ՀՀ ԱԱԻ «Առողջապահություն» ամսագիրը 2016 թ. մարտի համարում անդրադարձել է վիդեո ԷԷԳ հետազոտության արդյունքների հիման վրա էպիլեպսիայի վիրահատական բուժման ցուցումների թեմային: Հոդվածը ներկայացնում է նյարդաբան Բիայնա Սուխուդյանը:

 

Էպիլեպսիան քրոնիկ նյարդաբանական հիվանդություն է, որը բնութագրվում է կրկնվող էպիլեպտիկ ցնցումներով, որտեղ էպիլեպտիկ ցնցումը կարող է սահմանվել որպես անցողիկ նշանների և/կամ ախտանիշների առաջացում` պայմանավորված ուղեղում ոչ նորմալ, չափից շատ կամ սինխրոն նեյրոնալ ակտիվությամբ: Մոտ 50 մլն մարդ ամբողջ աշխարհում տառապում է էպիլեպսիայով, ընդ որում գրեթե յուրաքանչյուր նոր 3 դեպքից 2-ը հայտնաբերվում են զարգացող երկրներում: Մանկական տարիքում էպիլեպսիան կրկնակի անգամ ավելի հաճախ է հանդիպում, քան մեծահասակների շրջանում, երեխաների մոտ հասնելով 7/1000, իսկ մեծահասակների մոտ կազմելով միայն 3.3/1000:

Էպիլեպսիայիով հիվանդ 70% պացիենտները ենթարկվում են դեղորայքային բուժման, իսկ 30%-ը համարվում են դեղորայք-ռեզիստենտ դեպքեր: Նշված թվից շուրջ 20%-ը վիրահատական բուժման ենթակա հիվանդներն են: Այս մարդիկ կարող են ունենալ նորմալ ինտելեկտուալ նորմալ մակարդակ, սակայն ցնցումների հաճախության պատճառով չկարողանան ապրել կյանքի բնականոն ռիթմով՝ ուսում ստանալ, կազմել ընտանիք, կազմակերպել կենցաղը և ժամանցը:

Էպիլեպտիկ օջախը գտնելը և վիրահատության միջոցով հեռացնելը հենց հանդիսանում է էպիլեպսիայի վիրահատական բուժման էությունը: Այս գործընթացում օգնում են պացիենտների կողմից նկարագրված նշանները, ցնցումների տեսաձայնագրությունը, ցնցումների ժամանակ գրանցված ուղեղագիրը, ինչպես նաև մագնիսային ռեզոնանսային տոմոգրաֆիան և այլ օժանդակող հետազոտություններ:

Էպիլեպսիայի ախտորոշումը

Էպիլեպսիայի բուժման արդյունավետության բարձրացման հիմնական գործոններից մեկը ճշգրիտ ախտորոշումն է, ինչպես գրեթե բոլոր հիվանդությունների դեպքում է:

Հատկապես մեծ արդյունվետությամբ է օժտված անմիջապես ցնցման ժամանակ կատարված ԷԷԳ (էլեկտրոէնցեֆալոգրաֆիա) հետազոտությունը: Այս հետազոտությունը թույլ է տալիս հասկանալու, թե որտեղից է ծագում ցնցումը: Ցնցումից անմիջապես առաջ գրանցված պաթոլոգիկ էլեկտրական ակտիվությունը մատնանշում է ցնցման սկզբնաղբյուրը:  Այս հետազոտության արդյունքները համեմատում են ՄՌՏ հետազոտության արդյունքների հետ, և եթե շեղման տեղակայումը համընկնում է, ապա բուժող բժիշկը որոշում է՝ ցուցել թե ոչ վիրահատական բուժում:

Այս հետազոտությունն արդեն իսկ իրականացվում է նաև Հայաստանում

2015 թվականի օգոստոս ամսից «Արաբկիր» բժշկական համալիրում տեղադրված է Nicolet Incorporated video EEG սարքավորումը, որի միջոցով արդեն բավական թվով երեխաներ են հետազոտվել:

Դրա առկայությունը խիստ կարևոր է ինչպես էպիլեպսիայի ախտորոշման, այպես էլ վիրահատական բուժում ցուցելու կամ հակացուցելու հարցում:

Սարքը Հայաստանում է «ROW» (Rest Of  the World) հիմնադրամի, «Էպիլեպսիայի դեմ պայքարի միջազգային լիգայի» և նույն կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի («Էպիլեպսիայի դեմ պայքարի ազգային լիգայի») շնորհիվ՝ բարեգործական հիմունքներով:

Էպիլեպսիայի դեմ պայքարի միջազգային լիգայի նպատակներն են.

  • բարելավել և տարածել էպիլեպսիայի մասին գիտելիքը,
  • խթանել հետազոտությունները, կրթությունն ու վերապատրաստումը,
  • բարելավել հիվանդների համար նախատեսված ծառայությունները և խնամքը, մասնավորապես, կանխարգելման, ախտորոշման և բուժման միջոցով:
  • Ներկայում այն 100 ազգային գրասենյակներից բաղկացած կազմակերպություն է:

Առկա սարքավորումն, ի ուրախություն, եվրոպական արտադրության է, այժմ ունի 32 ալիք, սակայն  հնարավոր է նաև կատարելագործել:

Վիդեո ԷԷԳ հետազոտությունը պատկերում է ինչպես ուղեղի էլեկտրական ակտիվությունը, այլ նաև զուգահեռ կատարում է տեսաձայնագրում: Հիվանդի գլխին հատուկ մածուկով ամրացվում են էլեկտրոդներ: ԷԷԳ մեքենան չի աշխատում ճառագայթման սկզբունքով, այն միանգամայն անվտանգ է:

Հետազոտությունը պատկերում է հիվանդի ինչպես հիվանդի արթուն վիճակը, այնպես էլ քունը, իսկ երկարատև ձայնագրությունը բարձրացնում է ցնցում գրանցելու հավանակությունը՝ հատկապես, երբ այն կատարվում է հակացնցումային դեղերը հանելու պայմաններում:  Հետազոտության տևողությունը անհատական է և կախված բժշկի ցուցումից: Հետազոտության ընթացում կիրառվում են պրովոկացիոն թեստեր, օրինակ՝ հաճախաշնչություն, լուսային ստիմուլյացիա:

Միայն ՄՌՏ և ԷԷԳ հետազոտության արդյունքների համընկման դեպքում է, որ բժիշկը կարող է վստահ լինել ցնցումների համար պատասխանատու օջախի տեղակայման համար:  Երկրորդ քայլով հարկավոր է ապացուցել այդ օջախի՝ կարևոր կենսական նշանակություն ունեցող կենտրոններից հեռու գտնվելու փաստը: Այդ ժամանակ, վիրաբուժության միջոցով, այդ հատվածը հեռացնելով հիվանդին մեկընդմիշտ կարելի է ազատել ցնցումներից:

Այս հետազոտությունը նաև ուղղորդում է բժշկին հետագա հետազոտությունները և նշանակումները կազմակերպելու մեջ: Արդեն իսկ ունենք հիվանդներ, ովքեր վիդեո-ԷԷԳ հետազոտության միջոցով վիրահատության ցուցում են ստացել և բավական հաջող ելքով վիրահատություններ ունեցել արտերկրում: Այս ամիսների ընթացքում 13 հիվանդներն ուղորդվել են վիրահատության Չեխիա, Գերմանիա և Բուլղարիա:

Սարքավորման կարևորագույն առանձնահատկություններից մեկն է նաև այն, որ սարքը հնարավոր է կիրառել անմիջապես վիրասրահում՝ կատարել էլեկտրոկորտիկոգրաֆիա, այսինքն ինֆորմացիա ստանալ ոչ թե գլխամաշկի  մազածածկ հատվածից, այլ անմիջապես   ուղեղից՝ հենց վիրահատության ընթացքում:


Հոդվածի սկզբնաղբյուրը՝ ՀՀ ԱԱԻ «Առողջապահություն» ամսագիր
Կազմեց Ամալյա Գրիգորյանը