«Արթմեդ» բժշկական-վերականգնողական կենտրոնում արդեն 1 ամիս է, ինչ գործում է Գլխի և պարանոցի վիրաբուժության ծառայությունը, որը նորամուծություն է և դեռևս միակը մեր երկրում: Թե ո՞ր պաթոլոգիաներով է զբաղվում բժշկական այս ուղղությունը և արդյո՞ք կար դրա պահանջարկը նաև Հայաստանում, Doctors.am-ի հետ զրույցում ներկայացրեց «Արթմեդ» բժշկական-վերականգնողական կենտրոնի Գլխի և պարանոցի վիրաբուժության ծառայության ղեկավար Արամ Գրիգորի Բադալյանը:

Ի՞նչ է իրենից ներկայացնում գլխի և պարանոցի վիրաբուժությունը, ո՞ր ախտաբանական երևույթներով է զբաղվում գլխի և պարանոցի վիրաբույժը: Ինչպե՞ս այն ձևավորվեց Հայաստանում:

Գլխի և պարանոցի վիրաբուժության ծառայությունը Հայաստանում գործում է արդեն 1 ամիս: «Արթմեդ» բժշկական-վերականգնողական կենտրոնի հետ միասին, մենք առաջին անգամ ձևավորեցինք բժշկական այս ուղղությունը: Նախկինում առկա էին դիմա-ծնոտային վիրաբուժության ծառայություններ, ԼՕՌ օրգանների վիրաբուժություն, սակայն, մասնագիտացված գլխի և պարանոցի վիրաբուժություն, մինչև բոլորովին վերջերս, մեր երկրում չկար:

Սա ներառում է դիմա-ծնոտային և ԼՕՌ վիրաբուժական ուղղությունները, գանգի հիմքի, պարանոցի էնդոկրին օրգանների վիրաբուժությունը, գլխի ու պարանոցի շրջանի մաշկի վիրաբուժությունը: Հիմնական մեր ուղղությունն, իհարկե, ուռուցքաբանությունն է, սակայն գործ ենք ունենում նաև բարորակ նորագոյաթյունների և այլ ախտաբանական երևույթների հետ:

Որո՞նք են առավել հաճախ հանդիպող պաթոլոգիաները: Գործ եք ունեցել նաև ռուս պացիենտների հետ: Նկատու՞մ եք հիվանդացությունների որոշակի տարբերություններ:

Մեր երկրում ամենահաճախ հանդիպող հիվանդություններից են կոկորդի և վահանաձև գեղձի ուռուցները: Ապրելով յոդ-դեֆիցիտային գոտում, կարելի է նշել, որ վահանաձև գեղձի պաթոլոգիաներով ամեն 6-րդ հիվանդի մոտ հայտնաբերվում է քաղցկեղ:

Ռուսաստանում, ալկոհոլի և ծխախոտի չարաշահման հետ կապված, հաճախ են հանդիպում բերանի խոռոչի և կոկորդի ուռուցքային հիվանդությունները: Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ հետխորհրդային երկրներում  պաթոլոգիաները հիմնականում նույնն են:

Գիտենք, որ ուռուցքային հիվանդությունների առաջացումն անմիջականորեն կապված է լինում մարդու կենսակերպի հետ: Այս դեպքում այս տեսությունը ևս ճշմարի՞տ է:

Իսկապես, սնունդը, կենսակերպը մեծ նշանակություն ունեն ուռուցքային հիվանդությունների զարգացման, կամ հակառակը՝ կանխարգելման հարցում: Մեծ նշանակություն ունեն, նաև, սոցիալական պայմանները:

Մասնավորապես, ո՞րն է նման առանձին ծառայություն ունենալու նպատակը:

Միջազգային չափանիշներով ընդունված է, որ ցանկացած մուլտիդիսցիպլինար կլինիկայում պետք է առկա լինի նման ծառայություն:

Առանցքային նպատակն, իհարկե, բժշկական այս ուղղության ներքո մի քանի մասնագիտությունների համախմբումը, համակարգումն է, որպեսզի մեր օնկոլոգիական հիվանդներն իրենց նախատեսված բուժումը` կլինի դա վիրաբուժություն, քիմիոթերապիա կամ ճառագայթային բուժում, ստանան որակավորված մասնագետների խմբի մշտական հսկողության պայմաններում:

Ես, ինձ համար որպես օրինակ եմ վերցրել ռուսական դպրոցը, որտեղ ստացել եմ նաև մասնագիտական կրթությունս և պաշտպանել թեկնածուական թեզ:

Այսինքն, մասնագետների խումբը վերահսկու՞մ է պացիենտի բուժման ողջ ընթացքը:

Այո, իհարկե: Սա համալիր մոտեցում պահանջող խնդիր է: Չէ՞ որ ուռուցքային պաթոլոգիա ունեցող հիվանդի բուժումը չի սահմանափակվում միայն վիրաբուժությամբ: Ճիշտ է, դեռևս եզակի մասնագետներից եմ, ով փորձում է կազմակերպել  համալիր բուժում, սակայն բոլորին կոչ եմ անում, հորդորում եմ բոլոր մասնագետներին, որ եթե հետաքրքրված են բժշկական այս ոլորտով՝ միանան, իրենց գիտելիքներով և փորձով աջակցեն կերտել բժշկական այս նոր մշակույթը:

Պետք է նշել, որ քիմիոթերապիայի գործընթացը ևս կազմակերպվում է մեր կլինիկայում, իսկ ճառագայթային բուժում Հայաստանում իրականացվում է միայն Ոռուցքաբանության ազգային կենտրոնի Ճառագայթային բաժանմունքում: Մենք, սակայն, ակտիվ համագործակցության մեջ ենք, փոխանակվում ենք հիվանդների մասին տեղեկատվությամբ, կազմակերպում ենք բուժման ճիշտ ընթացքը:

Կա մի մեծ խնդիր: Երբ վիրաբույժը վիրահատում է հիվանդին, հեռացնում ուռուցքը, հիվանդին ուղարկում ճառագայթային բուժման, նա ստիպված մի քանի ամիս մնում է հերթագրված Ոռուցքաբանության կենտրոնի նշված բաժանմունքում: Եվ մինչև հասնում է նրա բուժման հերթը, լրացած են լինում բոլոր ժամկետները, իսկ ուռուցքային հիվանդի համար սա կարող է ճակատագրական լինել:

Դուք ինչպե՞ս եք կարգավորում այս խնդիրը, որպեսզի Ձեզ մոտ բուժվող պացիենտը ստիպված չլինի նման հերթի պայմաններում ամիսներ շարունակ սպասել՝ բարդացնելով առողջական դրությունը:

Մենք այս խնդիրը հաշվի առնելով, գործընթացը կազմակերպում ենք այնպես, որ հիվանդը մինչև վիրահատական միջամտությունը ստանա քիմիոթրապևտի և ճառագայթային թերապևտի խորհրդատվություն և հարկ եղած դեպքում նախօրոք հերթագրվի նախատեսվող բուժմանը:

Կարելի է ենթադրել, որ Ձեր հիմնական առաքելությունը հիվանդի այցելության առաջին օրից մինչև բուժման ավարտը նրան հսկողության տակ առնելը և բուժման ընթացքին հետևելն է:

Այո, իհարկե: Հիվանդները՝ համալիր բուժումից հետո ևս պետք է գտնվեն ուռուցքաբանի մշտական հսկողության ներքո: Յուրաքանչյուր 3-6 ամիսը մեկ անգամ հարկավոր է անցնել հետազոտություններ: Իսկ բուժումից հետո 5 տարվա ընթացքում, եթե չի նկատվում հիվանդության կրկնություն՝ պացիենտին կարելի է համարել պրակտիկորեն առողջ:

Ինչպե՞ս եք տեսնում Ձեր նախաձեռնած գործի ապագան: Հնարավո՞ր է արդյոք, որ հետագայում Բժշկական համալսարանում նաև մասնագետներ պատրաստվեն այս նեղ մասնագիտացմամբ:

Ես, իհարկե, ներկայում համագործակցում եմ դիմա-ծնոտային ամբիոնի աշխատակիցների հետ, կլինիկական օրդինատորները մասնակցում են իմ վիրահատություններին, շփվում հիվանդների հետ: Կփորձենք ընդլայնել կապը ինչպես Բժշկական համալսարանի ուսանողների, այնպես էլ հետդիպլոմային ուսում ստացող բժիշկների հետ:

Վիրաբուժական ուռուցքաբանությամբ մասնագիտացումից, ուսանողները, հաճախ խուսափում են, քանի որ սա բավական բարդ բժշկական ուղղություն է, դժվար է իրականացնել ինչպես վիրահատությունները, այնպես էլ հետվիրահատական հսկողությունը: Սակայն ուրախությամբ պետք է ասեմ, որ արդեն ունենք մի քանի էնտուզիաստներ, ովքեր հետաքրքրվում են գլխի և պարանոցի վիրաբուժությամբ:

Լավատեսորեն եք տրամադրված: Իսկապես ողջունելի է նախաձեռնել նման ծավալի աշխատանք:

Այո, միանշանակ լավատես եմ այս հարցում: Շատ մտահաղացումներ կան, որ պետք է իրագործենք: Մոսկվայից եկել եմ «մտքերի արկղով»: Իհարկե դժվարություններ կան, սակայն կփորձենք բժշկական այս ուղղության մասին մանրամասն տեղեկատվություն հաղորդել ինչպես բժշկական հանրությանը, այնպես էլ հասարակությանը: Նույնիսկ արդեն կան արտերկրից հրավիրված մասնագետների մասնակցությամբ «կլոր-սեղան-քննարկման» նախագծեր:

ԼՕՌ և դիմա-ծնոտային առաջատար մասնագետներ կան, ովքեր սատարում են իմ նախաձեռնությունը և մշտապես կապի մեջ ենք միմյանց հետ, որոնց առանձին շնորհակալություն եմ ուզում հայտնել:

Մենք խոսեցինք մասնագիտական, մարդկային ռեսուրսի մասին, սակայն արդյո՞ք առկա են տեխնիկական բոլոր անհրաժեշտ պայմանները՝ գլխի և պարանոցի վիրաբուժության ծառայությունը Հայաստան ներմուծելու համար: Ի՞նչ հատուկ տեխնիկական պահանջներ ունի բժշկական այս ոլորտը:

Վերջին սերնդի վիրահատությունների, օրինակ էնդոլարինգեալ վիրահատության համար իհարկե անհրաժեշտ են լազերային սարքավորումներ, ռոբոտներ և այլն: Սակայն բաց վիրահատությունների իրականացման համար մենք ունենք տեխնիկական բոլոր անհրաժեշտ պայմանները:

Այս պահին, բոլոր վիրահատություններն իրականացվում են բա՞ց եղանակով:

Այո, և կարևոր է նշել, որ թեև փակ վիրահատություններն առավել էսթետիկ են, սակայն ուռուցքաբանության ոլորտում էսթետիկան, հավատացեք, ամենակարևոր գործոնը չէ. այստեղ շատ ավելի կարևոր է ուռուցքների ռադիկալ հեռացումը:

Դեռ 1 ամիս է, ինչ Հայաստանում եք: Արդեն հասցրե՞լ եք ունենալ բարեհաջող վիրահատություններ:

Այո. և՛ Արթմեդ ԲԿ-ում, և՛ այլ կլինիկաներում, որտեղից հրավեր եմ ստացել վիրահատություններ իրականացնլու, արդեն իսկ իրականացրել ենք հաջող վիրահատություններ: Վերջին վիրահատությունն, ի դեպ, աննախադեպ էր Հայաստանում՝ արտաքին լսողական անցուղու քաղցկեղի ռեցիդիվ. կատարվեց քունքոսկրի մասնակի ու հիմնական ուռուցքի ամբողջական հեռացում և պարանոցի ավշային հանգույցների ռադիկալ հեռացում: Ներկա պահին հիվանդն ապաքինվում է:

Զբաղվում եք նաև մանկակա՞ն պաթոլոգիաներով:

Ես մասնագիտացված եմ մեծահասակների հիվանդացություններով, սակայն, եթե լինեն մանկական պաթոլոգիաներ, որտեղ անհրաժեշտ լինի իմ օգնությունը, իհարկե, կփորձենք համագործակցել:

Շնորհակալ ենք բովանդակալից զրույցի և իհարկե այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար: Ինչպե՞ս մարդիկ կարող են Ձեզ դիմել:

Ծառայությունը գործում է «Արթմեդ» բժշկական-վերականգնողական կենտրոնում, իմ կոնտակտները կարելի է գտնել նաև ինտերնետ տիրույթում՝ Doctors.am կայքի միջոցով, ծանոթանալ Գլխի և պարանոցի վիրաբուժության ծառայությանը, կարդալ թեմատիկ հոդվածներ, ուղղել հարցեր, կարող եք հետևել նաև ֆեյսբուքյան պաշտոնական էջին՝ այդպիսով լինել տեղեկացված մշտական կապի մեջ ինձ հետ:


Հեղինակ՝ Ամալյա Գրիգորյան
Սկզբնաղբյուր՝ Doctors.am
18 Մայիսի, 2015