Ալերգիկ հիվանդությունները լայնորեն տարածված են ամբողջ աշխարհում, և դրանց թիվը գնալով ավելանում է։ Ալերգիաների մասին  Doctor.am-ը զրուցել է ալերգոլոգ Մարգարիտա Հովնանյանի հետ:

Որո՞նք են մաշկային ալերգիայի առաջացման պատճառները:

Ալերգիան օրգանիզմի գերզգայուն վիճակն է: Այն ինչպես  օրգանիզմի ներսում կատարվող գործընթացների ազդակն է, այնպես էլ արտաքին միջավայրի թողած ազդեցության հետևանքը: Ալերգիկ հիվանդությունների մաշկային արտահայտումների պատճառ կարող են լինել ոչ միայն սննդային, դեղորայքային ալերգենները, այլև փոշուց, արևից, քիմիական նյութերից, միջատների խայթոցից առաջացող ալերգիաները:
Օրգանիզմի ներքին խնդիրները նույնպես կարող են մաշկային ալերգիաներ հարուցել, օրինակ՝  ճիճվակրությունը, որը կարող է հանգեցնել ալերգիկ վիճակների: Ամենատարածվածներից է ալերգիկ եղնջադենդը։ Վաղ հասակում ավելի հաճախ է հանդիպում  ալերգիկ մաշկաբորբը, ատոպիկ մաշկաբորբը: Վերջինս հետագայում կարող է արտահայտվել ցանավորման տեսքով:

Ինչպե՞ս տարբերել ալերգիան  մաշկային մյուս հիվանդություններից:

Թեև մասնագետները տեղյակ են, որ ալերգիկ ռեակցիաների  ժամանակ այտուցներ, ցաներ են առաջանում, սակայն գոյություն ունեն լաբորատոր հետազոտություններ, երբ արյունով են որոշում կամ քերուկներ վերցնում: Ախտորոշումը կատարվում է լաբորատոր հետազոտությունների միջոցով:
Ալերգիկ ռեակցիաները դրսևորվում են քորով (երբեմն անզուսպ), կարմրությամբ։ Տեսակներ կան, որոնք առաջացնում են այտուցներ, այրոցի զգացողություն: Ավելի ուշ հնարավոր է՝ տվյալ հատվածում քորի հետևանքով ինֆեկցիաներ առաջանան:

Ովքե՞ր են մաշկային ալերգիաների առաջացման ռիսկային խմբում:

Սովորաբար մաշկային արտահայտմամբ ալերգիաներ առաջանում են երեխաների մոտ, քանի որ նրանց մաշկն ավելի զգայուն է: Վերջիններիս դեպքում  ավելի հաճախ հանդիպում են սննդային և շփումային ալերգիաները:
Երեխաները համեմատաբար պաշտպանված են դեղորայքային ալերգիաներից, որոնք մեծ մասամբ տարածված են մեծահասակների շրջանում:

Ո՞ր դեպքում կարող է ալերգիան գենետիկորեն փոխանցվել ծնողից երեխային:

Ըստ վիճակագրության՝ եթե երեխայի երկու ծնողներն էլ  ալերգիկ են, որ տեսակն էլ լինի, երեխայի մոտ մաշկային հիվանդությունների առաջացման  հավանականությունը 50 տոկոսից բարձր է լինում: Եթե միայն մի ծնողն է ալերգիկ, բնականաբար, տոկոսային հավանականությունը նվազում է՝ հասնելով 30-40 տոկոսի: Մինչև 20 տարեկան դառնալը եթե  ոչ մի ալերգիկ տեսակ չի արտահայտվում, հետագա տարիների ընթացքում, այնուհանդերձ, անպայման կնկատվի:

Գոյություն ունե՞ն սեզոնային ալերգիաներ:

Կա սեզոնային ալերգիկ ռինիտ: Դա վերին շնչուղիների ալերգիան է, որը բնորոշ է կոնկրետ ամիսների՝ սկսած ապրիլից մինչև հոկտեմբեր: Կարող է ուղեկցվել մաշկային ալերգիկ արտահայտմամբ: Նշված ժամանակահատվածում սննդային փոփոխություն է տեղի ունենում (լոլիկի, ելակի օգտագործում): Այս շրջանին բնորոշ է նաև բույսերի փոշին: Հաճախ դա ուղեկցվում է ալերգիկ մաշկաբորբով:

Եթե բուժառուի մոտ ալերգիկ հատվածը լինում է դեմքի շրջանում, ապա համարում ենք, որ պատճառը սնունդն է, սակայն  զուգահեռ կատարվում է հետազոտություն, որի արդյունքում խնդիրը կապվում է ստամոքսաաղիքային տրակտի հետ: 80-90 տոկոսը հայտնաբերվում և բուժվում է:  Ձեռքերի շրջանում ալերգիաներն առաջանում են շփումային ճանապարհով: Բուժառուին տեսնելիս որոշակի պատկերացում ես կազմում, թե տվյալ հատվածում ալերգիայի դրսևորման պատճառը ո՛րը կարող է լինել, այնուամենայնիվ օգնության է գալիս լաբորատոր գործիքային հետազոտությունը, քանի որ այն ավելի հստակ է պատկերում խնդրի առաջացման բոլոր դրդապատճառները:
Գոյություն ունեն նաև խրոնիկ ալեգիաներ, որոնք երկարատև բուժում են պահանջում: Տարիների ընթացքում դիմադրողականության փոփոխությունների արդյունքում ալերգիկ երևույթը նվազում է, բուժառուի մոտ՝ դիտվում լավացում:

Ի՞նչ է հարկավոր ալերգիաներից խուսափելու համար:

Առաջին հերթին անհրաժեշտ է իմանալ ալերգիայի առաջացման պատճառը: Եթե դա սննդային է, ապա խորհուրդ է տրվում չուտել այս կամ այն մթերքը, որից օրգանիզմ են ներթափանցում ալերգիկ ռեակցիաները: Բժիշկը նշանակում է դիետա, ճաշացանկից հանում  կարմիր սնունդը, կծու, թթու մթերքը:
Եթե շփումային ճանապարհով է ալերգիան առաջացել և զարգացել, ապա հարկավոր է որոշ ժամանակով  շփումը նվազագույնի հասցնել, զերծ մնալ ալերգեններից։ Դեղորայքային ալերգիայի դեպքում անհրաժեշտ է խուսափել դեղահաբեր օգտագործելուց:

Մաշկային ալերգիաները սերտ կապ ունեն իմունային համակարգի հետ, քանի որ եթե դիմադրողականության համակարգն  ընկած է, ապա դա խթանում է ալերգիայի առաջացումը: Բոլոր դեպքերում ոչ ժամանակին և սխալ մոտեցումը կարող է հանգեցնել ավելի բարդ խնդիրների: Այդ պատճառով բոլորին ևս մեկ անգամ խորհուրդ է տրվում ինքնաբուժությամբ չզբաղվել;


 


Աղբյուրը՝ Doctors.am 
Հեղինակ՝ Սոնա Շահվերդյան