Ինչպես մեզ շրջապատող առարկաները, մարդիկ, կենդանիները ունեն որոշակի կառուցվածք, կազմված են իրար հետ սերտորեն կապված բաղադրամասերից, այնպես էլ հոգեկանն ունի իր կառուցվածքը։

Սովորաբար առանձնացվում է հոգեկան երեք հիմնական խումբ, երևույթներ կամ հոգեկանի դրսևորումների երեք հիմնական ձևեր։

Դրանք են՝ հոգեկան գործընթացները (պրոցեսները), հոգեկան վիճակները, հոգեկան հատկությունները։

Հոգեկան գործընթաց ասելով՝ հասկանում ենք օբյեկտիվ իրականության դինամիկ արտացոլումը հոգեկան երևույթների (մտածողության, ընկալման, հիշողության և այլն) ձևով։ Արտացոլումը համարում ենք դինամիկ, որովհետև հոգեկան ցանկացած գործընթաց արտահայտում է շարժման վիճակ, զարգացման ընթացք և փոփոխություն դրա վրա ազդող պատճառների շնորհիվ։

Հոգեկան գործընթացներն իրենց հերթին բաժանվում են երկու ենթախմբի, ճանաչողական (իմացական) և հուզակամային։

Իմացական խմբի մեջ մտնում են՝ զգայությունները, ընկալումները, հիշողությունը, մտածողությունը, երևակայությունը և խոսքը։

Երկրորդ խմբի մեջ են մտնում զգացմունքները և կամքը։

Հոգեկան վիճակներ ասելով հասկանում ենք կոնկրետ ժամանակահատվածում հոգեկան գործունեության համեմատաբար կայուն աստիճանը, որը դրսևորվում է մարդու բարձր կամ ցածր ակտիվության մեջ։ Այդ վիճակներն արտահայտում են կայուն հետաքրքրություն, ստեղծագործական վերելք ու ոգևորվածություն, համոզվածություն կամ տարակուսանք, կասկած, ընկճվածություն, անտարբերություն և այլն։

Իրավիճակի փոփոխության հետ հուզական վիճակը կարող է փոխվել, օրինակ, լացը կարող է փոխարինվել ծիծաղով, անտարբերությունը՝ ակտիվությամբ և այլն։

Որպես հոգեկան վիճակներ՝ հանդես են գալիս նաև այնպիսի հուզական վիճակները, ինչպիսիք են սթրեսը, ֆրուստրացիան, աֆեկտը։ Հոգեկան հատկությունները դրանք կայուն ձևավորումներ, կայուն հոգեբանական գոյացություններն են, որոնք ապահովում են տվյալ մարդուն տիպական գործունեության ու վարքի որոշակի որակական ու քանակական մակարդակ։

Հոգեկան հատկությունների մեջ են մտնում.

ա) անձի ուղղվածությունը (կենսադիրքորոշումը) պահանջմունքների, հետաքրքրությունների, համոզմունքների, դրդապատճառների ու իդեալների համակարգը։

Հատկապես այս հատկություններն են որոշում մարդու ընտրողական ակտիվության մակարդակը,

բ) խառնվածքը,

գ) ընդունակությունները,

դ) բնավորությունը։

Մարդու հոգեկան հատկությունները նրա հոգեկան գործունեության բարձրագույն կարգավորիչներն են։

Հոգեկանի հիմնական ֆունկցիաները:

Մարդու հոգեկանը կատարում է երկու հիմնական ֆունկցիա։

Առաջինին դա արտացոլման ֆունկցիան է, որի միջոցով մարդուն տրվում է արտաքին աշխարհի սուբյեկտիվ պատկերը, և որոնց նկատմամբ նա ցուցաբերում է հուզազգացմունքային վերաբերմունք։

Գիտնականների կողմից մշակված է արտացոլման տեսություն, որի երեք հիմնական դրույթները դուք պետք է հիշեք։ Առաջինի մասին արդեն գիտեք՝ հոգեկանը ուղեղի հատկություն է, նրա յուրատիպ ֆունկցիան։ Երկրորդ, որ այդ ֆունկցիան արտացոլիչ բնույթ ունի։

Երրորդ՝ արտացոլման ճշտությունը հաստատվում է պրակտիկայով։ Հոգեկան արտացոլման հիմնական հատկանիշներից մեկն այն է, որ այն հայելանման չէ, որ աշխարհը կամ առարկան մեխանիկորեն արտացոլվի գլխուղեղի մեջ:

Հոգեկանի երկրորդ հիմնական ֆունկցիան մարդու վարքի և գործունեության կարգավորումն ու կառավարումն է։

Հոգեկանը մեր ներքնաշխարհն է, մեր հույզերը, զգացմունքները, մտածողությունը, հիշողությունը, երևակայությունը, պահանջմունքները և այլն։ Եթե մենք մի ողջունելի, խելամիտ, արդյունավետ աշխատանք ենք կատարում, ապա դա մեր մտքի սրության ու ճկունության, գործողությունները ճիշտ կառուցելու ու կատարելու արդյունք է։

Հոգեկանի այդ վճռորոշ ֆունկցիան արդյունավետորեն իրականանում է, եթե առողջ է մարդու գլխուղեղը։ Թե տարբեր պատճառներով վնասվում է մարդու գլխուղեղը, ապա մասնակիորեն կամ լրիվ խանգարվում են հոգեկանի հիմնական ֆունկցիաները։