Պլաստիկ վիրաբուժության արդի միտումները և ամենապահանջված վիրահատությունների մասին հետաքրքիր մանրամասներ է ներկայացնում «Էլիտ-Մեդ» (Ռաֆայել) բժշկական կենտրոնում պլաստիկ վիրաբույժ Տաթև Բաբայանը:

Որո՞նք են պլաստիկ վիրաբուժության ոլորտում արդի պահանջները, միտումները: Ձեր պրակտիկայում, ավելի հաճախ ո՞ր հարցերի հետ եք առնչվում:

Միտումները բավական փոխվել են. այսօր շատ ավելի հաճախ են դիմում իմպլանտներով կրծքերի ծավալի մեծացման  համար: Տարիներ առաջ մարդիկ կարծում էին, թե այս իմպլանտները կարող են չարորակ գոյացությունների առաջացման պատճառ հանդիսանալ: Ցանկանում եմ ևս մեկ անգամ հայտարարել, որ իմպլանտները լիովին անվնաս են, չեզոք և չեն առաջացնում որևէ հիվանդություն: Կոնսուլտացիաների ժամանակ ես հաճախ եմ սիրում համեմատել իմպլանտները ատամի լիցքի (պլոմբի) հետ, երբ կրկին  գործ ունենք օտար մարմնի հետ, սակայն օրեր անց մոռանում ենք դրա գոյության մասին:

Շատ են դիմում նաև կոպերի պլաստիկայի համար: Կցանկանայի ընդգծել հատկապես ստորին կոպերի պլաստիկան, որն իրականացվում է առանց որևէ սպի թողնելու մաշկի վրա, քանզի պացիենտը, ով ձգտում է կատարելագործել գեղեցկությունը և էլ ավելի երիտասարդ տեսք ունենալ խուսափում է հետվիրահատական սպիներից: Իհարկե չպետք է մոռանալ նաև վերին կոպերի մասին, քանի որ այդ հատվածում վերքերը շատ արագ են լավանում` թողնելով գրեթե աննկատ սպիներ:

Հաճախ են դիմում են նաև մայրիկները՝  հետծննդաբերական շրջանում առաջացած որովայնի առաջային պատի ուրվագծի ձևախախտումների վերացման նպատակով:

Բավական մեծացել է դիմելիությունը լիպոսակցիայի համար, թե՛ տղամարդկանց և թե՛ կանանց շրջանում:

Վերջերս էի  վերապատրաստվում Իսպանիայում, և բավականին նորություններ եմ բերել մեր երկիր` այնտեղ արդեն մեծ տարածում ունեցող դեմքի և մարմնի ուրվագծային դեֆորմացիաների  ոչ վիրահատական եղանակով վերացման վերաբերյալ, որոնք անցավ են, տևում են 10-15 րոպե և տալիս են գերազանց արդյունքներ:

Մի քանի տարի առաջ քթի պլաստիկ վիրահատության բում էր: Ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր: Սա դեռևս առաջատա՞ր վիրահատությունն է այս ոլորտում:

Նախկինում, քթի պլաստիկ վիրահատության դիմող պացիենտները շրջապատի և հասարակության ուշադրության կենտրոնում էին: Այժմ սա համարվում է սովորական երևույթ, և այդ մասին շատ չի խոսվում:

Նկատու՞մ եք արդյոք միտում, որ երիտասարդ աղջիկները ևս դիմում են  օրինակ՝ դեմքի միմիկ կնճիռների հարթեցման:

Այո, ճիշտ եք նկատում: Երիտասարդ աղջիկներն, ովքեր չունեն դեմքի միմիկ կնճիռները վերացնելու ցուցում, դիմում են այս միջամտությանը՝ նորաձևության միտումներից ելնելով:

Այս պարագայում շատ եմ կարևորում բժշկի բարեխիղճ մոտեցումը պացիենտին: Ցուցված չլինելու դեպքում, միջամտությունը չի կարող ապահովել ցանկալի արդյունք:

Ի՞նչ կարևորություն ունի առաջնային խորհրդատվությունը պլաստիկ վիրաբույժի մոտ:

Սա իսկապես շատ կարևոր փուլ է: Եվ այդ ժամանակ բացի սպասվելիք դրական արդյունքներից բժշկի կողմից պարտադիր կերպով պետք է ներկայացվեն նաև հնարավոր բարդությունները: Պացիենտը պետք է հստակ իմանա, թե ինչ է իրեն սպասվում:

Շատերը սպասում են  սեռահասունացման գործընթացի ավարտին, որպեսզի դիմեն վիրահատական այս կամ այն միջամտությանը: Կա՞ն արդյոք վիրահատություններ, որ ցուցված են նաև մանկական հասակում:

Այո, կան նման վիրահատություններ, օրինակ՝ ականջների լոշտակաձև դեֆորմացիայի վերացումը: Ես միշտ խորհուրդ եմ տալիս ծնողներին, երեխայի մոտ նման խնդրի  դեպքում շուտ դիմել պլաստիկ վիրաբույժի: Այս միջամտությունը բնավ կապված չէ սեռահասունացման հետ, և ցանկալի է իրականացնել որքան հնարավոր է վաղ հասակում:

Կարելի է այն կատարել մինչ երեխայի դպրոց գնալը՝ քանի դեռ բարդույթներ չեն ձևավորվել: Չմոռանամ նշել, որ վիրահատությունն իրականացվում է տեղային անզգայացմամբ:

Մանկական հասակում խորհուրդ է տրվում կատարել նաև քթի միջնապատի դեֆորմացիայի վերացման վիրահատությունը` հետագայում խուսափելով վերին ծնոտի որոշ ձևախախտումներից:

 

Կրծքերի ծավալի մեծացում.

Ի՞նչ  է  իրենից  ներկայացնում այս վիրահատությունը: Ինչպե՞ս են ընտրվում իմպլանտները:

Իմպլանտների ձևը և չափն ընտրվում է առաջնային խորհրդատվության ընթացքում՝ հաշվի առնելով պացիենտի ցանկությունը և բժշկի կարծիքը՝ որպես մասնագետ:

Գոյություն ունի վիրահատության 4 «մուտքի դուռ»: Մեր երկրում առավել գործածական են  պերիարեոլյար և ստորկրծքային ծալքի կտրվածքներով վիրահատությունները: Ես առավել նախապատվություն եմ տալիս առաջին տարբերակին, քանի որ այս պարագայում սպին ամենաաննկատն է լինում:

Վիրահատությունը տևում է մոտ մեկուկես ժամ, իրականացվում է ընդհանուր անզգայացմամբ:

Ինչպե՞ս է ընթանում հետվիրահատական շրջանը:

Հետվիրահատական շրջանը այլ վիրահատությունների համեմատությամբ թեթև է ընթանում: Պացիենտները 3-4 շաբաթ կրում են կոմպրեսիոն բժշկական ներքնազգեստ: Հետվիրահատական շրջանում պարզապես պետք է խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվածությունից մոտ 2 ամիս տևողությամբ:

Կարերը հեռացվում են 8-9-րդ օրը, և դրանից հետո արդեն կարելի է թրջել սպին:

Կցանկանայի նշել նաև, որ իմպլանտներ արտադրող այն ընկերությունը, որի հետ ինքս համագործակցում եմ, ապահովագրում է իմպլանտներն ամբողջ կյանքի համար: Այսինքն, անգամ ինչ-ինչ պատճառներով իմպլանտի ամբողջականության խախտման դեպքում, ընկերությունը փոխհատուցում է վիրահատական բոլոր ծախսերը: Սակայն ուրախությամբ կարող եմ ասել, որ իմ գործունեության ընթացքում նման դեպքեր չեն եղել:

Կրծքի ծավալի մեծացումը կարո՞ղ է խոչընդոտել հետագայում կրծքով կերակրմանը կամ հղիության ընթացքին:

Սա իսկապես շատ կարևոր հարց է, որ հետաքրքրում է բոլորին: Առհասարակ, վիրահատության ընթացքում՝ անկախ «մուտքի դռնից»,  կաթնածորանները կարող են վնասվել կամ ոչ՝ 50:50 հարաբերակցությամբ: Որևէ բժիշկ չի կարող երաշխավորել, որ դրանք չեն վնասվի:

Բոլոր պացիենտներին խորհուրդ եմ տալիս նման վիրահատության դիմել այն դեպքում, երբ որոշել են այլևս երեխաներ չունենալ կամ կրծքով  չկերակրել:

Սակայն իմպլանտները հղիանալուն բնավ չեն խոչընդոտում:

Ի՞նչ հետազոտություններ է անցնում կինը՝ մինչև վիրահատության ցուցումը: Ե՞րբ է այն ցուցված:

Ասեմ, որ կրծքերի ծավալի մեծացման վիրահատությունը ցուցված է միայն առողջ կրծքի պարագայում: Եթե կնոջ մոտ առկա է չարորակ հիվանդությունների ժառանգական նախատրամադրվածություն՝ դրանք կդրսևորվեն անկախ իմպլանտի առկայությունից կրծքում:

Պացիենտը  մինչ վիրահատությունն անցնում է կրծքագեղձերի սոնոգրաֆիկ, անհրաժեշտության դեպքում՝ նաև մամոգրաֆիկ հետազոտություն, ինչը որոշվում է մամոլոգի կողմից:

Դեմքի ուրվագծային պլաստիկա.

Ի՞նչ  է  իրենից  ներկայացնում բոտոքսը՝ բոտուլինոտոքսինի միջոցով դեմքի միմիկ կնճիռների հարթեցումը:

Բոտուլինոտոքսինի միջոցով կարելի է վերացնել դեմքի միմիկ կնճիռները՝ միջհոնքային, ճակատային, հարակնային և այլ շրջաններում: Արդյունքը պահպանվում է  6 ամիս, երջանիկ դեպքերում՝  նաև ավելի երկար: Սակայն, բացի նշված ոլորտներից, այն ունի այլ գործածություն ևս, օրինակ՝  գերքրտնարտադրության կանխումը՝ անութափոսերում, ափային շրջաններում, աճուկային շրջաններում  այլն: Այս կերպ, մարդը մինչև 6 ամիս տևողությամբ մոռանում է գերքրտնարտադրության խնդրի մասին:

Արդյո՞ք համապատասխանում է իրականությանն այն կարծիքը, որ բոտոքսը վտանգավոր է առողջության համար:

Ցանկանում եմ ժխտել այս տարածված կարծիքը:

Իհարկե, ինչպես ցանկացած վիրահատություն կամ միջամտություն` տեխնիկական որոշ բացթողումների պատճառով,  երբեմն կարող է ունենալ անցանկալի հետևանքներ, սակայն սա ամենևին կապ չունի նյութի որակական հատկանիշների հետ, բայց ցավով պետք է նշեմ մեկ հանգամանք, որի դեմ պայքարում են բոլոր պլաստիկ վիրաբույժները. հատկապես վերջին 3-4 տարիների ընթացքում այս միջամտությունները կատարվում են տարբեր գեղեցկության սրահներում` որակավորում չունեցող մարդկանց կողմից, ինչը՝ որպես կանոն, հղի է լինում մի շարք բարդություններով:

 Հորդորում եմ բոլորին նման գործողության դիմել միայն պլաստիկ վիրաբույժի կամ բժիշկ-կոսմետոլոգի մոտ:

Ի՞նչ խորհուրդ կտաք բոլոր այն մարդկանց, ում ինչ-ինչ պատճառներով իրենց արտաքինը չի գոհացնում և անընդհատ մտածում են այն շտկելու մասին: Պետք է արդյոք ակնկալել, որ վիրահատությունից հետո կփոխվի իրենց ողջ կյանքը:

Գիտե՞ք, երբեմն ես համաձայն եմ պացիենտների հետ այնքանով, որ շատ հաճախ վիրահատական այդ փոքր միջամտությունը կարող է բացահայտել ողջ գեղեցկությունը, որ մինչ այդ թաքնված էր, ինչի կապակցությամբ զեկույց եմ ունեցել Պլաստիկ Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի կողմից կազմակերպված 3-րդ Միջազգային Գիտաժողովի ժամանակ: Սակայն, իհարկե պետք է ունենալ իրատեսական և իրագործելի սպասելիքներ:

Բոլորին մաղթում եմ առողջություն, հմայք և ինքնավստահություն:

 

Բժշկի մասին. մասնագիտության ընտրություն և մասնագիտական կարծիք

Ինչպե՞ս որոշեցիք ընտրել պլաստիկ վիրաբույժի մասնագիտությունը:

Մասնագիտությանս ընտրության հարցում, միակ անփոխարինելի մարդը, ով կարևորագույն դեր է ունեցել՝ հայրս է: Նա նույնպես պլաստիկ վիրաբույժ է, սակայն այնպես է ստացվել, որ նա աշխատում է Մոսկվայում, ես՝ Երևանում: Ինքս, տարվա մեջ 2-3 անգամ մեկնում եմ Մոսկվա և անցնում եմ  որոշակի վերապատրաստումներ նրա մոտ,  և շատ ուրախ եմ լսել նրա մասնագիտական խորհուրդները: Հպարտ եմ, որ ունեմ նման ուսուցիչ:

Ձեր  հոր հետ մասնագիտական քննարկումների ժամանական, նկատու՞մ եք որոշակի տարբերություններ տարիներ առաջվա և այսօրվա պլաստիկ վիրաբուժության ոլորտում:

Ասեմ, որ նա առհասարակ շատ խիստ ուսուցիչ է: Եվ տարիներ առաջ, երբ դեռ նոր էի սկսում իմ մասնագիտական ճանապարհը, հայրս թույլ էր տալիս իր հետ միասին մասնակցել վիրահատություններին, կիսվում էր մասնագիտական գաղտնիքներով, բացահայտում վիրաբուժական հմտությունները: Սա այն մասնագիտությունն է, որ պահանջում է միլիմետրերի ճշգրտություն:

Բժշկության մեջ մեր մասնագիտությունն այն ոլորտն է, երբ միտումներն բավական արագ են փոփոխվում: Եթե համեմատենք 25 տարի առաջ և այսօր՝ տարբերություններն ակնհայտ են:

Ի՞նչ եք կարծում, պլաստիկ վիրաբուժությունն արդյո՞ք չի ստանդարտիզացնում գեղեցկություն ասվածը: Անձն արդյո՞ք չի կորցնում անհատականությունը:

Անհատականությունը կորցնելու հետ կապված ասեմ, որ խիստ կարևորում եմ բժշկի անհատական մոտեցումը յուրաքանչյուր պացիենտին: Օրինակ ամեն պացիենտի համար պետք է ստեղծել յուրովի քիթ կամ շուրթեր՝ իր դիմագծերին համապատասխան:

Սակայն պետք չէ մոռանալ նաև, որ պլաստիկ վիրաբուժությունն ունի նաև այլ բաժիններ, օրինակ՝ վերականգնողական բաժինը՝ բնածին կամ ձեռքբերովի արատների շտկմանն ուղղված:

 

 

Հեղինակ՝ Ամալյա Գրիգորյան

Աղբյուրը՝ Doctors.am