Հոկտեմբեր ամիսն ամբողջ աշխարհում նշվում է որպես Կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս:

Doctors.am-ի խնդրանքով վիրաբույժ-ուռուցքաբան Գեւորգ Ասիլբեկյանը ներկայացնում է կրծքագեղձի քաղցկեղի ժամանակակից ախտորոշումն ու բուժման տարբերակները:

Կրծքագեղձի քաղցկեղը հնարավո՞ր է ինքնուրույն «ախտորոշել»: Որո՞նք են այն ահազանգող նշանները, որ կրծքագեղձում գոյացություն կա:

Կրծքագեղձի քաղցկեղն ինքնուրույն ախտորոշել, ցավոք, հնարավոր չէ: Սակայն կան նշաններ, որոնք կարող են ահազանգ հանդիսանալ կրծքագեղձի քաղցկեղի համար։ Առաջին հերթին դա կրծքագեղձում շոշափվող գոյացությունն է, որն ամենեւին պարտադիր չէ, որ լինի քաղցկեղ։ Սակայն շոշափվող գոյացության պարագայում դիմելը բժշկի եւ հետազոտվելը հնարավորություն է տալիս հստակ ախտորոշում դնել։ Կան առավել հավաստի տվյալներ կրծքագեղձում առկա քաղցկեղի մասին, որոնք նույնպես միանշանակ չեն, սակայն կարող են անգամ զննման ժամանակ հուշել հիվանդին կամ բժշկին։ Դրանցից են կրծքագեղձի մաշկի փոփոխությունը «կիտրոնի կեղեւի» նման, պտուկի ներքաշումը, պտուկից արյունային կամ դարչնագույն արտադրության առկայությունը, կրծքագեղձում շոշափվող գոյացության շրջանում մաշկային վերքի առկայությունը եւ այլն։ Սակայն այս նշաններն ի հայտ են գալիս սովորաբար ավելի ուշ փուլում, հետեւաբար՝ շատ ավելի էֆեկտիվ է ժամանակին դիմել բժշկի եւ անցնել համապատասխան բուժզննում եւ հետազոտություն։

Ինչպե՞ս է իրականացվում կրծքագեղձի քաղցկեղի ժամանակակից ախտորոշումը եւ  ինչպե՞ս է պետք պատրաստվել դրան:

Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշումը ժամանակակից բժշկության համար դեպքերի ճնշող մեծամասնությամբ դժվարություն չի առաջացնում, բացառությամբ մի քանի մասնավոր դեպքերի, որոնց անդրադառնալը ոչ մասնագիտական հարթակում նպատակահարմար չէ։ Կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման հիմքում ընկած են կլինիկական զննումը, ինչպես նաեւ «ոսկե ստանդարտ» համարվող մամոգրաֆիան, հայտնաբերված գոյացությունից հյուսվածքի նմուշառումը՝ այսպես կոչված «բիոպսիան», նմուշի հյուսվածաբանական քննությունը։ Սովարաբար այսքանը բավարար է լինում քաղցկեղի ախտորոշման եւ վերջինիս տեսակի որոշման համար, ինչից կախված է լինելու հետագա բուժական տակտիկան։ Որոշ դեպքերում կարող է էֆեկտիվ լինել նաեւ կրծքագեղձի ՄՌՏ հետազոտությունը։

Նշեմ, որ ախտորոշումից հետո հաճախ կարիք է լինում պարզել հեռակա մետաստատիկ օջախների առկայությունը կամ բացակայությունը, որի համար կիրառվում են համակարգային հետազոտություններ, ինչպիսիք են համակարգչային շերտագրումը, ՄՌՏ, ոսկրային համակարգի սցինտիգրաֆիան եւ այլն։ Ժամանակակից ախտորոշիչ սարքերը բավականին մեծ ճշտությամբ կարող են հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը վաղ փուլերում։

Խոսենք կրծքագեղձի չարորակ գոյացությունների մասին:  Ի՞նչ փուլերով է իրականացվում բուժումը, ի՞նչ է ներառում եւ, կախված քաղցկեղի ստադիաներից, որքա՞ն է տեւում բուժումը:

Կրծքագեղձի չարորակ նորագոյացությունների բուժման ճիշտ ընտրության համար անչափ կարեւոր են հանդիսանում երկու հանգամանք՝ կրծքագեղձի քաղցկեղի տեսակը եւ պրոցեսի տարածվածության աստիճանը։ Այս երկու հարցերին պատասխան տալով՝ հնարավոր է ընտրել հիվանդի բուժման լավագույն տարբերակ, ինչը կնպաստի ե՛ւ ապրելիության, ե՛ւ կյանքի որակի լավացման։ Նշեմ, որ կրծքագեղձի քաղցկեղի բուժումն իր մեջ ներառում է երկու մեծ խումբ՝ տեղային (վիրահատական, ճառագայթային) եւ համակարգային (քիմիաթերապիա, էնդոկրին թերապիա, իմունոթերապիա եւ այլն)։ Միայն տեղային եւ համակարգային բուժման համադրմամբ է հնարավոր հասնել լավագույն արդյունքի։  Ուռուցքի շատ վաղ փուլերում, իսկ ուռուցքի որոշ տեսակների նաեւ քիչ ավելի ուշ փուլերում հնարավոր է բուժումն սկսել վիրահատությունից, ինչից հետո շարունակել համակարգային բուժմամբ։ Առավել ուշացած փուլերում, ինչպես նաեւ ուռուցքների հատուկ ենթատեսակների դեպքում անհրաժեշտություն է առաջանում բուժումն սկսել համակարգայինից՝ հաճախ քիմիոթերապիայից կամ, ավելի քիչ դեպքերում, էնդոկրին թերապիայից։ Բուժման այս մոտեցումը թույլ է տալիս վաղաժամ կանխել մետաստազների առաջացումը, փոքրացնել ուռուցքը, գնահատել բուժման ազդեցությունն ուռուցքի վրա եւ փոքրացնել հաջորդիվ իրականացվող վիրահատությունների ծավաը։ Իհարկե, այդ ամենը հնարավոր է դառնում, երբ սկսված բուժումն էֆեկտիվ է։ Հակառակ պարագայում, ոչ հաճախ, ստիպված ենք լինում փոխել բուժական մոտեցումը, կամ անցնել վիրահատական բուժման։ Հետեւաբար, կախված հիվանդության փուլից եւ ուռուցքի ենթատեսակից, բուժումը կարող է տատանվել մի քանի ամսից մինչեւ մի քանի տարի։

Կրծքագեղձի հեռացում. ինչպե՞ս է իրականացվում վիրահատությունը, արդյոք հնարավո՞ր է պահպանել/վերականգնել կրծքի ձեւը:

Կարելի է առանձնացնել կրծքագեղձի քաղցկեղի ժամանակ իրականացվող վիրահատությունների երկու մեծ խումբ՝ կրծքագեղձի հեռացում եւ օրգան-պահպանողական վիրահատություններ։ Կրծքագեղձի հեռացումն ի սկզբանե եղել է ոսկե ստանդարտ՝ որպես կրծքագեղձի քաղցկեղի բուժման վիրահատական մեթոդ, սակայն վերջին ժամանակաշրջանում, բուժման մեթոդների կատարելագործման պարագայում, մեծ դեր է տրվում կուրծք պահպանողական վիրահատություններին։ Վերջիններս, չնայած տեխնիկական տարբերություններին, հետապնդում են մեկ գաղափար՝ կրծքագեղձի ուռուցքի հեռացում առողջ հյուսվածքների սահմաններում եւ կրծքագեղձի հյուսվածքի դեֆեկտի միաժամանակյա վերականգնում կրծքագեղձի սեփական հյուսվածքներով։ Նման վիրահատությունների տեխնիկական իրականացումը տարբեր է, սակայն, պետք է նշել, որ նշված երկու պայմաններն էլ շատ կարեւոր են։ Այսինքն, չի կարելի «կիսատ» հեռացնել ուռուցքը, եւ չի կարելի հեռացնել ուռուցքն այնպես, որ վիրահատությունից հետո կրծքագեղձը չունենա ընդունելի կոսմետիկ տեսք։ Պետք է նշեմ նաեւ, որ ժամանակակից վիրաբուժությունը թույլ է տալիս կրծքագեղձը վերականգնել նաեւ հեռացումից հետո՝ միաժամանակ նույն վիրահատության ընթացքում, կամ հետո՝ կախված ցուցումներից։ Ներկայում մեծ տեղ է գրավում կրծքագեղձի հեռացումը՝ մաշկի եւ պտուկի պահպանմամբ, կրծքագեղձի միաժամանակյա վերականգնումը սիլիկոնե իմպլանտով։ Նման վիրահատությունները բավականին մեծ տեղ են զբաղեցնում, քանի որ աչքի են ընկնում լավ կոսմետիկ արդյունքներով եւ ուռուցքաբանական տեսանկյունից բավականաչափ արմատական եւ ապահով են։ Սակայն պետք է հիշել, որ ցանկացած կուրծք պահպանողական եւ վերականգնողական վիրահատություն պետք է ընտրվի միայն նեղ մասնագետի կողմից՝ համապատասխան ցուցումների առկայության պարագայում։ 



Աղբյուրը՝ Doctors.am
Պատրաստեց Շուշան Շատիկյանը