ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի մայիսի 30-ի թիվ 761-Ա հրամանը վերաբերում է ծննդօգնության պետական հավաստագրերի ներդրմանը:
 
ՀՐԱՄԱՆ 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

ք. Երևան 
N761-Ա        30 մայիսի 2008 թ.

 

ԾՆՆԴՕԳՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 26-ի «Վերարտադրողական առողջության բարելավման ազային ծրագրին ու գործողությունների ժամանակացույցին հավանություն տալու մասին» N29 արձանագրային որոշման դրույթների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի սեպտեմբերի 11-ի N 10-45 արձանագրային հանձնարարականի, հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի դ/ ենթակետը, 2008թվականի հուլիսի մեկից «Մանկաբարձագինեկոլոգիական օգնություն» բյուջետային ծրագրի շրջանակներում «Ծննդօգնության պետական հավաստագրի» համակարգի ներդրման գործընթացն ապահովելու նպատակով`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Հաստատել`

1) Ծննդօգնության պետաւէժկան հավաստագրի ձևը` համաձայն հավելված 1-ի.

2) Ծննդօգնության պետական հավաստագրի լրացման և տրամադրման ժամանակավոր կարգը` համաձայն հավելված 2-ի.

3) Ծննդօգնության պետական հավաստագրերով ապահովման, հաշվառման, հաշվետվության և պահպանման ժամանակավոր կարգը` համաձայն հավելված 3-ի.

4) Ծննդօգնության պետական հավաստագրի շրջանառության և հղիության նախածննդյան շարունակական հսկողության վերաբերյալ հղիների համար նախատեսված տեղեկատվության բովանդակությունը` համաձայն հավելված 4-ի.

5) Ծննդօգնության պետական հավաստագիր ստանալու հայտի ձևը` համաձայն հավելված 5-ի.

6) ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրվող Ծննդօգնության պետական հավաստագրերի գրանցամատյանի ձևը` համաձայն հավելված 6–ի.

7) Բժշկական հաստատությունների կողմից հղիներին տրվող հավաստագրերի գրանցամատյանի ձևը` համաձայն հավելված 7–ի.

8) Նախածննդյան հսկողության տակ գտնվող հղիների անհատական տվյալների վերաբերյալ տեղեկատվության ներկայացման ձևը` համաձայն հավելված 8–ի:

2. ՀՀ առողջապահության նախարարի աշխատակազմի ղեկավար Գ. Սայադյանին`

Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների աշխատակազմի ղեկավարներին առաջարկել`

1) մինչև ս.թ. մայիսի վերջը ներկայացնել քանակական և անհատական տվյալներ հուլիսի 1-ից մինչև տարեվերջ սպասվող ծննդաբերությունների վերաբերյալ, ըստ հղիների նախածննդյան հսկողություն իրականացնող բուժհաստատությունների (կանանց կոնսուլտացիաներ, առողջության կենտրոններ) տվյալների` համաձայն սույն հրամանի հավելված 8-ով հաստատված ձևի.

2) սահմանել, որ մայիսին հաջորդող ամիսների ընթացքում հղիության նախածննդյան հսկողության հաշվառման նոր դեպքերի վերաբերյալ անհատական տվյալները ամսական կտրվածքով առողջապահության նախարարություն են ներկայացվում յուրաքանչյուր հաջորդ ամսվա 10 օրվա ընթացքում:

3) Երևան քաղաքի/մարզի կտրվածքով Ծննդօգնության պետական հավաստագրի ներդրման գործընթացի համակարգման նպատակով նշանակել պատասխանատուներ:

3. ՀՀ ԱՆ աշխատակազմի առողջապահական էկոնոմիկայի և հաշվապահական հաշվառման վարչության պետ Ա. Կարապետյանին`

ապահովել Ծննդօգնության պետական հավաստագրի տպագրությունը 25000 տպաքանակով` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության բյուջետային միջոցների հաշվին, և մինչև սույն թվականի հունիսի 15-ը կազմակերպել վերջիններիս բաշխման գործընթացը հղիության նախածննդյան հսկողություն իրականացնող բուժհաստատություններին/հիմնադիրներին, ըստ վերջիններիս կողմից ներկայացված հայտերի:

4. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության պետ Ա. Տեր-Գրիգորյանին`

Ծննդօգնության պետական հավաստագիրը հիմք ընդունել` մատուցված ծառայությունների դիմաց պետության կողմից բուժհաստատության ֆինանսական փոխհատուցման համար, ի լրումն օրենսդրությամբ սահմանված գործող ընթացակարգի:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը ստանձնում եմ ինքս: 

Հ. ՔՈՒՇԿՅԱՆ

 

Հավելված 1 
ՀՀ ԱՆ 30.05. 2008թ. 
N 761- Ա հրամանի

 

ՁԵՎ 
ԾՆՆԴՕԳՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ

ԷՋ 1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

Սույն հավաստագիրը փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում հղիության ընթացքի և ծննդաբերության հետ կապված բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում են անվճար` պետության կողմից երաշխավորված առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում:

1. Ա. Ա. Հ. , տարիքը ..................................., ......... 
(ամբողջությամբ)

2. Բնակության վայրը (հասցեն) ..........................................................

3. Անձը հաստատող փաստաթուղթը .................................. 
(անվանումը, սերիան, համարը, ե՞րբ և ո՞ւմ կողմից է տրվել)

4. Նախածննդյան հսկողության վերցնելու ժամկետը` .. ................ 20.....թ.

5. Ո՞ւմ կողմից է տրվել հավաստագիրը ....................... 
(նախածննդյան հսկողություն իրականացնող հաստատությունը )

6. Տրման անսաթիվը ................ 20....... թ.

7. Բ/h տնօրենի Ա.Ա.Հ., ստորագրությունը` ................, .......... 
Կ. Տ.

ԷՋ 2

Առողջապահության նախարարությունը հիշեցման կարգով տեղեկացնում է, որ պետական պատվերի շրջանակներում մատուցվող ծառայությունները ներառում են`

• հղիության նախածննդյան հսկողությունը, 
• հղիության ախտաբանական ընթացքի բուժօգնությունը, 
• ծննդաբերությունը և հետծննդյան խնամքը, 
• ծննդալուծումը կեսարյան հատման ճանապարհով:

Պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային մանկաբարձական օգնությունն ընդգրկում է ծննդալուծման համար անհրաժեշտ միջոցառումների ամբողջ ծավալը`

• դեղերով և բժշկական պարագաներով ապահովումը, 
• լաբորատոր-գործիքային և ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունները, 
• նեղ մասնագետների խորհրդատվությունը, 
• բուժական միջամտություններն` ըստ անհրաժեշտության, 
• հիվանդասենյակով ծննդաբերին/ծննդկանին ապահովումը, 
• կնոջ և նորածնի վարման ու խնամքի ապահովումը բժշկի, միջին և կրտսեր բուժանձնակազմի կողմից

------------------------------------------------------------- 
Սույն փաստաթուղթը ներկայացվում է այն բուժհաստատություն, որտեղ իրականացվում է ծննդաբերությունը: Այն կնոջ համար պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության իրավունքի հավաստագիր է և հանդիսանում է մատուցված բժշկական ծառայությունների դիմաց պետության կողմից տվյալ բուժհաստատության ֆինանսական փոխhատուցման հիմք:

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, հեռախոսահամարներ` 52-88-72, 52-15-59, 52-06-72

 

Հավելված 2 
ՀՀ ԱՆ 30.05. 2008թ. 
N 761- Ա հրամանի>

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Կ Ա Ր Գ 
ԾՆՆԴՕԳՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

1. Ծննդօգնության պետական հավաստագիրը (այսուհետ հավաստագիր), փաստում է. որ Հայաստանի Հանրապետությունում հղիության ընթացքի և ծննդաբերության հետ կապված բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում են անվճար` պետության կողմից երաշխավորված առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում:

2. Հավաստագիրը, կնոջ համար պետության կողմից երաշխավորված անվճար մանկաբարձական օգնության իրավունքը հաստատող փաստաթուղթ է և տրվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անվճար բուժօգնության իրավունք ունեցող հղի կանանց:

3. ՀՀ Առողջապահության նախարարության կողմից հավաստագրերը տրամադրվում են հղիության հսկողություն իրականացնող այն բուժհաստատություններին, որոնք ունեն բժշկական օգնության և սպասարկման համապատասխան լիցենզիա և ծավալել են փաստացի գործունեություն հղիների նախածննդյան հսկողության մասով, ներառյալ այն բժշկական կազմակերպությանները, որտեղ «Հղիների նախածննդյան հսկողություն» ծրագրով պետական պատվեր տեղադրված չէ: Վերջիններիս կողմից հավաստագրերը հղիներին տրվում են սույն կարգով սահմանված ընթացակարգին համապատասխան, միաժամանակ տրամադրելով բավարար տեղեկատվություն այլ բուժհաստատությունում պետական պատվերի շրջանակներում անվճար նախածննդյան հսկողության նրանց հնարավորության մասին: Վերոհիշյալի վերաբերյալ տեղեկացված լինելու և վճարովի ծառայություններ ստանալու կապակցությամբ իրազեկված որոշում կայացնելու մասին կինը կատարում է համապատասխան գրառում հղիության նախածննդյան հսկողության անհատական քարտում:

4. Ծննդօգնության պետական հավաստագիրը լրացվում և տրվում է հղիներին այն բուժհաստատության (կանանց կոնսուլտացիա, առողջության կենտրոն) կողմից, որտեղ հաշվառված է հղին և որտեղ իրականացվում է կնոջ նախածննդյան հսկողությունը:

5. Հավաստագիրը տրվում է հղիության 22 շաբաթական և ավելի ժամկետներում: Մինչ այդ բուժհաստատությունը ապահովում է նախածննդյան հսկողության տվյալ ժամկետի համար պետական պատվերի շրջանակներում նախատեսված հետազոտությունների իրականացումը` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված ամբուլատոր-պոլիկլինիկական մանկաբարձա-գինեկոլոգիական օգնության կազմակերպման չափորոշիչով սահմանված ծավալների:

6. Հղիության 22 շաբաթական ժամկետում մայրության հավաստագրի տրման կարևոր նախապայման է հղիի նախածննդյան հսկողության վաղ հաշվառման կանգնելը` ցանկալի է 12 շաբաթական և ավելի վաղ ժամկետներում:

7. Ծննդօգնության պետական հավաստագրի ստացման վերաբերյալ կատարվում է համապատասխան գրառում բժշկական հաստատությունների կողմից հղիներին տրվող հավաստագրերի գրանցամատյանում(հավելված 7), հավաստագրի համարի և տրման ժամկետի նշումով, ինչը վավերացվում է ստացողի` հղիի, իսկ վերջինիս անհնարինության դեպքում ամուսնու/հարազատի ստորագրությամբ:

8. Ծննդօգնության պետական հավաստագիրը տրվում է կնոջ անձը հաստատող փաստաթղթի ներկայացման պարագայում, եթե կինը կայացրել է որոշում նախածննդյան հսկողություն իրականացնող բուժհաստատության ընտրության վերաբերյալ:

9. Ծննդօգնության պետական հավաստագիրը փոխանակման քարտի և անձը հաստատող փաստաթղթի հետ մեկտեղ ներկայացվում է այն բուժհաստատություն, որտեղ իրականացվում է հղիի ծննդաբերությունը: Ծննդօգնության պետական հավաստագրի բացակայությունը չի կարող հիմք հանդիսանալ հիվանդանոցային բուժհաստատության կողմից հղիի/ծննդաբերի հոսպիտալացման և ծննդօգնության ծառայությունների մերժման: Նման դեպքերում հավաստագիրը ներկայացվում է ծննդաբերությունից հետո:

10. Ծննդօգնության պետական հավաստագրում գրառումները կատարվում են հայերեն, ընթեռնելի ձեռագրով` կապույտ կամ մանուշակագույն գույնի գրիչով հետևյալ հերթականությամբ`

1) կետ 1-ում լրացվում է կնոջ ազգանունը, անունը, հայրանունն ամբողջությամբ, տարիքը` ծննդյան ամսաթվի նշումով, 
2) կետ 2-ում լրացվում է կնոջ բնակության (մշտական և/կամ /փաստացի) հասցեն, 
3) կետ 3-ում լրացվում է կնոջ անձը հաստատող փաստաթղթի վավերապայմանները /անձնագրի սերիան, համարը, ե±րբ և ո±ւմ կողմից է տրված/, 
4) կետ 4-ում նշվում է տվյալ հղիության հետ կապված առաջին անգամ բժշկին դիմելու և նախածննդյան հսկողության վերցնելու ժամկետը, օրը, ամիսը, տարեթիվը, 
5) կետ 5-ում նշվում է այն բուժհաստատության անունը, որի կողմից իրականացվում է հղիի նախածննդյան հսկողությունը (լրացվում է բուժհաստատության լրիվ անվանումը) 
6) կետ 6-ում նշվում է հավաստագրի տրման օրը, ամիսը, տարին, 
7) կետ 7-ում` Ծննդօգնության պետական հավաստագիրը բուժհաստատության տնօրենը վավերացնում է ստորագրությամբ և հաստատում կլոր կնիքով:

12. Հավաստագրի հակառակ էջը պարունակում է ընդհանուր տվյալներ պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության ծավալների վերաբերյալ:

13. Ծննդօգնության պետական հավաստագիրը բուժհաստատության կողմից մատուցված բժշկական ծառայությունների դիմաց պետության կողմից ֆինանսական փոխհատուցման հիմք է:

14. Առանձին դեպքերում, ծննդօգնության պետական հավաստագիրը կորցնելու պարագայում, հղիի նախածննդյան հսկողություն իրականացրած բուժհաստատությունը հանձնաժողովային որոշման հիման վրա կարող է լրացնել և տրամադրել նոր հավաստագիր` «կրկնօրինակ» նշագրումով, հիմք ընդունելով հղիի/կնոջ և/կամ ամուսնու/հարազատի դիմումը` հավաստագիրը կորցնելու վերաբերյալ: Այս դեպքում հավաստագրի վերևի աջ անկյունում նշվում է նաև նախկինում տրված հավաստագրի համարը:

15. Ծննդօգնության պետական հավաստագրի հետ միասին բուժհաստատության կողմից հղի կնոջը տրամադրվում է մանրամասն տեղեկատվություն անվճար բուժօգնություն ստանալու իր իրավունքների, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից հաստատված չափորոշիչներով սահմանված ծավալների և Ծննդօգնության պետական հավաստագրի շրջանառության ընթացակարգի վերաբերյալ, սույն հրամանի հավելված 4-ով հաստատված տեղեկատվական գրքույկի բովանդակությանը համապատասխան (գրքույկ, բրոշյուր, պաստառ և այլն):

16. Սույն տեղեկատվությունը ստանալու և անվճար բուժօգնության վերաբերյալ իր իրավունքների մասին տեղեկացված լինելու փաստը վավերացվում է հղիի նախածննդյան հսկողության քարտում` կնոջ կողմից կատարված համապատասխան գրառմամբ և ստորագրությամբ:

 

Հավելված N3 
ՀՀ ԱՆ 30.05. 2008թ.  
N 761- Ա հրամանի

 

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Վ Ո Ր Կ Ա Ր Գ 
ԾՆՆԴՕԳՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է նախածննդյան հսկողություն իրականացնող բուժհաստատություններին/հիմնադիրներին «Ծննդօգնության պետական հավաստագրերով» (այսուհետ հավաստագիր) ապահովման, վերջիններիս հաշվառման, հաշվետվության և պահպանման ընթացակարգը:

2. «Ծննդօգնության պետական հավաստագրի» ձևաթղթի մշակումը, հաստատումը և վերջիններիս տպագրությունն ու տրամադրումը նախածննդյան հսկողություն իրականացնող բուժհաստատություններին իրականացնում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը (այսուհետ` առողջապահության նախարարություն):

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը «Ծննդօգնության պետական հավաստագրերի» ձևաթղթերը հատկացնում է`

1) Երևանի քաղաքապետարանի ենթակայության բժշկական հաստատություններին` Երևանի քաղաքապետարանի միջոցով.

2) Հայաստանի Հանրապետության մարզի տարածքում գործող բժշկական հաստատություններին` Հայաստանի Հանրապետության մարզպետարանի միջոցով:

4. Առողջապահության նախարարության ենթակայության, ինչպես նաև Երևան քաղաքում գործող, սակայն Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ չգտնվող բժշկական հաստատություններին «Ծննդօգնության պետական հավաստագրի» ձևաթղթերը տրամադրվում են առողջապահության նախարարության կողմից:

5. ՀՀ առողջապահության նախարարությունը «Ծննդօգնության պետական հավաստագրերի» անհրաժեշտ քանակությունը տպագրում և բաշխում է նախածննդյան հսկողություն իրականացնող բուժհաստատություններին/հիմնադիրներին եռամսյակային պահանջարկի կտրվածքով, վերջիններիս կողմից ներկայացված հայտի հիման վրա, համաձայն սույն հրամանի հավելված 5-ով հաստատված ձևի:

6. Բուժհաստատությունները/հիմնադիրները ձևավորում են իրենց հայտերը կանանց կոնսուլտացիաներից, առողջության կենտրոններից հավաքագրած ամփոփ տվյալների հիման վրա` նախածննդյան հսկողության տակ գտնվող և տվյալ եռամսյակում հղիության 22 շաբաթական ժամկետը լրացնող կանանց վերաբերյալ անհատական տվյալներից ելնելով, հաշվի առնելով նաև նախածննդյան հսկողության ուշացած հաշվառման հնարավոր դեպքերը:

7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահության էկոնոմիկայի և հաշվապահական հաշվառման վարչության հաշվապահական հաշվառման բաժնում առողջապահության նախարարության կողմից տրամադրվող «Ծննդօգնության պետական հավաստագրերի» ձևաթղթերի վերաբերյալ կազմվում ու վարվում է հաշվառման գրանցամատյան` համաձայն սույն հրամանի հավելված 6-ով հաստատված ձևի:

8. Նախածննդյան հսկողություն իրականացնող բուժհաստատությունները (կանանց կոնսուլտացիաներ, առողջության կենտրոններ) և կամ նրանց հիմնադիրները `

1) եռամսյակը մեկ անգամ, մինչև տվյալ եռամսյակի վերջին 10-օրյակը ներկայացնում են հայտեր հաջորդ եռամսյակի համար մայրության հավաստագրերի անհրաժեշտ քանակի վերաբերյալ` իրենց կողմից հաշվառված և այդ եռամսյակում հղիության 22 շաբաթական ժամկետով սպասվող հղիների թվին համապատասխան,

2) հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա առաջին 10-օրյակի ընթացքում ներկայացնում են հաշվետվություն մայրության հավաստագրերի օգտագործված (այն թվում կրկնակի տրամադրված), անվավեր ճանաչված և մնացորդային քանակների վերաբերյալ:

9. Մայրության հավաստագրերի ստացման, բաշխման և պահպանման, ինչպես նաև դրանց հաշվառման ու հաշվետվությունների ներկայացման համար պատասխանատու են բուժհաստատության ղեկավարը և հաշվապահը:

10. Առողջապահության նախարարությունը հղիների նախածննդյան հսկողություն իրականացնող բուժհաստատություններին նոր հավաստագրերի ձևաթղթերը հատկացնում է հայտի և/կամ լիազորագրի հիման վրա, այդ թվում լրացվում է հաշիվ-ապրանքագիր երկու օրինակից` մեկը մնում է ՀՀ առողջապահության նախարարությունում, մյուսը փոխանցվում է բուժհաստատություն:

11. Նոր հավաստագրերի փաթեթը ՀՀ ԱՆ կողմից լիազորված անձն առձեռն տրամադրում է հայտ ներկայացնողին կամ վերջինիս կողմից լիազորված անձին` նախապես նրա ներկայությամբ հայցվող քանակի հավաստագրերի թիվը ստուգելուց, դրանք փաթեթավորելուց և փաթեթը կնքելուց հետո:

12. Սխալ լրացված/խոտանված և անվավեր ճանաչված հավաստագրերը բժշկական հաստատության կողմից հանձնաժողովային կարգով ակտավորվում են և եռամսյակային հաշվետվությունների հետ միասին ընդունման-հանձնման ակտով վերադարձվում առողջապահության նախարարություն:

13. Ծննդօգնության պետական հավաստագրերը համարակալված են, ենթակա են խիստ հաշվառման և հաշվետվության, պահպանվում են գաղտնապահարանների մեջ:

14.Ծննդօգնության պետական հավաստագրերի հաշվառման, լրացման և տրամադրման գործընթացն իրականացնելու համար բժշկական հաստատությունում տնoրենի հրամանով նշանակվում է պատասխանատու անձ և/կամ ստեղծվում է հանձնաժողով:

15. Ծննդօգնության պետական հավաստագիրը բուժհաստատության կողմից մատուցված բժշկական ծառայությունների դիմաց պետության կողմից ֆինանսական փոխհատուցման հիմք է: Այդ նպատակով, պետական պատվերի կատարողականի վերաբերյալ ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալություն ներկայացվող հաշվետվություններին կցվում են նաև համապատասխան դեպքերի հավաստագրերի պատճենները:

16. Այն դեպքում, երբ հղին մինչև ծննդաբերելը, երբևէ չի հաճախել կանանց կոնսուլտացիա, հավաստագիրը կարող է բացառության կարգով տրամադրվել հիմնադրի/ մարզպետարանի և/կամ առողջապահության նախարարության կողմից` կնոջ կամ նրա ամուսնու/հարազատի դիմումի (վերջինիս անհնարինության դեպքերում բժշկական հաստատության տնօրինության գրության) հիման վրա` կնոջ ծննդաբերելու փաստի մասին համապատասխան տեղեկանքի և կնոջ անձը հաստատող փաստաթղթի ներկայացմամբ:

17. Այն դեպքում, երբ կինը չունի անձը հաստատող փաստաթուղթ և չի հաճախել կանանց կոնսուլտացիա, հավաստագիրը կարող է տրամադրվել ծննդաբերության կապակցությամբ բժշկական ծառայույթուններ մատուցած հաստատության կողմից` հանձնաժողովային որոշման հիման վրա` անձը հաստատող փաստաթղթի բացակայության և հանձնաժողավային որոշման վերաբերյալ կատարելով գրառում համապատասխան բժշկական փաստաթղթերում (ծննդաբերության պատմության մեջ և հավաստագրերի գրանցամատյանում):

18. սույն կարգի 16 կետով նախատեսված դեպքերի համար ՀՀ առողջապահության նախարարությունը և մարզպետարանը ապահովում են ծննդօգնության պետական հավաստագրերի ստացման, հաշվառման և պահպանման սույն կարգով սահմանված ընթացակարգը և պայմանները:

19. Այն դեպքում, երբ կինը ստացել է ծննդօգնության պետական հավաստագիրը, սակայն ծննդաբերության դիմաց փոխհատուցումը իրականացվել է ապահովագրական ընկերության միջոցների հաշվին, բուժհաստատության կողմից տվյալ դեպքի կապակցությամբ ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական առողջապահական գործակալություն հաշվետվություն չի ներկայացվում, իսկ հավաստագիրը ճանաչվում է անվավեր:

20. Բժշկական հաստատություններում և առողջապահական մարմիններում (առողջապահության նախարարություն, մարզպետարան) հղիներին տրամադրվող ծննդօգնության պետական հավաստագրերի վերաբերյալ վարվում է գրանցամատյան` համաձայն հավելված 7-ով հաստատված ձևի:

 

Հավելված N4 
ՀՀ ԱՆ 30.05. 2008թ. 
N 761- Ա հրամանի>

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 
ԾՆՆԴՕԳՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ 
ՆԵՐԴՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՂԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ծննդօգնության պետական հավաստագրի տրամադրման ժամանակ պարտադիր է ստորև ներկայացված բովանդակությամբ տեղեկատվության տրամադրումը հղիին:

I. Ծննդօգնության պետական հավաստագրի շրջանառության հիմնական դրույթները.

1. Ծննդօգնության պետական հավաստագիրը (այսուհետ հավաստագիր), փաստում է, որ Հայաստանի Հանրապետությունում հղիության ընթացքի և ծննդաբերության հետ կապված բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում են անվճար` պետության կողմից երաշխավորված առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում:

2. Ծննդօգնության պետական հավաստագիրը, կնոջ համար պետության կողմից երաշխավորված անվճար մանկաբարձական օգնության իրավունքը հաստատող փաստաթուղթ է և տրվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով անվճար բուժօգնության իրավունք ունեցող հղի կանանց: 

3. Ծննդօգնության պետական հավաստագիրը լրացվում և տրվում է հղիներին այն բուժհաստատության (կանանց կոնսուլտացիա, առողջության կենտրոն) կողմից, որտեղ հաշվառված է հղին, հղիության 22 շաբաթական և ավելի ժամկետներում, եթե ապահովված է նախածննդյան հսկողության այդ ժամկետի համար պետական պատվերի շրջանակներում նախատեսված հետազոտությունների իրականացումը` համաձայն ՀՀ առողջապահության նախարարի կողմից հաստատված ամբուլատոր-պոլիկլինիկական մանկաբարձա- գինեկոլոգիական օգնության կազմակերպման չափորոշչով սահմանված ծավալների (տես բաժին II և բաժին III):

4. Այն բժշկական կազմակերպությանները, որտեղ տեղադրված չէ պետական պատվեր «Հղիների նախածննդյան հսկողություն ծրագրով», հավաստագրերը հղիներին տրվում են նույն ընթացակարգով, միաժամանակ տրամադրելով բավարար տեղեկատվություն տարածքային սպասարկման կանանց կոնսուլտացիայում պետական պատվերի շրջանակներում անվճար նախածննդյան հսկողության նրանց հնարավորության մասին: Վերոհիշյալի վերաբերյալ տեղեկացված լինելու և վճարովի ծառայություններ ստանալու կապակցությամբ իրազեկված որոշում կայացնելու մասին կինը կատարում է համապատասխան գրառում նախածննդյան հսկողության քարտում:

5. Հղիության 22 շաբաթական ժամկետներում մայրության հավաստագրի տրման կարևոր նախապայման է հղիների նախածննդյան հսկողության վաղ հաշվառման կանգնելը` ցանկալի է մինչև 12 շաբաթական ժամկետը:

6. Ծննդօգնության պետական հավաստագրի ստացման վերաբերյալ կատարվում է համապատասխան գրառում բժշկական փաստաթղթում, հավաստագրի համարի և տրման ժամկետի նշումով, ինչը վավերացվում է հղիի, իսկ վերջինիս անհնարինության դեպքում ամուսնու/հարազատի ստորագրությամբ:

7. Ծննդօգնության պետական հավաստագիրը տրվում է կնոջ անձը հաստատող փաստաթղթի ներկայացման պարագայում, եթե կինը արդեն կայացրել է որոշում նախածննդյան հսկողություն իրականացնող բուժհաստատության/բժշկի ընտրության վերաբերյալ:

8. Ծննդօգնության պետական հավաստագիրը փոխանակման քարտի և անձը հաստատող փաստաթղթի հետ միասին ներկայացվում է այն բուժհաստատություն, որտեղ իրականացվում է հղիի ծննդաբերությունը: 

9. Ծննդօգնության պետական հավաստագիրը կորցնելու դեպքում, հղիի նախածննդյան հսկողություն իրականացրած բուժհաստատությունը հանձնաժողովային որոշման հիման վրա կարող է լրացնել և տրամադրել նոր հավաստագիր` «կրկնօրինակ» նշագրումով, հիմք ընդունելով հղիի/կնոջ և/կամ ամուսնու/հարազատի դիմումը` հավաստագիրը կորցնելու վերաբերյալ: Այս դեպքում հավաստագրի վերևի աջ անկյունում նշվում է նաև նախկինում տրված հավաստագրի համարը:

10. Այն դեպքում, երբ կինը չունի անձը հաստատող փաստաթուղթ և չի հաճախել կանանց կոնսուլտացիա, հավաստագիրը կարող է տրամադրվել մարզպետարանի և/կամ առողջապահության նախարարության կողմից` կնոջ կամ նրա ամուսնու/հարազատի դիմումի հիման վրա, կնոջ ծննդաբերելու փաստի մասին համապատասխան տեղեկանքի ներկայացմամբ(անձը հաստատող փաստաթղթի բացակայության վերաբերյալ բժշկական փաստաթղթերում կատարվում է համապատասխան գրառում):

11. Ծննդօգնության պետական հավաստագիրը հանդիսանում է ծննդաբերության կապակցությամբ բուժհաստատության կողմից մատուցված բժշկական ծառայություների դիմաց պետության կողմից ֆինանսական փոխհատուցման հիմք:

II. Հղիների նախածննդյան հսկողության կազմակերպումը` պետության կողմից երաշխավորված ամբուլատոր-պոլիկլինիկական մանկաբարձագինեկոլոգիական օգնության ծրագրի շրջանակներում (ՀՀ ԱՆ 25.12.2007թ. N 1924-Ա հրաման, Գլուխ IV)

1. Պետության կողմից երաշխավորված անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական մանկաբարձագինեկոլոգիական օգնությունն իրականացվում է պոլիկլինիկաների, բուժմիավորումների, մասնագիտացված կենտրոնների /ինստիտուտների, ծննդատների կանանց կոնսուլտացիաներում, գյուղական առողջության կենտրոններում` մանկաբարձ-գինեկոլոգի կողմից, և գյուղական բժշկական ամբուլատորիաներում ` ընտանեկան բժիշկների և/կամ մանկաբարձուհիների կողմից` մանկաբարձ-գինեկոլոգի կողմից կազմված հղիի վարման անհատական պլանի հիման վրա:

2. Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության շրջանակներում հղիների նախածննդյան հսկողությունն իրականացվում է հիմնականում տարածքային սպասարկման սկզբունքով, ըստ որի` յուրաքանչյուր բնակիչ իր բնակավայրի վարչական տարածաշրջանի (Երևան քաղաք, մարզ) շրջանակներում իր սպասարկող բժշկին` մանկաբարձ-գինեկոլոգին ընտրելու իրավունքն ունի, անկախ մինչ այդ կատարված տեղամասային կցումներից:

3. Այն դեպքերում, երբ կինը մշտապես բնակվում է և/կամ գրանցված է տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատության սպասարկման տարածքում, սակայն ընտրում է մեկ այլ բուժհաստատության կանանց կոնսուլտացիա, ապա պետք է իր բնակության տարածքային բուժհաստատությունից ներկայացնի տեղեկանք այն մասին, որ ինքը հաշվառված չէ այնտեղ և/կամ դուրս է եկել հաշվառումից և որպես հղի այդ հաստատության հսկողութության տակ չի գտնվում: Սույն տեղեկանքը տարածքային բուժհաստատության կողմից տրվում է անվճար:

4. Պետության կողմից երաշխավորված անվճար առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնության շրջանակներում հղիների նախածննդյան հսկողությունը ընդգրկում է.

1) մանկաբարձ-գինեկոլոգի կողմից իրականացվող հղիների, այդ թվում բարձր ռիսկի խմբի, և ծննդկանների հսկողության ամբողջ ծավալը.

2) լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը հղիների նախածննդյան հսկողության ընթացքում, այն թվում`

3) ՄԻԱՎ-ի նկատմամբ կամավոր խորհրդատվության և հետազոտության ապահովումը, օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով.

4) հղիների սոցիալ հոգեբանական աջակցության, ուսուցման և ծննդաբերությանը ֆիզիկական նախապատրաստման աշխատանքների իրականացումը.

5) մանկաբարձ-գինեկոլոգի ուղեգրմամբ հղիներին նեղ մասնագետների կողմից խորհրդատվության ապահովումը և ըստ անհրաժեշտության բուժօգնության ցուցաբերումը:

5. Հղիներին պետության կողմից երաշխավորված բժշկական օգնությունը և ծառայությունները ներառում են հետազոտությունների և զննումների հետևյալ ծավալները`

1) Հղի կանանց վաղ հայտնաբերում, հաշվառում և ուղեգրում մանկաբարձ-գինեկոլոգի մոտ առաջին այցի ժամանակ, եթե հղին հայտնաբերվել է գյուղական բժշկական ամբուլատորիայի (ընտանեկան բժշկի/մանկաբարձուհու) կողմից:

2) Այցելություններ մանկաբարձ-գինեկոլոգին, մանկաբարձուհուն, այդ թվում`

ա. նվազագույնը 4-6 այց նորմալ ընթացող հղիության դեպքում (մինչև հղիության 12 շաբաթական ժամկետը կամ ըստ հայտնաբերման, այնուհետև 16-18, 22-24, 30-32, 34-36, 38-40 շաբաթական ժամկետներում), իսկ հղիության ախտաբանությունների դեպքում (հիվանդանոցային հետազոտումից և բուժումից զատ)` նվազագույնը 8 և ավելի այց` ըստ անհրաժեշտության ելնելով հղիի վիճակից,

բ. 10 և ավելի զննում հղիության ախտաբանական ընթացքի դեպքում (այդ թվում հղիների 6 այցելությունները վերը նշված ժամկետներում, իսկ լրացուցիչ այցերի ժամկետները որոշվում է մանկաբարձ-գինեկոլոգի կողմից, կախված հղիության պաթոլոգիայից).

3) Այցելություններ ընտանեկան բժշկին, մանկաբարձուհուն/վերապատրաստված բուժքրոջը` մանկաբարձ-գինեկոլոգի կողմից կազմված հղիի վարման անհատական պլանին համապատասխան (առավելապես գյուղական բնակության վայրերում):

4) Թերապևտի զննում (2 անգամ` 1-ին այցի ժամանակ և հղիության 30 շաբաթական ժամկետում) և ստոմատոլոգի և այլ նեղ մասնագետների կոնսուլտացիայի կազմակերպում` ըստ անհրաժեշտության:

5) Բարձր ռիսկի խմբի հղիների հայտնաբերում և ուղեգրում նեղ մասնագիտացված մանկաբարձագինեկոլոգիական հաստատություն (երրորդ մակարդակ):

6) Լաբորատոր հետազոտությունների կազմակերպում և իրականացում` ըստ հետևյալ ծավալների`

Նորմալ ընթացքով և ցածր ռիսկի խմբի հղիների հսկողության ընթացքում

1) արյան ընդհանուր քննություն 2 անգամ (1-ին այցի ժամանակ և 30 շաբաթական ժամկետում), տրոմբոցիտների և մակարդելիության ժամանակի որոշումով,

2) մեզի ընդհանուր հետազոտություն 2 անգամ (1-ին այցի ժամանակ և 30 շաբաթական ժամկետում, ինչպես նաև` ըստ անհրաժեշտության),

3)արյան բիոքիմիական հետզոտություն 2 անգամ (միզանյութի, գլյուկոզայի, պրոտրոմբինի որոշում),

4) Rh-պատկանելիության և արյան խմբի որոշում (I այցի ժամանակ),

5) MRP կամ RW (երկու անգամ` 1-ին այցի ժամանակ և 30 շաբաթական ժամկետում),

6) հեշտոցի մաքրության աստիճանի և քսուքի բակտերիոսկոպիկ հետազոտություն (1-ին 
այցի ժամանակ և 30 շաբաթականում),

7) նեղ մասնագետների կոնսուլտացիաներ ըստ ցուցումների (անհրաժեշտության դեպքումէլեկտրոկարդիոգրաֆիա, էխոկարդիոգրաֆիա),

8) գերձայնային հետազոտություն (պտղի ներարգանդային ախտորոշում)` մինչև 12 
շաբաթական ժամկետը կամ ըստ առաջին այցի, հղիության 20-22 շաբաթական ժամկետում և 34-36 շաբաթական ժամկետում,

9) ՄԻԱՎ–ի հետազոտություն, կամավոր խորհրդատվության պայմաններում (բոլոր հղիներին, անկախ ռիսկի գործոններից):

Բարձր ռիսկի խմբի հղիների հսկողության ընթացքում (ի լրումն 1.1. կետով նախատեսված ծավալի), որն իրականացվում է ըստ անհրաժեշտության, ելնելով ախտաբանության բնույթից*

1) արյան ընդհանուր քննություն` լեյկոֆորմուլայով, 

2) մեզի ցանքս,

3) արյան բիոքիմիական հետազոտություն (կոագուլոգրամա, լյարդի ֆունկցիոնալ պրոբաներ, ռևմոֆակտորներ, ԱՍՏ, ԱԼՏ-ֆերմենտների որոշում),

4) գլյուկոզա տոլերանտության պերօռալ թեստ,

5) հակառեզուսային հակամարմինների տիտրի որոշում, 

6) հեշտոցի պարունակության բակտերիոլոգիական հետազոտություն, 

7) TORCH (տոկսոպլազմա, կարմրախտ, հերպես, ցիտոմեգալովիրուս, խլամիդիա,

8) ուրեապլազմա և այլ սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ,նեղ մասնագետների կոնսուլտացիաներ ըստ ցուցումների (անհրաժեշտության դեպքում էլեկտրոկարդիոգրաֆիա, էխոկարդիոգրաֆիա),

9) պտղի բիոքիմիական հետազոտություն` ըստ ցուցումների` դոպլերոֆլյուսոմետրիա:

7 Հետծննդյան 40 օրերի ընթացքում ծննդկանների հսկողության կազմակերպումը: Ապահովվում է տվյալ կնոջ նախածննդյան հսկողությունն իրականացրած մասնագետների` մանկաբարձ-գինեկոլոգի, ընտանեկան բժշկի, մանկաբարձուհու կողմից: Ըստ անհրաժեշտության կազմակերպվում են նաև հետազոտություններ և ցուցաբերվում է մանկաբարձա-գինեկոլոգիական մասնագիտացված օգնության` կանանց կոնսուլտացիայում:

8 Հղիության ախտաբանական ընթացքի դեպքում, ըստ անհրաժեշտության, ապահովվում են հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ` համաձայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգով:

9 Հղիների ուղեգրումը ծննդօգնության պրոֆիլի բուժհաստատություններ` ստացիոնար բուժման կամ ծննդաբերության, կատարվում է տեղամասային մանկաբարձ-գինեկոլոգի կողմից, ընդ որում հոսպիտալացման հիմք է հանդիսանում համապատասխան ուղեգիրը կամ փոխանակման քարտը, կամ ընդունարանի բժշկի գրառումը կամ շտապ օգնության ուղեգիրը:

10 Հղիության ախտաբանական ընթացքի և էքստրագենիտալ հիվանդությունների դեպքում հղիների հետազոտությունը և բուժօգնությունն ապահովվում է ստացիոնարի պայմաններում, իսկ առանձին դեպքերում, կախված ախտաբանության բնույթից և ծանրության աստիճանից` նաև համապատասխան մասնագիտացված ծննդատներում, ինստիտուտներում կամ կենտրոններում:

11 Հղիների նախածննդյան հսկողության ընթացքում հատուկ կարևորվում է հղիության ընթացքում վտանգի նշանների մասին տեղեկությունների տրամադրումը, որի վերաբերյալ հղիին վարող մասնագետները (մանկաբարձ-գինեկոլոգը, ընտանեկան բժիշկը, մանկաբարձուհին) հղիին և նրա ընտանիքի անդամներին պարտադիր ապահովում են անհրաժեշտ խորհրդատվությամբ և տեղեկատվությամբ/տես ստորև:

12 Խիստ կարևոր է հղիների վաղ հայտնաբերման և հաշվառման (մինչև 12 շաբաթական և ավելի վաղ ժամկետներում) գործընթացի կազմակերպումը բուժհաստատության կողմից: Այն հանդիսանում է հղիին սույն հրամանով սահմանված ընթացակարգով ծննդօգնության պետական հավաստագրի ժամանակին տրամադրման կարևորագույն նախապայման:

13 Հղիներին հասցեական տեղեկատվությամբ ապահովելու համար նախածննդյան հսկողության առաջին իսկ այցի ժամանակ հղին իրազեկվում է կանանց կոնսուլտացիայում հսկողության ընթացքում անվճար բուժօգնություն ստանալու իրենց իրավունքի և ծննդօգնության պետական հավաստագիր ստանալու ընթացակարգի մասին: Իրազեկման փաստը վավերացվում է հղիի նախածննդյան հսկողության քարտում, վերջինիս կողմից գրառմամբ և ստորագրությամբ:

III. Տեղեկատվություն հղիության ընթացքում վտանգի նշանների մասին

Հղիության ընթացքում ծագող ախտաբանական վիճակներին հաճախ նախորդում են վտանգի որոշ նշաններ, որոնց վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն պետք է տրամադրել հղիներին և նրանց ընտանիքի անդամներին,

1. Անհապաղ դիմեք հիվանդանոց, եթե առկա է`

• արյունային արտադրություն հեշտոցից, 
• դժվարաշնչություն, շնչարգելություն, 
• հարպտղային ջրերի արտահոսք, 
• ցավ ցանկացած տեղակայման, հատկապես որովայնի,կրծքավանդակի և վերստամոքսային շրջանում, 
• տեսողության վատացում, ուժեղ գլխացավ, գլխապտույտ, ընդհանուր թուլություն, շրջապատի նկատմամբ անտարբերություն, 
• սրտխառնոց և փսխումներ հղիության երկրորդ կեսում, 
• գիտակցության մթագնում, ցնցումներ, 
• պտղի շարժումների փոփոխություն` խիստ շարժունակություն, շարժումների թուլացում կամ բացակայություն:

2. Դիմեք բժշկի խորհրդատվությանը, եթե առկա է `

• բարձր ջերմություն, 
• մաշկի մշտական քոր, ցանավորում, 
• սրտխառնոց և փսխում հղիության առաջին կեսում, 
• ձեռքերի և ոտքերի այտուցներ, երակների վարիկոզ լայնացում, 
• թուլություն, գրգռվածություն, անքնություն, 
• գլխացավ, գլխապտույտ, հոգնածություն, 
• հաճախամիզություն, ցավ, այրոց միզելիս, 
• լուծ, փորկապություն, 
• առատ , ոչ արյունային արտադրություն հեշտոցից, 
• հեշտոցային արտադրության քանակի, բնույթի փոփոխություն, 
• շփում վարակիչ հիվանդների հետ:

IV. Մանկաբարձագինեկոլոգիական հիվանդանոցային բուժօգնության կազմակերպումը (ՀՀ ԱՆ 25.12.2007թ. N 1933-Ա հրաման Գլուխ IV)

Պետության կողմից երաշխավորված անվճար մանկաբարձական հիվանդանոցային բուժօգնություն ցուցաբերվում է բոլոր հղիների, ծննդաբերների և ծննդկանների համար և ընդգրկում է`

1) հղիների նախածննդյան հիվանդանոցային օգնությունը` հղիության ախտաբանական ընթացքի և պտղի ներարգանդային ախտահարման դեպքերում,

2) հղիների և ծննդաբերների ծննդալուծման և հետծննդյան (ներառյալ նորածինների) խնամքը,

3) հղիների և ծննդաբերների բարդացած ծննդաբերության և հետծննդյան (ներառյալ հիվանդ նորածինների) խնամքն ու բուժումը, ներառյալ կեսարյան հատումները,

4) ծննդկանների հետծննդյան շրջանի (40 օր) վերաբերյալ խորհրդատվության (ներառյալ հետծննդյան շրջանում վտանգի նշանների մասին տեղեկատվությունը) տրամադրումը և հետծննդյան բարդությունների բուժումը,

5) հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում էքստրագենիտալ (արտասեռական) ախտաբանութունների բուժումը` մասնագիտացված պրոֆիլային բուժհաստատություններում (բաժանմունքներում): 

V. Հղիների սոցիալական պաշտպանությունը և երեխայի ծննդյան պետական գրանցումը

Հայաստանի Հանրապետության «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» (2005թ.), «Պետական նպաստների մասին» (2006թ.) օրենքներով և ՀՀ կառավարության 2008թ. «պետական նպաստների չափերը սահմանելու մասին» թիվ 1530 (դեկտեմբերի 27, 2007թ.) որոշմամբ ամրագրվել են հղիության ու ծննդաբերության արձակուրդի, աշխատողին անձին տրվող հղիության ու ծննդաբերության նպաստի և երեխայի ծննդյան միանվագ ու մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների, ինչպես նաև երեխայի ծննդյան միանվագ օգնության նշանակման հետևյալ կարգերը.

1. Նախածննդյան և հետծննդյան արձակուրդ

1) Վարձու աշխատողներին ու ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց տրվում է հղիության ու ծննդաբերության արձակուրդ և նպաստ`

ա. 140 օր (70 օրացուցային օր` նախածննդյան, 70 օրացուցային օր` հետծննդյան ժամանակահատվածում),

բ. 155 օր (70 օրացուցային օր` նախածննդյան, 85 օրացուցային օր` հետծննդյան ժամանակահատվածում), բարդ ծննդաբերության դեպքում,

գ. 180 օր (70 օրացուցային օր` նախածննդյան, 110 օրացուցային օր` հետծննդյան ժամանակահատվածում), զույգ և ավելի երեխաներ ունենալու դեպքում:

2) Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված վարձու աշխատողին հղիության ու ծննդաբերության նպաստ նշանակվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանի համար: Նպաստը վճարվում է որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական դառնալը (երկու և ավելի նորածին որդեգրած կամ խնամակալ նշանակված անձին` մինչև նորածնի 110 օրական դառնալը):

3) Հղիության ու ծննդաբերության արձակուրդում գտնվելու ժամանակաշրջանում ժամկետից շուտ կամ ուշ ծննդաբելեու դեպքում հղիության ու ծննդաբերության արձակուրդի ընդհանուր օրերի թիվը և դրանց համար վճարվող հղիության ու ծննդաբերության նպաստը մնում են անփոփոխ:

4) Հղիության 154-րդ օրից հետո վաղաժամ ծննդաբերելու և հղիության արձակուրդում չգտնվելու դեպքում նպաստը տրվում է միայն ծննդաբերության արձակուրդի ժամանակաշրջանի համար:

5) Հղիության ու ծննդաբերության նպաստը հաշվարկելիս հիմք ընդունվող միջին աշխատավարձը վերցվում է 100 տոկոսի չափով` անկախ ապահովագրական ստաժի տևողությունից:

6) Հղիության ու ծննդաբերության նպաստը հաշվարկելու համար միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) բաժանվում է 30.4-ի (մեկ ամսվա միջին օրերի) վրա ու բազմապատկվում ժամանակավոր անաշխատունակության օրացուցային օրերի թվով:

7) Վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը (եկամուտը) հաշվարկվում է ժամանակավոր անաշխատունակության դեպքին նախորդած 3 օրացուցային ամիսներին տվյալ աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներից և դրանց հավասարեցված եկամուտներից:

2. Երեխայի ծննդյան միանվագ նպաստը և օգնությունը

1) Յուրաքանչյուր ծնված երեխայի համար նշանակվում է երեխայի ծննդյան միանվագ նպաստ: Այս նպաստը կազմում է 35,000 դրամ` յուրաքանչյուր նորածնի համար (երկվորյակների դեպքում նպաստը կկազմի 70,000 դրամ, և այլն):

2) 2008թ.-ից սկսած ընտանիքների անապահովության գնահատման համակարգում («ՓԱՐՈՍ») հաշվառված «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքները ստանում են 300 հազար դրամ միանվագ օգնություն երրորդ (և հաջորդ) երեխայի ծնվելու կապակցությամբ:

3) Երեխայի ծննդյան միանվագ օգնության համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը դիմում է իր փաստացի բնակության վայրի «Սոցիալական ծառայության տարածքային գործակալություն»: Երեխայի ծննդյան միանվագ օգնությունը նշանակվում է, եթե դիմումը ներկայացվել է երեխայի ծնվելու օրվանից սկսած` վեց ամսվա ընթացքում:

4) Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե երեխայի ծնողներից մեկը կամ երեխայի խնամակալը դիմել է իր փաստացի բնակավայրի «Սոցիալական ծառայության տարածքային գործակալությանը» երեխայի ծննդյան օրվանից հետո` տասներկու ամսվա ընթացում և ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.]

ա. դիմում, 
բ. երեխայի ծննդյան վկայականի պատճենը, 
գ. տեղեկանք բնակության վայրից, 
դ. խնամակալության կամ որդեգրման մասին փասթաթղթի պատճենը, 
ե. ծնողի կամ խնամակալի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, 
զ. երեխայի և ծնողի սոցիալական ապահովության քարտի պատճենը:

3. Երեխայի ծննդյան պետական գրանցումը

Ըստ ՀՀ «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքի, բոլոր ընտանիքները պարտավոր են գրանցել իրենց երեխայի ծնունդը:

1) Ծննդի պետական գրանցումն իրականացվում է երեխայի ծննդի կամ ծնողների (ծնողներից մեկի) բնակության վայրի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման» (ՔԿԱԳ - ԶԱԳՍ) պետական մարմինների կողմից:

2) Եթե երեխան ծնվել է տրանսպորտային միջոցում` ուղերթի ընթացքում, ապա ծննդի պետական գրանցումն իրականացնում է ծնողների (ծնողներից մեկի) բնակության վայրի կամ տրանսպորտային միջոցի ուղերթի տարածքում գտնվող ՔԿԱԳ որևէ մարմին: Այդ դեպքում, որպես երեխայի ծննդյան վայր, նշվում է երեխայի ծննդի պետական գրանցման վայրը:

* Հղիության ախտաբանական ընթացքի դեպքում, ըստ անհրաժեշտության, իրականացվում են նաև այլ հետազոտություններ(ներառյալ սեռավարակների և ներարգանդային վարակային հիվանդությունների /TORCH, ինչպես նաև պերինատալ այլ ախտաբանությունների ախտորոշումը), առանց ծավալների սահմանափակման` այն կազմակերպությունների կողմից, որոնք իրականացնում են հղիների նախածննդյան հսկողություն և/կամ հատուկ ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ:

 

Հավելված N5 
ՀՀ ԱՆ 30.05. 2008թ. 
N 761- Ա հրամանի>

 

ՀԱՅՏ 
ԾՆՆԴՕԳՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ

1. Իրավաբանական անձի անվանումը` ...................................................

2. Կազմակերպական-իրավական ձևը ` ...................................................

3. Իրավաբանական անձի հիմնադիրը` ...................................................

4. Իրավաբանական անձի հասցեն` ..................................................................

5. Ծննդօգնության պետական հավաստագրի ձևաթղթերի քանակը` -------------- 
(որը հայցվում է կազմակերպության կողմից) 

Կից ներկայացվող փաստաթղթերը`

1. Իրավաբանական անձի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու լիցենզիայի պատճենը. 
2.Տեղեկանք նախորդ տարվա ընթացքում հսկված հղիների վերաբերյալ:

 

Հավելված N6 
ՀՀ ԱՆ 30.05. 2008թ. 
N 761- Ա հրամանի

 

ԳՐ Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն 
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԾՆՆԴՕԳՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ՁԵՎԱԹՂԹԵՐԻ

 

Հավելված N7 
ՀՀ ԱՆ 30.05. 2008թ. 
N 761- Ա հրամանի

 

ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ 
ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀՂԻՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԾՆՆԴՕԳՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ

 

Հավելված N8 
ՀՀ ԱՆ 30.05. 2008թ. 
N 761- Ա հրամանի

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 
ՆԱԽԱԾՆՆԴՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ՀՂԻՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
 
Աղբյուրը՝ healthrights.am կայք