Բոլոր այս վնասակար հատկություններից զերծ են դեմակիաժի համար նախատեսված ժամանակակից միջոցները, քանի որ դրանք՝
- մաշկն արտակարգ մաքրելուց բացի, այն չեն գրգռում և ալերգիկ փոխազդեցություններ չեն առաջացնում,
- հեշտությամբ և անվնաս լուծում են ամենակայուն մակիաժը և ցանկացած մակերեսային աղտոտվածություն,
- չեն պարունակում նյութեր, որոնք մաշկի վրա թաղանթ են ստեղծում, որը զրկում է էպիդերմիսի հյուսվածքներին շնչելու հնարավորությունից,
- ոչ միայն լավ մաքրում, այլև փափկեցնում են մաշկը, վերականգնում են դրա պաշտպանական ֆունկցիաները:
Դեմակիաժը պետք է սկսել աչքերից: Մաշկի ձգվածության զգացողությունից, այտուցներից և կնճիռներից խուսափելու համար մակիաժը պետք է հեռացնել խծուծով: Դրանով նախ մաքրեք թարթիչները՝ ներքևից վերև, այնուհետև՝ կոպերը. ներքևի կոպը մաքրեք՝ բամբակը շարժելով աչքի դրսի անկյունից դեպի ներսի անկյունը: Այնուհետև մաքրեք վերևի կոպը՝ բամբակն արդեն շարժելով հակառակ ուղղությամբ՝ քթարմատից դեպի քունքերը:
Գրգռվածությունը, այտուցվածությունը և հոգնածությունը անցկացնելու համար դեմակիաժից հետո աչքերին թրջոցներ դրեք: Դրա համար միևնույն լուծույթի մեջ թրջեք բամբակի կտորները և 10 րոպե դրեք կոպերին: Դա հրաշալի արղյունք է տալիս:
Մաքրում ենք դեմքը
Դեմքը կոսմետիկայից մաքրելու համար գոյություն ունեն մի քանի միջոցներ:
Մաքրող կոսմետիկ կաթ. սա ամենից շատ կիրառվող միջոցն է դեմակիաժի համար: Այն լինում է տարբեր տիպի մաշկերի համար: Յուղոտ մաշկի համար նախատեսված կաթը պարունակում է ավելի շատ հակաբորբոքային և հականեխիչ նյութեր, իսկ չոր մաշկի համար նախատեսվածը՝ յուղային հավելումներ:
Մաքրող սերուցք. ըստ էության, սա նույն կաթն է, սակայն բաղադրությամբ ավելի թանձր և ավելի յուղոտ է: Այն խորհուրդ է տրվում շատ չոր և զգայուն մաշկի համար:
Գիտե՞ք արդյոք, որ կաթը, սերուցքը և մաքրող քսուքը պարուրում և լուծում են դեմքին նստած ամբողջ փոշին, կեղտը՝ կոսմետիկ միջոցների հետ միասին: Սակայն այդ "կոկտեյլը" ոչ մի դեպքում չի կարելի թողնել դեմքին, այլապես մաշկը կարող է գրգռվել և կամ կարող են ալերգիկ երեույթներ ի հայտ գալ: Ուստի մակիաժը հեռացնելուց հետո դեմքի մաշկը տրորեք ձեր մաշկի տիպին համապատասխան լոսյոնով կամ տոնիկով:
Աղբյուրը` doctors.am