I. Դեպքի վայրի գննում, գնահատում և սեփական անվտանգության ապահովում։

II. Տուժածի առաջնային կամ նախնական զննում։

III. Շտապօգնություն կամ լրացուցիչ ուժերին ահազանգում։

IV. Երկրորդային զննում և տուժածի տեղափոխում, եթե վիճակը թույլ է տալիս։

I. Դեպքի վայրի գննում,անվտանգության ապահովում

Ուշադիր զննեք դեպքի վայրը և փորձեք պարզել, թե ինչ է պատահել, քանի տուժած կա, կարո՞ղ են դեպքի վայրում գտնվող մարդիկ օգտակար լինել ձեզ։

Մինչև տուժածին մոտենալը պետք է վստահ լինել, որ դեպքի վայրը անվտանգ է ձեզ և շրջապատող անձանց համար։ Վտանգավոր գործոններից են՝ բարձր լարման ընկած հաղորդալարերը, թափվող քարերը, երթևեկող մեքենաները, հրդեհը, ծուխը, թունավոր գազերը, եղանակի անբարենպաստ պայմանները, հոսող կամ խորը ջրերը։

Ձեր կյանքը վտանգի ենթարկելով՝ դուք միայն կավելացնեք տուժածների թիվը, ուստի վտանգի դեպքում մի՛ մոտեցեք և անհապաղ կանչեք մասնագիտական օգնություն։

Եթե պատահարը լուրջ է, բայց տուժածին վտանգ չի սպառնում, ապա մի՛ տեղափոխեք նրան, քանի որ նա կարող է ունենալ առաջին հայացքից չերևացող, բայց կյանքին սպառնացող ծանր վնասվածքներ։

Եթե տուժածը գիտակցությունը չի կորցրել և լիովին ադեկվատ է, բայց հրաժարվում է ձեր օգնությունից, հարկավոր չէ ոչ մի ստիպողական գործողություններ կատարել, նույնիսկ եթե գտնում եք, որ դրանք անհրաժեշտ են։

Օգնություն ցուցաբերելու համաձայնությունը կարելի է չստանալ, եթե տուժածը՝

- երեխա է,

- անգիտակից վիճակում է,

- հիվանդության կամ վնասվածքի պատճառով ի վիճակի չէ ինքնուրույն որոշում ընդունելու։

Որևէ գործողություն կատարելուց առաջ ներկայացեք՝ հայտնելով՝ ով եք դուք, ունե՞ք արդյոք առաջին օգնություն ցուցաբերելու գիտելիքներ, բացատրեք, թե ինչ եք պատրաստվում անել։

II. Առաջնային կամ նախնական զննում.

Կատարվում են մի շարք գործողություններ՝ տուժածի կյանքին անմիջական սպառնացող վտանգները հայտնաբերելու և վերացնելու նպատակով։ Առաջնային զննման ժամանակ անհրաժեշտ է ստուգել կենսական կարևոր օրգանների գործունեությունը, այսինքն՝

- գիտակցությունը,

- շնչուղիների անցանելիությունը և շնչառությունը,

- անոթազարկը և ուժեղ արյունահոսությունը։

1. Գիտակցության ստուգում

- Զգուշորեն շարժել տուժածի ուսերը։

- Փորձել խոսել նրա հետ, տալ հասարակ հարցեր՝ «Դուք ինձ լսո՞ւմ եքե, հարցնել կամ տալ նրա անունը։

- Տալ հասարակ հրահանգներ՝ ցույց տալ լեզուն, բացել, փակել աչքերը, սեղմել օգնություն ցուցաբերողի ձեռքը։

Եթե տուժածը գիտակից վիճակում է համոզվել, որ նրան վտանգ չի սպառնում, օգնել նրան ընդունելու հարմար դիրք, թույլ չտալ տեղաշարժվելու մինչև վիճակի կայունանալը և սկսել երկրորդային զննումը։

Եթե տուժածն անգիտակից է, ապա պետք է բարձրաձայն օգնություն կանչել՝ աշխատելով մենակ չթողնել նրան։

Անգիտակից վիճակում գտնվող տուժածի լեզուն կարող է հետ գնացած լինի և շնչուղիների անցանելիությունը խանգարված, որը կարող է առաջացնել շնչառության դադար և սրտի կանգ։ Այդ իսկ պատճառով պարտադիր կատարվում է անգիտակից տուժածի շնչուղիների անցանելիության ապահովում (բացում)։

2. Շնչուղիների բացում

- Տուժածին պառկեցնել (շրջել) մեջքի վրա։

- Եթե չկա պարանոցի վնասվածք, գլուխը հետ տանել`մի ձեռքը դնելով նրա ճակատին, մյուս ձեռքի երկրորդ, երրորդ մատներով բարձրացնել կզակը ծնոտի աջ կամ ձախ եզրից այնպես, որ այն ավելի բարձր լինի ճակատից։

- Բութ մատը դնել ստորին շրթունքի և կզակի միջև եղած սահմանագծին և զգուշորեն բացել տուժածի բերանը։

- Անհրաժեշտության դեպքում կուտակված լորձից հեղուկներից և այլնից մաքրել տուժածի բերանը։

Ծնոտի ուղղումը բավարար է շնչափողի մուտքը բացելու համար։

Եթե տուժածը մանկահասակ երեխա է, ապա գլուխը մի թեթև հետ տանել և բարձրացնել կզակը, իսկ եթե երեխան 1 տարեկանից փոքր է, ապա պետք է միայն զգուշորեն բարձրացնել կզակը։

Շնչուղիների անցանելիությունը կարող է խանգարվել անգիտակից վիճակում լեզվի հետանկումից, վնասվածքի պատճառով առաջացած անատոմիական խանգարումներից, կուտակված արյունից, կոտրված ատամներից, կոկորդի այտուցից, շնչուղիներում հայտնված օտար մարմիններից:

Շնչուղիները բացելուց հետո, առանց գլխի դիրքը փոխելու, կատարել շնչառության ստուգում։

3. Շնչառության ստուգում

Կռանալ, ականջը մոտեցնել տուժածի բերանին՝ հայացքն ուղղելով նրա կրծքավանդակին և որովայնին։ Փորձել տեսնել, լսել և զգալ նրա շնչառությունը։ Շնչառության ստուգումը կատարել 5-10 վայրկյանի ընթացքում։

Եթե տուժածո շնչում է, շրջել նրան կողքի անվտանգ (ապահով) դիրքի, ահազանգել շտապօգնություն և շարունակել հսկել վիճակը՝ մինչև մասնագետների գալը։

Եթե շնչառություն չկա, ներկաներից որևէ մեկին անձամբ հանձնարարել զանգահարել շտապօգնություն և հետո տեղյակ պահել կատարված զանգի մասին։ Զանգահարողը պետք է հայտնի դեպքի վայրը, տուժածների թիվը, տեղեկություններ նրանց վիճակի և ցուցաբերված օգնության մասին։ Ահազանգելու որոշումը կարելի է ընդունել ցանկացած պահի՝ կախված տուժածի վիճակից։

Սկսել կատարել արհեստական շնչառություն, կատարել 2 ստուգիչ ներփչում բերան - բերան կամ բերան - քիթ մեթոդներով՝ յուրաքանչյուրը 1-ական վայրկյանում՝ շնչուղիների անցանելիությունը ստուգելու համար։

Համաձայն վերջին միջազգային հանձնարարականների ՝ չափահաս տուժածի շնչառության բացակայության դեպքում պետք է անմիջապես խնդրել որևէ մեկին ահազանգել, իսկ եթե մենակ եք, թողեք տուժածին, զանգահարեք շտապօգնություն, նորից վերադարձեք նրա մոտ և սկսեք սրտի անուղղակի մերսումը, որից հետո՝ ներփչումները։ Եթե տուժածը երեխա Է, կատարեք 5 սկզբնական ստուգիչ ներփչում, հետո՝ սիրտթոքային վերակենդանացում մեկ րոպեի ընթացքում, որից հետո զանգահարեք շտապօգնություն:

Արհեստական շնչառություն

Բերան-բերան ներփչում

-Ապահովել շնչուղիների անցանելիությունը (դիրքը՝ մեջքի վրա, գլուխը հետ, կզակը վերև)։

- Փակել տուժածի քթանցքերը ձեր ձեռքի I և II մատներով։

- Բերանով ամբողջությամբ ընդգրկել տուժածի շրթունքները, կատարել 2 ստուգիչ ներփչում (խորը ներփչում չկատարել)՝ հետևելով տուժածի կրծքավանդակի բարձրացմանը։

- Եթե կրծքավանդակը բարձրանում է, բաց թողնել տուժածի քիթը՝ թույլ տալով, որ կատարվի պասիվ արտաշնչում։

- Ստուգել անոթազարկը:

- Եթե անոթազարկ կա, բայց շնչառությունը բացակայում է, կատարել հաջորդ ներփչումները. 8 տարեկանից բարձր անձանց շրջանում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ անգամ, երեխաների շրջանում՝ յուրաքանչյուր 3 վայրկյանը մեկ անգամ և ստւգել անոթազարկը 2 րոպեն մեկ անգամ։

- Եթե կրծքավանդակը չի բարձրանում, կատարել գլխի դիրքի վերստուգում, կրկնել 2 ներփչումները։

- Եթե օդը կրկին չի անցնում, ուրեմն շնչուղիներում կա օտար մարմին կամ խցանման այլ պատճառ։

Բերան –քիթ ներփչում

Այս ներփչումները չափահաս տուժածների շրջանում կատարվում են բերանի վնասվածքի, այտերի պատռվածքի դեպքերում։ Դրա համար բերանը պետք է փակել ձեռքով և ներփչումները կատարել քթանցքերի մեջ։ Արտաշնչման համար շուրթերը և քիթը ազատ են թողնվում։

Արհեստական շնչառություն կատարելիս օդի մի մասը կարող է անցնել ստամոքս և առաջացնել փսխում։ Դրանից խուսափելու համար ստորին ծնոտը պետք է պահել վեր ուղղված դիրքում, քանի որ այդ դիրքում շնչուղիները մնում են բաց, իսկ կերակրափողի մուտքը՝ փակ։ Եթե ստամոքսը սկսում է ուռչել, հարկավոր է տուժածին մի պահ կողքի շրջել, թեթևակի սեղմել ստամոքսի վրա, մաքրել բերանի խոռոչը, նորից հետ շրջել մեջքի վրա և շարունակել կատարել արհեստական շնչառությունը:

- Ծծկեր երեխաների շրջանում արհեստական շնչառությունը կատարվում է բերան - բերան և քիթ ներփչումների մեթոդով

- Ձեռքը միշտ պահել երեխայի ճակատին։

- Բերանով ամբողջովին ընդգկել երեխայի բերանը և քիթը:

- Ներփչվող օդի քանակը չպետք է գերազանցի այտերով ընդգրկվող օդի ծավալը։

- Հաջորդ ներփչումները կատարել 3 վայրկյանը մեկ։

4. Անոթազարկի և ուժեր արյունահոսության ստուգում

Ընդհանրապես, անոթազարկը կարելի է շոշափել մակերեսորեն տեղակայված զարկերակների վրա, օրինակ՝ քնային, ճաճանչային կամ բազկային, սակայն մեծահասակ անգիտակից տուժածի անոթազարկը նպատակահարմար է շոշափել քնային զարկերակի վրա:

Անոթազարկը գտնելու համար շոշափել վահանաճառը և մատները սահեցնելով պարանոցի կողքային մասով՝ ակոսի մեջ գտնել անոթազարկը։ Երբեք միաժամանակ չպետք է սեղմել երկու քնային զարկերակները։ Անհրաժեշտ է շոշափել և փորձել զգալ անոթազարկը մոտ 5-10 վայրկյանի ընթացքում։

Մինչև 1 տարեկան երեխաների շրջանում անոթազարկը շոշափվում է բազկային զարկերակի վրա։

Համաձայն վերջին միջազգային հանձնարարականների՝ ոչ մասնագետների համար անոթազարկի ստուգումը շնչառության բացակայության դեպքում պարտադիր չէ: Եթե արյան շրջանառության նշանները բացակայում են կամ վստահ չեք դրանում, պետք Է սկսել սրտի անուղղակի մերսումը։

Եթե կա անոթազարկ, պետք է համոզվել նաև, որ չկա ուժեղ արյունահոսություն։ Դրա համար անհրաժեշտ է ոտքից գլուխ արագ զննել տուժածին։

Արյունահոսությունը համարվում է ուժեղ, եթե արյունը շիթով դուրս է մղվում արյունատար անոթից և այն անհնար է դադարեցնել ճնշող վիրակապով:

Վերստուգել անոթազարկը և շնչառությունը անհրաժեշտ է յուրաքանչյուր րոպեն մեկ անգամ։

III. Հրատապ ցործորութ|ունների մեջ է մտնում

ահազանգը տուժածին հնարավորինս արագ ցուցաբերվող մասնագիտական օգնություն ապահովելու նպատակով։

Ինչպես արդեն ասվել է, ահազանգելու որոշումը կարելի է ընդունել ցանկացած պահի՝ կախված տուժածի վիճակից։ Պետք է աշխատել տուժածին մենակ չթողնել։

IV. Տուժածի երկրորդային զննում

Եթե կան շնչառություն և անոթազարկ, գիտակցության թե՛ առկայության, թե՛ դրա կորստի դեպքում փրկարարը հաջորդ քայլով պետք է հայտնաբերի կյանքին անմիջական վտանգ չներկայացնող, բայց անուշադրության դեպքում վտանգավոր դարձող գործոնները։

Երկրորդային զննման կատարման եղանակներն են.

- Տուժածի և ներկաների հարցուփորձ, պարզել, թե ինչ է զգում տուժածը և ինչ գանգատներ ունի նա, ինչ հիվանդություններով է տառապում և ինչ դեղորայք Է սովորաբար ընդունում։

- Տուժածի մանրակրկիտ զննում, զննելով տուժածի մարմինը՝ ուշադրություն դարձնել արտաքին նշաններին՝ արյունահոսությանը և արյան հետքերին, վնասվածքներին, մարմնի մասերի անբնական դիրքին, մաշկի գույնին, վերքերին, խնդրել տուժածին զգուշորեն շարժել գլուխը, խորը շունչ քաշել, զգուշորեն շարժել վերջույթները՝ սկսած մատներից և աստիճանաբար դեպի վեր բարձրանալով։

- Կենսական կարևոր նշանների վերահսկում՝ գիտակցության խանգարումներ, շնչառության, անոթազարկի փոփոխություններ, մաշկի գույնի փոփոխություններ։ Եթե վիճակը թույլ Է տալիս, անհրաժեշտ է տուժածին տեղափոխել հիվանդանոց։