Շատերի համար գինեկոլոգ և ուռուցքաբան-գինեկոլոգ հասկացությունները նույն են, սակայն իրականում տարբերությունը մեծ է: Օնկոգինեկոլոգիան առավել նեղ մասնագիտացում է: Կան հիվանդություններ, որոնցով կարող է զբաղվել միայն ուռուցքաբան-գինեկոլոգը: Ուռուցքաբան-գինեկոլոգի դերի, գործառույթների և այդ ոլորտում հաճախ հանդիպող հիվանդությունների մասին խոսել ենք ուռուցքաբան-գինեկոլոգ, էնդոսկոպիկ վիրաբույժ Հայկ Մկրտչյանի հետ:

Ի՞նչ խնդիրներ է լուծում օնկոգինեկոլոգը:

Օնկոգինեկոլոգը զբաղվում է այն հիվանդներով, ովքեր տառապում են վերաարտադրողական օրգանների չարորակ ուռուցքներից: Դրանց մեջ են մտնում արգանդի վզիկի, էնդոմետրիումի, ձվարանների, հեշտոցի և վուլվայի քաղցկեղով հիվանդները: Եթե հիվանդի մոտ ախտորոշվում է նախաքաղցկեղային վիճակ կամ քաղցկեղ, ապա օնկոգինեկոլոգը զբաղվում է ախտորոշումով, բուժումով: Կարևոր է նշել, որ օնկոգինեկոլոգը կապող օղակ է հանդիսանում ճառագայթաբանների, քիմիաթերապեվտների պաթոհիստոլոգների համար: Բուժման հետ կապված որոշումները իրականացվում են այս օղակի բոլոր մասնակիցների համաձայնությամբ, սակայն ուղորդողը հենց օնկոգինեկոլոգն է: 

Ի՞նչ է Էնդոմետրիումի քաղցկեղը, ո՞ր ախտանշանների դեպքում պետք է անհանգստանալ և բուժման ի՞նչ տարբերակներ կան:

Էնդոմետրիումի քաղցկեղը արգանդի լորձաթաղանթում առաջացած չարորակ նորագոյացություն է: Ի տարբերություն շատ այլ նորագոյացությունների՝ էնդոմետրիումի քաղցկեղը բավական շուտ է դրսեւորվում: Հիվանդության ամենատարածված ախտանշանը հեշտոցային արյունահոսությունն է, որը պայմանավորված չէ դաշտանային ցիկլով: Ընդ որում՝ այս հիվանդությունը հաճախ ախտորոշվում է դաշտանադադարից հետո: Սակայն արյունահոսությունն էնդոմետրիումի քաղցկեղի մասին վկայող միակ ախտանշանը չէ: Այս հիվանդության դեպքում կարող են նկատվել այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են.

  •  Թափանցիկ կամ սպիտակավուն հեշտոցային արտադրությունը,

  •  Դաշտանի տեւողության երկարացումը,

  •  Առատ արյունահոսությունը,

  •  Կոնքի հատվածում ցավերը

Զարգացման վաղ փուլերում էնդոմետրիումի քաղցկեղի բուժման միակ արդյունավետ միջոցն արգանդի վիրահատական հեռացումն է հավելումներով եւ կոնքային ավշահանգույցներով:

Այժմ մենք կիրառում ենք նոր մեթոդ՝ թիրախային ավշահանգույցի ինտրաօպերացիոն հեռացում եւ բիոպսիա, որը թույլ է տալիս չհեռացնել բոլոր ավշահանգույցները, ինչը կարող է հանգեցնել մեծ բարդությունների եւ հետեւանքների, օրինակ՝ ստորին վերջույթների այտուց, լիմֆոկիստա, լիմֆեդեմա եւ այլն։ Վերջին շրջանում այս ծավալի վիրահատությունները կատարվում են լապարոսկոպիկ եղանակով, ինչը ունի բազմաթիվ առավելություններ՝ համեմատած նախկինում ավանդական դարձած որովայնահատման եղանակից։ Բացի այդ,էնդոմետրիումի քաղցկեղի ուշ փուլերում կիրառվում է նաեւ քիմիաթերապիա եւ ճառագայթային թերապիա: Ընդ որում՝ բուժման այս մեթոդները սովորաբար կիրառվում են վիրահատական բուժման հետ համատեղ: Գոյություն ունի եւս մեկ մեթոդ՝ հորմոնալ բուժում,որը կիրառվում է այն դեպքում, երբ երիտասարդ կինը ցանկանում է պահպանել վերարտադրողական համակարգը։

Բժիշկները հաճախ նշում են, որ ձվարանների քաղցկեղը Հայաստանում առավել հաճախ հանդիպող քաղցկեղի տեսակներից է: Հիվանդությունն ինչ ախտանիշներով է ուղեկցվում և կա՞ն արդյոք բուժման արդյունավետ մեթոդներ:

Ձվարանների քաղցկեղն ավելի հաճախ հանդիպում է դաշտանադադար տեսած կանանց մոտ (սովորաբար 50-ն անց տարիքում), սակայն կարող է զարգանալ նաեւ ավելի վաղ տարիքում։  Ձվարանների քաղցկեղածին բջիջները տարածվում են կնոջ վերարտադրողական համակարգի օրգանների եւ ուշ փուլերում փոքր կոնքի եւ որովայնի խոռոչի այլ օրգանների հյուսվածքների վրա:

Ձվարանների քաղցկեղն ընդունված է համարել «ամենալուռը» կամ «бомба замедленного действие», քանի որ շատ հաճախ ընթանում է առանց ախտանշանների, որոնք ի հայտ են գալիս միայն այն ժամանակ, երբ հիվանդությունն արդեն զարգացել եւ տարածվել է այլ օրգանների վրա:

Այնուամենայնիվ, առկա են ախտանշաններ, որոնց պետք է ուշադիր լինել: Դրանք են որովայնի ստորին շրջանում ցավերի, վքնածության զգացողություն (աղիներում գազերի կուտակում), ախորժակի կորուստ, քաշի նվազեցում, որրովայնի շոշափվող գոյացության առկայություն և այլն:Ձվարանների քաղցկեղի բուժման համար կիրառվում է ամենաարդյունավետ եւ ավելի հաճախ օգտագործվող՝ կոմբինացված մեթոդը՝ վիրաբուժուժական եւ քիմիաթերապիայի համակցումը:


 

 

Աղբյուրը՝ Doctors.am