Կրծքավանդակի, որովայնի և կոնքի խոռոչները պարունակում են կենսական կարևոր օրգաններ, և այս շրջանների վնասվածքները կարող են մահացու լինել։

Կրծքավանդակի վնասվածքներ

Կրծքավանդակի վնասվածքները լինում են բաց՝ թափանցող, երբ որևէ առարկա ծակում է կրծքավանդակի պատը, և փակ, երբ կրծքավանդակի պատի ամբողջականությունը խախտված չէ։

Կողոսկրերի կոտրվածքըառաջանում է կրծքավանդակի վրա ուժի ուղղակի ներազդումից։ Լինելով բավականին ցավոտ՝ այս վնասվածքները հազվադեպ են կյանքի համար վտագավոր լինում։ Տուժածը փորձում է թեթևացնել ցավը՝ ձեռքով պահելով վնասված մասը, շնչում է մակերեսային։

Առաջին օգնություն

• Օգնել տուժածին կիսանստելու՝ վնասված կողմի վրա թեթևակի հենվելով։

• Եթե տուժածը կորցրել է գիտակցությունը, ապա նրան պետք է բերել ԿԱԴ-ի վնասված կողմին։

• Տուժածի ձեռքը ամրացնել կրծքավանդակի վնասված կողմին՝ այդ մասը Ֆիքսելու նպատակով:

• Անհրաժեշտության դեպքում ձեռնարկել հակաշոկային միջոցառումներ, զանգել շտապօգնություն։

Կրծքավանդակի բաց վնասվածքների դեպքում թափանցող ուժեղ հարվածը ծակում է կրծքավանդակի պատը՝ ստեղծելով <<ներծծող վերք>>, որի դեպքում ներշնչելիս օդը ազատ թափանցում է կրծքավանդակի խոռոչ։ Երբեմն օդի մուտքը հյուսվածքների տեղաշարժման արդյունքում ինքնուրույն դադարում է, իսկ թոքամզային խոռոչ ներթափանցված օդի փոքր քանակը՝ ներծծվում։ Կարող է նաև ստեղծվել այնպիսի վիճակ, երբ ներշնչելիս օդն անցնում է կրծքավանդակի խոռոչ և արտաշնչելիս դուրս է գալիս կրծքավանդակի վերքից, որը զգալիորեն խանգարում է թոքերի նորմալ գործունեությանը։ Այսպիսի վնասվածքի դեպքում շնչելիս լսվում է ներծծվող օդին բնորոշ ձայն։ Այս վիճակը կոչվում է բաց պնևմոթորաքս։ Առավել վտանգավոր է այն վնասվածքը, որի դեպքում օդը ներթափանցում է թոքամզային խոռոչ, իսկ արտաշնչելիս դուրս չի գալիս՝ կուտակվելով այնտեղ և ճնշելով թոքը:

Կրծքավանդակի թափանցող վնասվածքի նշաններ

Հիվանդը ցավ է զգում կրծքավանդակում, շնչառությունը դառնում է մակերեսային և դժվարացած, անոթազարկը՝ թույլ, հաճախացած կամ անկանոն, մաշկը՝ գունատ, խոնավ, կապտավուն, կարող է լսվել ներծծվող օդի ձայն։ Կրծքավանդակի թափանցող վնասվածքները դասվում են կյանքի համար վտանգավոր վնասվածքների շարքին։

Առաջին օգնություն կրծքավանդակի թափանցող վնասվածքի դեպքում (բաց պնևմաթորաքս)

•Վերքի վրա տեղադրել փականային վիրակապ

- վերցնել օդի համար անանցանելի որևէ նյութ, օրինակ` պոլիէթիլենի ուղղանկյուն կտոր,

-վերքը ամբողջովին ծածկել դրանով,

- թաղանթի երեք կողմերը (փոքր և երկու մեծ) կպչուն ժապավենով կպցնել մարմնին, դա թույլ չի տա, որ ներշնչելիս օդն անցնի կրծքավանդակ, իսկ չորրորդ կողմը, որը պետք է լինի վերքից ավելի հեռու, թողնել ազատ` արտաշնչվող օդը դուրս գալու համար:

• Օգնել տուժածին հարմար դիրք ընդունեուլու և սահմանափակել նրա շարժումները։

• Զանգել շտապօգնություն։

Եթե ձեռքի տակ չկա հարմար միջոց, պետք է վերքը ծածկել ձեռքով։

Որովայնի վնասվածքներ

Որովայնը հեշտությամբ վնասվում է, քանի որ պաշտպանված չէ ոսկրերով։ Այս խոռոչում տեղակայված օրգաններից հեշտությամբ վնասվում և արյունահոսում են լյարդը, փայծաղը, ստամոքսը։

Լյարդը, գտնվելով որովայնի վերին մասում, որոշ չափով պաշտպանված է կողոսկրերով, սակայն նուրբ է և կարող է պատռվել բութ առարկայի հարվածից կամ ծակվել կողոսկրի կոտրվածքի հետևանքով։ Այն շատ հարուստ է արյունով և կարող է ուժգին արյունահոսել և տուժածի մահվան պատճառ դառնալ։

Փայծաղը գտնվում է ձախ կողմում և մասնակի պաշտպանված է ստորին ձախ կողոսկրերով։ Փայծաղը արյուն մատակարարող օրգան է, և դրա վնասվածքը կարճ ժամանակում կարող է առաջացնել մեծ քանակությամբ արյան կորուստ և կյանքի համար վտանգավոր դառնալ։

Ստամոքսն ունի արյունատար անոթներ, և եթե վնասվածքը թափանցում է ստամոքսի խոռոչ, ապա արյունը և ստամոքսի պարունակությունը կարող են լցվել որովայնի խոռոչ և վարակ հարուցել:

Որովայնի փակ վնասվածքի նշաններ՝

• սուր ցավ,

արյունազեղումներ որովայնի պատի վրա,

• ներքին արյունահոսության նշաններ,

սրտխառնոց, երբեմն՝ փսխում,

• թուլություն,

ծարավի զգացում,

• ցավոտ, փքված կամ տախտակի ամրություն ունեցող որովայն։

Առաջին օգնություն

• Օգնել տուժածին հարմար դիրք ընդունելու: Պառկեցնել նրան մեջքի վրա կամ նստեցնել՝ մեջքը հենելով, ոտքերը ծալել կոնքազդրային և ծնկի հոդերում, ծնկների տակ դնել փաթաթած ծածկոց կամ բարձ, իսկ ոտնաթաթերը հենել որևէ առարկայի այնպես, որ դրանք սրունքների հետ կազմեն ուղիղ անկյուն։

• Վնասվածքի վրա սառը թրջոց դնել։

• Ուտելու կամ խմելու ոչինչ չտալ, կարելի է միայն թրջել շրթունքները։

• Սահմանափակել տուժածի շարժումները։

• Զանգել շտապօգնություն։

Որովայնի բաց կամ թափանցող վնասվածքներ

Առաջին օգնություն

• Տուժածին զգուշությամբ պառկեցնել մեջքի վրա։ Եթե վնասվածքը երկայնական է, ոտքերը պետք չէ բարձրացնել կամ ծալել։

• վերքի շրջանում հեռացնել հագուստը։

• Որովայնի վերքը ծածկել չոր ստերիլ վիրակապով։

• Եթե վերքից արտանկած են ներքին օրգանները՝

- վերքը պետք է զգուշությամբ ծածկել թաց, հնարավորինս մաքուր գործվածքով՝ ամբողջությամբ ընդգրկելով արտանկած ներքին օրգանները,

- թաց գործվածքը ծածկել պոլիէթիլենի թաղանթով, որպեսզի այն չչորանա,

- պոլիէթիլենի թաղանթը ծածկել մի քանի տակ ծալած փափուկ գործվածքով՝ ջերմությունը պահպանելու համար։

• Երբ տուժածը հազում է կամ փսխում, ձեռքով պահել վերքը։

• Ուտելու կամ խմելու ոչինչ չտալ, կարելի է միայն թրջել շրթունքները։

• Սահմանափակել տուժածի շարժումները։

• Զանգել շտապօգնություն։

Կոնքի կոտրվածքներ

Նշաններ.

• Տուժածի կոնքագոտին ակներև ձևա

փոխված է։

• Տուժածը կոնքի շրջանում խիստ ցավ է զգում։

• Կոնքագոտու վնասվածքի շրջանում լինում են տարածուն ենթամաշկային արյունազեղումներ։

• Տուժածի ոտքերը լինում են զատած (<<գորտի դիրք>>) կամ հակառակը՝ ծնկներն իրար սեղմած։


Առաջին օգնություն
• Զանգել շտապօգնություն:

• Անշարժացնել տուժածի կոնքագոտին ու ստորին վերջույթները։

• Տուժածի ծնկների տակ եռանկյունաձև վիրակապեր կամ որևէ ամուր, լայն գործվածքներ դնել և դրանցից մեկը զգուշությամբ սահեցնել նրա կոնքի տակ։

• Եռանկյունաձև վիրակապը կապել կոնքի շուրջը՝ գոտևորելով և ամրացնելով այն։

• Զգուշորեն, առանց տուժածի ոտքերը շարժելու, կայունացնել նրա դիրքը։ Դրա համար տուժածի ծնկների տակ և ոտքերի միջև եղած ազատ տարածություններում պետք է ծալած ծածկոցներ կամ այլ ներդիրներ դնել։ Ոտքերը կապել միմյանց։
 
• Ոտնաթաթերը հենել որևէ առարկայի այնպես, որ դրանք սրունքների հետ կազմեն ուղիղ անկյուն։

Կոնքազդրային հոդի վիրակապ

Կոնքազդրային հոդը վիրակապելու դեպքում վիրակապը դրվում է ուսահոդը վիրակապելու սկզբունքով:

Եռանկյունաձև վիրակապ կոնքի վնասվածքի դեպքում

Վիրակապի հիմքը դրվում է ազդրի վերին երրորդ մասում, գագաթը անց է կացվում դեպի գոտին և ամրացվում այնտեղ այնպես, որ ծածկվի հետույքային շրջանը և կոնքազդրային հոդը։ Այնուհետև, վիրակապի երկու ծայրերը հանգուցելով, ամրացվում է ազդրի շուրջը: