Երեխաները սովորաբար օրվա մեծ մասն անցկացնում են խաղով: Այն երեխայի համար ոչ միայն հաճելի ժամանց է, այլ նաև անհրաժեշտ գործունեություն: Խաղը նպաստում է երեխայի մտավոր ու ֆիզիկական զարգացմանը, որպես հմտությունների ձևավորման առաջին աստիճան` խթանում դրանց ձեռքբերումը:
Կարևոր է, որ խաղալիքները լինեն անվտանգ և համապատասխանեն երեխայի տարիքին: Այլապես խաղալիքը կարող է վտանգավոր լինել:
Խաղալիքը պետք է
- Համապատասխանի երեխայի մտավոր զարգացմանը,
- Համապատասխանի երեխայի ֆիզիկական հնարավորություններին,
- Տվյալ տարիքի երեխայի համար լինի անվտանգ և դիմացկուն,
- Լինի երեխայի համար հետաքրքիր և գրավիչ:
Մեկ տարեկանից փոքր երեխաները խաղալիքը «ճանաչում» են շոշափելու, բռնելու, թափահարելու, բերանը տանելու և «համտեսելու» միջոցով:
Այս տարիքում խաղալիքները
- Երեխայի համար զգայական խթանման միջոցներ են, հետևաբար պետք է ունենան վառ գույներ(տեսողական խթանում), լինեն հարթ և փափուկ (տակտիլ խթանում) և ձայներ արձակեն (լսողական խթանում),
- Պետք է լինեն մանկական բռունցքից մեծ և չպարունակեն մանր մասեր, որոնք երեխան կարող է բերանը դնել` առաջ բերելով շնչահեղձության վտանգ, մտցնել քթի կամ ականջի մեջ,
- Պետք է լինեն դիմացկուն և շուտ չջարդվող,
- Չպետք է պարունակեն մետաղյա մասեր, որոնք կարող են վնասել երեխային,
- Չպետք է ունենան երկար մազեր կամ թելեր:
- Չի կարելի խաղալիքները թելերով կամ պարաններով կախել երեխայի մահճակալի կամ մանեժի եզրերից. սկսած 6-7 ամսականից` երեխան ձեռքերի վրա հենվելով, փորձում է բարձրանալ, ուստի կարող է խճճվել թելերի մեջ ու շնչահեղձ լինել:
Impokrik.am