Հոգեբանական աշխատանքի, հոգեբանի մասնագիտության, հոգեբանին դիմելու հետ կապված առավել հաճախ հանդիպող թյուր պատկերացումներն է ներկայացնում հոգեբան Մանիկ Հակոբյանը:

Կա թյուր կարծիք, որ՝

1. Մեկ-երկու այցելությամբ, առավելագույնը մեկ ամիս այցելելով կարելի է ազատվել հոգեբանական խնդիրներից, նևրոզներից, դեպրեսիաներից, այլոց հետ հարաբերություններում լուրջ բարդություններից, սիրային հարցերը լուծել, ամուսնանալ, բարձրացնել ինքնագնահատականը և այլն։ 

Հոգեբանական աշխատանքը տևական պրոցես է և հոգեկանում, անձի բնավորության գծերի մեջ, նրա հոգեբանական խնդիրներում կայուն ու անշրջելի փոփոխություններ իրականացնելու համար պահանջվում է նվազագույնը կես տարի, իսկ առավելագույնը՝ երկու, երեք, ավելի բարդ դեպքերում՝ ավել տարիներ։ 

2. Ցանկացած մեկը, ով համբերատար լսում է ուրիշի խնդիրը և խորհուրդ է տալիս, արդեն հոգեբան է։ Հոգեբան լինելու համար սովորել պետք չէ, հոգեբան լինում են ի ծնե։ 

Շատ հաճախ լսում ես՝ ի՞նչ է անում որ հոգեբանը, խոսում է կամ լսում, կամ էլ խորհուրդ է տալիս ես, էլ կարող եմ լսել ուրիշին, ապրումակցել, խորհուրդ տալ, բան սովորեցնել, ուրեմն՝ ես էլ եմ հոգեբան։ Պետք է հիասթափեցնեմ Ձեզ, ասելով, որ հոգեբանները աշխատում են բացառապես հոգեբանական մեթոդներով, նրանք շատ ու շատ բաներ են ուսումնասիրում, շատ երկար սովորում են, մինչև  ունակ են դառնում օգնել մարդկանց։ Դա գիտություն է, որի մեթոդները և տեսությունը նրանք սովորում են տարիներով։ 

3. Մանկավարժական, լոգոպետական կամ բժշկական կրթություն ունեցող անձիք ևս հոգեբան են։

Եթե նրանք չեն ստացել հոգեբանական կրթություն, չեն տիրապետում հոգեթերապիայի մեթոդներին, նրանք հոգեբանական աշխատանք չեն կարող անել։

4. Հոգեբանը կարող է որոշումներ կայացնել Ձեր փոխարեն, բաժանվել, ամուսնանալ, հեռանալ, մոռանալ և այլն։ Հոգեբանը կարող է խորհուրդ տալ Ձեզ՝ ինչ անել տարբեր իրավիճակներում և այլն։ Հոգեբանը գիտի բոլոր հարցերի պատասխանը։

Շատ հաճախ մեզ դիմում են նմանատիպ խնդրանքներով, սակայն պրոֆեսիոնալ հոգեբանը նման խնդրանքներ չի կատարում։ Անընդհատ խորհուրդ հարցնելը ինքնին արդեն հոգեբանական լուրջ խնդիր է, և տվյալ մարդը կարիք ունի հոգեբանական աշխատանքի, որ հասկանա՝ ինչու ինքը առանց խորհուրդների չի կարողանում ինքնուրույն ապրել իր կյանքը, կառուցել իր հարաբերությունները։

5. Հոգեբանը կարող է փոխել Ձեր մերձավորին, նրա վարքը Ձեզ համար ավելի ցանկալի դարձնել, կամ նրան ավելի լավը դարձնել։ 

Միակ բանը, որ կարող է անել հոգեբանը, օգնել հենց Ձեզ հասկանալու, թե ինչն է Ձեզ անհանգստացնում այդ հարաբերություններում, ինչու եք հատկապես ուզում փոխել այդ մարդուն և ինչ անեք, որ այդ մարդը իր տեսակով կամ այդ հարաբերությունները Ձեզ համար այդչափ անհանգստացնող չլինեն։

6. Հոգեբանը շտապ օգնություն է։

Եթե Դուք նեղված եք և Ձեզ թվում է, որ կարող եք զանգել հոգեբանին օրվա ցանկացած ժամի, և նա պարտավոր է Ձեզ լսել, Դուք սխալվում եք։ Հոգեբանը աշխատում է այցելուի հետ համատեղ նախապես նշանակված օրերին և ժամերին։ Հոգեբանական աշխատանքն իրականացվում է բացառապես հոգեբանի կաբինետում։ Աշխատանքից դուրս հոգեբանը չի շփվում իր այցելուի հետ։ Հոգեբանը չի դառնում Ձեր ընկերը, սուրճի ընկերուհին, սիրուհին, բարեկամուհին։ 

7. Հոգեբանը անվճար է աշխատում:

Հոգեբան լինելը աշխատանք է, որով տվյալ մասնագետը իր հանապազօրյա հացն է վաստակում, ապրում է և պահում իր ընտանիքը։ Դա է պատճառը, որ նա գումար է պահանջում իր մատուցած ծառայության դիմաց։


Աղբյուրը՝ Doctors.am