Երկորդային ռինոպլաստիկան շատերի համար ցավոտ թեմա է. լինում են դեպքեր, երբ անհաջող առաջնային ռինոպլաստիկայից հետո պացիենտը, միևնույնն է, չի ցանկանում դիմել երկրոդային ռինոպլաստիկայի՝ վախենալով հետագա բարդություններից և տարածված թյուր կարծիքներից: 
Պլաստիկ վիրաբուժության շաբաթվա շրջանակներում այս կարևոր թեմայի շուրջ զրուցել ենք ՀՀ ԱՆ ակադ.Ս.Խ. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտի պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության ամբիոնի վարիչ Կարեն Արամի Պետրոսյանի հետ:


Ո՞ր դեպքերում է քթի երկրորդային ռինոպլաստիկայի կարիք առաջանում:  

Երկրորդային ռինոպլաստիկայի նպատակն է շտկել առաջնային վիրահատության թերությունները կամ վիճակն իրականացված ռինոպլաստիկայից հետո: Օբյեկտիվ ցուցումներից են՝ 
 

  •  դժվարաշնչությունը,
  •  հետվիրահատական չվերահսկվող սպիացման գործընթացը,
  •  վիրահատությունից հետո առաջացած թերությունները,
  •  քթի անատոմիական ամբողջականության խախտումը,
  •  պացիենտի անձնական պատկերացումներն արդյունքի մասին:

 Որքա՞ն ժամանակ անց է թույլատրվում իրականացնել քթի երկրորդային ռինոպլաստիկա:

Երկրորդային ռինոպլաստիկան գերադասելի է իրականացանել առաջնային վիրահատությունից ոչ շուտ, քան 1 տարի անց, քանի դեռ չեն դադարել առաջնային վիրահատության հետվիրահատական սպիացման գործընթացները:
 
Ինչպե՞ս է իրականացվում երկրորդային ռինոպլաստիկան և ո՞րն է պատճառը, որ շատ հաճախ պլաստիկ վիրաբույժները հրաժարվում են երկրորդային ռինոպլաստիկա իրականացնել:
 
Երկրորդային ռինոպլաստիկայի դեպքում հաճախ կարիք է լինում օգտագործել աուտոտրանսպանտանտներ՝ աճառային հյուսվածք, փափուկ հյուսվածք, որոնք վերցվում են օրինակ՝ ականնջախեցուց կամ կողաաճառից:  Երկրորդային ռինոպլաստիկան շատ ավելի բարդ է իրականացնել, քանի որ, ի տարբերություն առաջնային վիրահատության, այս դեպքում մենք գործ ենք ունենում արդեն մեծամասամբ սպիական փոփոխված հյուսվածքի հետ, որն ավելի դժվար է  շտկման ենթարկվում: 


Երկրորդային ռինոպլաստիկայի ժամանակ 95 տոկոս դեպքերում պետք է  կիրառել մարդու սեփական աճառները՝ կողաճառը, ականջի աճառը: Պարտադիր պետք է կիրառել աուտոգրաֆտեր, աճառային գրաֆտեր, որպեսզի ունենանք կայուն, երկարատև արդյունք: Ես ինքս վիրահատում եմ քթեր, որոնք վիրահատել են առանց աճառների, առանց գրաֆտերի օգտագործման. հաճախ  պլաստիկ վիրաբույժները թելով ֆիքսում են և կարծում են, թե արդյունքն ամբողջ կյանքում կմնա, սակայն այդպես չէ, արդյունքը խիստ կարճաժամկետ է:


Նշված դժվարությունները հաշվի առնելով՝ կարող են լինել պլաստիկ վիրաբույժներ, ովքեր կհրաժարվեն վիրայատությունից: Մեծ դեր ունի նաև պացիենտի սուբյեկտիվ պատկերացումները արդյունքի մասին, որոնք կարող են ուղղակի անիրականանալի լինել բժշկի համար:


Կարևոր եմ համարում նշել, որ երկրորդային ռինոպլաստիկա պետք է իրականացնի այն մասնագետը, ով բավական մեծ փորձ ունի. ես գտնում եմ, որ պլաստիկ վիրաբույժը պետք  առնվազն 3000-4000 վիրահատություն իրականացրած լինի, որպեսզի կարողանա վիրահատությունը լավ կատարի: Երիտասարդ պլաստիկ վիրաբույժներին հորդորում եմ չշտապել այս հարցում և գոնե սկզբում երկրորդային ռինոպլաստիկան իրականացնել փորձառու բժշկի հսկողության տակ:


Ինչպե՞ս է ընթանում վերականգնման շրջանը:
 
Հետվիրահատական շրջանի տևողությունը պայմանավորված է վիրահատության բարդության աստիճանից, հիվանդի տարիքից, օրգանիզիմի ընդհանուր վիճակից, քրոնիկական հիվանդությունների առկայություններից և մի շարք այլ գործոններից: Ինչպես առաջնային ռինոպլաստիկայի դեպքում, վերականգնողական շրջանը տևում է նվազագույնը մեկ տարի:

Երկրորդային ռինոպլաստիկայի և առաջնային ռինոպլաստիկայի արժեքները տարբերվո՞ւմ են:

Երկրորդային ռինոպլաստիկայի արժեքը սովորաբար գերազանցում է առաջնային վիրահատության արժեքը՝ պայմանավորված վիրահատության բարդությամբ և աուտոտրանսպլանտանտ օգտագործելու հանգամանքով: Պետք է հաշվի առնել նաև, որ այս տեսակ վիրահատությունը տեխնիկպես շատ ավելի բարդ է, ժամանակատար և բժշկից պահանջում է մեծ հմտություն: