրախային կետերը, երևույթները, իրավիճակները բերենք հանրայնացման  տիրույթ և գիտահանրամատչելի քննարկումներ կազմակերպենք՝ ազատագրելով անհատին ինտերնետային այն ախտից, ինչը վտանգում է նրա հոգեկան առողջությունը և առողջությունը ընդհանրապես:
Վստահեմ, այս հարցում մեզ՝ մասնագետներիս, առավել ինտենսիվորեն կօգնեն վարկանիշով բարձր այնպիսի միավորներ, ինչպիսիք օրինակ ՝ Doctors.am-ն է: