Առհասարակ համաճարակներն, այս դեպքում՝ կորոնավիրուսը, հասարակության շրջանում լուրջ խուճապ են առաջացնում և հաճախ դրդում ծայրահեղ քայլերի: Խուճապի և դրա կառավարման մեթոդների մասին խոսել ենք հոգեբան Դոնարա Խանոյանի հետ:

Ինչպե՞ս կարելի է ազատվել խուճապից հետո մնացած տարատեսակ վախերից. օրինակ, երբ մարդիկ կպչուն վախ են ունենում մանրէներից և այլն:

Խուճապը բնութագրվում է որպես ամբոխի վարքագիծ, որոշակի հուզական վիճակ, որը տեղի է ունենում տեղեկատվության պակասի կամ ընդհակառակը՝ տեղեկատվության ավելցուկի արդյունքում: Խուճապի անմիջական պատճառը որոշակի իրավիճակի առաջացումն է, ցնցող ազդակը, որն ընդհատում է վարքի սովորական ձևերը: Որպեսզի խուճապ առաջանա այս ազդակը կամ խթանը պետք է լինի բավականին ինտենսիվ: Նման խթանի առաջին արձագանքը ցնցումն է և իրավիճակի ընկալումը որպես ճգնաժամ: Այսօրինակ իրավիճակում անհատը կատարում է անհավասարակշիռ և հապճեպ փորձեր՝ իրադարձությունը մեկնաբանելու իր ընկալման շրջանակներում կամ ինչու ոչ՝ նաև ուրիշների փորձով: Արագ որոշումներ կայացնելու անհրաժեշտությունը խանգարում են այդ ճգնաժամային իրավիճակում տրամաբանական ընկալմանը, վախ են առաջացնում: Եթե այդ վախը չի ճնշվում, ապա անհատի արձագանքն ուժեղանում է: Այսպես, բոլորի ուշադրությունը կենտրոնանում է ստեղծված իրավիճակի վրա, և բոլորը սպասում են իրադարձությունների զարգացմանը:  Պետք է նշեմ, որ խուճապն առավել վարակիչ է:
Այս դեպքում կորոնավիրուսը նոր ու անծանոթ ազդակ էր հասարակությանը, իսկ ցանկացած նոր, օտար և անծանոթ բան անսովոր ու անգամ վտանգավոր է դիտարկվում, ինչն էլ հանգեցնում է խուճապի: Կարելի է այստեղ հիշատակել այլատյացության՝ քսենոֆոբիայի մասին, որը վախն է օտար, անընկալելի երևույթների նկատմամբ:   

Որպեսզի վախը  հաղթահարվի անհրաժեշտ է տեսնել նրա պատճառները և առանձնացնել այն վախերը, որոնք իռացիոնալ արմատներ ունեն: Անհրաժեշտ է համարձակություն ձեռք բերել վախին նայելու համար:
Շատ կարևոր է հետևել մասնագետների՝ համաճարակաբանների, բժիշկների խորհուրդներին,հետևել միայն պաշտոնական լրահոսին և իհարկե իրավասու կազմակերպությունների հորդորներին: Այսօր թերևս շատ բժիշկներ, որոնք հրաշալի տիրապետում ենտեղեկատվությանը, բավականին հասկանալի բացատրում են հասարակությանը այս վիրուսի և մեզ արդեն քաջ հայտնի վիրուսների նմանությունը, որոնց մենք մեր կյանքի ընթացքում հանդիպում ենք ու հաղթահարում: 


 
Կա՞ արդյոք ազգային առանձնահատկություն, թե ինչպես ենք մենք՝ հայերս վերաբերվում այս տեսակ խուճապ առաջացնող երևույթներին և ըստ Ձեզ ո՞ր մոտեցումներն են սխալ:
 
Եթե դուք հաղորդակցվեք ձեր հինգ տարբեր ընկերների հետ, ապա կլսեք տարատեսակ կարծիքներ՝ որոշները խորհուրդ կտան դիմակներ հագնել և ձեռքերը հաճախակի լվանալ, մյուսները պարզապես կորոշեն այս տարի Իտալիա չայցելել, իսկ մի մասն էլ անտարբերություն կդրսևորի կորոնավիրուսի մասին խոսելիս:
Թերևս այսպիսի պատկեր կհանդիպեք տարբեր ազգերի մեջ, և ամեն տեղ էլ կլինեն իրավիճակին ոչ ադեկվատ գնահատական տվող, քաոսային վարքագծով հասարակության անդամներ, որոնք հակված են չափազանցնելու վտանգը: Անհրաժեշտ է չթուլանալ և ինքներդ ձեզ թույլ տալ ապրել սովորական կյանքով, նորմալ սնվել, նորմալ քնել, լիարժեք հանգստանալ, ապահովել ֆիզիկական ակտիվություն և հետևել միմիայն բժիշկների խորհուրդներին: Եթե հարբուխ ենք ունենում, հաճախ կարող ենք լսել, որ օրգանիզմի դիմադրողականուությունն ընկած է: Ուրեմն այս դեպքում էլ պարտադիր է օրգանիզմը և նրա դիմադրողականությունը պահել անխոցելի, ֆիզիկապես և հոգեպես առույգ: Իսկ դրան միայն կօգնեն ինչպես արդեն նշեցի առողջ սնունդն ու հանգիստը, նաև դրական և կառուցողական մտքերը: 


Աղբյուրը՝ Doctors.am