"Համակարգչից ամեն օր օգտվող երեխան ենթարկվում է էլեկտրամագնիսական ճառագայթների ազդեցությանը, ինչի հետևանքով երեխայի մոտ առաջանում են որոշ հիվանդություններ։ Հատկապես հին մոդելի համակարգիչներից պետք է հեռու պահել երեխաներին",- նման մտահոգություն հայտնեց այսօր մանկական նյարդաբան Շուշան Ասատրյանը, ով նշեց, որ երեխաների մոտ առաջանում են նաև կեցվածքի փոփոխություն` կուզ, ողնաշարի ծռումներ և այլն:

Նյարդաբանն ասաց, որ անընդմեջ համակարգչի դիմացից չհեռացող մարդը կարող է տառապել կոմպյուտերամանիայով. "Այն կարող է առաջացնել նյարդային համակարգի խնդիրներ, գիշերները չքնելն ու համակարգչի մոտ 12-13 ժամ անցկացնելը խրոնիկական հոգնածության սինդրոմ է առաջացնում: Համակարգչային խաղերով տարված երեխայի մոտ կարող են առաջանալ սրտանոթային համակարգի, ստամոքսաղիքային տրակտի խանգարումներ",- ընդգծեց Շ. Ասատրյանը:

Մասնագետը կարծում է, որ համակարգչային խաղերով տարված երեխան իրեն նմանեցնում է խաղի հերոսին, ամեն կերպ փորձում հաղթահարել խաղի փորձությունները` անջատվելով կյանքից:
"Դեռահասության տարիքում գտնվող երեխաները ամբողջ օրը մտածում են այդ խաղերի մասին։ Շատ վտանգավոր են կրակոցով խաղերը, այդ կերպ երեխաների համար սպանությունները և ծեծկրտուքները սովորական երևույթներ են դառնում",- փորձից ելնելով` նկատել է նյարդաբանը:

Իր հերթին հոգեբան Մարիամ Դիլբանդյանը նկատեց, որ ինտերնետային խաղերը մեծ ազդեցություն են թողնում երեխայի էմոցիոնալ և ֆիզիկական դաստիարակության վրա` ձևավորելով վարքային մոդել:

"Ինտերնետային խաղերը գրվում են մարդու անգիտակցականի և ենթագիտակցականի վրա ազդելու համար: Որոշ խաղերում հաղթահարելու այդ զգացումը երեխային գցում է կախվածության մեջ: Նման ագրեսիվ խաղերից երեխայի մոտ նյարդերը միշտ լարված են լինում, որն էլ արտահայտվում է, օրինակ, նրա արտաքին աշխարհի հետ շփման ժամանակ",- ասաց հոգեբանը։

Մասնագետները նշեցին, որ ամբողջ աշխարհում կան ձևավորված նորմեր, որոնցով, սակայն, Հայաստանում չեն առաջնորդվում:

Ի գիտություն ծնողների` մինչև 3 տարեկան երեխաներին խստիվ արգելվում է համակարգչից օգտվելը, 3-7 տարեկաններին օրական կարելի է 15 րոպե, ցածր դպրոցական տարիքի երեխաները կարող են համակարգչից օգտվել 20-25 րոպե, իսկ բարձր դպրոցական տարիքի երեխաները` մինչև 35 րոպե, հատուկ պաշտպանիչ էկրանը պարտադիր է:

Aysor.am