Ձմեռը համարվում է սուր շնչառական վարակների ակտիվացման շրջան, սակայն երբեմն պատահում է, որ մարդը, կարծես, հիվանդ լինի տարին 12 ամիս: Այս հարցի շուրջ Doctors.am-ը զրուցել է  օտորինոլարինգոլոգ (ԼՕՌ) Էդուարդ Դանիելյանի հետ:

Քթի լորձաթաղանթի բորբոքումը՝ հարբուխը, ամենատարածված սուր շնչառական հիվանդություններից է, որն ավելի հաճախ հանդիպում է նախադպրոցական երեխաների շրջանում: 
Լինում է վիրուսային ծագման, ալերգիկ բնույթի / սեզոնային եւ ամբողջ տարվա ընթացքում: 

Հարբուխները կարող են լինել դեղորայքային, հորմոնալ, էմոցիոնալ, ջերմային, տրավմատիկ, քթի կառուցվածքային, ատրոֆիկ: Սուր հարբուխների պատճառ կարող է լինել մրսածությունը, միջանցիկ քամիները, խոնավությունը, հոգնածությունը, վիրուսային վարակները:

Հարբուխն արտահայտվում է քթի մեջ չորությամբ, շնչառության դժվարությամբ, քթի եւ կոկորդի շրջանում այրոցի զգացումով, հաճախակի փռշտոցներով, ականջներում փակվածության զգացումով, հոտառության իջեցումով, արցունքահոսությամբ, քթարտադրությամբ:

Բուժման համար անհրաժեշտ է անկողնային ռեժիմ, շատ հեղուկներ, վիտամին C, կալցիումի պրեպարատներ, ասպիրին կամ պարացետամոլ պարունակող դեղամիջոցներ, հակահիստամինային պրեպարատներ, քթի մեջ աղային լվաղոց հեղուկներ, անոթասեղմիչ քթի կաթիլներ, հակավիրուսային ինտերֆերնային կաթիլներ եւ հակավիրուսային դեղահաբեր:

Սուր հարբուխները չբուժվելու դեպքում կարող են վերածվել քրոնիկ հարբուխների, պատճառ դառնալ ականջի, քթի հարակից խոռոչների բորբոքման, հոտառության խանգարումների, արցունքածորանի բորբոքման, տրախեիտների, բրոնխիտների եւ թոքաբորբերի առաջացման: Հետեւաբար, եթե  սուր հարբուխները ձգձգվում են, անհրաժեշտ է դիմել բժիշկի:

Քրոնիկ տոնզիլիտներ

Քրոնիկ տոնզիլիտների մասին խոսելը կարեւոր է, քանի որ այդ հիվանդությունը կարող է պատճառ հանդիսանալ հարնշիկային թարախակույտի, պերիֆերիկ լիմֆադենիտների, տոնզիլոգեն սեպսիսի, սեպտիկ էնդոկարդիտների, ռեւմատիզմի, ոչ սպեցիֆիկ պոլիարթրիտների, նեֆրիտի, խոլեցիստիտի, վահանաձեւ գեղձի հիվանդությունների առաջացման:

Համարվում է ինֆեկցիոն ալերգիկ հիվանդություն: Սովորաբար նշիկները պարունակում են 30 տեսակի միկրոբային ֆլորա (ստրեպտակոկեր, վիրուսներ, սնկեր), որոնք գտնվում են հավասարակշռված վիճակում, բայց արտաքին եւ ներքին ազդակների ազդեցության հետեւանքով տեղի է ունենում տեղային եւ ընդհանուր իմունիտետի իջեցում, օրգանիզմի ընդհանուր դիմադրողականության անկում, խախտվում է միկրոբային հավասարակշռվածությունը: Նշանակություն ունի նաեւ նշիկների անատոմիական կառուցվածքը, քթային շնչառության դժվարացումը, ադենոիդային հյուսվածքի բորբոքումը, վիրուսային եւ ինֆեկցիոն հիվանդությունները, քրոնիկ ռինոսինուսիտները, կարիոզ ատամները, ժառանգական նախատրամադրվածությունը:

Հիվանդությունն արտահայտվում է նշիկների շրջանում ցավերով, այրոցի, ծակոցների, օտար մարմի զգացողությամբ, մշտական կամ պարբերաբար սուբֆեբրիլ ջերմությամբ, թուլությամբ, հոգնածությամբ, հոդերի եւ սրտի շրջանում ցավերով, հազի նոպաներով, ականջ ճառագայթող ցավերով:

Օբյեկտիվ հետազոտությամբ նկատվում է թարախային խցաններ լակունաներում, քմային աղեղների կարմրություն, այտուցվածություն, լիմֆատիկ հանգույցների մեծացում:
Բուժումը՝ վիրահատական, կրիովիրաբուժական եւ կոնսերվատիվ:



Աղբյուրը՝ Doctors.am