Թեմա՝ իմաստության ատամ, դրա խնամք և բարդություններ: Ինչու՞ է  այս ատամը ծկթում այսքան դժվարությամբ. մանրամասնում է ստոմատոլոգ, օրթոպեդ-իմպլանտոլոգ Գուրգեն Պողոսյանը:

Շատերին է հուզում այն հարցը, թե ինչու՞ է ութերորդ (իմաստության) ատամը ծկթում այդքան դժվարությամբ՝ առաջացնելով մի շարք բարդություններ:

Ութերորդ ատամի հետ կապված բարդությունների պատճառները տարբեր են: 
 
Իմաստության ատամը ծկթում է 18-30 տարեկանում,երբ մշտական կծվածքն արդեն իսկ ձևավորված է, ուստի  ծնոտի վրա տեղի բացակայության պատճառով այն կարող է թեք ծկթել՝ առաջացնելով կծվացքի շեղումներ։ Ատամը նաև լիարժեք չի ձևավորվում և այդ պատճառով  առաջացնում է մի շարք խնդիրներ: Դժվար ծկթման արդյունքում կարող է առաջանալ  ատամը շրջապատող լնդի բորբոքում՝ պերիկորոնորիտ,որն ուղեկցվում է լնդի հիպերեմիայով, ցավով, ջերմությամբ։ Դժվար ծկթման պատճառներից է նաև այն փաստը, որ հենց այդ անկյուններում գտնվում են ծնոտի ամենահաստ ոսկրերը:

 

 

Ո՞րն է այս ատամի հետ կապված խնդիրների պատճառը: Ինչու՞ է այն շուտ փչանում և տարածում կարիես:

Ամբողջ խնդիրն այն է, որ այս ատամն ամբողջությամբ չի զարգանում, դրա դիրքային և կառուցվածքային թերությունների պատճառով ութերորդ (իմաստության)և յոթերորդ ատամների միջև առաջանում են բաց եռանկյուններ, որտեղ կուտակվում են սննդի մնացորդները՝ առաջացնելով բերանի խոռոչում տհաճ համ և հոտ: Ծնոտի դիրքը խոչընդոտում է ատամի խոզանակի հասանելիությունը ատամի հետևի մաս, ստացվում է, որ մենք ատամը մաքրում ենք կիսով չափ: Այս ամենի հետևանքն է միկրոֆլորայի փոփոխությունը:

Կա՞ ատամի հեռացման այլընտրանք: Հնարավոր չէ՞ արդյոք բուժել այն:

Մեր կոլեգաներից ոմանք  սատարում են այն տեսակետը, որ կարելի բուժել ութերորդ ատամը: Սակայն իմ անձնական և արտասահմանյան շատ կոլեգաներիս կարծիքով, որքան շուտ մարրդն ազատվի այս ատամից, այնքան շատ իրեն կապահովագրի բարդություններից, կբարելավի կյանքի որակը: Ասեմ, որ երիտասարդ տարիքում այս ատամի հեռացման վիրահատությունն անհամեմատ ավելի դյուրին է:
Կա մեկ տհաճ խնդիր ևս՝ այս ատամի առկայության դեպքում մարդիկ հաճախ են այտը ներսից ծամում: 
 
Ատամի հեռացման ամենաարդիական պատճառներից են օրթոդոնտիկ խնդիրները:

Ի՞նչ է իրենից ներկայացնում այս ատամի հեռացման վիրահատությունը: Սա բա՞րդ գործընթաց է, գուցե ցավո՞տ:

Այս վիրաբուժական միջամտությունը խիստ անհատական բնույթ ունի: Պատահում են  բարդություններ, երբ օրինակ ատամը գլխով դեպի ներս է աճում կամ ծնոտի մեջ պառկած, բազմաթիվ շեղումներով: Նույնիսկ դժվար է ֆիքսված գնացուցակ ներկայացնել պացիենտին, քանի որ բարդութթյուններիը շատ տարբեր կարող են լինել:

Գոյություն ունի՞ հետվիրահատական հատուկ խնամք: Որևէ կերպ մարդը կարո՞ղ է նպաստել վերքի շուտ լավացմանը:

Բժշկի ցուցումների նկկատմամբ հետևողական վերաբերմունքի ցուցաբերման պարագայում, 90 տոկոս դեպքերում բարդացումները բացառված են:  Այս ընթացքը տևում է մեկ շաբաթ: Իսկ շատ բարդ վիրահատությունների դեպքում մենք փորձում ենք ինքնուրույն կանխել հնարավոր բարդացումները՝ կար , կոլագենային սպունգներ դնելու տեսքով: Հարցն այն է, որ լինդն ավելի արագ է փակվում , քան ոսկորը, և այդ խոռոչում կուտակվում են սննդի մնացորդներ՝ անհանգստություն պատճառելով մարդուն: Սակայն գրագետ մոտեցման դեպքում հեշտությամբ կարելի է կանխել այս ամենը:

Ի՞նչ նշանակումներ են արվում ատամի հեռացումից հետո:

Ես խուսափում եմ հակաբիոտիկների նշանակումից: Եթե վիրահատությունն անցել է նորմալ, մաքուր պայմաններում, հակաբիոտիկներն ավելորդ են: Սովորաբար նշանակում ենք ողողումներ հակաբորբոքային (անտիսեպտիկ) նյութերով: Նաև պետք է ուշադրություն դարձնել ամենօրյա  հիգիենայի պահպանմանը:

Ի՞նչ բարդություններ և անհանգստություններ կարող է ստեղծել մարդու համար այս ատամը: Ի՞նչ գանգատներով են Ձեզ հաճախ դիմում:

Ութերորդ ատամը կարող է առաջացնել անգամ ծնոտի կոտրվածք:      

Եթե իմաստության ատամն ամբողջությամբ չի երևում, մարդիկ հաճախ գալիս են այլ ատամների ցավի գանգատով: Հիմնական ախտանիշ կարող ենք համարել բութ ցավն ականջում՝ հատկապես ստորին ծնոտի ատամի դեպքում, կոկորդում անգինայի նման ցավ հիշեցնող զգացողությունը և այլն:

Իմաստության ատամի հեռացման վիրահատությունն ունի՞ արդյոք հակացուցումներ: Առողջական ո՞ր խնդիրների դեպքում է այս գործողությունը հակացուցված:

Հղիության ընթաքում ատամը հեռացնում ենք միայն խիստ ծայրահեղ դեպքերում: Արյան հիվանդությունների դեպքում ցանկալի է, որ վիրահատությունն իրականացվի ստացիոնար պայմաններում: Կան ուռուցքներ, որոնց առկայության դեպքում ևս ցանկալի չէ այս միջոցառումը: Մնացած դեպքերում ցուցումները և հակացուցումները խիստ անհատական են:

Ձեր գործունեության ընթացքում ունեցե՞լ եք այս ատամի հեռացման բարդ վիրահատություններ:

Այո, իհարկե: Դեպքեր եղել են՝թեքված, ընդհանրապես դուրս չեկած, պառկած , թարս աճող ատամներ:

Կարծիք կա, որ ատամը կարող է մի օր պետք գալ՝ որպես հենակետային ատամ պրոթեզավորման համար: Ո՞րն է Ձեր տեսակետը:

Ես երբեք չեմ դիտարկել իմաստության ատամը որպես հենք: Ցանկացած, թեկուզ ամենահին դասագրքերում մենք կարող ենք տեսնել պրոթեզավորման կարևորագույն դրույթներից մեկը՝ ատամը չի կարելի համարել հենակետային, եթե շեղված է իր առանցքից ավելի քան 25 աստիճանով:

Եթե առկա են 6-րդ և 7-րդ ատամները՝ կարելի է բժշկի հսկողությամբ խնամել, առողջ պահել դրանք՝ հետագայում պրոթեզավորման նպատակով: Մեր պացիենտները հաճախ թյուր կարծիք ունեն այս հարցի շուրջ և ճնշում են գործադրում բժշկի վրա: Միգուցե այս ատամը պետք լինի օգտագործել շարժական պրոթեզների դեպքում՝ որպես ֆիքսացիոն էլէմենտ: Ընդհանուր առմամբ սա հուսալի ատամ չէ թե՛ այս, և թե՛ բոլոր հարցերում:

Ինչպե՞ս խնամել ատամը, երբ մարդը սկզբունքորեն չի ցանկանում այն հեռացնել:

Ասեմ, որ նման դեպքերն ավելի ու ավելի են քչանում: Երբ պացիենտին հանգամանորեն բացատրում և ներկայացնում ենք հնարավոր բարդությունները, բոլորն էլ ցանկանում են շուտ ազատվել այս ատամից: Երիտասարդ սերունդն այսօր առավել քան երբևէ հետևում է և ուշադիր է առողջության նկատմամբ:

Իսկ այս ատամը պետք է մաքրել և խնամել մյուս ատամների նման: Կարևոր է ատամները լվանալ օրվա ընթացքում երկու անգամ և օգտագործել ատամնաթելեր:

Շնորհակալություն հետաքրքիր և օգտակար հարցազրույցի համար:


Հարցազրույցը՝ Ամալյա Գրիգորյանի

Աղբյուրը՝ Doctors.am