Հիվանդության ընթացքում երեխայի հեղուկի պահանջարկն ավելանում է, այդ պատճառով նրան պետք է ավելի շատ հեղուկներ առաջարկել և խրախուսել, որ ավելի շատ խմի, և շարունակել կրծքով հաճախակի կերակրել: Երեխան հաճախ ախորժակ չունի այլ սնունդ ուտելու, բայց կրծքով կերակրվելու ցանկությունն ավելանում է: Կրծքի կաթը կարող է դառնալ երեխայի սննդի և հեղուկի հիմնական աղբյուրը: Պետք է աջակցել, որ երեխան նաև հավելյալ սնունդ ուտի՝ առաջարկելով նրա սիրելի սննդատեսակները: Ցանկալի է, որ դրանք լինեն ախորժաբեր, փափուկ և դյուրամարս: Երեխային պետք է ավելի հաճախակի կերակրել (յուրաքանչյուր 2-3 ժամը 1 անգամ), փոքր չափաբաժիններով:

Փորլուծությամբ հիվանդ երեխայի կերակրումը: Եթե երեխան կերակրվում է մայրական կաթով, հարկավոր է նրան որքան հնարավոր է հաճախ կուրծք տալ և որքան հնարավոր է երկար ցերեկը և գիշերը: Եթե երեխան ստանում է այլ տեսակի կաթեր, ապա հարկավոր է

- փոխարինել դրանք հաճախակի կրծքով կերակրումներով ԿԱՄ

- փոխարինել դրանք ֆերմենտներով հարուստ կաթնամթերքով, օրինակ՝ նարինեով, կեֆիրով, մածունով ԿԱՄ

- փոխարինել կաթի կեսը սննդարար նյութերով հարուստ կիսակոշտ սնունդով, օրինակ՝ բանջարեղենի պյուրեով (կարտոֆիլ, գազար, դդում), բրնձով շիլայով:

Ինչ վերաբերում է այլ տեսակի սննդին, ապա պետք է հետևել երեխայի տարիքին համապատասխանող խորհուրդներին: Երեխան կարիք ունի լրացուցիչ հեղուկների՝ ջրազրկումը կանխելու նպատակով: Ապաքինման շրջանում, երբ երեխայի ախորժակը բարելավվում է, պետք է նրան կերակրել սովորականից ավելի հաճախ (առնվազն օրական մեկ լրացուցիչ կերակրում) կամ ավելացնել յուրաքանչյուր անգամ երեխային տրվող սննդի քանակը, որպեսզի լրացվի քաշի կորուստը:

 

Մանկաբուժություն դասագիրք

 
"Ուսումնական ձեռնարկ ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողների համար"` պրոֆեսոր Ա.Ս. Բաբլոյանի,   դոցենտ Ն.Գ. Բաղդասարյանի խմբագրությամբ, տեքստի հեղինակ Ս.Ա. Հարությունյան