Հայտնի է, որ մարմնի զանգվածի գործակիցը (ՄԶԳ-BMI) տարիքին համապատասխան մասայի դեպքում տատանվում է 18,5-24,9-ի սահմաններում: Օրգանիզմ էներգիայի մուտքի 15-20% կանոնավոր ավելացումը բերում է քաշի տարեկան 2-3 կգ ավելացման:
Մարդկանց առողջության վրա գործած բացասական հետևանքների առումով ճարպակալումը (երբ մարմնի մասսայի գործակիցը մեծ է 30 կգ/մ.քառ), որի գլխավոր պատճառը սննդային օրաբաժինների բարձր կալորիականության պայմաններում օրգանիզմի ցածր էներգոծախսն է, արդի ժամանակներում զուտ բժշկական խնդրից վերածվել է սոցիալական հիմնախնդրի, որի լուծման համար պահանջվում է պետական լայնամասշտաբ միջոցառումների իրականացում: Այն ոչ թե դարի, այլ հիվանդությունների հիվանդությունն է:
Եվրոպական երկրներում միջին և բարձր տարիքի անձանց գրեթե կեսի շրջանում (իսկ Ռուսաստանում կանանց 30-40%-ի և տղամարդկանց 10-20%-ի մոտ) նկատվում է մարմնի ավելորդ զանգված: Եվ եթե մարմնի "չափավոր" ավելորդ մասան առողջական զգալի խնդիրներ չի առաջացնում, ապա ճարպակալումը մարդու առողջության համար ռիսկի լուրջ գործոն է և պատահական չէ, որ Եվրոպական որոշ երկրներում ճարպակալման "համաճարակի" դեմ կիրառվող պայքարում ծախսում են առողջապահության բյուջեի գրեթե 8%-ը: Բոլոր սննդամթերքները, որոնք այս կամ այն չափով նպաստում են հավելյալ քաշին կամ ճարպակալմանը պայմանականորեն բաժանվում են 4 խմբի: Առավել նեգատիվ դեր ճարպակալման մեխանիզմում ունի բարձր կալորիականության սննդի ընդունումը (հւստկապես կենդանական ճարպի, և մոնո և դիշաքարների հաշվին):
Հավելյալ քաշի և ճարպակալման առաջացմանը նպաստող գործոնները (ըստ ԱՀԿ, 2003)
Հաստատված
Ֆիզիկական պասիվ ապրելակերպ (նստակյաց կյանք), բարձր կալորիականությամբ սննդի կանոնավոր օգտագործում (այդ թվում "fast food" (արագ սնունդ)):
Բարձր հավանական
Քաղցր, զովացուցիչ ըմպելիքների կանոնավոր օգտագործում:
Հավանական
Մեծ սննդային չափաբաժինների ընդունման սովորություն, հասարակական վայրերում սնվելու մշտական ռեժիմ:
Ենթադրյալ
Ալկոհոլի չարաշահում:
Ճարպակալման զարգացումը նախազգուշացնելու համար անհրաժեշտ է.
. Սննդի կալորիականությունը պակասեցնել 30-40 %-ով, հասցնել այն 1800 կկալ-ի զգալի չափով սահմանափակել հացի, խմորեղենի ընդունումը:
2. Կտրուկ սահմանափակել սննդում ածխաջրատների քանակությունը, հասցնելով այն նվազագույն քանակության (100-150 գ), որն արագացնում է ճարպերի քայքայումը և պահպանում հյուսվածքային սպիտակուցը:
3. Որոշակիորեն սահմանել կենդանական ծագում ունեցող ճարպերը, բուսական յուղերը թողնելով նորմայի սահմաններում:
4. Որոշ չափով ավելացնել սպիտակուցի քանակությունը (100-110 գ)` նախազգուշացնելու համար հյուսվածքային սպիտակուցի կորուստը:
5. Կիսով սահմանափակել կերակրի աղի (օրը 7 գրամից ոչ ավել) օգտագործումը (բացառել աղի մթերքների օգտագործումը):
6. Ավելացնել ցածր կալորիականություն ունեցող սննդամթերքների` բանջարեղենի, մրգերի քանակությունը (դրանք օգտագործել հիմնականում հում վիճակում):
7. Հնարավորինս սահմանափակել ջրի օգտագործումը, ինչը կնպաստի ճարպերի քայքայման ուժեղացմանը:
8. Սնունդն ընդունել օրական 5-6 անգամ և բացառել սննդի ընդունումը երեկոյան ժամը 19:00-ից հետո:
Եթե վերը նշված միջոցառումների արդյունավետությունը ցածր է, կարելի է շաբաթը 1-2 անգամ կիրառել բեռնաթափման (կաթնային, մրգա-բանջարեղենային) օրեր, երբ լիովին պետք է սահմանափակել հացի և աղի օգտագործումը: Շատ արդյունավետ է բարձր ֆիզիկական ակտիվությունը:
Իհարկե, օրգանիզմում գործում են հզոր մեխանիզմներ, որոնք ուղղված են մարմնի մասսայի կայունության պահպանմանը, սակայն դրանց ֆունկցիոնալ վիճակը զգալի չափով կախված է էնդոգեն գործոններից: Այսպես օրինակ, ըստ գրականության տվյալների, եթե ծնողների կշիռը նորմալ է, ապա արտահայտված ճարպակալում կարող են ունենալ նրանց երեխաների 9%-ը, եթե ծնողներից որևէ մեկն ունի ճարպակալում` 45-50 %-ը, իսկ երկու ծնողների կողմից ճարպակալում ունենալու դեպքում՝ 70-80%-ը (Սմոլյանսկի Բ.Լ, 1970): Իսկ ճի՞շտ է արդյոք, որ 15 կամ 20%-ով մարմնի մասսայի ավելացումը դիտվում է որպես ախտաբանական վիճակ: Հարց է առաջանում ալիմենտար ճարպակալումը հիվանդություն է, թե՞ ոչ: Այս հարցի պատասխանը չի կարող միանշանակ լինել: Ալիմենտար ճարպակալումը հիվանդություն չէ, բայց այն նորմալ վիճակ էլ չէ: Հաստատված է ուղիղ կորելյացիոն կապ մարմնի քաշի և հիվանդացության միջև:
Ուշագրավ է այն փաստը, որ մահացության նվազագույն մակարդակը նկատվում է ոչ թե նորմալ, այլ նորմայից 9 % ցածր մասսայի դեպքում:
Ճարպակալման կանխարգելման մարտավարությունը պետք է սկսել մանկական հասակից, երեխային ավելի երկար պետք է կերակրել մայրական կաթով, երեխային տրվող կերակրատեսակների մեջ մաքսիմալ քիչ օգտագործել շաքար, խիստ սահմանափակել կոնֆետների, չիփսերի ընդունումը:
Կալորիականության հաշվիչը կօգնի պարզել` որքան կալորիա եք ընդունել օրվա ընթացքում: