Doctors.am-ի հյուրասրահում «Օն Կլինիկ-Անի» բժշկական կենտրոնի գինեկոլոգ Լուսինե Քյարունցն է: Բժշկուհին պատասխանում է գինեկոլոգներին ամենահաճախ տրվող հարցերին: Այստեղ գուցե Դուք էլ գտնեք Ձեզ հուզող հարցի պատասխանը:
Ի՞նչ հիվանդություններ կամ ի՞նչ հիվանդությունների ախտանիշներ կարող են լինել հեշտոցային արտադրությունը, քորը, տհաճ հոտը:
Հատկապես վերջին տարիներին գլուխ են բարձրացրել այնպիսի հիվանդություններ, որոնց մասին ընդամենը մի քանի տարի առաջ չեն էլ իմացել: Հատկապես վերջին տարիներին կանայք հաճախ են դիմում արտադրության, տհաճ հոտի խնդիրներով: Դրանց հիմնական պատճառներից կարող եմ առանձնացնել բակտերային վագինոզ հիվանդությունը, որի առաջացումը կախված է իմուն համակարգի հետ: Մենք ապրում ենք մեղմ ասած ոչ բարենպաստ էկոլոգիական պայմաններում՝ անորակ սնունդ, կլիմայական վատ պայմաններ, անառողջ ապրելակերպ… Այս ամենի հետևանքով թուլանում է մարդու դիմադրողականությունը: Այս խնդիրներն արդիական են հատկապես ռեպրոդուկտիվ տարիքում գտնվող երիտասարդ կանանց շրջանում:
Ե՞րբ կարելի է արտադրությունը համարել նորմալ, չանհանգստանալ:
Հիշենք, որ սա կարող է լինել ինչպես ֆիզիոլոգիական, այնպես էլ տարբեր պաթոլոգիկ վիճակների հետևանքով: Նորմալ կարող ենք համարել դաշտանային ցիկլի կեսին արտադրությունը՝ մածուցիկ, թափանցիկ լորձի տեսքով: Իսկ եթե այն ունի դեղին կամ կանաչավուն երանգ, սուր հոտ՝ կարելի է համարել պաթոլոգիկ արտադրություն: Այս դեպքում անհրաժեշտ է դիմել գինեկոլոգի, անցնել կոնսուլտացիա:
Ի՞նչ հիվանդություններ է հնարավոր հայտնաբերել քսուք հանձնելով:
Առաջին հերթին բորբոքային պրոցեսները հեշտոցում՝ սնկի առկայություն, ինֆեկցիաներ՝ գարդներելա, տրիխոմոնիազ, գոնորեա և այլն: Քսուք հանձնելուն պետք է նախապատրաստվել՝ մեկ-երկու օր չունենալ սեռական հարաբերություն:
Որո՞նք են ամենաարդյունավետ հակաբեղմնավորիչները: Կարելի՞ է արդյոք դրանք ընտրել ինքնուրույն:
Այսօր հակաբեղմնավորիչները բազմազան են: Դրանք ունեն իրենց անհատական ցուցումները և հակացուցումները, արդյունավետության մակարդակը: Ներկայումս բավական հաճախ կիրառվում են ներարգանդային պարույրները: Վերջինս կարելի է համարել հակաբեղմնավորիչ ամենաարդյունավետ մեթոդներից մեկը՝ 90-100 տոկոս , այս պարագայում հղիանալու դեպքերը եզակի են:
Հաբերի տեսքով հակաբեղմնավորիչները ևս արդյունավետ են, սակայն՝ դժվար կիրառության մեջ: Հաճախ կանայք մոռանում են ընդունել հաբը : Անգամ մեկ հաբ մոռանալը խաթարում է դրանց հակաբեղմնավորիչ էֆեկտը:
Բոլորի՞ն է ցուցված ներարգանդային պարույր թե՞ կան հակացուցումներ:
Ասեմ, որ ներարգանդային պարույր տեղադրվում է նաև բուժական նպատակներով այն կանանց մոտ, ովքեր ունեն արգանդի թերաճ:
Կինը, մինչև պարույրի տեղադրումը հետազոտություններ է անցնում: Նա չպետք է ունենա արգանդի վզիկի էրոզիա, բորբոքային պրոցես հեշտոցում, հակացուցումներից է նաև արգանդի միոման:
Որքա՞ն է տեղադրման ժամկետը:
Սովորաբար՝ 3-5 տարի: Սակայն ես խորհուրդ կտայի այն չկրել երեք տարուց ավելի:
Կան նաև ֆիզիոլոգիական հակաբեղմնավորիչներ՝ օրինակ անվտանգ օրերը և ընդհատված սեռական ակտը: Ի՞նչ կասեք սրանց մասին:
Այս կերպ կանայք դաշտանային ցիկլի օրերով որոշում են օվուլյացիայի օրը: Հենց ձվազատումից մոտ մեկ շաբաթ առաջ և հետո միջանկյալ 10 օրերը համարվում են խիստ նպաստավոր հղիանալու համար: Սակայն սա, իհարկե, մեծ արդյունավետություն չունի, քանի որ ձվազատումը՝ պայմանավորված տարբեր գործոններով, կարող է լինել սպոնտան: Դրա պատճառ կարող են լինել էմոցիոնալ ապրումները, հորմոնալ խախտումները, սթրեսը … Մեթոդն առավել կիրառելի է այն կանանց համար, ովքեր ունեն կանոնավոր դաշտանային ցիկլ՝ ստույգ ամեն 28-29 օրը մեկ:
Դաշտանային ցիկլի ինչպիսի՞ տատանումը կարելի է համարել նորմալ:
Նորման՝ ինչպես նշեցի, համարում ենք 28-29 օրը մեկ դաշտանը: Սակայն 10 օրվա տատանումը (21-22 օրը մեկ) ևս կարող ենք համարել նորմալ: Հնարավոր է նաև, որ պատճառ հանդիսանա ժառանգական գործոնը:
Եթե կնոջ մոտ ի սկզբանե ցավոտ դաշտան է նկատվում, սա կարող է պայմանավորված լինել հորմոնային անբավարարությամբ: Սա , իհարկե, պետք է բուժել: Որպես նախանշաններ կարող ենք դիտարկել գլխացավերը, սրտխառնոցը դաշտանի ընթացքում: Ցավը պաթոլոգիա չէ, երբ պայմանավորված է օրինակ արգանդի ի ծնե թեքությամբ:
Ինչպե՞ս ընտրել միջադիրներ:
Ես կանանց խորհուրդ չէի տա օգտագործել տամպոններ, քանզի դրանք խաթարում են արյան հոսքը, տեղի է ունենում արյան կուտակում, սա նպաստում է բակտերաների զարգացմանը: Ավելի լավ է օգտագործել սովորական միջադիրներ և օրվա ընթացքում հաճախ փոխել դրանք: Ցանկալի է նաև, որ միջադիրները չունենան արտահայտված բույր, քանի որ այդ քիմիական նյութերը ևս կարող են խնդիրների պատճառ դառնալ:
Ինչպե՞ս հագուստը կարող է անդրադառնալ կնոջ առողջության վրա: Ինչպիսի՞ հագուստ խորհուրդ չեք տա կրել:
Այո: Հագուստը բավական լուրջ ազդեցություն կարող է ունենալ: Սխալ ընտրված հագուստը հատկապես կարող է վնասել երիտասարդ, դեռահաս աղջիկների առողջությունը: Խորհուրդ կտայի հրաժարվել շատ կիպ տաբատներից, որովայնի, մեջքի հատվածում բաց հագուստից:
Ի՞նչ կասեք ներքնազգեստի մասին:
Իհարկե, խորհուրդ եմ տալիս կրել բամբակե ներքնազգեստ, որը կլանում է խոնավությունը: Ցանկալի է, որ այն նույնպես չլինի կիպ, լինի մի փոքր ազատ, հակառակ դեպքում այն կարող է դառնալ բորբոքային պրոցեսի առաջացման պատճառ:
Հեղինակ` Ամալյա Գրիգորյան
Աղբյուրը՝ Doctors.am