Լիարժեք տեսողության անհրաժեշտ պայմաններից մեկը թափանցիկ ոսպնյակի առկայությունն է: Ոսպնյակը կյանքի ընթացքում կարող է պղտորվել բազում  պատճառներով:
Դա կատարակտ հիվանդությունն է:

Այսօր Հայաստանում իրականացվում է կուրությունը կանխարգելելու պետական ծրագիր, որի շնորհիվ հնարավոր է դարձել լիովին անվճար ակնաբուժական հետազոտությունների անցկացումը և անհրաժեշտության դեպքում՝ բուժումը, ընդհուպ մինչև վիրահատություն:
Կուրությունը կանխարգելելու պետական ծրագրին իր մասնակցությունն ունի նաև «Մեդլայն Կլինիկ» բժշկական կենտրոնը: Ակնաբուժության բաժանմունքի վարիչ, ակնաբույժ Վահե Նանյանը ներկայացնում է հիվանդությունն ու անվճար վիրահատական բուժման բոլոր մանրամասները:

Ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում աչքի ամենատարածված  հիվանդություններից մեկը, որը հանգեցնում է կուրության, կատարակտն է:   

Համաշխարհային առողջապահության կազմակերպության տվյալներով՝ աշխարհում այդ հիվանդությամբ տառապում է ավելի քան 17 միլիոն մարդ:



Կատարակտը ոսպնյակի պղտորումն է, որը լինում է բնածին, տարիքային և բարդացած: Բարդացած կատարակտներն առաջանում են այլ հիվանդությունների հետևանքով, ինչպիսիք են, օրինակ, բորբոքային հիվանդությունները, հիպերտոնիկ հիվանդությունները, շաքարային դիաբետը և այլն:
Կատարակտի բուժման միակ լուծումը վիրահատական միջամտությունն է: Իհարկե, կա դեղորայք, որի միջոցով կարելի է դանդաղեցնել կատարակտի հասունացումը, բայց, միևնույնն է, բուժման միակ եղանակը կա և մնում է վիրահատական բուժումը:
Այսօր աշխարհում, ինչպես նաև Հայաստանում կիրառվում է կատարակտի  նորագույն՝ փոքր կտրվածքով(1-3մմ) վիրահատության մեթոդը՝ ֆակոէմուլսիֆիկացիան:

2017 թվականին կյանքի կոչված կուրության դեմ պայքարի ծրագրի շրջանակում կատարակտի վիրահատությունները  կատարվում են ԼԻՈՎԻՆ ԱՆՎՃԱՐ։

Ըստ այդմ, իրականացվում են հետևյալ խորացված ակնաբուժական հետազոտությունները․

  • օֆտալմոսկոպիա և ճեղքային լամպով հետազոտում,
  • տոնոմետրիա,

  • ռեֆրակտոմետրիա,

  • ուլտրաձայնային հետազոտություն, իսկ մարզային կենտրոններում դրա բացակայության դեպքում` պերիմետրի:

Սակայն հարկ է նշել, որ բոլորը չէ, որ կարող են օգտվել ծրագրից:


Ո՞ր խմբի անձինք են ծրագրի շահառուները:

Ծրագրի շրջանակում կարող են անվճար հետազոտության դիմել 60 տարեկան և բարձր տարիքի, տվյալ ոլորտում առնվազն 2 տարի մասնագիտական գործունեության ստաժ ունեցող, սոցփաթեթի շահառու ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ անձինք։

  • Ավագ, միջին և կրտսեր բուժաշխատող հանդիսացող կամ նախկինում աշխատած անձինք։

  • Հանրակրթության բնագավառում և բարձրագույն ուսումնական հաստատություններում գործունեություն ծավալած անձինք։

  • Մշակույթի ոլորտում ներկայում աշխատող կամ աշխատած, ինչպես նաև մշակութային միություններում (գրողների, նկարիչների, կոմպոզիտորների...) անդամագրված անձինք։

  • «0» միավորից բարձր՝ մինչև 30.00-ը ներառյալ, անապահովության միավոր ունեցող ընտանիքների անդամներ:


Ինչպե՞ս են անցնում վիրահատությունն ու հետվիրահատական շրջանը:
 

Կատարակտի վիրահատությունն այսօր այնքան է զարգացել, որ հասել է ամբուլատոր վիրահատությունների շարքին դասվելու շեմին: Վիրահատությունից առաջ հիվանդները պետք է կատարեն լաբորատոր հետազոտություններ, այնուհետև նոր վիրահատվեն:
Վիրահատությունը տևում է 10-15 րոպե և կատարվում է տեղային անզգայացմամբ: Վիրահատությունից անմիջապես հետո հիվանդները դուրս են գրվում հիվանդանոցից: Հաջորդ օրը հանում ենք վիրակապը և նշանակում հետվիրահատական համապատասխան բուժում:Այնուհետև 3-ից 4 այց է պահանջվում հիվանդից, որպեսզի համոզվենք, որ հետվիրահատական շրջանն իր բնականոն հունով է ընթանում:  
Վիրահատությունից հետո տեսողությունը լիարժեք վերականգնվում է:
 


Աղբյուր՝ Doctors.am
Հեղինակ՝Մարիամ Սարգսյան