Ստամոքսի քաղցկեղը տարածված հիվանդություն է աշխարհի բոլոր երկրներում: Առավել բարձր հիվանդացությամբ առանձնանում են արևելյան և աֆրիկյան երկրները: Քաղցկեղային հիվանդությունների շարքում այս հիվանդությունը կանանց շրջանում՝ կրծքագեղձի, սեռական օրգանների և թոքի չարորակ ուռուցքներից հետո, չորրորդ տեղում է, իսկ տղամարդկանց դեպքում այն ավելի հաճախ է հանդիպում«Ընդհանուր վիրաբուժության շաբաթ» հանրային իրազեկման ծրագրի շրջանակում Doctors.am-ն այս խնդրի պատճառների և վիրահատական բուժման մասին զրուցեց  «Շենգավիթ» ԲԿ-ի, «Աստղիկ» ԲԿ-ի, ԿԿԶՀ բժշկական ծառայության ավագ լեյտենանտ, վիրաբույժ-ուռուցքաբան Գևորգ Ասիլբեկյանի հետ:

-Բժիշկ Ասիլբեկյան, ստամոքսի հիվանդությունների շարքում ուռուցքները մեծ տեղ են զբաղեցնում: Առավել հաճախ ինչպիսի՞ տեղակայման ուռուցքներն են հանդիպում:

-Եթե հաշվի առնենք սննդամթերքի՝ հատկապես վտանգավոր սննդի, մեխանիկական ազդեցությունը, առավել տարածված են անտրալ, կարդիալ ու փոքր կորության ուռուցքները: Պատճառն այն է, որ սնունդը կերակրափողից ստամոքս անցնում է այդ հատվածով:

-Կնշե՞ք այն հիմնական գործոնները, որոնք  պատճառ են հանդիսանում քաղցկեղի առաջացման հարցում: Ինչպիսի՞ ախտանիշներ են լինում խնդիրների դեպքում:

-Դրանք բազմաթիվ են: Ամենատարածված պատճառներից են՝ ծխելը, սննդի էթնիկական նախասիրությունները, ժառանգականությունը: Կան երկրներ, որտեղ հետազոտություններ են անցկացնում, և երբ քաղցկեղի առաջացման բարձր հավանականություն է լինում, առողջ մարդկանց մոտ կիրառում են ստամոքսի հեռացման պրոֆիլակտիկ տարբերակը:
Անտրալ հատվածի ուռուցքները հիմնականում դրսևորվում են ստամոքսի խանգարման ախտանիշով, երբ ուռուցքը մեծանում ու փակում է ստամոքսից դուրս եկող ճանապարհը: Սնունդը հավաքվում է, առաջանում է փսխում ու սրտխառնոց: Ստամոքսի փոքր կորության տեղակայման ու խոցանման ուռուցքների դեպքում, որտեղ նյարդային վերջույթները շատ են, ախտանշանները կարող են լինել ցավերի տեսքով: Եթե ուռուցքներն ուղեկցվում են առանց գանգատների, կարող են մեծանալ, բացվել և արյունահոսել: Ստամոքսի բոլոր տեսակի ուռուցքներին բնորոշ են քաշի նվազումը, ախորժակի բացակայությունը, ինքնազգացողության վատացումը, որոնք սովորաբար երկրորդային են համարվում, սակայն պատճառ են հանդիսանում բժշկին դիմելու համար:

-Ինչպե՞ս է իրականացվում ստամոքսի ուռուցքների ախտորոշումը: Ինչպիսի՞ եղանակներ գույություն ունեն:

-Ուռուցքի հստակ տեղակայման ու հյուսվածքաբանական ախտորոշման եղանակներից են գաստրոսկոպիան ու բիոպսին: Կարող ենք այսել, որ այսօր դրանք համարվում են ստամոսքի քաղցկեղի ախտորոշման ոսկե ստանդարտ: 

Ստամոքսի քաղցեղի համակարգային ախտորոշման մեթոդներից է նաև համակարգչային տոմոգրաֆիան՝ երակային կոնտրաստավորմամբ, ինչպես նաև բուժման տակտիկայի որոշման համար շատ կարևոր դեր է խաղում էնդոսկոպիկ սոնոգրաֆիան: Տեղային փոքրիկ ուռուցքների դեպքում սա միակ ոսկե ստանդարտն է, ինչը թույլ է տալիս հստակեցնել ուռուցքի աճման խորությունը ստամոքսի պատի մեջ, որի արդյունքում որոշում է կայացնում՝ ստամոքսի քաղցկեղի բուժումը սկսել վիրահատությամբ, թե քիմոտթերապիայով:

-Ովքե՞ր են ստամոքսի քաղցկեղի ռիսկի խմբում: Ինչպե՞ս կարելի է խուսափել այս խնդրից:

- Սովորաբար, ինչպես աղեստամոքսային տրակտի ուռուցքների մեծ մասը, հիվանդությունն ավելի հաճախ հանդիպում է 40-50 տարեկանից բարձր տարիքային խմբում: Սակայն, պետք է ցավով նշեմ, որ վերջին տարիներին քաղցկեղը Հայաստանում երիտասարդացել է: Շատերի մտքով չի էլ անցնում, որ 21 տարեկան երիտասարդը, ով դիմել է այրոցի կամ էպիգաստրիալ շրջանում ցավերի պատճառով, կարող է ստամոքսի ուռուցք ունենալ: Առանց այդ հանգամանքը հաշվի առնելու՝ հիվանդին նշանակում են գաստրոպրատեկտորներ, որոնք թեթևացնում են հիվանդի վիճակը, սակայն 2-3 ամիս անց ունենում ենք մետաստազիկ ուռուցք:
Ստամոքսի հիվանդություններից խուսափելու համար խորհուրդ եմ տալիս օգտագործել առողջ սնունդ՝ բացառելով նաև ծխելը: Գանգատների դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի, և միայն գաստրոսկոպիկ հետազոտությունից հետո ստանալ անհրաժեշտ բուժում:

-Ո՞ր դեպքում է ցուցված վիրահատական բուժումը:

-Ստամքոսի քաղցկեղի բուժման միակ հնարավոր տարբերակը վիրահատական միջամտությունն է՝ կախված տարածվածության աստիճանից:
Եթե վիրահատությունը կատարվում է շատ տարածված փուլերում՝ օրինակ 3-րդ փուլում, ապրելիությունը բավականին ցածր է՝ 15-20 տոկոս: Դա շատ վատ ցուցանիշ է, եթե համեմատենք զրո կամ առաջին կարգի հետ, երբ ապրելիության ցուցանիշը մինչև 80-90 տոկոս է: Սա խոսում է այն մասին, թե որքան կարևոր է հիվանդության վաղ ախտորոշումը:


Հեղինակ՝ Մարգարիտա Մխիթարյան
Աղբյուր՝ Doctors.am
2 փետրվար, 2018