Անոթային վիրաբուժությունը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում, ձևավորվել և զարգացել է ընդհանուր վիրաբուժության կազմում և առանձնապես զարգացել է պատերազմների ընթացքում` պայմանավորված հատկապես հետվնասվածքային թրոմբոզների և խոշոր անոթներից արյունահոսություններով: Բացի դրանից, ինչպես ցանկացած գիտության, անոթաբանության զարգացումը պայմանավորված է եղել նաև ականավոր անձանցով` բշժկության նվիրյալներով: Նրանցից էր Երևանի բժշկական ինստիտուտի հոսպիտալային վիրաբուժության ամբիոնը շուրջ 25 տարի ղեկավարած պրոֆեսոր Իվան Քրիստափորի Գևորգյանը, ով անցած դարի 50-ական թթ. զբաղվում էր անոթների, մասնավորապես վերջույթների զարկերակների ախտահարման խնդիրներով՝ մինչ այդ անցած լինելով Հայրենական մեծ պատերազմով՝ որպես ռազմական վիրաբույժ և ապա Երևանի զինվորական հոսպիտալի գլխավոր վիրաբույժ:

Հայաստանի Խորհրդային Հանրապետությունում անոթային վիրաբուժության զարգացումը  անքակտելիորեն առնչվում էր սրտային վիրաբուժությանը, որը նույնպես բժշկության երիտասարդ ճյուղ էր: Այսպես, 1967թ. ՀՀ ԱՆ կարդիոլոգիայի ինստիտուտի նախկին օրդինատոր և կարդիոլոգիայի ու սրտային վիրաբուժության բաժանմունքի գիտաշխատող Ալֆրեդ Արմենակի Մկրտչյանը ղեկավարում էր նորաստեղծ անոթային վիրաբուժության բաժանմունքը:

Այդ տարիներին նույն ինստիտուտում էր աշխատում Մոսկվայից հայրենիք տեղափոխված մեծանուն գիտնական, սրտային վիրաբույժ Ալեքսանդր Լևի Միքայելյանը, որի ջանքերով «Օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման կենտրոնի» տարածքում հիմնադրվում է տարածաշրջանում միակ ԽՍՀՄ ԲԳԱ վիրաբուժության համամիութենական գիտական կենտրոնի երևանյան մասնաճյուղը, որին հետագայում վիճակված էր դառնալու իրենց ոլորտներում առաջատար վիրաբույժների մի քանի սերնդի դարբնոց:

Վիրաբուժության ինստիտուտը ամենօրյա ակտիվ պրակտիկ աշխատանքի հետ առաջին իսկ օրից ծավալում է բազմակողմանի գիտական գործունեություն. սրտի և մագիստրալ անոթների ռեկոնստրուկցիաների ժամանակ հյուսվածքների արյունամատակարարման, մետաբոլիզմի, կառուցվածքային փոփոխությունների ուսումնասիրություն, օրգանների փոխպատվաստման փորձարարական և կլինիկական ասպեկտներ:

Նորաստեղծ կենտրոնի անոթային բաժանմունքն է ղեկավարում պրոֆեսոր Ա.Ա.Մկրտչյանը, ով վերջույթների տրիվիալ անոթային վիրահատությունների հետ մեկտեղ մեր երկրում առաջին անգամ իրականացնում է բարդ միջամտություններ որովայնային աորտայում և քնային զարկերակներում: Նման դժվարին և նորարարական գործունեության ամենաակտիվ մասնակիցներն էին նրա աշակերտները և գործընկերները՝ բ.գ.թեկնածուներ Մ.Բ.Այունցը, Վ.Ս.Ոսկանյանը և բազմաթիվ այլ վիրաբույժներ, որոնք հետագայում իրենց ուրույն տեղը գրավեցին հայրենական անգիոլոգիայում: Սրտային վիրաբուժության բաժանմունքում զուգահեռաբար ներդրվում են այնպիսի անոթային ռեկոնստրուկցիաներ, ինչպիսիք են կրծքային աորտայի վիրահատությունները, աորտակորոնար շունտավորումը, այդ թվում` արյան արհեստական շրջանառության կիրառմամբ: Հետագայում ԱՄՆ-ից այստեղ է հրավիրվում նաև Հրայր Հովակիմյանը՝ զարգացնելու մանկական կարդիովիրաբուժությունը:

                   

Ժամանակի պահանջներին համահունչ՝ 1985թ. անոթային վիրաբուժության բաժանմունք է ստեղծվում նաև հանրապետական հիվանդանոցում` Զաքար Մինասի Պետրոսյանի ղեկավարությամբ, իսկ 1987-ին` անոթային վիրաբուժության հանրապետական կենտրոն` Գ.Գ.Գրիգորյանի գլխավորությամբ, որն իր ամենօրյա եռանդուն աշխատանքով մասնագիտական բուժօգնություն է տրամադրում թե՛ մարզերի, և թե՛ Երևանի բնակիչներին:

Անոթային համակարգի միջամտությունները բավականին ակտիվ ներդրվեցին նաև Երևանի «Շտապ օգնության» հիվանդանոցում, այստեղ հատկապես մեծ էր վիրաբուժական հիվանդությունների թիվ 3 ամբիոնի վարիչ բ.գ.դ., պրոֆեսոր Ս.Մ.Գալստյանի դերը:

Հայրենական անգիոլոգիայի զարգացումը և ժամանակակից մեթոդների ներդրումը դժվար է պատկերացնել առանց հանրապետության ամենաճանաչված վիրաբույժներից մեկի` Տիգրան Լևի Սուլթանյանի, որի աշխատանքային գործունեությունը նույնպես առնչվում է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտին: Աշխատելով այնտեղ 1982-1993թթ.` դոկտորանտուրա է անցնում Վիրաբուժության ռուսաստանյան գիտական կենտրոնում, աշխատում այնտեղ թեզը պաշտպանելուց հետո, ապա վերադառնում է հայրենիք և ղեկավարում ինստիտուտի սիրտ-անոթային վիրաբուժության բաժանմունքը: Պրոֆեսոր Սուլթանյանը մեր երկրում ներդնում է այնպիսի նոր ուղղություններ, ինչպիսիք են մի քանի զարկերակային ավազանների ախտահարման ժամանակ համակցված ռեկոնստրուկտիվ վիրահատությունները, ռևասկուլացնող օստեոտրեպանացիան ստորին վերջույթների կրիտիկական իշեմիայի դեպքում, կավաֆիլտրների, վարիկոզ երակների լազերային կոագուլացիայի, պերիֆերիկ անոթների պլաստիկայի և ստենտավորման կիրառումը: Նշված և այլ էնդովասկուլյար մեթոդները,  շնորհիվ պրոֆեսորի և նրա աշակերտների, Հայաստանում դրվեցին բարձր մակարդակի վրա` համապատասխանելով ինվազիվ անգիոլոգիայի աշխարհում արդի չափորոշիչներին: Զուգահեռաբար կանոնակարգվեց նաև անոթային վիրաբուժություն մասնագիտությամբ հետդիպլոմային կրթության խնդիրը` կլինիկական օրդինատուրան կամ վիրաբույժների հետագա վերապատրաստումը: Տ.Լ.Սուլթանյանի ջանքերով նեղ վիրաբուժական մասնագիտություների ամբիոնից առանձնացվեց ինքնուրույն` սիրտ-անոթային վիրաբուժության ամբիոնը, որի մեծաթիվ կլինիկական օրդինատորները ակտիվորեն մասնակցում են անոթային կլինիկաների գիտագործնական աշխատանքներին:

Հաշվի առնելով բժշկության գրեթե բոլոր ոլորտներում հաճախ հանդիպող անոթային բարդությունները` ներկայումս անոթային վիրաբուժության ծառայություններ են ձևավորվել Երևանի գրեթե բոլոր բազմապրոֆիլային հիվանդանոցներում, անոթային վիրաբույժներ են աշխատում հանրապետության մի շարք քաղաքների բուժհիմնարկներում:

Ինչպես բժշկագիտության ցանկացած ճյուղ, անգիոլոգիան մեր երկրում նույնպես զարգանում է՝ ոլորտի համաշխարհային նորություններին համահունչ: Դա հատկապես վերաբերում է մինիմալ տրավմատիկ և էնդոսկոպիկ /էնդովասկուլյար/ միջամտություններին՝ թե՛ վերջույթների անոթների, թե՛ աորտայի, թե՛ քնային և ընդերային զարկերակներին իրականացվող, ինչպես նաև օնկօլոգիային. էմբոլիզացիաներ, համակարգային և սելեկտիվ քիմիաթերապիայի իրականացման ապահովում:

Քաղաքակրթության «արգասիքները»` թերշարժություն, ճարպակալում, քրոնիկ սթրես, վնասակար սովորություններ, ծանրագույն հարված են անոթներին` թե՛ ավշաերակային, և թե՛ զարկերակային համակարգերում` էլ ավելի շեշտելով այս ոլորտում վաղ ախտորոշման, հետևողական բուժման և, ամենակարևորը,  կանխարգելման նշանակությունը: Հատկապես կարևոր է լուսավորչական աշխատանքը, այդ թվում և տեղեկատվական ռեսուրսների մասնակցությամբ:


Հեղ.՝ Արամ Խաչատրյան, անոթային վիրաբույժ
Հոդվածի սկզբնաղբյուրը՝ ՀՀ ԱԱԻ «Առողջապահություն» ամսագիր, N2,2016