Սիրտանոթային համակարգի առավել տարածված խնդիրներից է սրտի իշեմիկ հիվանդությունը, որի հիմքում ընկած է սրտամկանի արյան վատ մատակարարումը՝ պսակային անբավարարությունը՝ պայմանավորված զարկերակների աթերոսկլերոզով։ Արտի իշեմիկ հիվանդության սուր ձևերից է սրտամկանի ինֆարկտը: Քանի որ այս ձևը պայմանավորված է աթերոսկլերոտիկ փոփոխություններով՝ կոչվում է աթերոսկլերոզային։ Հաճախ այն ուղեկցվում է սրտի աշխատանքի վատացմամբ՝ սրտային անբավարարությամբ ու ռիթմի խանգարումներով։ Doctors.am-ը «Սրտաբանական շաբաթ» հանրային իրազեկման ծրագրի շրջանակում սրտի իշեմիկ հիվանդության ախտորոշման ու բուժման մասին զրուցեց «Աստղիկ» բժշկական կենտրոնի սրտաբան Յուրի Մակարյանի հետ:

-Բժիշկ Մակարյան, ինչպե՞ս եք գնահատում սրտային հիվանդությունների ախտորոշումն ու բուժման մեթոդները: Ի՞նչն է պատճառը, որ Հայաստանում մահացության կեսը պայմանավորած է սրտանոթային հիվանդություններով:

-Հայաստանում սրտային հիվանդությունների ախտորոշումն ու բուժման մեթոդները գնալով ավելանում են և զարգացող ճյուղերից են բժշկության մեջ, սակայն ինչպես Հայաստանում, այնպես էլ աշխարում սրտային հիվանդություններից մահացության ցուցանիշն ամենաբարձրն է: Պատճառն այն է, որ հիվանդները երկար ժամանակ ախտանշաններ են ունենում, սակայն ուշադրություն չեն դարձնում ու հետևողական չեն՝ բժշկի դիմելու հարցում:

-Սրտային հիվանդությունների շարքում, ո՞ր խնդիրն է ավելի հաճախ հանդիպում:  Ի՞նչ սեռի և տարիքի մարդկանց շրջանում է այն տարածված:

-Սիրտանոթային համակարգի առավել տարածված խնդիրներից է սրտի իշեմիկ հիվանդությունը: Այն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ, քանի որ վերջիններս ավելի քիչ են պաշտպանված բնության կողմից: Քանի դեռ կանանց մոտ պահպանված է ռեպրոդուկտիվ ֆունկցիան, իգակական ու սեռական հորմոնները պաշտպանիչ ազդեցություն են ունենում: Դա կանանց մինչև 50-ից 60 տարեկանը պաշտպանում է սրտի իշեմիկ հիվանդությունից: Դաշտանադադարից հետո՝ հիվանդության հաճախականությունը կանանց շրջանում որոշակիորեն հավասարվում է տղամարդկանց: Իսկ 70-75 տարիքային խմբի կանանց մոտ հիվանդությունն ավելի է սրվում: Միջազգային բժշկությունը հանգել է այն եզրակացությանը, որ կանայք ավելի մեծ ռիսկի խմբում են, քանի որ սրտի իշեմիկ հիվանդությունը՝ նույնիսկ ոչ հաճախակի հանդիպող դեպքերում, կարող է ավելի ագրեսիվ ընթանալ, քան տղամարդկանց շրջանում: Հիվանդությունը բավականին երիտասարդացել է՝ սրտամկանի սուր ինֆարկտ ախտորոշվում է 25-ից 30 տարեկան անձանց մոտ:

-Ինչպե՞ս է ախտորոշվում սրտի իշեմիկ հիվանդությունը, որո՞նք են ռիսի գործոնները:

-Սրտի իշեմիկ հիվանդության ախտորոշման առաջին փուլում կատարվում է էլեկտրոսրտագրություն, ուլտրաձայնային հետազոտություն, որոշակի ֆերմենտների որոշում: Հաջորդ փուլում կատարվում կորոնարոգրաֆիա՝ սրտի սնուցող զարկերակների հետազոտությունը: Կախված սրտի անոթների ախտահարվածության աստիճանից ու տարածվածությունից՝ որոշվում է բուժման ընթացքը՝ դեղորայքային, ստենտավորում, թե բաց վիրահատություն:
Իշեմիկ հիվանդություննեից զերծ մնալու համար անհրաժեշտ է վարել առողջ ապրելակերպ, հնարավորինս չափավորել վնասակար սովորությունները՝ չծխել, հետևել սննդակարգին, զբաղվել սպորտով, զերծ մնալ ստրեսային գործոններից: 35 տարեկանից հետո խորհուրդ է տրվում կատարել կանխարգելիչ զննումներ, զգոն ու հետևողական լինել առողջության նկատմամբ, քանի որ ցանկացած հիվանդություն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել:

-Սրտամկանի սուր ինֆարկտի զարգացումը կանխելու համար ինչպիսի՞ միջամտություններ են կատարվում: Ի՞նչ է ստենդավորումը: Որո՞նք են ցուցումներն ու հակացուցումները:

-Ստենդը դա փոքր ու նուրբ մետաղական կոնստրուկցիա է՝ դեղապատ և ոչ դեղապատ: Հատուկ գործիքների օգնությամբ հասնում ենք անոթի նեղացած հատվածին, տեղադրում ստենդը, որի արդյունքում աթերոսկրելոտիկ վահանիկը սեղմվում է, անոթի լուսանցքը վերականգնվում ու հոսքը բարելավվում է: Սրտամկանի սուր ինֆարկտի դեպքում կոլոնարոգրաֆի լուրջ հակացուցում չկա, քանի որ ամեն ինչ կատարվում է կյանքի ցուցումով: Պլանային վիրահատության դեպքում՝  կան հարաբերական հակացուցումներ, ինչպիսիք են՝ այլ համակարգային հիվանդությունները, խրոնիկ հիվանդությունները, հայտնի ալերգիկ ռեակցիաները և այլն:

-Ինչպե՞ս է ընտրվում վիրահատական միջամտության եղանակը:

-Հայաստանում և՛ միջամտական սրտաբանությունը, և՛ սրտային վիրաբուժությունը լավ մակարդակի վրա են: Վիրահությունները կատարվում են՝ հաշվի առնելով ցուցումները: Մեր բժշկական կենտրոնում գոյություն ունի սրտաբանական թիմ: Վիրահատությունից առաջ՝ վարող ու միջամտական սրտաբանների, սրտային վիրաբույժի խորհուրդով, ու տվյալ հիվանդի որոշամամբ ընտրվում ամենաարդյունավետ տարբերակը՝ բաց վիրահատություն կամ ստենտավորում: Բաց վիրահատություն արվում է այն դեպքում, երբ սրտի ախտահարումը բազմանոթային է: Ստենտավորումն ավելի նախընտրելի տարբերակ է:         

Մեր բժշկական կենտրոնում մեկ ամսվա ընթացքում կատարվում է 100-ից ավելի ստենտավորում: Սրտային հիվանդությունների ընդհանուր միջամտությունների քանակ՝ ամսական կտրվածքով լինում է 250-ի սահմանում:

Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց,  ովքե՞ր ունեցել սրտի իշեմիկ հիվանդություն:

-Որոշ դեպքերում սահմանափակումներ չեն լինում: Ճիշտ և ժամանակին ախտորոշման, բուժման գլխավոր նպատակն այն է, որ հաշմանդամությունը նվազի և մենք ունենաք թեկուզ սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող ստենտավորված պացիենտներ, բայց առողջ մարդիկ, ովքեր հասկանան, որ անկախ խնդիրից՝ կարող են վարել առողջ ապրելակերպ՝ առանց լուրջ սահմանափակումների՝ զգալով իրենց հասարակության լիարժեք անդամ:

Յուրաքանչյուրն ունի անհատական մոտեցման կարիք: Ցանկացած անձ՝ կախված հիվանդության հետևանքից՝ ունեցել է ինֆարկտ, թե ոչ, պետք է անխափան կապի մեջ լինի իր սրտաբանի հետ, ով կվարի հիվանդությունը՝ տալով խորհուրդներ՝ դեղորայքային բուժման, սննդակարգի և ապրելակերպի հետ կապված: Ստենտավորումից հետո հիվանդները հաճախ հոգեբանական խնդիրներ են ունենում, սակայն պետք է գիտակցեն, որ բուժման ու ժամանակակից ախտորոշիչ մեթոդները բավականին նվազեցրել են հաշմանդամության ռիսկերը:

 


Հեղինակ՝ Մարգարիտա Մխիթարյան
Աղբյուր՝ Doctors.am
15 Նոյեմբերի, 2017