Առօրյա կյանքում հաճախ հանդիպող փոքր վնասվածքները ուղեկցվում են թույլ արյունահոսությամբ, որը սովորաբար հեշտությամբ է դադարում: Սակայն երբեմն արյունահոսությունը կարող է ուժեղ լինել, և այդ դեպքում դժվար է լինում այն դադարեցնել: Այդ պարագայում մարդը կարող է մեծ քանակությամբ արյուն կորցնել: Ներքին կամ արտաքին ուժեղ արյունահոսությունը կարող է կյանքի համար վտանգավոր լինել, և այդ պատճառով շատ կարևոր է այն ժամանակին հայտնաբերելն ու դադարեցնելը:

Արյունահոսության դադարեցում

Ներքին արյունահոսություն

Ներքին արյունահոսությունը, որի դեպքում արյունը լցվում է մարմնի ներքին տարածությունները, շատ վտանգավոր է, քանի որ դժվար է հայտնաբերել և դադարեցնել: Ներքին արյունահոսության մասին մեզ կարող են հուշել վնասվածքի տեղում ցավը, այտուցվածությունը, հյուսվածքների պնդացումը և մաշկի գույնի փոփոխությունը:

Ի՞նչ անել

Ներքին արյունահոսության կասկածի դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի կամ ահազանգել շտապ օգնություն: Մինչև շտապ օգնության ժամանումը վնասված հատվածի վրա տեղադրեք սառը թրջոցներ:

Արտաքին արյունահոսություն

Արտաքին արյունահոսության դեպքում միայն արյան տեսքը շատերին խուճապի է մատնում, և վերքը հաճախ թվում է ավելի սարսափելի, քան կա իրականում: Անհրաժեշտ է, սակայն, հաղթահարել վախն ու հուզմունքը և խուճապի չմատնվել: Զգացմունքներն ու հույզերը վատ օգնականներ են այս հարցում: Հանգստացրեք նաև երեխային` աշխատելով շեղել նրա ուշադրությունը: Սառնասրտորեն գործելով և կիրառելով ստորև բերված առաջին օգնության քայլերը` դուք կկարողանաք դադարեցնել արյունահոսությունը:
 
Ինչ անել

- Վերջույթը բարձրացրե՛ք:
Եթե շարժումները լրացուցիչ ցավ չեն պատճառում, ապա վնասված մասը բարձրացրեք սրտի մակարդակից վեր:

- Ուղղակի ճնշում գործադրե՛ք:
Վերքի վրա տեղադրեք ստերիլ անձեռոցիկ կամ որևէ մաքուր գործվածքի կտոր, օրինակ` թաշկինակ, և սեղմեք վերքը: Եթե անձեռոցիկը ներծծվում է արյամբ, նոր անձեռոցիկ տեղադրե՛ք նրա վրա և լրացուցիչ ճնշում գործադրեք: Ոչ մի դեպքում չի կարելի վերքի վրայից հեռացնել արյունով ներծծված անձեռոցիկը, քանի որ դրանից արյունահոսությունը կվերսկսվի:

- ճնշող վիրակապ տեղադրեք:
Եթե արյունահոսությունը չի դադարել, անհրաժեշտ է տեղադրել ճնշող վիրակապ: Վերքի վրա տեղադրված ստերիլ անձեռոցիկը ամրացրեք փաթույթային վիրակապի (բինտ) կամ լայն գործվածքի կտորի օգնությամբ և վերքի շրջանում տեղադրեք ծալված գործվածքի կտոր կամ փաթույթային վիրակապի գլանակ և, ճնշում գործադրելով, վիրակապեք: Եթե նկատում եք, որ վիրակապից ներքև վերջույթը սառել է, եղունգը սեղմելուց հետո այն դժվարությամբ է դառնում վարդագույն, կամ եթե երեխան բողոքում է ցավից, ապա մի քիչ թուլացրեք վիրակապը:

Արյունահոսություն քթից

Փոքր երեխաների մոտ հաճախ է լինում քթից արյունահոսություն, որի պատճառ կարող է լինել հարվածը, շնչառական համակարգի հիվանդությունը կամ պարզապես քիթը փորփրելը:
 
Ինչ անել

- Նստեցրեք երեխային` գլուխը մի փոքր առաջ թեքած:
- Խնդրեք երեխային շնչել բերանով և մատներով սեղմեք նրա քթանցքները` քթի ոսկրային մասից անմիջապես ներքև:
- Մի քանի րոպե հետո բաց թողեք քթանցքերը, և եթե արյունահոսությունը չի դադարել, նորից փակեք դրանք:
- Քթի վերին մասին, ճակատին և ծոծրակին սառը թրջոց դրեք:

Արյունահոսությունը դադարելուց հետո որոշ ժամանակ դեռ թույլ մի՛ տվեք երեխային քթին ձեռք տալ կամ քիթը մաքրել, քանի որ արյունահոսությունը կարող է վերսկսվել:

Վերքերի մշակում

Վերքերի մշակման ժամանակ հիմնական նպատակը արյունահոսության դադարեցումն ու վարակի ներթափանցման նվազեցումն է: Քիչ վտանգավոր են համարվում մակերեսային, 2,5 սմ-ից փոքր չափեր ունեցող և աննշան արյունահոսությամբ ուղեկցվող վերքերը: Մնացած բոլոր վերքերը համարվում են վտանգավոր:

Վարակի ներթափանցման նվազեցում

- Վերքը մշակելուց առաջ և հետո օճառով լվացեք ձեր ձեռքերը:
- Խուսափե՛ք վերքին դիպչելուց:
- Աշխատե՛ք օգտվել ստերիլ ձեռնոցներից:
- Աշխատե՛ք օգտագործել ստերիլ վիրակապական միջոցներ:

Ուշադրություն

Կենդանիների կծելու հետևանքով առաջացած վերքերը շատ վտանգավոր են: Այդ դեպքում անպայման պետք է դիմել բժշկի` վերքը մշակելու և համապատասխան պատվաստում ստանալու համար:

Փոքր վերքերի մշակում

- Վերքը լվացեք օճառով և մաքուր ջրով:
- Կիրառեք վերքերի մշակման համար նախատեսված հատուկ նյութեր և քսուքներ: Խուսափեք սպիրտային նյութերը (յոդ, օղի, օծանելիք և այլն) անմիջապես վերքի վրա քսելուց: Դրանցով մշակեք միայն վերքի շրջակա մաշկը:
- Ծածկեք վերքը կպչուն սպեղանիով կամ վիրակապեք` աշխատելով վերքի եզրերը մոտեցնել իրար:

Մեծ վերքերի մշակում

- Վերքի վրա տեղադրեք ստերիլ անձեռոցիկ, դադարեցրեք արյունահոսությունը և վիրակւսպեք:
- Երեխային տեղափոխեք բուժհիմնարկ: Մի՛ փորձեք ինքնուրույն մաքրել, լվանալ վերքը կամ կիրառել քսուքներ:

Ուշադրություն

Վերքերի բորբոքման մասին վկայում են վերքի շուրջը գոյացած այտուցը, մաշկի կարմրությունը և տաքացումը, բաբախող ցավը և թարախային արտադրությունը: Նման դեպքերում անհրաժեշտ է կիրառել որևէ անտիբիոտիկ քսուք և անհապաղ դիմել բժշկի:

Նյութի էլեկտրոնային սկզբնաղբյուր` Doctors.am