Մայրերը սովորաբար հարմար են գտնում երեխային լողացնել երեկոյան կերակրումից առաջ: Սակայն կարելի է լողացնել ցանկաված կերակրումից առաջ (բայց ոչ հետո, քանի որ կերակրումից հետո երեխան սովորաբար քնում է): Որպեսզի լողանալիս երեխան քաղց չզգա, լողանալուց առաջ նրան մի քիչ կուրծք (կամ 6 ամսականից հետո) հյութ տվեք: Երեխային պետք է լողացնել տաք սենյակում:

Լվացումներ

Առաջին ամսում ամեն ճր լողացրեք երեխային: Զով եղանակին բավական է երեխային լողացնելը շաբաթը երկու կամ երեք անգամ` պայմանով, որ դեմքը և մարմնի ներքևի մասը մաքուր լինեն. այսինքն այդ մասերը պետք է լվացվեն ամեն օր: Շատ անփորձ մայրեր սկզբնական շրջանում վախենում են լողացնել երեխային: Երեխան նրանց այնքա˜ն անօգնական է թվում: Բացի դրանից, նա սահում է ձեռքից, հատկապես, երբ օճառված է: Երեխայի համար տաշտակում լողանալը անսովոր է ու սարսափելի, որովհետև դեռ շատ փոքրիկ է ու նրան ձեռքում պահելը դժվար է: Գլուխն ու դեմքը լվացեք բամբակով կամ փափուկ լաթի կտորով և մաքուր ջրով: Գլուխը օճառով լվանում են շաբաթը երկու կամ երեք անգամ: Մարմինը թեթևակի օճառում են ձեռքով, շորի կտորով կամ բամբակով: Այնուհետև ամենաքիչը երկու անգամ սրբում են բամբակով կամ ջրի մեջ թրջած լաթի կտորով` հատուկ ուշադրություն դարձնելով ծալքերին:
Մինչև երեխային լողացնել սկսելը համոզվեք, որ վերցրել եք այն ամենը, ինչը անհրաժեշտ է դրա համար: Իրերը լավ է պահել որոշակի տեղում` հատուկ արկղի կամ տոպրակի մեջ: Պատրաստեք հետևյալ պարագաները` մանկական օճառ (ցանկացած տեսակի` հիմնային նյութեր չպարունակող), լաթի կտոր (կամ բամբակ), սրբիչ, բամբակ` անհրաժեշտության դեպքում երեխայի քիթն ու ականջները մաքրելու համար, բուսական յուղ կամ մանկական փոշի և շապիկներ: Մի մոռացեք նաև փոքրիկ դույլեր վերցնել: Նրանցից մեկը պետք կգա կեղտոտ տակաշորերի և օգտագործված բամբակի, իսկ մյուսը` լոգանքից առաջ երեխայի վրայից հանվող հագուստի համար: Մաքուր հագուստը և ցամքոցը նախապես փռեք մաքուր օդում: Սենյակի ջերմաստիճանը, որտեղ հանում եք երեխայի շորերը, 21° C-ից ցածր չպետք է լինի: Հետևեք, որ սենյակում միջանցիկ քամի չլինի: Երբ երեխաները չափազանց փոքրիկ են, ավելի լավ է նրանց լողացնել հատուկ հենարանին կամ մեծ լոգարանի մեջ դրված մանկական տաշտում:
Հարմարության համար կարել է տաշտակը դնել որևէ ցածր սեղանի վրա, որի մոտ կարող եք նստել, կամ ավելի բարձր մի տեղ, որի մոտ կարող եք կանգնել: Ջրի ջերմաստիճանը պետք է լինի մոտավորապես այնքան, որքան մարմնի ջերմաստիճանն է (35-37 ° C): Քանի դեռ չեք սովորել ջրի մեջ ամուր բռնել երեխային, տաշտակի մեջ շատ քիչ ջուր լցրեք: Սկզբում առանց օճառի լվացեք երեխայի դեմքը, ապա` գլուխը: Բամբակը շատ ջրոտ չպետք է լինի, որ աչքերի մեջ օճառաջուր չլցվի: Այնուհետև ձեռքով օճառեք երեխայի մարմինը:
Երեխային չորացրեք փափուկ սրբիչով, բայց մի՛ շփեք, այլ սրբիչը թեթևակի հպեք մաշկին, որներծծի ջուրը: Եթե երեխային լողացնում եք նախքան պորտիկը լվանալը, ապա լոգանքից հետո ախտահանված բամբակով խնամքով չորացրեք և մշակեք պորտիկը, ինչպես խորհուրդ է տվել մանկաբույժը: Երեխաների մեծ մասը մի քանի շաբաթ հետո սկսում է բավականություն ստանալ լոգանքից: Մի՛ շտապեցրեք երեխային և լողացնելիս դուք էլ հաճույք ստացեք այնպես, ինչպես նա:

Ականջները, քիթը, աչքերը, բերանը, եղունգները

Լվացեք միայն ականջախեցիները, բայց ոչ լսանցքը: Ականջի փողը ծածկված է չափազանց մանր, համարյա անտեսանելի մազիկներով, որոնք կուտակված կեղտն ու ծծումբը դանդաղորեն տեղափոխում են դեպի ականջի ելքը: Զգուշորեն մաքրեք ականջածծումբը` հատուկ բամբակյա փայտիկներով:
Աչքերը լվացվում են արցունքներով, որոնք գոյանում են մշտապես` ոչ միայն այն ժամանակ, երբ երեխան լաց է լինում: Այդ պատճառով առողջ աչքերը լվացման կարիք չունեն:
Որպես կանոն, բերանը նույնպես խնամքի կարիք չունի:
Նորածնի եղունգները պետք է կտրել, երբ նա քնած է: Ավելի լավ է օգտագործել հատուկ մանկական մկրատ:
Քիթն օժտված է ինքնամաքրման հիանալի համակարգով: Քթի մեջ կան մանր մազիկներ, որոնք լորձն ու կեղտը հրում են դեպի ելքը, որտեղ դրանք կուտակվում են ավելի երկար մազերի վրա, ինչը խուտուտ է առաջացնում քթի մեջ, և երեխան կամ փռշտում է կամ էլ տրորում է քիթը` ազատվելով կուտակված կեղտից ու լորձից: Լոգանքից հետո երեխային սրբելիս մաքրեք նրա քիթը խոնավ և ոլորված բամբակով: Հնարավորին չափ արագ կատարեք այդ գործողությունը:

Յուղ և դիմափոշի (ցանափոշի)

Մայրերից շատերը նախընտրում են լողացնելուց հետո օգտագործել ցանափոշի կամ բուսական յուղ: Սակայն իրականում դրա անհրաժեշտությունը չկա (եթե այդպիսի անհրաժեշտություն լիներ, բնությունը կհոգար այդ մասին): ցանափոշին օգնում է այն դեպքերում, երբ երեխայի մաշկը շատ զգայուն է և հեշտությամբ գրգռվում է: Ձեր ձեռքի մեջ ցանափոշի ցանեք, բարակ շերտով քսեք երեխայի մաշկին`թեթևակի շոյելով նրա մարմինը: Կարելի է օգտագործել ցանկացած մանկական դիմափոշի կամ նույնիսկ հասարակ փոշենյութ` տալկ:
Եթե երեխայի մաշկը չոր է, ավելի լավ է օգտագործել բուսական կամ մանկական յուղեր:

Անվտանգության որոշ կանոններ

- Երեխային երբեք առանց հսկողության մի՛ թողեք տաշտակի մեջ: Նա կարող է ջուր կուլ տալ և խեղդվել, դրա համար բավական է մի քանի վայրկյան և 5 սանտիմետրանոց խորություն:

- Մի՛ թողեք երեխային մենակ, երբ բարձր սեղանի վրա փոխում եք նրա շորերը կամ չորացնում նրան: Նա հեշտությամբ կարող է գլորվել:

- Երեխային տաշտակի մեջ մտցնելուց անմիջապես առաջ չափեք ջրի ջերմաստիճանը:

- Եթե դուք փոքրիկին լողացնում եք լոգարանում, ծորակները սրբիչով ծածկեք, որ նա չկարողանա բացել դրանք և խաշվել: Տաշտի մեջ մի՛ դրեք սահող գորգ:

- Տաշտի մեջ ջուր լցնելիս սկզբում բացեք սառը ջրի ծորակը:

- Մինչև փոքրիկին լողացնելը ստուգեք, արդյո՞ք հաստատուն ու անվտանգ է մանկական տաշտակը: