Սա կարող է անլուծելի խնդիր դառնալ նույնիսկ մինչև 3-4 տարեկան հասակը: Պատճառն այն է, որ երեխան այլևս առաջվա պես քաղցած չէ: Նրան ավելի դուր է գալիս մագլցել, խաղալ գդալի կամ ուտելիքի հետ, բաժակը շրջել, առարկաները նետել հատակին:  Շատ փոքրիկներ վազվզում են սենյակներով, իսկ ետևից, ափսեն ու գդալը ձեռքին, քայլում էր նրա բազմաչարչար մայրը:

Ուտելու ժամանակ խաղալը նշանակում է, որ երեխան մեծացել է, և մայրն ավելի շատ է անհանգստանում նրա ուտելու համար, քան ինքը: Այս ամենը զայրացնում է ձեզ և վերջին հաշվով կարող է երեխայի ախորժակը վատանալու պատճառ դառնալ: Մի թույլ տվեք, որ գործը հասնի դրան: Ըստ երևույթին նկատել եք, որ երեխան ուտելու ընթացքում խաղում է, երբ մասնակիորեն կամ լրիվ հագեցրել է քաղցը, այլ ոչ թե երբ դեռ ուտելու ցանկություն ունի: Այդ պատճառով, եթե այլևս ուշադրություն չի դարձնում իր առջև դրված ուտելիքի վրա, համարեք, որ բավականաչափ կերել է:

Եթե երեխան անմիջապես թնկթնկում է ուտելիքի համար, կարծես ուզում է ասել. "Ինձ չհասկացաք, դեռ չեմ կշտացել", տվեք նրան ևս մի հնարավորություն: Բայց եթե չի ափսոսում, որ ուտելիքը տարել են, քիչ հետո չկերակրեք:
Մեկ տարեկան երեխան բավականություն է ստանում, ձեռքը մտցնելով բանջարեղենի խյուսի մեջ կամ շիլան լղոզելով: Նա կարող է միաժամանակ հաճույքով ուտել: Ես խորհուրդ կտայի չխանգարել նրան փորձեր կատարել իր ուտելիքի հետ, քանի որ դա նրա համար աշխարհընկալման միջոց է:


babycare.am