Գիտնականները վստահեցնում են, որ հեռուստացույցի առջեւ երկար նստելը վնասակար է երեխաների համար։ Շատ երեխաներ իրենց օրն անցկացնում են  էկրանի առջեւ ժամերով նստած։ Դրա մասին ծնողները  քաջատեղյակ են, սակայն  ոչ մի կերպ չեն կարողանում իրենց երեխային "կտրել" հեռուստացույցից։

Այսօր հոգեբանները եւ գիտնականները միաձայն պնդում են, որ հեռուստացույցը առաջին հերթին ազդում է երեխայի զարգացող նյարդային համակարգի վրա, որն էլ անրադառնում է երեխայի առողջության եւ վարքի վրա։ Հեռուստացույցը ստեղծում է հիպնոտիկ մի դաշտ, որն էլ ստիպում է  երեխաներին ժամերով գամվել էկրանին։ Երբ  հեռուստացույցն անջատվում է, ուղեղի բետա ալիքները (արթնության ալիքները) իրենց տեղը զիջում են  դանդաղ ալֆա ալիքներին (որոնք դիտվում են այն ժամանակ, երբ մարդը պատրաստվում է քնել)։ Դրա հետեւանքով ուշադրությունը դառնում է ցրված, տեսողությունը եւ լսողությունը բթանում են, իջնում է ճանաչողական գործընթացների արագությունը։ Հեռուստացույց շատ դիտելուց ակտիվանում է երեխայի աջ կիսագունդը, որը պատասխանատու է զգացմունքային ռեակցիաների համար։


Հեռուստացույցը  բացասաբար է ազդում երեւակայության վրա

Երկար հեռուստացույց դիտելուց երեխայի երեւակայությունը սահմանափակվում է։ Գերմանացի  մանկաբույժ  Պիտր Վինտերշտայնը  ավելի քան 17  տարի ուսումնասիրել է 5-6 տարեկան երեխաներին եւ պարզել, որ  որքան շատ է երեխան ժամանակ անցկացնում հեռուստացույցի առջեւ, այնքան քիչ  դետալներ է օգտագործում նկարելիս, իսկ նկարված  կերպարներն արտահայտված չեն։ Նրանց նկարած կերպարներն անհամաչափ են, նկարները` ավելի սխեմատիկ ու անկենդան։

Խանգարում է կենտրոնանալ

Հեռուստացույցը ազդում է նաեւ երեխայի ուսման պրոցեսի վրա։ Որքան վաղ հասակից է երեխան տարվում հեռուստացույցով, այնքան տուժում է առաջադիմությունը, քանի որ ծանրաբեռնվում են ուշադրությունը, լսողական եւ տեսողական համակարգերը։


Խանգարվում է քունը

Այն երեխաները, ովքեր չարաշահում են հեռուստացույց դիտելը, ավելի դժվար են քնում, գիշերները հաճախ են արթնանում, մղջավանջներ տեսնում։  Այս բոլոր բարդությունները շարունակվում են  նաեւ ավելի մեծ տարիքում։


Նպաստում է ճարպակալմանը

Երկար ժամանակ հեռուստացույցի առջեւ անշարժ գամված մնալով` երեխան աստիճանաբար սովորում է նստակյաց կյանքի, ինչն էլ նպաստում է գիրանալուն։ Ամենաառաջին խանգարումը, որ դիտվում է հեռուստացույցի չարաշահելու դեպքում, քնի խանգարումն է, իսկ ոչ բավարար քունը նպաստում է մարսողության ոչ լիարժեք իրականացմանը։


Նպաստում է ագրեսիայի առաջացմանը

Վերջին 20 տարիների  ընթացքում ԱՄՆ-ում   ուսումնասիրություններ են  կատարվել  հեռուստացույցի չարաշահման եւ հանցագործության քանակի ավելացման միջեւ եղած կապը պարզելու համար։ Ազդեցությունն առավել ակնհայտ է թրիլեր եւ մարտաֆիլմեր սիրողների վրա։ Էկրանում տեղի ունեցող ագրեսիան եւ բռնությունը  ուղեղն ընկալում է որպես իրական, մենք տագնապ ենք ապրում, անվստահություն, վախ, իսկ  ուղեղի համապատասխան կենտրոնները, ակտիվանալով` նպաստում են փախուստի եւ ագրեսիայի ակտիվացմանը։ Երբ մարդը պարբերաբար նայում է դաժան սցենարներով ֆիլմեր, տեսարաններ, հուզական արձագանքները նման երեւույթների նկատմամբ թուլանում են։ Այսպես, երեխան աստիճանաբար սովորում է բռնությանը եւ սկսում է սառնասրտորեն այդ ամենը վերարտադրել։ Հաճախ երեխաները դիմում են նմանատիպ քայլերի այն ժամանակ, երբ կարծում են, որ իրենց արարքը կմնա անպատիժ։


Խորհուրդ ծնողներին

Դիտեք հեռուստացույց երեխայի հետ
Եթե երեխան նայում է միայն  անվտանգ բովանդակության մուլտֆիլմեր, միեւնույն է դա անօգուտը  է, եթե երեխան մենակ է նայում։ Աշխատեք մինչեւ 7  տարեկան երեխային մենակ չթողնել հեռուստացույցի առջեւ։ Ուշադիր հետեւեք նրա ռեակցիաներին, մեկնաբանեք նրան հասականալի լեզվով, թե ինչ է կատարվում էկրանին։

Ծնողին լսելով` երեխան սովորում է արտահայտել իր հույզերը։ Դա օգնում է, որ վստահություն ձեւավորվի երեխայի եւ ծնողի միջեւ։ Ցանկալի  է, որ երեխան մուլֆիլմեր դիտի 3-4 տարեկանից ոչ շուտ, երբ արդեն ընդունակ է հասկանալ ոչ բարդ սյուժեները, քանի որ երեխան նույնացնում է իրեն հերոսի հետ, ցուցաբերում է հերոսին բնորոշ վարք։

Ինչպես երեխային հեռու պահել հեռուստացույցից

- Ցանկալի է, որ մինչեւ  1 տ. երեխաները  չդիտեն հեռուստացույց ընհանրապես, իսկ 1 տարեկանից սկսած`  օրական  30 րոպե կամ  1 ժամից ոչ ավել։ Ցանկալի է, որ երեխայի սենյակում  հեռուստացույց  չլինի։

- Մի միացրեք հեռուստացույցը դպրոց գնալուց առաջ, դա կարող է շեղել երեխայի ուշադրությունը  ուսումնական պրոցեսից։

- Հետեւեք, թե երեխան ինչպիսի հաղորդումներ է նայում եւ որքան ժամանակ է անցկացնում էկրանի  առաջ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն երեխանները, ովքեր նայում են կրթական հաղորդումներ, ավելի  հեշտությամբ են հարմարվում սոցիալական միջավայրում, առաջադեմ են դպրոցում, ունեն ավելի հարուստ բառապաշար։ Ծնողներն այդ հարցերում պետք է բավական պատասխանատու լինեն, քանի որ այդ տարիքում ծնողները հեղինակություն են երեխայի համար եւ նրանց կողմից արվող առաջարկություններն ընդունվում են փոքրիկի կողմից։

- Երեխային հեռուստացույցից օգտվելու կուլտուրային սովորեցրեք ձեր փորձով։ Այն ծնողները, ովքեր հեռուստամոլ են, դժվար թե կարողանան իրենց երեխաներին օգնել այս հարցում։ Սակայն, նրանք պետք է այս կանոնները պահպանեն գոնե մանուկ հասակում` հասկանալով, որ դա բացասաբար է ազդում  երեխայի ուղեղի զարգացման վրա։

- Հիշեք, որ դաժան  եւ  բռնության  տեսարանները  մեծ  տրավմա են պատճառում երեխային, որոնք հետագայում կարող են լուրջ ազդեցություն թողնել երեխայի հոգեկան աշխարհի վրա։

- Խոսեք երեխայի հետ այն հույզերի մասին, որոնք նա ունենում է հեռուստացույց դիտելիս։