Ինչպես բժշկության մյուս ոլորտներում, այնպես էլ ակնաբուժության մեջ, կարևոր է, որ հիվանդները ժամանակին դիմեն բժշկի. ճիշտ ժամանակին և որակյալ սարքերով կատարված հետազոտությունը կարող է կանխել մի շարք բարդություններ և օգնել տեսողության պահպանմանն ու հիվանդությունների կանխարգելմանը:

Ակնաբուժական արդի խնդիրները լուծելու և առողջության պահպանման համար Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բացվել է Կոնսուլտատիվ ախտորոշման բաժանմունքը: Ժամանակի պահանջին համապատասխան ու տարածաշրջանում բացառիկ այդ սարքավորումներով հնարավոր է   կանխարգելել և բուժել աչքի բազմաթիվ  հիվանդությունները` նոր և բարձր նշաձող դնելով ակնաբուժության ոլորտում:
Կոնսուլտատիվ ախտորոշման  բաժանմունքի բոլոր առավելություններին ծանոթանալու համար զրուցել ենք բաժանմունքի ղեկավար էմմա Ծառուկյանի հետ:

-Ինչպե՞ս և ինչու՞ որոշեցիք Մալայան ակնաբուժական կենտրոնը վերազինել նոր սարքավորումներով, ի՞նչ հնարավորություններ կտան նոր սերնդի սարքավորումները Մալայան  կենտրոնին:

-Առիթ ունեցել եմ արդեն ասելու, որ կյանքիս այս փուլում սա իմ ամենամեծ ձեռքբերումներից մեկն է: Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում Կոնսուլտատիվ ախտորոշման նոր բաժնի ստեղծումն ինձ համար մի նախագիծ է, որի իրականացման համար արել եմ առավելագույնը և պետք է շարունակեմ աշխատել բաժանմունքի զարգացման ու մատուցվող ակնաբուժական ծառայությունների կատարելագործման ուղղությամբ: Երկարատև փնտրտուքներից հետո է ստեղծվել այս բաժանմունքը, որտեղ առկա են ակնաբուժության բնագավառի գերժամանակակից սարքավորումներն ու ճշգրիտ ախտորոշման համար անհրաժեշտ բոլոր նախապայմանները: Այս  նախաձեռնությունը կյանքի է կոչվել միայն մեկ պարզ պատճառով, քանի որ ուզում եմ` մեր ազգաբնակչությունը ստանա բարձրակարգ առողջապահական ծառայություն, որին իսկապես մեր հայրենակիցներն արժանի են:

-Կներկայացնեք` ի՞նչ սարքավորումներ են ձեռք բերվել և ինչո՞վ են տարբերվում կամ առանձնանում դրանք:  Կան արդյո՞ք աչքի հիվանդությունների  ախտորոշմանը և բուժմանը վերաբերող սարքեր, որոնց կարևորությունը կուզեք առանձնահատուկ շեշտել:

-Մենք աշխատում ենք եվրոպական ամենահայտնի  ընկերությունների հետ, որոնցից շատերն այս ոլորտի առաջատարն են աշխարհում: Դրանցից են ճապոնական  Tomey, Canon, իտալական Centerview,  մեծբրիտանական Keeler ընկերությունները:
Օրինակ` Tomey ընկերության գերժամանակակից ռեֆրակցիոն համակարգը հնարավորություն է տալիս հաշված վայրկյանների ընթացքում որոշել կարճատեսությունը, հեռատեսությունն ու աստիգմատիզմը: Մեր նորարարական սարքերից է նաև պնևմոտոնոմետրը, որի շնորհիվ օդի միջոցով կարելի է չափել աչքի ճնշումը: Այս սարքի առանձնահատկություն այն է, որ հետազոտությունն անցնում է առանց դեղորայքի կիրառման և աչքին դիպչելու:
Կենտրոնում ունենք նաև տարածաշրջանում եզակի  OA2000 օպտիկական բիոմետր, որը նախատեսված է ոսպնյակների հաշվարկի համար: Այս սարքն իր մեջ ներառում է ոսպնյակների  նորագույն բանաձևեր ու սխեմաներ, ուստի` հետազոտության ընթացքում սխալվելու հավանականությունը հասցվում է նվազագույնի: CASIA2 OCT OCULO coherent tomography (Tomey) ակնագնդի առաջնային հատվածի շերտագիրը ևս միակն է ողջ տարածաշրջանում: Սարքի շնորհիվ հնարավոր է հետզոտել ակնագնդի ամբողջ առաջնային հատվածը: Սարքն ունի ոչ միայն լուսանկարելու այլ նաև տեսագրելու հնաավորություն, ինչի շնորհիվ տեսանելի են դառնում առաջնային խցիկի դինամիկ փոփոխությունը ակոմոդացիայ ժամանակ: CASIA 2 OCT OCULO –ով կարելի է չափել  եղջերաթաղանթի հաստությունը և ոսպնյակի ցանկացած շեղում:

Մենք ունենք նաև Compass ավտոմատիկ պերիմետը, այն ստուգման նորագույն սարք է, որը հետազոտության պատասխանը տալիս է ակնահատակի պատկերի վրա: Հետազոտությունը կատարվում է ավելի արագ` Zest սկզբունքով: Սարքը կատարում է գլաուկոմայի սկրինինգ` գերժամանակակից պահանջներին համապատասխան: Այն ունի տեսողական նյարդի սկավառակի էքսկալացիայի օբյեկտիվ չափման հնարարվորություն, համարվում է տեսադաշտի ստուգման ճշգրիտ եղանակ:
 Սրանք սարքերի կարճ և համառոտ բնութագրերն են, բայց այս սարքավորումներն իրոք համապատասխանում են արդի ակնաբուժության պահանջներին:

- Արդյո՞ք փոխվել է գնային քաղաքականությունը`  նոր սերնդի սարքավորումներով հետազոտվելու պարագայում: Որքանո՞վ է այստեղ հետազոտվելը  մատչելի քաղաքացիների համար:

-Անկեղծորեն պետք է ասեմ, որ այս բաժանմունքի բացման ժամանակ երբևէ եկամուտ ստանալու նպատակ չի եղել: Այստեղ հսկայական ներդրումներ են կատարվել, որի համար շատ շնորհակալ եմ հորս՝ Գագիկ Ծառուկյանին, ով  իրականություն դարձրեց այս ծրագիրը: Այստեղ ամեն ինչ արված է մեր ազգաբնակչությանն օգուտ տալու համար՝ լավագույն ծառայությունները մատչելի կերպով մարդկանց տրամադրելու համար: Այս ամենից զատ մենք նախատեսել ենք ժամանակ առ ժամանակ հասարակության տարբեր շերտերի համար նախատեսված ակցիաներ իրականացնել, որոնց ընթացքում յուրաքանչյուրը կարող է օգտվել մեր մատուցած ծառայություններից:


Աղբյուրը` Doctors.am
Տեսանյութը` Կենտրոն TV-ի