«Ս. Վ. Մալայանի» անվան ակնաբուժական կենտրոնի Գյումրիի մասնաճյուղ.

«Գյումրեցին իսկապես ուներ որակյալ ակնաբուժական օգնության կարիք».- մանրամասնում է « Ս. Վ. Մալայանի» անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն, ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը:

Ե՞րբ է հիմնադրվել «Ս. Վ. Մալայանի» անվան ակնաբուժական կենտրոնի Գյումրիի մասնաճյուղը: Որքանո՞վ կար դրա անհրաժեշտությունը:

Մալայան կենտրոնի Գյումրիի մասնաճյուղը բացվել է 2007 թվականին: Մենք ցանկացանք մեր կենտրոնի նվաճումների մի մասը հասանելի դարձնել նաև մարզաբնակ պացիենտի համար: Այսօր մենք ունենք բավական լավ զարգացած ակնաբուժական կլինիկաներ, կենրոններ Երևանում, սակայն, ցավոք, մարզերի բնակիչները ոչ միշտ է, որ կարողանում են օգտվել այդ ծառայություններից: Սա, իհարկե, վիճակը որոշ չափով մեղմացնելու փորձ է:

Ինչու՞ ընտրվեց Գյումրին:

Նախ, որովհետև Գյումրին մեծությամբ երկրորդ քաղաքն է: Եվ իհարկե քաղաքն ընտրվեց Շիրակի մարզում երկրաշարժից և արցախյան պատերազմի տարիներից հետո տիրող վիճակի պատճառով: Ժողովրդագրական,  սոցիալական և առողջապահական ոլորտներում գյումրեցին իսկապես ուներ օգնության կարիք:

Կարելի՞ է ենթադրել, որ այս ամենի պատճառով ավելացել էր ակնային հիվանդությունների թիվը:

Իհարկե: Այդ տարածքում կար ակնային հիվանդությունների ակնառու աճ՝ կապված թե՛ անմիջապես երկրաշարժի հետ, թե՝ դրա հետևանքների, որոնցից ամենաակնհայտը շաքարային դիաբետն էր: Գաղտնիք չէ, որ այս հիվանդության ազդեցությունը աչքի վրա բավական լուրջ է:

Որո՞նք են գերակշռող հիվանդությունները:

Կարող եմ առանձնացնել շաքարային դիաբետի  հետևանքով առաջացած ակնային հիվանդությունները, կատարակտան , գլաուկոման և այլն: Իսկ հաճախականության տեսանկյունից՝ գերակշռում են բորբոքային, ալերգիկ հիվանդությունները:

Որտե՞ղ է գործում բաժանմմունքը:

Բաժանմունքը գործում է  Գյումրիի Առաջին հիվանդանոցում:

Տեխնիկական ի՞նչ հնարավորություններ ունի կենտրոնը: Որևէ սարքավորման բացակայության պարագայում հնարավո՞ր է հիվանդների տեղափոխումը Երևանի «Մալայանի» անվան ակնաբուժական կենտրոն:

Բաժանմունքը լիարժեք հնարավորություն է տալիս ախտորոշման, դիսպանսեր հսկողություն և վիրահատություններ  իրականացնելու: Որևէ միջոցի բացակայության պարագայում հիվանդներն ուղարկվում են երևանյան կենտրոն:

Ովքե՞ր են կլինիկայում աշխատող մասնագետները: Բժիշկները տեղափոխվել են Երևանից թե՞ կան նաև գյումրեցի մասնագետներ:

Կադրեր տեղափոխվեցին ինչպես Երևանից՝ քույրական, տեխնիկական, այնպես էլ ընտրվեցին գյումրեցի մասնագետներ: Բաժանմունքը ղեկավարում է Հովհաննես Սիմոնյանը, ով կատարում է և՛ ամբուլատոր փորձաքննություններ, և հետազոտություններ, ակնային վիրահատություններ՝ բավական մեծ շրջանակով և բավական բարձր՝ միկրովիրաբուժական  մակարդակով:

Գնացուցակը հարմարեցվա՞ծ է այնտեղի շուկայի համար: Ո՞րն է Գյումրիի մասնաճյուղի գնային քաղաքականությունը:

Իհարկե, հաշվի առնելով սոցիալական վիճակը, ծառայությունների գները հարմարեցված են այնտեղի սպառողի համար: Գներն ավելի քան 15 տոկոսով զեղչված են: Ժամանակ առ ժամանակ իրականացվում են բաց դռների օրեր, ակցիաներ՝ թե՛ կենտրոնի, թե՛ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ:

Ի՞նչ կմաղթեք Ձեր գյումրեցի պացիենտներին:

Գիտե՞ք, գյումրեցին ավելի է վստահում բժշկին, սա շատ գովելի է: Կմաղթեմ, որ միշտ հետևեն իրենց առողջությանը և լինեն երջանիկ իրենց ընտանիքներում:

 

Աղբյուրը՝ Doctors.am

Հեղինակ՝ Ամալյա Գրիգորյան