ա) ՊԻԵԽ-ով սահմանված թիվ 11 իրավունքը

«Յուրաքանչյուր ոք իր հիվանդության բոլոր փուլերում իրավունք ունի առավելագույնս զերծ մնալ տառապանքներից և ցավից»:

բ) ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իրավունքը

ՀՀ Սահմանադրություն

Թեև ՀՀ Սահմանադրությունը և օրենսդրությունը բժշկական օգնության համատեքստում ցավի և տառապանքների հարցն ուղղակիորեն չեն կարգավորում, ՀՀ Սահմանադրության 17-րդ հոդվածը սահմանում է.

«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների, ինչպես նաև անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի։ Ձերբակալված, կալանավորված և ազատազրկված անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի և արժանապատվության հարգման իրավունք:

Մարդուն չի կարելի առանց իր համաձայնության ենթարկել գիտական, բժշկական և այլ փորձերի»:

ՀՀ քրեական օրենսգիրք

Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածըպատասխանատվություն է նախատեսում խոշտանգման համար, որի միջոցով անձին դիտավորյալ կերպով պատճառվում է ուժեղ ցավ կամ մարմնական կամ հոգեկան տառապանք: Սա կարող է վերաբերել նաև բուժմանը:

Տե՛ս նաև, Անվտանգության իրավունքի և Որակի չափանիշի պահպանման իրավունքի բաժինների համապատասխան դրույթները (վերը նշված 8-րդ և 9-րդ իրավունքները):

գ) Համապատասխան ենթաօրենսդրական ակտեր

Անուղղակի ձևով նշված իրավունքը ամրագրված է պետության կողմից երաշխավորված առողջապահական պետական ծրագրերի մեջ, քանի որ դրանցով նախատեսվում է պետական բյուջեի միջոցների հաշվին յուրաքանչյուր տարի ցավազրկող դեղերի ձեռքբերում:

Մասնավոպապես, ՀՀ կառավարության 1999 թվականի օգոստոսի 24-ի թիվ 85 որոշմամբ հաստատված 1999 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերում նշվել է, որ պետությունը, համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգի, երաշխավորում է չարորակ նորագոյացություններով հիվանդներին հանրապետական հակաուռուցքային դիսպանսերի, մարզերի հակաուռուցքային դիսպանսերների ուռուցքաբանական կաբինետների միջոցով կենտրոնացված գումարների հաշվին ապահովել անհրաժեշտ քիմիաթերապևտիկ և ցավազրկող դեղամիջոցներով: Կառավարութան որոշումներով նախատեսված է նաև ցավազրկող դեղորայքի ձեռք բերում զինծառայողների կարիքների համար:

Ցավից զերծ մնալու որոշակի երաշխիքներ են ամրագրված ՀՀ կառավարության 2003 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 1717-Ն որոշմամբ: Որոշմամբ մասնավորապես սահմանվում է, որ պետական միջոցների հաշվին ամբուլատոր, դիսպանսեր և հիվանդանոցային հաստատությունների կողմից չարորակ նորագոյացություններ ունեցող անձանց անվճար հատկացվում են հակաուռուցքային դեղեր, ցավազրկող դեղեր, թմրամիջոցներ:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 2-ի «Վերարտադրողական դոնորների, ինչպես նաև վերարտադրողականության դոնոր չհանդիսացող քաղաքացիների կողմից սեռաբջիջների տրամադրման, տրամադրված սեռաբջիջների և սաղմի պահպանման կարգն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 1273-Ն որոշումը սահմանում է բժշկական օգնության այդ տեսակների համար ցավազրկման երաշխիքեր:

Հաշվի առնելով վերոգրյալը` հնարավոր է փաստել, որ ոչ անհրաժեշտ տառապանքներից և ցավից զերծ մնալու իրավունքը օրենքներով ուղղակիորեն ամրագրված չէ Հայաստանում, և միևնույն ժամանակ ենթաօրենսդրական ակտերով հակացավային միջոցներից օգտվելու իրավունքը երաշխավորված է որոշակի խմբի հիվանդների համար (օրինակ` չարորակ նորագոյացություններ ունեցողներ, զինծառայողներ):

դ) Էթիկայի կանոնագրքի համապատախան դրույթներ

Թեև Հայաստանի Հանրապետությունը էթիակայի կանոնագիրք չի ընդունել, Համաշխարհային բժշկական ընկերակցության (ՀԲԸ)` էթիկային վերաբերող փաստաթղթերը սահմանում են երաշխիքներ բժիշկների համար (տե՛ս վերը նշված թիվ 1 իրավունքը, մաս «դ»): ՀԲԸ Պացիենտի իրավունքների մասին հռչակագրի 10-րդ սկզբունքի «բ» կետն ամրագրում է տառապանքներից պացիենտների ազատ լինելու իրավունքը` հիմնված գիտելիքների ժամանակակից մակարդակի վրա:

Նույն հռչակագրի 10-րդ սկզբունքի «գ» կետը սահմանում է, որ պացիենտի խնամքը պետք է լինի մարդասիրական և ցուցաբերվի հնարավոր ողջ աջակցությունը, որպեսզի մահը լինի որքան հնարավոր է արժանապատիվ և հանգիստ:

Բացի այդ, ՀԲԸ Բժշկական էթիկայի ձեռնարկը (էջ 59) նախատեսում է, որ պալիատիվ խնամքը պետք է լինի պացիենտների բոլոր տարիքներին համապատասխան, սկսած երեխայից մինչև տարեցները, ում կյանքը մոտեցել է ավարտին: Պալիատիվ խնամքի հատկանիշներից մեկը, որին պետք է ավելի մեծ ուշադրություն դարձվի, ցավի վերահսկումն է: Բոլոր բժիշկները պետք է համոզված լինեն, որ այս ոլորտում ունեն համապատասխան ունակություններ, ինչպես նաև կարողանան խորհրդատվություն հայցել պալիատիվ խնամքի մասնագետներից: Գլխավորապես, բժիշկները ոչ թե պետք է լքեն մահացող պացիենտներին, այլ պետք է կարեկցանքով շարունակեն օգնության ցուցաբերումը, նույնիսկ եթե ապաքինումն այլևս հնարավոր չէ:

ե) Գործնական օրինակներ

1. Համապատասխանության օրինակ(ներ)

Քաղցկեղով հիվանդ քաղաքացին, դիմելով Ուռուցքաբանության ազգային կենտրոն և ստանալով համապատասխան դեղորայք, ստանում է համապատասխան բուժօգնություն: Վիրահատությունից հետո անձը դուրս է գրվում հիվանդանոցից և անցնում ամբուլատոր բուժման տնային պայմաններում: Հաշվի առնելով, որ անձը ցավային համախտանիշը մեղմելու համար կարիք ուներ ցավոզրկող դեղերի` Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժշկական տեղեկանքի հիման վրա անձը դիմում է բնակության վայրի ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություն, և այնտեղ բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա հիվանդին նշանակվում և անվճար հատկացվում են թմրամիջոցներ (հայտնվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից):

2. Խախտման օրինակ(ներ)

Քաղաքացի Լ-ն, դիմելով ծննդատուն ծննդօգնության ծառայություններ ստանալու համար, հայտնել է, որ ցանկանում է ծննդալուծումը իրականացնել առանց ցավի: Բժշկական հաստատությունում իրեն հայտնել են, որ քանի որ չկան բժշկական ցուցումներ ցավազրկում կատարելու համար, պետական պատվերի շրջանակներում հնարավոր չէ էպիդուռալ ցավազրկում կատարել: Ծննդկանին առաջարկել են վճարել 25.000 դրամ` ցավազրկում կատարելու համար: Քանի որ ծննդկանը չի կարողացել վճարել նշված գումարը, ծննդօգնությունը իրականացվել է առանց ընդհանուր ցավազրկման (հայտնվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից):

3. Իրական դեպքեր (գրանցված և չգրանցված)

Քանի որ իրավունքի այս ոլորտը դեռ գտնվում է զարգացման փուլում, այս բաժնի համար իրական դեպքերի օրինակներ չկան: Ընթերցողները սույն ուղեցույցի հետագա խմբագրության նկատակով կարող են առաջարկել իրական դեպքերի օրինակներ` դրանք ուղարկելով հետևյալ հասցեով. info[at]healthrights.am:

զ) Գործնական նշումներ (գործնական խորհուրդներ իրավաբանների համար)

• Թեև ոչ անհրաժեշտ տառապանքներից և ցավից զերծ մնալու իրավունքն ուղղակի ամրագրված չէ ՀՀ օրենսդրությամբ, այդուհանդերձ յուրաքանչյուր բժիշկ պարտավոր է պացիենտին բուժելու ընթացքում անել ամեն ինչ վերջինիս ցավից և տառապանքից հնարավորինս զերծ պահելու համար: Բացի դրանից, բժիշկը պացիենտին դիտավորյալ ցավ պատճառելու դեպքում կկրի քրեական պատասխանատվություն, իսկ անզգուշությամբ կամ ոչ պատշաճ որակով ծառայություններ մատուցելու հետևանքով պացիենտին ցավ և տառապանք պատճառելու դեպքում կարող է կրել կարգապահական և նյութական պատասխանատվություն:

• Պացիենտի ցավի և տառապանքների վերաբերյալ պետք է զգուշորեն հավաքվի մանրամասն տեղեկատվություն, որոնք առաջացել են բժշկական անձնակազմի գործողությունների կամ սխալի հետևանքով, որպեսզի գնահատվի արդյոք խախտվել են ողջամտության սահմանները. համապատասխան բուժման վերաբերյալ կրկին պետք է ձեռք բերվեն փորձագիտական եզրակացություններ:

է) Համապատասխան միջազգային և տարածաշրջանային իրավունքներ

Պացիենտների իրավունքների եվրոպական խարտիա - Ոչ անհրաժեշտ ցավից և տառապանքներից զերծ մնալու իրավունք

Մարդու իրավունքները պացիենտի խնամքի ոլորտում -Առողջության իրավունք, Խոշտանգումներից և դաժան, անմադրկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից ազատ լինելու իրավունք

Աղբյուրը` healthrights.am  կայք